«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2007-06-26 | #120, 2007-06-27 | #121, 2007-06-28


ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՊՈԼՍՈ ՍԲ. ՓՐԿԻՉ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՆ, ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդառաջելով դեռեւս 1832 թ.-ին օսմանյան շրջանում հիմնադրված Պոլսո ազգային Սբ. Փրկիչ հայկական հիվանդանոցին, թուրքական կառավարությանը պարտադրել է վերադարձնել նախապես հիվանդանոցի հիմնադրամին պատկանող կալվածքները եւ իբրեւ դատավարության ծախսՙ հիմնադրամին վճարել 15 հազար եվրո:

Թուրքական NTV-ի տվյալներով, Սբ. Փրկիչ հիվանդանոցը Եվրոդատարան է դիմել դեռեւս 1999 թ.-ին, ընդգծելով դիմումում, որ Թուրքիայում ոչ մահմեդականներին պատկանող հիմնադրամների կալվածքներին առնչվող օրենսդրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են դրանց ձեռքբերումը, հակասում են Եվրոպայում մարդու իրավունքների համաձայնագրի խտրականության մասին 14-րդ հոդվածին: 1943 եւ 1967 թթ. հիվանդանոցը կտակի միջոցով Ստամբուլում երկու շենք էր ձեռք բերել, սակայն 1992 թ.-ին, երբ թուրքական դատարանը կտակը չեղյալ էր հայտարարել, այդ երկու շենքերը հանձնվել էին պետական գանձարանի տնօրինությանը:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ազգային փոքրամասնությունների կալվածքների վերաբերյալ 1974 թ. մայիսի 8-ի Թուրքիայի գերագույն դատարանի վճիռը, օրինականացրել էր Սբ. Փրկիչ հիվանդանոցի կալվածքների առգրավումը: Թուրքական NTV-ն նշում է, որ Էրդողանի կառավարությունը նամակով տեղեկացրել է Ստրասբուրգում գործող Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որ առգրավված կալվածքները վերադարձնելու է հայկական հիվանդանոցին եւ վճարելու է նախատեսված 15 հազար եվրոն:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4