Սերժ Սարգսյանն առաջարկեց բանկիրներին Հայաստանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն
Մինչ վարչապետի ստորեւ խորագրյալ առաջարկն ու ելույթը, երեկ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տարեկան ժողովի ժամանակ միության նախագահ Ստեփան Գիշյանն ամփոփեց անցածՙ 2006 թ.-ի արդյունքները: Ըստ նրա, Հայաստանում գործող 21 բանկերի միջեւ սուր մրցակցություն է ծավալվել, ինչի շնորհիվ բարձրանում է նրանց սպասարկման մակարդակը եւ ընդլայնվում մատուցվող ծառայությունները: Անցյալ տարի բոլոր բանկերն աշխատել են շահույթով, որը կազմել է 17,1 մլրդ դրամ: Բանկերի ակտիվներն աճել են 20 տոկոսովՙ կազմելով 544 մլրդ դրամ, ժամկետային ավանդների մեծությունը գերազանցել է 150 մլրդ դրամը եւ այլն:
Ստեփան Գիշյանը համոզմունք հայտնեց, որ այս տարի ավելի լավ արդյունքներ են ապահովվելու: Սակայն նա միաժամանակ նշեց, որ դեռ զգալի անելիքներ կան: Հայաստանում ավանդները համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5 տոկոսն են կազմում, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը կազմում է միջինը 50 տոկոս: Ցածր է բանկայնացման աստիճանը հատկապես մարզերում: Բանկերի միության ղեկավարը կոչ արեց բոլորի ջանքերով հասնել այն բանին, որ դրամաշրջանառությունն ուղղվի բանկեր եւ ստվերը նվազի:
Վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթում վստահություն հայտնեց, որ Հայաստանի բանկային համակարգն ինտեգրվել է համաշխարհային ֆինանսական գործընթացներին: Սակայն նա նաեւ ընդգծեց, որ բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման մեջ անբավարար է, ինչի վկայությունն է այն, որ ՀՆԱ-ում վարկերի տեսակարար կշիռը չի գերազանցում 10 տոկոսը: Այնուհետեւ վարչապետը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն առաջարկելու է համատեղ իրականացնել Կենտրոնական բանկին եւ Հայաստանի բանկերի միությանը:
Առաջին առաջարկը Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելն է, որի համար կան բոլոր նախադրյալները: Նկատի ունենալով Հայաստանի տարածքային անհամամասնական զարգացումը եւ մայրաքաղաքից դուրս ապրող բնակչության գերակշիռ մասի բանկային համակարգից օգտվելուց զրկված լինելը, վարչապետը բանկիրներին առաջարկեց նաեւ ընտրել մի փոքր կամ միջին քաղաք եւ այն դարձնել ֆինանսական կենտրոն: «Օրինակՙ Դիլիջանը կամ մեկ ուրիշ քաղաք: Դրանով նաեւ մի ողջ տարածքի զարգացմանը կնպաստեք», ասաց նա: Երբ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդեցին ժողովի մասնակիցների ծափահարությունները, նա կատակով ասաց, որ դա նշանակում է, որ Դիլիջանի գաղափարն ընդունելություն է գտել:
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ելույթն սկսեց վարչապետի առաջարկին արձագանքելով եւ ասելով, որ Կենտրոնական բանկն ու Հայաստանի բանկերի միությունը պետք է քննարկեն, թե ինչ ներդրումներով եւ ինչ ժամկետում կարելի է Հայաստանի քաղաքներից մեկը ֆինանսական կենտրոն դարձնել:
ԿԲ նախագահի համոզմամբ, բանկային համակարգի տարեկան 20-30 տոկոս զարգացման տեմպն այլեւս չի կարող բավարար լինել, եթե նպատակ կա մեծացնել բանկերի դերը տնտեսության զարգացման գործում: Այն առնվազն պետք է լինի 40 տոկոս: Այնուհետեւ նա կարեւորեց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բանկային համակարգում ներգրավվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: իսկ ներկայումս դրա ցածր լինելու վերաբերյալ հետեւյալ ցուցանիշները ներկայացվեցին: Անցյալ տարի ընդամենը 8,5 տոկոսով կամ 60 հազարով է ավելացել բանկերի մշտական հաճախորդների թիվը, կազմելով 763 հազար: Այդ թվից 723 հազարը ֆիզիկական անձինք են, մոտ 40 հազարըՙ իրավաբանական անձինք: Ըստ ԿԲ նախագահի, թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ իրավաբանական անձանց ցուցանիշները պետք է կրկնակի պակաս համարել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հաշիվներ ունի առնվազն երկու տարբեր բանկերում: Ստացվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր հայկական ընտանիքից ընդամենը մեկ մարդ հաշիվ ունի բանկերում, իսկ իրավաբանական անձանցիցՙ 18-20 հազարը: Մինչդեռ Հայաստանում 54 հազար իրավաբանական անձ կա գրանցված եւ 40 հազար անհատ ձեռներեց: Սա նշանակում է, որ ձեռնարկությունների մի մասը չունի բանկային հաշիվ եւ աշխատում է ստվերում կամ ստեղծվել է «այլ նպատակներով»:
Հաջորդ խնդիրը բանկային համակարգի մրցակցության ուժեղացումն է: Շուտով Հայաստանի բանկային համակարգում կսկսեն գործել 5 արտասահմանյան բանկերՙ հոլանդական կապիտալով «Հայփոստբանկը», ռուսական «Գազպրոմբանկը», լիբանանյան «Բիբլոս» բանկը, ավստրիական «Ռայֆազենը», գերմանական «Պրոկրեդիտը»: Առաջարկներ են ստացվել նաեւ ինչպես արտասահմանյան բանկերից, այնպես էլ հայ գործարարներից նոր բանկեր ստեղծելու վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը կարեւորեց հիպոթեկային շուկայի զարգացումը, ասելով, որ առաջիկա 5 տարում ներկայիս 30 մլրդ դրամի փոխարեն ծրագրվում է վարկավորման ծավալները հասցնել 350 մլրդ դրամի: Ապահովագրական դաշտն է մաքրվում ոչ մրցունակ ընկերություններից, իսկ արժեթղթերի շուկայում մինչեւ տարեվերջ շվեդական Օ Էմ Էքս-ը ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան, սկիզբ դնելով այս ոլորտի զարգացմանը: ԿԲ նախագահը խոստացավ կենսաթոշակային բարեփոխումների շնորհիվ 5 տարի հետո 600 մլրդ դրամի խնայողություններ ստեղծել այստեղ: Նշվեց նաեւ դրամայնացման եւ անկանխիկ շրջանառության ուղղությամբ իրականացված, ինչպես բանկային վերահսկողության կատարելագործման ուղղությամբ նախատեսվող մի շարք քայլերի մասին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ