Ամենաշռայլ կանայք նաեւ` դժբախտ
«Օրհնված եք դուք սեր, ցնորք ու ցավ» Սերգեյ Գալոյանի այս նոր ժողովածուն բովանդակությամբ ներդաշնակ է գրքի խորագրին: Բանաստեղծի հայտնի տողերը (մարդու հոգու կատարյալի ձգտումը- սեր, դրա իրականացման անկատարությունը- ցավ, այդ երկուսի միջեւ դեգերող ցնորքը` ցանկություն-տենչեր) կարելի է իբրեւ բնաբան ընթերցել, մանավանդ, որ ակամա շարունակությունն ես մտաբերումՙ «Օրհնված եք դուք երկիր, երգ ու կյանք»: Կյա՜նք, որի ամենաշռայլ դրսեւորումներն իսկ անբավարար ու անհույս են թվում. այսպիսի մի ապրում ես ունենում գրքի ընթերցումից, որտեղ հեղինակը կամընտրությամբ ժողովել, մի հարթության է բերել տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր քաղաքակրթություններում ապրած ու պատմության մեջ նշանակալի հետք թողած կանանց ճակատագրեր. իրարից որքան տարբեր, բուն խորքումՙ նույնական: Կանայք, որ գեղեցիկ են, անդիմադրելիորեն հմայիչ, կամային ու քմահաճ, կյանքից շփացած կամ հակառակը, ճակատագրական կանայք, որ մուտք են գործել նշանավոր անհատների կյանք ու փոխել այն, կամ ժամանակի մեջ մնացել լոկ այդ փաստով: Այնպես, ինչպես դանիացի նշանավոր փիլիսոփան էր գրում իր սիրած կնոջ ամուսնուն` կենսագրական մի դրվագի առիթով. «Ռեգինան քո կողքին է հիմա, բայց պատմության մեջ կմնա իմ կողքին»:
Նեֆերտիտի, Կլեոպատրա, կայսրուհի Թեոդորա... Հազարամյակներ առաջ դեռեւս հնագույն քաղաքակրթության բնօրրաններումՙ Եգիպտոսում եւ Բյուզանդիայումՙ իրենց կյանքային ու քաղաքական խաղաքարտերն էր հմտորեն օգտագործում կանացի խորախորհուրդ հոգին ու այդպես մինչ մեր օրերըՙ Մերիլին Մոնրո, Այսեդորա Դունկան, Լեդի Դի... Ի՞նչ կարող է անել սերը, կամ ի՞նչ կարող է կնոջը տալ, ինչպե՞ս է հնարավոր սիրելի տղամարդուն մշտապես կողքին պահելու տենչով ապրել մի կյանքՙ մարկիզուհի դը Պոմպադուր, սովորական պատկերացումների մեջ չտեղավորվող, երեւակայությունից դուրս բազում տղամարդկանց միջեւ տարուբերվող Լուկրեցիա Բորջիա, որը կարող էր լինել միաժամանակ դուստր, կին եւ հարս... Արկածախնդրությանը տրված Մարի Պըտի, Փարիզից հեռավոր Արեւելք է հասնում, հանգրվանում նաեւ Երեւանում, առեղծվածային Մոնա Լիզա, Պոլինա Բորգեզեՙ Նապոլեոն Բոնապարտի չքնաղ քույրըՙ սիրո քմայքների մեջ անգերազանցելի, սիրո քրմուհիներ` ինքնազոհաբերության աստիճան նվիրումովՙ Կամիլիա Կլոդել, Օլգա Իվինսկայա, երկփեղկումներ բեմում, եւ կյանքումՙ Մարիա Կալլաս, Այսեդորա Դունկան, Մերիլին Մոնրո... ստեղծագործ հոգու հրայրքի տիրակալուհի, ամենաչքնաղ Գալա եւ ուրիշներ ... ու հանկարծ Մարիամ Մագդաղենացի:
- Անթափանց են մարդու հոգու ծալքերը, մանավանդ կնոջ, անհայտ նրա տենչերն ու կյանքի անակնկալները: Ինչպե՞ս ծնվեց այս գիրքըՙ սոսկ հետաքրքրությունից էր, թե՞ ընթերցողական պահանջի բավարարում է: Գիրքը հաջողություն է ունենում եւ կարծես ավելիՙ կանանց շրջանակում:
- Ես ինձ գրող չեմ համարում, ավելի շուտ ուսումնասիրող եմ: Երկար տարիներ տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ հավաքել, Վարշավայից, Մոսկվայից, Փարիզից ձեռագրեր, նամակներ, հոդվածներ, լուսանկարներ, գրականություն եմ հայթայթել, բավական մեծ արխիվ ամբարել: Այս գրքում, իմ կարծիքով, ընտրվել են էությամբ հարուստ ու հետաքրքրական կենսագրությամբ, ողբերգական ճակատագրով կանայք:
- Նրանք միայն նշանավոր անուննե՞ր են:
- Բոլորը չեն այդպիսին. Օլգա Իվինսկայան, օրինակ, խմբագրության մի հասարակ աշխատող էր, որ ինքնազոհողության աստիճան նվիրվեց ու սիրեց Բորիս Պաստեռնակին: Հետագայում ինքը խոստովանեց, որ բանաստեղծի մեջ ստեղծել էր տղամարդու իր իդեալը, իր սերն էր հորինել:
- Հորինվա՜ծ սեր, այս անհաստատ կյանքում ապրեցնելու մի հնարանք անրջող հոգիների համար: Երջանիկ չեն նրանք, որքան էլ բախտը շռայլ է գտնվելՙ գեղեցկություն, տաղանդ, խելք, հարստություն:
- Հնարավո՞ր ես համարում դա: Ո՞վ կարող է երջանկության մասին խոսել, գիտե՞ս: Մարդը միայն երջանիկ պահեր կարող է ունենալ: Ճակատագրական լինելը, եթե կուզես, ողբերգականություն է գուշակում, որովհետեւ կյանքի ընկալումն է փոխվում, դրա իմաստավորումը: Եթե մեկը վիշտ չի տանում եւ կյանքը ապրում է թեթեւ, նա կարո՞ղ է հետք թողնել, այն էլՙ նշանակալի:
- Գրքի ըներցումը ժամանակի հարազատ մթնոլորտ է տեղափոխում, կենսագրական փաստերից դուրս գալով` ստեղծում ես ստեղծագործական վիճակներ, երբեմն միջամտում ես, հաղորդակցվում հարազատորեն, նկատելի վերաբերմունք ցույց տալիս:
- Նրանք ինձ հետ մտերմացել են, բազմիցս վերապրել եմ իրենց ժամանակը, փորձել եմ մոտենալ նրանց գաղտնիքներին, բացել կյանքի ծալքերը: Սա է իմ աշխարհը եւ փորձել եմ մտցնել իրենց ժամանակի մեջ, կամ էլ հակառակըՙ նրանց դարձնել իմ ժամանակակիցը, եւ ամենագլխավորըՙ փորձել եմ հասկանալ մարդուն:
- Սերգեյ, կարծես չպատճառաբանված է հիմնականում սիրային հարաբերություններին, ցանկասիրություններին ու հաճույքներին տրված աշխարհիկ կանանց այս շարքում Մարիամ Մագդաղենացու հայտնվելը:
- Այդ նույն հրապարակումը ես արել եմ 1991-ին «Գոլոս Արմենիի» թերթի «Աստղերի ներքո» հայերեն հավելվածում: Որպես հիմք ընդունել եմ անգլիացի ուսումնասիրողներիՙ Մ. Բայջենտի, Ռ. Լեյլի, Գ. Լինկոլնի «Սուրբ առեղծված» գիրքը: Դրանից հետո Աստվածաշունչը ավելի ուշադիր սկսեցի կարդալ: Սուրբ Գրքում ակնարկ չկա Մարիամ Մագդաղենացուՙ անառակ կին լինելու մասին: Ըստ այս ուսումնասիրության, Մարիամը դաստիարակվել է իր ժամանակին գրասեր համարված ընտանիքում, ուր հարգի է եղել կրթությունը, ուսումը: Ինքըՙ Մարիամը մեծ գրադարան է ունեցել եւ անհնար էր, որ անտարբեր մնար Հիսուս Քրիստոսի խորհրդավոր, վերերկրյա գոյությանը եւ հրեաների մեջ տարածած նրա ուսմունքին: Ուշագրավ են նաեւ հրեա հանրության պատկերացումները, վերաբերմունքը ռաբբիներին, բարոյական հարցերին առհասարակ: Ամուրին բնավ հարգանք չէր վայելում կամ վստահություն առաջացնում: Ըստ նրանց չամուսնացած մարդը չէր կարող հավակնել ուրիշներին ուսուցանելու գործին:
- Եվ դա բավակա՞ն է Մարիամին Քրիստոսի կինը համարող մի վարկած առաջ քաշելու համար: Այս հանգամանքը որեւէ խաթարումներ չի՞ առաջացնում մեր քրիստոնեական պատկերացումների մեջ:
- Բնավ: Մի՞թե դա հանցանք է. որեւէ ձեւով չի նսեմացնում Նրա ուսմունքի ուժը, ոչ էլ ստվերվում է Նրա աստվածային ծագումը: Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է, մարդկային կերպարանքի մեջ: Այդ պարտադրված պատկերացումները սովետական գաղափարախոսության մի տարատեսակ էին: Իմ հաջորդ գրքումՙ նշանավոր տղամարդկանց նվիրված, զետեղելու եմ Հուդայի ավետարանը, դրա ստեղծման պատմությունը: Հուդան Նեռի նշանակությունն ունի մեր պատկերացումներում, մինչդեռ Հիսուսի ամենահավատարիմ աշակերտներից էր:
- Իսկ եկեղեցու մոտեցո՞ւմը:
- Չգիտեմ: Մենք այստեղ պարփակված, Հայաստանից դենը չենք տեսնում: Ինչե՜ր են այսօր աշխարհում կատարվում: Բենեդիկտոս XVI պապը ողջունեց Հուդայի ավետարանի տպագրությունը:
- Եղե՞լ է, Սերգեյ, քո կյանքում ճակատագրական կին:
- Եթե չլիներ, ինչպե՞ս կհասկանայի այդ հոգեբանությունը, այդ դողը, հիացմունքը ինքս եթե չապրեի, նրանց չէի հասկանա: Իմ շրջապատում հազվագյուտ կանայք կան, որ ինձ ընդունում են ինչպես կամ:
- Գիրքը հրատարակության պատրաստելիս ավելի որոշակի ի՞նչ աղբյուրներից ես օգտվել, հետեւե՞լ ես դրանց պատմական ստույգությանը:
- Սկզբնաղբյուրները տարբեր ենՙ ձեռագրերից, արխիվային նյութերից մինչեւ ժամանակակից ինտերնետային կայքէջերը: Կարեւոր եմ համարում հիշատակել, որ ինչպես այս, նաեւ հրատարակման պատրաստ հաջորդ գրքերի հովանավորությունը սիրահոժար ստանձնել է Միշա Քալանթարյանը: Ասեմ, նաեւ նախորդ գրքերիս տպագրությունը բարձր որակով իրականացրել է «Գասպրինտ» հրատարակչատունը:
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ