Մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքին պատկանող Ուիմբլդոնի մրցաշարը: Հաճախակի տեղացող անձրեւների պատճառով մրցաշարի կազմակերպիչները ստիպված էին հետաձգել հանդիպումների սկիզբը:
Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հաջող սկսեց մրցաշարը` պարտության մատնելով Գերմանիան ներկայացնող Միխայիլ Զվերեւին: Բոլոր երեք խաղափուլերում էլ Դավիթն առավելության հասավ մրցակցի նկատմամբ (6-3, 6-4, 6-2):
Թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերն առանց մեծ ջանքերի հաղթահարեց առաջին փուլի արգելքը` առավելության հասնելով ռուսաստանցի Թեյմուրազ Գաբաշվիլու նկատմամբ (6-3, 6-2, 6-4): Հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թենիսիստների թվում են նաեւ Մարատ Սաֆինը, Դմիտրի Թուրսունովը, Էնդի Ռոդիկը, Իվան Լյուբիչիչը, Ֆեռնանդո Գոնսալեսը, Թիմ Հենմանը, Նիկոլայ Դավիդենկոն, Մաքսիմ Միրնին, Ֆաբրիս Սանտորոն:
Կանանց մրցաշարում ուժեղագույն թենիսիստուհիներից հաջող հանդես եկան Ելենա Լիխովցեւան, Ժյուստին Էնենը, Սերենա Ուիլյամսը, Մարտինա Հինգիսը, Մարիա Շարապովան, Կատարինա Սրեբոտնիկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ