Բրյուսելիցՙ Եվրոպահայերի ֆեդերացիայից ստացված հաղորդման համաձայն, հունիսի 26-ին Եվրոպայի խորհուրդը, նախապես ծրագրված 3 թեմայի փոխարեն, Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսել է ըստ 2 նոր թեմաների: Դրանք են վիճակագրությունը եւ ֆինանսական վերահսկողությունը: Օրակարգից դուրս է թողնվել ընդհանուր դրամական քաղաքականության թեման: Այս վերանայման պատճառը Ֆրանսիայի դիրքորոշումն է: Փարիզի կարծիքով, վերջին թեմայի քննարկումը կնշանակեր ապագայում Թուրքիայի միացումը եվրոյի գոտուն: Ավելի վաղ ԵՄ-Թուրքիա բանակցություններում ավարտվել էր միայն գիտահետազոտական ոլորտին առնչվող թեման, որի շնորհիվ Անկարան Եվրոպայից գումարներ կստանա տեխնոլոգիական զարգացման նպատակով: Սակայն 2006 թ. դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի կողմից Թուրքիայի առաջընթացի բացակայության հավաստումից հետո որեւէ նոր թեմա չի կարող ավարտված համարվել. թեմաներից ութը սառեցված են եւ այլեւս չեն վերաբացվելու:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ