«Կոսովոյի հարցը որոշվում է Նյու Յորքում, մենք հարգում ենք դա եւ պաշտպանում ՄԱԿ-ի ԱԽ որոշումը», ՌԻԱ «Նովոստիի» տեղեկացմամբ, հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսին: «Ինչպիսին էլ լինի Կոսովոյի կարգավիճակի հարցով որոշումը, այդ շրջանը մնում է Եվրոպայի մաս», նշել է Թերի Դեւիսը:
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական «Ազերիպրես» գործակալությունը հաղորդում է, որ Թերի Դեւիսը նաեւ ասել է. «Ափսոսում եմ, եթե Լեռնային Ղարաբաղը ցանկանում է օգտվել Կոսովոյի նախադեպից»: Դեւիսը նշել է, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բացի այդ, շատ դժվարություններ կան: «Տարածաշրջանում այնքան ընտրություններ են անցկացվում, որ դժվարություններ են առաջանում հակամարտության կարգավորման հարցում: Հայաստանի վերջին ընտրությունների համեմատաբար դրական արդյունքները դրական ազդեցություն կունենան այդ հարցի լուծման վրա»:
Դեւիսն ակնհայտորեն մոռանալով սեփական խոսքերը, թե ԼՂ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, մտահոգություն է հայտնել ղարաբաղյան ընտրությունների առնչությամբ: Ամեն դեպքուն, ըստ Դեւիսի, մինչեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Կոսովոյի հարցը չլուծի, այդ հարցը մեկնաբանելու չէ, բայց «հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղում շատերը ոգեւորվում են այդ իրավիճակով»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ