«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ` ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ավելի քան 1500 մասնակիցներ, որոնցից 96-ը` ԱՄՆ-ից, 35-ը` Կանադայից, 25-ը` Իրանից, եւ մինչեւ անգամ Մոզամբիկից, ներկա էին երեկ Երեւանում մեկնարկած Հայաստանում անցկացվող բժշկական համագումարին: Երկրորդ համագումարի առաջին նիստն սկսվեց մամուլի ասուլիսով, որին հաջորդեցին ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի ողջույնի ելույթները:

Հիշեցնենք, որ այս համագումարը ամենաերկարատեւ եւ ավանդականը լինելու հայտ կարող է ներկայացնել, քանի որ նրա առաջին նիստը կայացել է 1970 թվականին Լիբանանում: Բժիշկները հետեւողական են եղել իրենց հանդիպումների պարբերականության հարցում` վկա են այն 12 հանդիպումները, որ կայացել են 5 տարին մեկ: Համաժողովի կազմակերպիչներից Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը համագումարը համեմատում է հանդիպման հետ, որի շնորհիվ «երեխաներ» են ծնվում: Մեր հարցին, թե նախորդ հանդիպումը ծնունդների առումով ինչ հաջողություններ է արձանագրում, Դ. Դումանյանը նշեց, որ յուրաքանչյուր համագումար փորձի, նորությունների փոխանակման, ծանոթությունների եւ հետագա համագործակցության երաշխիք է: «Օրինակ, նախորդ համագումարից հետո, որ տեղի ունեցավ Հայաստանում 4 տարի առաջ, մեր ինստիտուտում ստեղծվեց ամերիկյան ատամնաբուժական կլինիկա: Դա Կալիֆոռնիայի Հայ բժիշկների ասոցիացիայի եւ «Լիմա» ինստիտուտի նվերն էր: Իսկ այս համաժողովից «երեխա» արդեն իսկ ծնվել է, չնայած այսօր առաջին օրն է: Դա օստեոպարոզի սարքն է, որ նվիրվել է Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնին», ասում է Դ. Դումանյանը:

«Մոտ 26 գիտական ուղղություններ ընդգրկված են այս համագումարի աշխատանքների մեջ», ասում է Դերենիկ Դումանյանը: Նա պատմում է նաեւ, որ մասնակցությունից բացի, հազարից ավելի պրակտիկ բժիշկներ եւ գիտնականներ իրենց 500 աշխատությունները հրատարակել են մի գիտական ժողովածուի մեջ: Այդ գիտական հոդվածների լույսընծայումը լուրջ առաջխաղացում է ապահովում տեղական բժշկության մոտեցումների նորացման իմաստով, քանի որ աշխարհում փոխվում է մտայնությունը, թե, ասենք, սրտաբանական խնդիրների համար բժշկական տեսակետից վիրահատական եղանակն է արդյունավետ, թե՞ կոնսերվատիվը: «Այս համագումարի ժամանակ յուրաքանչյուր ոլորտի գիտական խումբ հնարավորություն կունենա առանձնացված ուսումնասիրել այդ ոլորտի խնդիրները, ասում է զրուցակիցս: Շատ հետաքրքրական է նաեւ հյուրերի համար, քանի որ նրանք հնարավորություն ունեն տեղացի գիտնականների աշխատանքներին ծանոթանալու»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4