«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2007-06-23 | #119, 2007-06-26 | #120, 2007-06-27


ՄԻԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԷՐ ՎԱՀԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Ռումինական Բազնա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 11 մասնակիցների թվում էր մեր փորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Հայ շախմատիստը վստահ մրցելույթների շնորհիվ առաջատարների թվում էր: Ավարտական տուրից առաջ բավական հետաքրքրական իրավիճակ էր ստեղծվել մրցաշարում: Երկու գրոսմայստերներՙ աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Խալիֆմանն ու Ռաֆայել Վահանյանը 9 հնարավորից վաստակել էին 6-ական միավոր եւ գլխավորում էին աղյուսակը:

10-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը սպիտակներով պարտության մատնեց շախմատային աշխարհի ավագագույն գրոսմայստերներից մեկինՙ հունգարացի Լայոշ Պորտիշին եւ վաստակեց 6 միավոր: Իսկ ահա աղյուսակը միանձնյա գլխավորող Խալիֆմանը սեւերով զիջեց Ալեքսանդր Բելյավսկուն: Այսպիսով, ավարտական տուրից առաջ երկու գրոսմայստերները վաստակել էին հավասար միավորներ, իսկ 11-րդ տուրում նրանք մրցելու էին միմյանց հետ:

Փաստորեն, մրցաշարի հաղթողը պետք է որոշվեր ավարտական տուրում: Ցավոք, Ռաֆայել Վահանյանն անհաջող անցկացրեց Խալիֆմանի հետ պարտիան, որում խաղում էր սեւ խաղաքարերով: 21-րդ քայլում հայ շախմատիստը մատի սպառնալիքի տակ ստիպված էր հանձնվել: Այսպիսով, վաստակելով 7 միավոր, Ալեքսանդր Խալիֆմանը դարձավ մրցաշարի հաղթող:

Ռաֆայել Վահանյանին միավորներով կարող էր հավասարվել միայն Ալեքսանդր Բելյավսկին, որը սեւերով խաղում էր բրազիլացի Մեկինգի հետ: Նրանց միջեւ կայացած պարտիան ավարտվեց խաղաղ արդյունքով: Ոչ-ոքի ավարտ ունեցան Ռիբլի-Անդերսոն, Շուբա-Չիբուրդանիձե, Թիման-Սոկոլով պարտիաները:

Ռաֆայել Վահանյանն ընդհանուր առմամբ մրցաշարում վստահ ելույթներ ունեցավ: Նա մրցաշարը սկսեց Մեկինգի եւ Թիմանի նկատմամբ տոնած հաղթանակներով, այնուհետեւ վեց պարտիա անընդմեջ ավարտեց ոչ-ոքի, ապա պարտության մատնեց Պորտիշին: Բաստորեն, մրցաշարում կրած միակ պարտությունը ճակատագրական եղավ Վահանյանի համար, որը զրկվեց հաղթողի կոչումից:

Մրցաշարի մասնակիցների վերջնական արդյունքներն այսպիսին են. Խալիֆմանՙ 7 միավոր, Վահանյանՙ 6, Բելյավսկիՙ 5,5, Մեկինգ, Ռիբլի, Անդերսոնՙ 5-ական, Պորտիշ, Սոկոլով, Չիբուրդանիձեՙ 4,5-ական, Թիման, Շուբաՙ 4-ական:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4