Կարելի է սպանել մարդուն, բայց ոչ իր գաղափարները: Թուրքերը սպանեցին Հրանտ Դինքին, ոչնչացրին նրան ֆիզիկապես, բայց նրա գաղափարները շարունակում են համառորեն հետապնդել նրանց: Եթե նախնական փուլում կասկածներ կային, թե ոճրագործությունը կատարված է մոլեռանդ մի անձնավորության կամ կազմակերպության կողմից, հետագա զարգացումներն ապացուցեցին, որ այդ զազրելի դավադրության հետեւում կանգնած է «խորքային պետությունը»: Ոճրագործը հռչակվեց ազգային հերոս:
Հրանտ Դինքի թաղման արարողության ժամանակ Ստամբուլի քաղաքապետարանը կարեկցական միանման լոզունգներ էր պատրաստել ցույց տալու Արեւմուտքին, որ երկրում առկա է ոճիրը դատապարտող միասնական մթնոլորտ: Կեղծավորության բարակ շերտը շուտով պատռվեց եւ մոլեռանդ խմբակցությունների «Մենք բոլորս թուրք ենք» լոզունգը եկավ փոխարինելու «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» լոզունգներին:
Հրանտ Դինքի գաղափարները բորբոքեցին մարդկանց մտքերը Թուրքիայում, եւ զինվորականությունը դժվարությամբ կարողացավ զսպել զանգվածային պոռթկումները:
Դինքի «Ակօս» շաբաթաթերթը ազատական գաղափարների շտեմարան էր դարձել ոչ միայն հայերի, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում կանգնած թուրքերի եւ քրդերի համար: «Ակօսը» մեծ տպաքանակ ուներ (ներկայումս էլ ունի) եւ հավասար հետաքրքրությամբ կարդացվում էր (կարդացվում է) ինչպես հայերի, այնպես թուրքերի եւ քրդերի կողմից:
«Ակօսը» ազգային արժանապատվության եւ ինքնորոշման գաղափարներով տոգորեց քրդերին եւ նպաստեց ժողովրդավարական ու մարդու իրավունքների պաշտպանության գաղափարների վերազարթոնքը կրթյալ թուրքերի շրջանակներում: Դինքը հավատում էր, որ ժողովրդավարական կառույցների զարգացման հետեւանքում Թուրքիան քաղաքակիրթ երկիր կդառնա եւ Եվրոմիությանն անդամակցելու ընդունելի թեկնածու կհամարվի, որից կգօտվի նաեւ Հայաստանը, իրեն սահմանակից ունենալով մի երկիր, որը պատրաստ կլինի դիմագրավելու պատմական իրականությանը եւ ճանաչելու ցեղասպանությունը: Գերմանիան դիմագրավեց իր անցյալը, հաշտվեց իր երբեմնի թշնամիների հետ եւ մինչեւ օրս հրեաներին եւ Իսրայելին փոխհատուցում է անցյալի իրադարձությունների համար, որովհետեւ քաղաքակիրթ երկիր է:
Հրանտն անխոնջ մարտիկ էր եւ պայքարում էր հանուն արդարության եւ ժողովրդավարության հաստատման Թուրքիայում: Նա փորձում էր առաջ մղել Թուրքիային դեպի 21-րդ դար: Բայց հետադիմականները հաղթանակեցին (ներկա դրությամբ) եւ իշխող կրոնական կուսակցությունը դեպի հետ` միջնադարյան բարքերը գնալով փորձում է երկրում վերականգնել շարիաթի օրենքը:
Թուրքական զինվորականությանը պատճառեց տհաճ իրավիճակներՙ մարտահրավեր նետելով նրա կարողությանը: Ուստի, նախքան շատ առաջ գնալը, նրան պետք է վերացնեին: Եվ նրանց հաջողվեց սպանել Դինքին, բայց ոչ նրա գաղափարները:
Թուրքերը փորձված, հմուտ քաղաքականություն են վարում առերես բարձրաձայնելով ժողովրդավարության մասին, բայց թույլ տալով, որ զինվորականությունը հարկ եղած դեպքում արձակի կրակոցները: Արեւմուտքը եւ հատկապես ամերիկյան գլխավոր լրատվամիջոցները արջի ծառայություն են մատուցումՙ միանալով բարձրաձայնված վանկարկումներին եւ հորդորելով մյուս մահմեդական երկրներին հետեւելու Թուրքիայի օրինակին:
Մինչ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն ուժերը լարում էր բարեփոխություններ մտցնելու երկրում, զինվորականությունը ուժեղացրեց իր հսկողությունը կառավարության վրա:
Սկսվեց փոքրամասնություններին, հատկապես հայերին, վախեցնելու մի հզոր արշավ: Հայկական եկեղեցիների եւ դպրոցների դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքները, զանգվածային լրատվամիջոցներով համայնքի դեմ ուղղված չարանենգ հայտարարությունները երկրում ստեղծել են վախի եւ սարսափի այնպիսի մի մթնոլորտ, որ թուրքաբնակ հայերն սկսել են զոհինՙ Հրանտ Դինքին մեղադրել իր գործունեությամբ քնած գազանին զարթնեցնելու համար:
Թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերաբերյալ եվրոպացի քննադատներին լռեցնելու հետո վարչապետ Էրդողանը շարունակում է օգտագործել այդ նույն օրենքը ամեն մի ենթադրյալ թշնամու դեմ: Կարծես բավական չհամարելով Հրանտի սպանությունը եւ թերթի աշխատակազմի դեմ ուղղված ոտնձգությունները, հիմա էլ Հրանտի որդինՙ Արաթն է դատարան կանչվել:
Արաթին երեք այլ լրագրողներիՙ Սարգիս Սերոբյանի, Այդին Էնգինի եւ Կարին Քարաքաշլիի, ինչպես նաեւ Դինքի փաստաբաններից Էրդալ Դողալի դեմ նույն 301-րդ հոդվածով մեղադրանք է հարուցված «թուրքական ինքնությունը վարկաբեկելու» համար:
Ընթերցելով «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթն այն տպավորությունն ես ստանում, որ Թուրքիան մեծ քայլեր է կատարել ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում: Վերոնշյալ իրավական ոտնձգությունների մասին ոչ մի տող չի գրված թերթի հոդվածներում:
Իրենց հայացքների ու համոզմունքների համար մարդկանց (տվյալ դեպքում «Ակօսին») հալածելն ու դատական կարգով հետապնդումները շարունակելը նշանակում է պայքարել Հրանտ Դինքի դեմ նույնիսկ նրա մահվանից հետո:
Դա ապացուցում է մի բան: Այնքան ժամանակ, որ 301-րդ հոդվածն ուժի մեջ է, Թուրքիան չի կարող որեւէ առաջընթաց արձանագրել ժողովրդավարության բնագավառում: Մյուս կողմից, հայկական եւ հունական փոքրամասնություններից առգրավված ոչ մի կալվածք չի վերադարձվել հակառակ այն փաստին, որ թուրքական խորհրդարանը բազմիցս քննարկել է այդ հարցը եւ նույնիսկ ընդունել համապատասխան որոշումներ:
Թուրք զինվորականությունը հանդես է գալիս որպես Թուրքիայի աշխարհիկ պետություն դառնալու պահապան, սակայն ո՞վ է նրան այդ դերը շնորհել: Ամեն անգամ, որ ժողովրդի կողմից ընտրված մի կառավարություն փորձում է իրականացնել ժողովրդավարական իշխանության իր իրավունքները, զինվորականության ինքնակոչ խունտան միջամտում է եւ տապալում այդ կառավարությունը: Եվ այդ արարքը (գործողությունների այդ ամբողջ համակարգը) Մ. Նահանգների որոշ լրատվամիջոցների գովասանքին է արժանանում եւ դիտվում որպես ժողովրդավարության օրինակ, որին պետք է հետեւեն մյուս մահմեդական երկրները:
Դժբախտաբար, կեղծավորությունն ու երկերեսանիությունը քաղաքականությունից անջատել հնարավոր չէ, բայց եթե որոշ չափավորություն դրվի, կարելի է հույսեր փայփայել հօգուտ ժողովրդավարության:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ