«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2007-06-23 | #119, 2007-06-26 | #120, 2007-06-27


ԵՎ ՆՈՐԻՑ ԻՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Թվում է, ԱՄՆ-ըՙ համակված համայն աշխարհում ամերիկյան «դեմոկրատիան» տարածելու առաքելությամբ եւ խրված իրաքյան ահաբեկչության հորձանուտներում, երկրորդ պլան է մղել իր դաշնակից Իսրայելի երդվյալ թշնամունՙ Իրանին: Սակայն ռուսական մամուլում հրապարակված որոշ նյութեր ցույց են տալիս, որ բնավ էլ այդպես չէ:

Ինչպես նշում են զինվորական փորձագետները, մերձավորարեւելյան նոր պատերազմի նախապատրաստությունը մոտենում է իր եզրագծին: Իրանին հարված կհասցնեն վեց ավիացիոն խմբեր:

Առաջին խմբի մեջ կմտնեն Իրաքում տեղակայված չորս կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք հարված կհասցնեն Թավրիզ քաղաքի միջուկային օբյեկտին, ինչպես նաեւ նրանից 80 կմ հեռու գտնվողՙ գյուղատնտեսության բնագավառում ատոմային էներգիայի կիրառման հետազոտական կենտրոնին:

Իրենց հերթին Իրաքի տարածքից օդ կբարձրանան 15 կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք Կասպից ծովի կողմից կհարձակվեն Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող չորս քաղաքների միջուկային օբյեկտների եւ Իրանի մայրաքաղաքում գործող միջուկային հետազոտությունների կենտրոնի վրա: Թեւավոր հրթիռներ կարձակվեն նաեւ Պարսից ծոցում տեղակայված ռազմանավերից:

Երրորդ խումբըՙ 8 կործանիչ-ռմբակոծիչ, օդ բարձրանալով Իրաքից, այնուհետեւ կբաժանվի 2 մասի, նպատակ ունենալով ոչնչացնել Արաքի ծանր ջրի արտադրության գործարանը եւ Սպահանի երկու միջուկային օբյեկտները, միջուկային հետազոտություններով զբաղվող համալսարանը, այդ տարածքներում գտնվող ուրանի հանքերը, միջուկային ենթակառույցները եւ այլն:

Չորրորդ խմբի առջեւՙ վեց կործանիչ-ռմբակոծիչ, առաջադրանք է դրված Աֆղանստանից հարձակվել ու հողին հավասարեցնել Թաբաս քաղաքի կողքը գտնվող միջուկային օբյեկտը:

Շատ ավելի հզոր հինգերորդ խումբըՙ ծովային ավիացիայի 20 ինքնաթիռ, մեկնարկելով Պարսից ծոցում «հերթապահող» ավիակրից, կփորձի սկզբից վերացնել Բուշեհրի կառուցվող ատոմակայանը, այնուհետեւ Ֆեսա քաղաքի միջուկային հետազոտությունների կենտրոնը:

Եվ վերջապես վեցերորդ խումբըՙ երկու տեսակի 10-20 ռմբակոծիչներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել մինչեւ 20 տոննա ռումբ, ոչնչացնելու է ստորգետնյա գերամուր կառույցները:

Իհարկե, չի բացառվում, որ կիրառվի նաեւ միջուկային զենք: Կամ նման խոշորամասշտաբ հարձակումներ կրկնվեն կես տարին մեկ: Կամ, ի պատասխան հակագործողությունների, ամերիկացիները հարվածներ հասցնեն նաեւ քաղաքացիական օբյեկտներինՙ կառավարման համակարգին եւ այլն:

Ամերիկացիների կարծիքով, եթե իրենց պլանը հաջողվի, ապա իրանցիների միջուկային ծրագրերը տասնամյակներով հետ կշպրտվեն, իսկ վերականգնման համար կպահանջվեն բազմամիլիարդ ծախսեր:

Որոշ փորձագետներ, սակայն, վստահություն չեն հայտնում, թե ամերիկացիներին կհաջողվի վերացնել Իրանի բոլոր միջուկային օբյեկտները: Բացի այդ, իսրայելական հետախուզության տվյալներով, Իրանը ձեռք է բերել 2,5 հազար կիլոմետր հեռահարության հյուսիսկորեական հրթիռներ, որոնք կարող են հարվածներ հասցնել հրեական պետությանը:

Փորձագետների մեջ քիչ չեն նաեւ նրանք, որոնց կարծիքով, այաթոլլաների ռեժիմի վրա ուժային ճնշում գործադրելու դեպքում խիստ կապակայունանա տարածաշրջանի իրավիճակը եւ Իրանն Իրաքից էլ ծանր պատիժ կդառնա ամերիկացիների գլխին, հսկայական չափերի կհասնի ահաբեկչությունը, կսաստկանա հակաքրիստոնեական քարոզչությունը, էլ ավելի կվատանա տեղի քրիստոնյա ժողովուրդների վիճակը եւ այլն:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4