Կարծիք հայտնեց Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահը
Պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը երեկ հյուրընկալվեց Երեւանի պետական համալսարանում: Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի երկարաշունչ պատմական էքսկուրսից հետո, որն ընդգրկում էր հայ-հունական հարաբերությունների ամբողջ ընթացքըՙ սկսած մ.թ. ա. 4-րդ դարում Հայաստանում հելլենիզմի տարածումից միչեւ մեր օրերը, ելույթ ունեցավ Հունաստանի նախագահը:
Կարոլոս Պապուլիասը շեշտեց, որ հույն ժողովուրդը մշակութային, պատմական անցյալի եւ ճակատագրի առումներով իրեն մոտ է համարում հայ ժողովրդին: «Ես ինքս հայկական մշակույթի երկրպագուներից եմ», ասաց համալսարանի պատվավոր հյուրը:
Հունաստանի նախագահի ելույթում արտահայտած արժանահիշատակ միտքն առնչվում էր Եվրոպայի եւ Կովկասի առնչություններին եւ դրանց կարգավիճակին: Նա նշեց, որ Կովկասն ավանդաբար համարվել է կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, բայց «իրականության մեջ Կովկասը Եվրոպայի մի մասն է, եւ ժամանակն է, որ այդ իրականությունը քաղաքական իմաստ ստանա»: Հունաստանի նախագահի ելույթի շարունակությունն ամբողջությամբ խարսխված էր այս թեզի վրա: Այն էՙ որ Եվրոմիությունը պետք է խորացնի տնտեսական համագործակցությունը, տեխնիկական աջակցությունը եւ քաղաքական երկխոսությունը Կովկասի երկրների հետ: Հունաստանի նախագահի կարծիքով, «Նոր հարեւաններ» ծրագիրը ճիշտ մոտեցում է, բայց պետք է վերանայման ենթարկվի հարաբերությունների խորացման ուղղությամբ: Նա նաեւ կարեւորեց հակամարտությունների խաղաղ կարգավորման, համագործակցության ճանապարհով դրանք կառուցելու քաղաքականությունը մեր տարածաշրջանում, որը ձգվում է Էգեյան, Սեւ, Միջերկրական ծովերի շրջակա տարածքներով: Կարոլոս Պապուլիասի համոզմամբ, «տուժողները պետք է ներողամիտ լինեն, եթե հալածողն ընդունում է իր մեղավորությունը»: Այս առումով նա օրինակ բերեց Գերմանիայի դիրքորոշումը հրեաների նկատմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտորն ընթերցեց բուհի գիտական խորհրդի որոշումը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու եւ ոսկե մեդալով պարգեւատրելու համար, ինչը Հունաստանի նախագահն իր համար մեծ պատիվ համարեց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ