«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2007-06-20 | #116, 2007-06-21 | #117, 2007-06-22


2007-Ի ԹՄՄ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն ավանդույթ դարձած ԹՄՄ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը պատշաճում է մրցանակային արդարամտությանն ու չափանիշներին. այս պարագայում դրանք երկուսն են` ստեղծագործության գեղարվեստական արժեք եւ ազգային նշանակություն: «Վահան Թեքեյան» մրցանակի արժանացած արժանավոր տասնյակ անունների մեջ շատ են մեր մշակույթի ականավոր գործիչներ, անվանի արվեստագետներ (Օհան Դուրյան, Տիգրան Մանսուրյան, Սիլվա Կապուտիկյան, Արտո Չաքմաքչյան, Գեւորգ Եղիազարյան, Ռուբեն Սահակյանց). սա որպես վերն ասվածի վկայություն:

«Ուրբաթ» ակումբում երեկ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության` ԹՄՄ կենտրոնական վարչության հայտարարությունը` 2007-ին սահմանված (գեղարվեստական գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն, ռադիո եւ հեռուստատեսություն, «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ), դպրոցականների եւ մանուկների համար («Դավիթի պարսատիկեն» մրցանակ), քանդակագործություն («Անահիտ եւ Բաբկեն Մկրյաններ» մրցանակ) 8 անվանակարգերի վերաբերյալ: Առանց որեւէ (տարիքային, թեմատիկ, աշխարհագրական եւ այլն) սահմանափակումների գործող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը Հայաստանում մի քանի անվանակարգերի առաջին սահմանողն է եղել, ինչպես գեղ. լուսանկարչության, մանկական ստեղծագործության, սոցիալ-երգիծանքի եւ այլն: Սրանից զատ այս մրցանակաբաշխությանը մասնակցում են նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներըՙ հիմնականում Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից տարեկան շուրջ 40-50 աշխատանք է ներկայացվում, որոնց մեջ կան մրցանակակիրներ (Սարգիս Վահագն, Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբ եւ այլն): Ռ. Միրզախանյանը նշեց, որ որոշումը կայացնում են տվյալ ասպարեզում ճանաչված գործիչներից կազմված մասնագիտացված ժյուրիները եւ նոր հաստատվում ԹՄՄ կենտրոնական վարչության կողմից: Ըստ որում, մինչ այսօր մրցանակի ճանաչված միայն մեկ գործ է, որ չի համապատասխանել հայտարարված նոմինացիային:

Իբրեւ մրցանակ, թեքեյանականները սահմանել են համապատասխան վահանակ եւ դրամական պարգեւ` (1000 ԱՄՆ դոլարի չափով): Մրցանակաբաշխության միակ սահմանափակումը ներկայացված գործի` նախորդ տարվա պատկանելությունն է: Մրցույթին կարող են մասնակցել ստեղծագործողներ Հայաստանից եւ սփյուռքից, ինչպես նաեւ ՀՀ նախարարությունները, ակադեմիան, ԲՈւՀ-երը, լրատվամիջոցները, հրատարակչությունները, հասարակական կազմակերպությունները: Մրցանակ շնորհող հանձնաժողովի անդամները մասնակցության իրավունք չունեն: Աշխատանքները կընդունվեն հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը` Թեքեյան մշակութային միությունում:

Ավելի ուշ կհայտարարվի ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» երկամյա մրցանակաբաշխության մասին` գրականության եւ հայագիտության ոլորտներում:

Ռուբեն Միրզախանյանը միության ընթացիկ գործունեության մեջ առանձնացրեց աշնանը կայանալիք մի շարք ծրագրեր: ԹՄՄ «Թեքեյան» թատերախումբը կներկայացնի Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելու մեջ» պիեսի բեմականացումը` Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Առաջին անգամ Երեւան կժամանի Նյու Յորքում գործող ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախումբը եւ հանդես կգա երեք ներկայացումներով: ԹՄՄ Միացյալ Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ Երեւանում շուքով կնշվի սփյուռքի եւ հայաստանյան մշակութային կյանքում ազգաշահ գործունեություն ծավալած Թեքեյան մշակութային միության 60-ամյակը:

Իսկ մինչ այդ Կանադայից երիտասարդ թեքեյանցիների մի խումբ Երեւանում բարեսիրական աշխատանքներ կկատարի` ստանձնելով մայրաքաղաքի Թեքեյան կրթահամալիրի բարեկարգությունները:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4