«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


ԱՄԲԱՐՏԱԿԻ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՀԵՂԵՂ ԵՎ ՄԵԿ ԶՈՀ

Ինչպես «Ազգին» տեղեկացրին ԼՂՀ փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 24-ին, ժամը 20.25-ին, առայժմ չպարզված հանգամանքներում, փլուզվել է Ասկերանի շրջանի Հիլիս գյուղի տարածքում գտնվող ջրամբարի ամբարտակը, որի հետեւանքով շրջակա Նորագյուղ եւ Իվանյան գյուղերը հայտնվել են ուժեղ ջրհոսքի ճանապարհին: Հեղեղը քշել-տարել է «Քարավան» ՍՊԸ-ին պատկանող մանրախիճի արտադրության ձեռնարկությունը, մեկ մարդատար ավտոմեքենա, տասնյակ մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ, ոչնչացրել մեկ բնակելի տուն, խաղողայգիներ: Դժբախտաբար, հեղեղի զոհ է դարձել տեղաբնակներից մեկըՙ Նորագյուղ համայնքի բնակիչ Սամվել Ասլանյանը, որի դին հայտնաբերվել է հաջորդ օրվա առավոտյան: Անմիջապես դեպքի վայր ժամանած փրկարարները համապատասխան ծառայությունների օժանդակությամբ տեղում իրականացրել են վերականգնողական աշխատանքներ:

Երեկվա դրությամբ, հեղեղն ընդգրկած տարածքում վերականգնվել է էներգահամակարգը: «Արցախէներգո» ընկերության Ասկերանի մասնաճյուղի պետ Ալյոշա Սարգսյանի տեղեկատվությամբ, ջրհեղեղի պատճառով պոկվել էր 6 հենասյուն, մի շարք տեղերում կտրվել էին էլեկտրալարերը: Ենթաշրջանի բոլոր գյուղերը մնացել էին առանց էլեկտրաէներգիայի: Բավական օպերատիվ են աշխատել նաեւ «Արցախգազ» ընկերության շինարարական-վերականգնողական տեղամասի մասնագետները, որոնք վերականգնել են վնասված գազատարները:

ԼՂՀ «Ջրային տնտեսություն» պետական կոմիտեի նախագահ Սեյրան Միքայելյանը «Ազգի» թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ 1970 թվականին կառուցված Հիլիսի ջրամբարը 500.000 խորանարդ մետր ջրատարողություն ուներ: Թե որն է եղել փլուզման պատճառըՙ նա խոստացավ մեզ իրազեկել տեղանքի մանրամասն ուսումնասիրություններից հետո:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4