«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2007-06-21 | #117, 2007-06-22 | #118, 2007-06-23


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵ՞Ր ԱՆԻՄԱՆԱԼԻ ՎԵՐՋԱԲԱՆՈՎ, ԹԵ՞ ԶՈՐԵՂ ՍՑԵՆԱՐ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ

Խորհրդարանական ընտրությունների աղմուկը հազիվ մարսած` ոտք ու ձեռքով ընկել ենք դեռ հեռվում գտնվող, դեռ մեզ մի լավ էլ «չմոտեցած» նախագահական ընտրությունների հորձանուտը: Բավական անակնկալներով լեցուն խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները որոշ առումներով չտեղավորվեցին անգամ իշխանական սոցիոլոգների ներկայացրած հարցումների արդյունքների շրջանակներում, արդեն համարում ենք ահագին հարթ կազմակերպված-անցկացված-մարսված փուլ ու հիմա էլ «պատրաստվում ենք» նախագահականին: Նույնիսկ չհասցրինք մի լավ ոգեւորվել միջազգային կառույցների դրական գնահատականից, կամ էլ մի լավ նեղվել «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության «դանդաղընթաց» գնահատականից, որտեղ, ի դեպ, բավական անորոշ էր, թե մեր երկրում անցկացված որ թվականի ընտրություններն են կեղծվել, ու շարժվեցինք առաջ:

Ի՞նչ պիտի անի էս ամեն ինչի հետ կապ չունեցող խեղճ ժողովուրդն, ի՞նչ պիտի սպասի նման անլուրջ մոտեցումներ ցուցաբերող քաղաքական որոշ ուժերից: Խորհրդարան անցած կամ չանցած քաղաքական ուժերից շատերը ընտրությունների օրն իսկ գոռգոռում էին ընտրախախտումների մասին եւ մինչ Սահմանադրական դատարան դիմելու` ընտրությունների արդյունքները վիճարկող հայցն էին պատրաստում, ձեռքի հետ էլ ի լուր աշխարհի հայտարարում էին, որ մասնակցելու են 2008 թ. նախագահական ընտրություններին: Հանրապետականների հաղթանակած բացօթյա հյուրասիրությանը, «Բարգավաճ Հայաստանի» ուշացած հրավառությանը, Դաշնակցության թաքցրած ուրախությանը զուգահեռ խորհրդարան չանցածները թմբկահարում էին ընտրախախտումների մասին ու նորից սկսում ժողովրդին հույսերով «կերակրել», թե նախագահական ընտրություններին մասնակցելու են, որոշներն էլ` թե դրանք նույնիսկ կարող են արտահերթ լինել:

Իսկ ի՞նչ կարող է լինել նախագահական ընտրությունների ժամանակ: Քանի որ մենք էլ բավական գրել ենք ընտրախախտումների եւ չընտրախախտումների մասին եւ դեռ մինչ նախագահական ընտրությունները ժամանակ ունենք, կարող ենք, չէ՞, սպասվելիքի մասին ենթադրություններ անել: Երեւի կարող ենք, քանի որ սեփական կարծիք ունենալը (որն, ի դեպ, պարտադիր չէ, որ բացարձակ ճշմարտություն լինի) մեր սահմանադրական իրավունքն է: Նախագահական ընտրությունների գործընթացի զարգացումն, ըստ մեզ, պետք է որ երեք հիմնական տարբերակ ունենա:

Յուրաքանչյուր իշխանություն, բնական է, որ իր պաշտոնավարման ավարտից հետո կամ պիտի թողնի իշխանությունն ու հեռանա` ասպարեզը զիջելով եկող ուժին, կամ էլ իր իշխանության շարունակության համար վերարտադրի մի նոր իշխանություն, որտեղ դեմքերը գուցե նախկին դերերում չլինեն, բայց գործնականում երկրի կառավարումը կշարունակվի նույն ուժի կողմից: Հիմա մեր դեպքում: Կարելի է մտածել, որ 10 տարի երկիրը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանը իշխանության շարունակությունը պահելու համար ամեն ինչ անելու է Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու համար` հետագայում, ինչու չէ, նաեւ հետքայլի հնարավորություն ունենալու նպատակով:

Երկրորդ տարբերակի դեպքում Սերժ Սարգսյանը «ինքնուրույն» է դառնում նախագահ` հետագան ինքնուրույն էլ որոշելու եւ քիչ կախվածություն ունենալու համար: Երրորդ դեպքըՙ բոլոր այն հնարավորություններն ու իրավիճակներն են, որոնց կարող ենք հասնել կանխատեսելի եւ անկանխատեսելի հանգամանքների, կամ էլ ընդդիմության կողմից որոշակի քայլերի իրականացման դեպքում:

Դառնալով առաջին տարբերակին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ երկրի ղեկավար, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ, չցանկանալով լինել երիտասարդ թոշակառու, սպասելի է, որ կլինի մի պատկառելի «պոստում», եւ երկիրն այսպես կկառավարվի: Այս գործոնի զորեղությունը մյուս կուսակցությունների, դեմքերի եւ դեպքերի պարագան չեզոքացնում է. այսինքն` մյուսները պետք է բավարարվեն այն ամենով, ինչը բարեհոգաբար կտա նրանց այս երկյակը: Հենց այս առաջին տարբերակն էլ կարելի էր քիչ թե շատ հավանական համարել` հատկապես այն պարագայում, երբ ջախջախված, ամբողջ օրն իշխանություններին փնովող, բայց իրենց հերթին էլ ոչինչ չանող, շունչը փչող ընդդիմությունից այլեւս ոչինչ չես էլ մտածում ակնկալել:

Բայց հանկարծ ենթադրությունների հորիզոնում հայտնվում է զարգացումների երկրորդ տարբերակը` Սերժ Սարգսյանը նախագահ է դառնում առանց Ռոբերտ Քոչարյանի օգնության: Հենց այսպես մտածելու համար էլ հիմք են դառնում մամուլ սպրդած կամ այս ու այն կողմում պտտվող այն ասեկոսեները, թե նախագահի ու վարչապետի հարաբերությունները լավ չեն: «Հայքը» նույնիսկ գրել էր. «սրված են»: Նախօրեին սակայն վարչապետը հերքել էր «Հայքի» այդ տեղեկությունն ու անլրջություն համարել թերթի հրապարակումը:

Այս երկրորդ տարբերակը շատ նրբերանգներ ունի: Կարող է պարզվել նաեւ, որ Դաշնակցության (ՀՅԴ) ընդդիմություն խաղալու ձեւերը «ֆուֆո» բաներ են եւ նրան էլ նախագահական ընտրություններին նախընթաց վերապահված է այն դերը, ինչը խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերապահված էր «Բարգավաճ Հայաստանին» (ԲՀԿ): Այսինքն, իշխանական թեւը` նախագահն ու վարչապետը, հիմա էլ այս ձեւով են հասնելու իշխանության: Այս անգամ էլ ընդդիմության ձայները կարող է վերցնել ՀՅԴ-ն, ինչի համար ստեղծվել էր ԲՀԿ-ն եւ ինչի մասին անզգուշության առիթ ունեցավ «Հայացք» ակումբում հայտարարելու Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանը: Հետո կոալիցիոն պարտականությունից խուսափած ՀՅԴ-ն եւս կծառայեցվի իշխանությանը: Սրանք իհարկե ենթադրություններ են, որոնք որքան էլ իրականության հետ կարող են աղերսներ էլ չունենալ, բայց չեն էլ բացառվում երեւի:

Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ նախագահի եւ վարչապետի հարաբերություններն իսկապես բարվոք չեն, ապա ի՞նչ կարող է լինել: Արարատ Զուրաբյանն օրերս հայտարարեց, որ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է պահել իշխանությունը կամ գոնե իշխանությունը լծակների կարգով: Իսկ իշխանությունը պահելու համար, ի դեպ այս դեպքում այն իշխանությունը, որտեղ Սերժ Սարգսյանի մասին խոսք չկա, նախագահը կարող է ինչ-որ մեկին դարձնել երկրի ղեկավար: Օրինակ, ինչքան էլ անհիմն հնչի, ասենք, օգտագործի արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Նրան աջակցի, դարձնի նախագահ` միեւնույն ժամանակ լինելով իշխանության ղեկին: Ասում են, նույն այս «խնդրի» համար նախագահի թեկնածու էին համարում նաեւ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, բայց նա այս գործում այլեւս դժվար թե պետք գա: Լինելով «նախագահի ոլորտի» նախարար` Դավիթ Հարությունյանը, կրկին ըստ նույն այդ մամուլի, կորցրել է իր «ցանկալիությունը» երկրի ղեկավարի մոտ: Հապացույց դրա վկայակոչվում է այն հանգամանքը, որ արդարադատության նախարար նշանակվեց ոչ թե Դավիթ Հարությունյանի թիմակիցը, այլ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Այս հանգամանքներում մյուս կողմից էլ դժվար է ասել, թե որքանով է հիմնավոր Վարդան Օսկանյանի ֆիգուրի օգտագործումը: Համ էլ Սերժ Սարգսյանը հո քնած չէ, կասկածից վեր է, որ նա էլ է մտածել այդ ու ոչ միայն այդ տարբերակները:

Կա նաեւ նախագահական ընտրություն «օպերացիայի» երրորդ տարբերակը, որտեղ կան, Արարատ Զուրաբյանի բառն օգտագործելով նշենք, արհեստական աճեցրած թեկնածուներ, ում պարտություններից արդեն ալերգիա է առաջանում: Եվ կամ էլ ընդդիմությունը «խելքը գլուխը կհավաքի», մի կողմ կդնի «ստից» սկզբունքները եւ միասնական թեկնածուով կպայքարի իշխանության թեկնածուի դեմ: Գուցեեւ ընդդիմությունը կարողանա այս անգամ միավորվել, բայց բացառված չէ, որ այդ բանակցություններն էլ «սիզիֆյան աշխատանք» լինեն ու ոչ մի արդյունք էլ չլինի: Սա էլ ընդդիմության երկդեմ պարագան:

Բայց կարո՞ղ է իշխանության թեկնածուն լինել ոչ թե մրցակից, այլ անգամ լուրջ այլընտրանք: ՀՀՇ վարչության ղեկավարը օրերս հրապարակավ համոզմունք հայտնեց, որ 10 տարվա լռությունից հետո, Հայաստանի գլխավոր մարքսիստի խոսքով ասած, քաղաքական արենա է իջնելու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այնպիսի պայքար է լինելու, որ «իշխանությունների կանխատեսած հունից դուրս է գալու»: Այ քեզ քաոսային իրավիճակ հայոց աշխարհում: ՀՀՇ-ի վերադարձն էլ, իհարկե, խոսակցության այլ նյութ է: Շատ մեծ զանգված կա, որ դրան պատրաստ չէ: Գուցե հիմնավորումները զգայական մակարդակի վրա են, բայց շատ խոսուն են` մարդիկ մութ ու ցուրտ են տեսել, սով ու պատերազմ: Ինչ-ինչ, բայց այս իշխանությունների օրոք «լուսավորվեցինք», գազ ու ջուր ունեցանք, էլ կարո՞ղ ենք հետ նայել:

Իսկ ի՞նչ անի ժողովուրդը, որ չսխալվի, որ հետո չզղջա, որ էլ կուրծք չծեծի` ասելով, թե էլ հնար չունի վատ ապրելու` շեն երկիր է ուզում, սրտացավ նախագահ:

Մի բան էլ կարող է լինել: Հեղափոխություն` ընդդիմության ջանքերով, որը կարող է շրջադարձային լինել: Բայց դրան չենք ուզում մի տեսակ հավատալ: Հեղափոխություն դժվար թե լինի, գոնե «հարց լուծող» հեղափոխություն, քանի որ այս իշխանությունները վաղուց ցույց են տվել, որ կարողանում են երկիրը պահել իրենց ձեռքում: Նախագահական ընտրություններին դեռ 144 օր կա` առջեւում հնարավորն է ու անհնարը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4