«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2007-06-23 | #119, 2007-06-26 | #120, 2007-06-27


ԻԶՄԻՐԼՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ՈՒ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ

Վարկերը կուղղվեն հիմնականում արտադրության ոլորտի ձեռնարկություններին

Իզմիրլյան հիմնադրամն ու «Արարատբանկը» երեկ համաֆինանսավորման պայմանագիր ստորագրեցին: Համաձայն հիմնադրամի փոխնախագահ ժակ Սարգսյանի եւ բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի ստորագրած փաստաթղթի, Իզմիրլյան հիմնադրամը համաֆինանսավորման ծրագրում կներդնի 2 մլն դոլար եւ նույնքան էլ «Արարատբանկը»: Ինչպես նշեց բանկի վարչության նախագահը, 4 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը կուղղվի հիմնականում այն ոլորտին, որը ստեղծում է լրացուցիչ արժեք, այսինքնՙ արտադրությանը: Նշվեց, որ արդեն կան հավանական վարկառուներ: Այդ կապակցությամբ «Ազգի» հարցին, թե արդյունաբերության ո՞ր ճյուղերն են ներկայացնում հնարավոր վարկառուները, Աշոտ Օսիպյանը պատասխանեց, որ նրանց թվում են մսամթերքի, պլաստիկ իրերի եւ այլ արտադրություններ եւ որոշակի փոքր մաս էլ սպասարկման ոլորտի ընկերություններ: Բացառությամբ գյուղատնտեսության, հնարավոր է նաեւ այլ ոլորտների վարկավորումը:

«Արարատբանկի» վարչության նախագահը տեղեկացրեց, որ վարկերը շահավետ կլինեն: Դրանք տրվելու են դոլարով եւ դրամով, տարեկան 14 տոկոսով: Վարկի նվազագույն գումարը կկազմի 250 հազար դրամ, առավելագույնըՙ 1 մլն դրամ: Վարկավորման որոշումը կայացնելու են հիմնադրամն ու վարկը համատեղ:

Իզմիրլյան հիմնադրամի փոխնախագահ Ժակ Սարգսյանը համառոտ ներկայացրեց ստեղծման պահիցՙ 1994 թ.-ից ի վեր հիմնադրամի ծավալած գործունեությունը: Նա ասաց, որ հիմնադրամը ստեղծվել է բացառապես Հայաստանին աջակցելու համար: Նրա առաջին ծրագիրն է եղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի կառուցումը: Այնուհետեւ վերանորոգվել եւ վերազինվել է Երեւանի պետական համալսարանի գրադարանը, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի դպրոցն է կառուցվել, Մեղրիում նորոգվել են ճարտարապետական հուշարձաններ, կառուցվել է կացարան այստեղ այցելող զբոսաշրջիկների համար: Հիմնադրամը նաեւ նպաստներ է հատկացնում ազատամարտիկների երեխաներին:

Բացի բարեգործական ծրագրերից, հիմնադրամը նաեւ վարկավորման ծրագրեր է իրականացնում: «Մեր ամենամեծ ցանկությունը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելն է», ասաց Ժակ Սարգսյանը: 1999 թ.-ից ի վեր հիմնադրամի իրականացրած ծրագրերի շնորհիվ մոտ 4-5 հազար աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում: Մասնավորապես վարկային ծրագիր էր իրագործվում Սեւծովյան բանկի հետ համատեղ, բայց որոշվեց, որ այն կշարունակվի արդեն «Արարատբանկի» հետ:

Իզմիրլյան-Եվրասիա հիմնադրամը նաեւ մեկ այլՙ մոտ 1 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է իրականացնում: Այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը: Նա կարեւորեց Հայաստանում հիմնադրամի ներդրումային ծրագրերը: «Արարատբանկի» մասին խոսելով, ԿԲ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ բանկային համակարգում սրվող մրցակցության պայմաններում այս բանկը մրցունակներից մեկն է լինելու:

«Կշարունակվի՞ համագործակցությունը համաձայնագիրը ստորագրած կողմերի միջեւ» հարցին երկուստեք դրական պատասխան տրվեց: ժակ Սարգսյանը նշեց, որ համաձայն են խորացնել համագործակցությունը, իսկ Աշոտ Օսիպյանը մեծ պատիվ համարեց համագործակցությունը հիմնադրամի հետ եւ հույս հայտնեց, որ այն շարունակություն կունենա:

Խոսելով «Արարատբանկի» եւ նրա հեռանկարների մասին, Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ բանկի ակտիվները հասել են 14 մլրդ դրամի, կապիտալըՙ 4,4 մլրդ դրամի: Այս տարի առաջին անգամ թողարկվեցին եւ տեղաբաշխվեցին 250 մլն դրամի պարտատոմսեր: Բանկը պատրաստվում է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն եւ թողարկել բաժնետոմսեր: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: Ծրագրվում է բիզնես վարկերն ավելացնել մինչեւ 10 մլրդ դրամի, հիպոթեկային վարկերըՙ 600 մլն դրամից մինչեւ 1,5 մլրդ դրամի: Ներկայումս բանկի տրամադրած հիպոթեկային վարկերը տրամադրվում են 10 տարով եւ տարեկան 12 տոկոսով: Բանկը շուտով կթողարկի նոր, ուսանողական պլաստիկ քարտերՙ հետաքրքրական առաջարկներով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4