«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


ԽԱՉԱԳՈՂ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախորդ մասերի տպագրության օրերըՙ մայիսի 4, 11, 18, 25, հունիսի 1, 8, 15, 22

26

Գիշերը հավանաբար էլի խոսակցություն էր եղել: Սաքոն չկար, մյուսներն անտրամադիր էին: Եթե առավոտյան արթնանալիս կատակ չէր հնչում, ուրեմն վիճել են:

- Զզվել եմ էս կյանքից,- պոռթկաց Հրանտը,- չամաչեի, տուն կգնայի:

- Ի՞նչ կա ամաչելու,- զարմանքով արձագանքեց Շուլան:

- Ոնց թե... պիտի ասենՙ խնամու հետ յոլա չգնաց: Ախպորս, հարսիս ի՞նչ ասեմ...

Եվ ինչո՞ւ Սաքոն չէր անհանգստանում, թե ինչ է ասելու քրոջը եւ փեսային: Այդ հարցը Շուլան բարձրաձայն տվեց:

- Էդ մարդու համար բարեկամություն գոյություն չունի, չեմ հավասարվի իրեն:

- Տուն գնացող եղավ, ընկեր եմ,- հայտարարեց Գրիգորը:

- Վերջացրեք,- ջղայնացավ Հրանտը,- վեր կացեք, գնանք ճաշարան:

Ճաշարանում Սաքոն մեզ էր սպասում:

Լիզան ինձ ասաց, որ շուտով մեզ չեն սպասարկի:

- Զզվեցրին,- բորբոքվեց Հրանտը, ջղագրգիռ վիճակում էր,- հիմի ինչ են ասում...

- Բերքահավաք,- բացատրեց Սաքոն,- ամեն տարի մեզ շատ է խանգարել: Ճաշարանըՙ հեչ... Չգիտեն, որ սովխոզի համար տուն ենք սարքում, իրենց բրիգադը ցրվել գնացել է: Տեխնիկան են քշում բերքի տակ, չհաշված, որ խանութում օղի չեն վաճառում:

- Լավ, մենք խմիչքի մեռած չենք,- նեղսրտեց Ռազմիկը:

- Մեռած չենք, բայց ես մի շշով հարց եմ լուծում:

Սաքոյի մահճակալի տակ մի արկղ կար, որը հաճախ էր լրացնում:

Այդ օրը սովխոզի տան հիմքը լցրինք: Բետոնի գործ էր, Սաքոն հարկ չհամարեց օգնել մեզ, յոթ հոգով աշխատում էինք:

Սովխոզի համար տուն կառուցելով արդեն յուրային էինք դարձել, այնուամենայնիվ հաջորդ առավոտյան չհաջողվեց ճաշարանում նախաճաշել, հոսանք չունեին: Ավտոբուսը չկար, մարդիկ ոտքով էին գնում, մենք էլ ճամփա ընկանք դեպի կենտրոն: Սաքոն չեկավ:

Վաղուց բրիգադով չէինք քայլել Կենտրոնական փողոցով: Դավիթն արդեն չէր դժգոհում քայլելուց, լավ նիհարել էր: Ուրիշ բառ էր պետք, որովհետեւ այդ վիճակում էլ նա շատ հեռու էր նիհարությունից:

Թերթերի կրպակը բաց էր: Նույն մայթով էինք գնում: Վերան նոր ստացած թերթերն էր դասավորում:

- Բարի լույս,- ասացի դեմքս պատուհանին մոտեցնելով:

- Բարի լույս,- պատասխանեց,- ի՞նչ եք ուզում:

- Ոչինչ, բարեւելու համար մոտեցա, ինչպե՞ս եք:

- Շնորհակալություն... Ա՜, Դո՞ւք եք,- ճանաչեց,- այս շորերով ուրիշ եք: Իսկ ես Ձեզ համար բան եմ պահել: Շատ կհետաքրքրի բոլորիդ, անպայման:

Նա առանց փնտրելու տակից մի «Պրավդա» հանեց:

- Ի՞նչ պիտի լինի «Պրավդայում»,- զարմացա:

- Երրորդ էջում հայ շինարարների մասին հոդված կա: Բոլորը դրա մասին են խոսում: Երեկ շրջկոմում քննարկում է եղել, քարտուղարը կանչել է հիմնարկների պետերին ու նախագահներին: Սարսափելի պատմություն է, կարդացեք, կիմանաք:

Վերնագիրն ու ենթավերնագիրն իսկույն աչքի ընկան: «Ինչո՞ւ ինքնադատաստան», վերնագիրն էր, մեծ տառերով, եւ ենթավերնագիրըՙ «Շինարարները սպանել են իրենց բրիգադիրին»:

Շնորհակալություն հայտնեցի եւ վազեցի բրիգադի հետեւից: Ճանապարհին կարդացի հոդվածը: Ընկերներս արդեն իմացել էին: Մինչ ես ու Գրիգորը ուտելիքն էինք վերցնում, նրանք խռնված նստած կարդացին, տեղ-տեղ բարձրաձայն:

Արսենի բրիգադը մտավ ճաշարան: Սաքոն վերջերս հազվադեպ էր մեզ հետ ճաշարան գալիս, այն էլ ոչ բանվորական շորերով: Արսենը միշտ բրիգադի հետ էր, եւ նկատելի էր, որ հենց աշխատանքից է գալիս: Ջահելներին հոդվածը չհետաքրքրեց, կպան ճաշարանի աղջիկներին, մեծերը միացան մեզ ու Հրանտի գլխի վրայով կարդում էին.

- Ես գիտեմ դրա մասին,- ասաց Արսենը,- երեկ շրջկոմում նիստ է եղել, խառնվել են իրար: Սաքոն չի՞ ասել,- զարմացավ նա,- իրար հետ էինք, որ իմացանք...

- Սովետով մեկ հայերին խայտառակեցին,- ասաց Աշոտը:

Շատ ծանոթ պատմություն. Նովոսիբիրսկի մարզի գյուղերից մեկում բրիգադիր, հիմնարկի պետ, հաշվապահ եռյակը գումարներ է յուրացրել: Բրիգադում մշտական վիճաբանություն է եղել: Մեկը կապ է ունեցել գանձապահուհու հետ, նրանից էլ բացվել է պատմությունը: Հոդվածագիրը լավատեղյակ էր, գրում էր, որ արտագնա աշխատանքի մեկնողները շատ են աշխատում եւ լավ, անտեղի է տեղացիների նախանձը, որ նրանք այդքան մեծ գումարներ են վաստակում: Գիտեր, որ շատերին են հայի տեղ դնում, եւ կան նույնիսկ որպես հայ ներկայացող այլազգիներ, որ դրանք վարկաբեկում են հայերին: Տհաճ շեշտադրումներ էլ կային. սովորաբար հիմնարկների պետերը չեն համարձակվում տեղացիների հետ գործարքի մեջ մտնել, բայց եկվորների հետ անում են, նույնիսկ իբր սրանք են սովորեցնում: Գլխավոր հարցադրումը վերնագիրն էր արտահայտումՙ «Ինչո՞ւ ինքնադատաստան»: Այսինքնՙ ինչո՞ւ չեն գործել տեղի կուսակցական եւ այլ ղեկավար մարմինները: Ոչ մի խոսք չկար, թե ինչու են անդրկովկասցիները, հատկապես հայերը այդպես զանգվածաբար հեռանում տներից փող վաստակելու համար: Թերեւս դա ուրիշ հոդվածի նյութ էր, ինչպես սիրում են նշել լրագրողները:

Երեկոյան ուշադիր եւ մանրամասն կարդալու էի նորից: Նման հոդված «Պրավդայում»ՙ դատավճիռ էր նշանակում:

- Սովետում ամեն տեղ հայ կա,- ասաց Հրանտը,- սրանք որ նիստ են արել, քննարկել, ամեն տեղ արած կլինեն... Խփեցին խոպանի գործին, մեզ էլ փող չեն տա, կկտրեն մեր փողը...

Սպասում էինք Սաքոյի արձագանքին: Ամբողջ օրը չտեսանք նրան, իսկ մեր ուշքումիտքը այդ հոդվածն էր, դրա մասին էինք խոսում:

Երեկոյան Սաքոն իր խոսքն ասաց, որը սկզբից զարմանալի թվաց:

- Բա դա մարդ է,- հայտարարեց նա,- ես դրա ծնողը... Ասա, բոզի վաստակ, ինչի՞ էիր ընկերներիդ քրտինքն ուտում, որ տվին գլուխդ ճղեցին: Շնորհք ունե՞ս, գրի, կեր, ուրիշներին էլ հետդ լիացրու: Հորս գերեզմանով եմ երդվում, տղերք ջան: Բերեմ, բոլոր գործերի պայմանագրերը ցույց տամ: Թե մի հատիկ գործ գտաք, որ դուք արել եք ու փողը չեք ստացել, թքեք երեսիս... Լա՛վ են արել, որ սպանել են...

Միայն անկեղծ մարդը կարող էր այդպես խոսել... կամ շատ խորամանկը եւ սրբություն չունեցողը:

- Ամոթ չէ՞, Սաքո ջան,- Փայլակը խոսեց,- եղա՞վ, ախպեր ջան, ուրեմն քեզ կասկածող կա՞...

Հրանտն ու Շուլան չէին հավատում այդ պոռթկմանը, դեմքերից էր երեւում, բայց մարդը ծնողի գերեզմանով էր երդվել, սուրբ երդում հայերի համար, կարկամած մնացին:

Պարզվեց, Գրիգորը կուլ չէր գնացել Սաքոյի լեզվին: Երեւի որպես բարեկամ լավ էր ճանաչում նրան:

- Երկու օր մտածել էր, որ ճառ ասի՞,- ասաց նա Սաքոյի գնալուց հետո:

Սաքոն արդեն հաճախ էր բացակայում գիշերները: Հիշում էի նրա հայտարարությունները եւ զգուշացումները, որ մենք եկել ենք աշխատելու...

Ինչեւէ, Սաքոն այդ օրը վերջ տվեց խոսակցություններին: Կասկածները չփարատվեցին, բայց վիճաբանությունները դադարեցին: «Պրավդայի» հոդվածը փաստորեն հօգուտ նրա գործեց:

Սակայն ընդամենը մեկ օր անց Հրանտը հայտարարեց, որ տուն է գնում: Գրիգորը խոսքի տերն էր, անմիջապես ձայնակցեց: Անակնկալը դեռ առջեւում էր:

- Ես էլ,- հավելեց Շուլան:

- Մեջքս դանա՞կ եք խրում,- Սաքոն սկսել էր պատկերավոր խոսել:

Անսպասելի էր Հրանտի եւ Շուլայի որոշումը եւ անհասկանալի: Գրիգորը չէր կարող այլեւս աշխատել, պարզապես պահում էինք նրան: Ինչքան էլ աշխատանքը թեթեւացել էր, հունիսյան կատաղի արագությունից նա ուժասպառ եղավ: Հրանտը եւ Շուլան թրծված խոպանիստներ էին, ուժեղ տղամարդիկ: Գործի դժվարն անցել էր, հունիսի եւ նույնիսկ հուլիսի համեմատությամբ օգոստոսը մեզ համար խաղուպար էր: Բացի դրանից, բրիգադի խոսակցություններից, ինքս էլ սկզբում լսել էի, հաստատվում էր, որ դեռ ձմռանը բրիգադի անդամներին Սաքոն խոստացել էր ամսական հազար ռուբլի ապահովել, ինչը, աշխատած օրերի հաշվով, գրեթե կատարել էր եւ հաճախ էր հուսադրում, որ վերջում լավ կլինի: Թերեւս այդ մարդիկ իրավացի էին ավելին պահանջելով: Վերջ ի վերջո նրանք պահանջում էին իրենց աշխատածը: Չափազանց դժվար էր աշխատել առավոտյան վեցից մինչեւ գիշերվա տասը, տասնմեկը, այդպիսի գերծանրաբեռնվածությամբ: Իրոք, զզվել էին նրանք, աշխատանքի այս հեշտ պահին արդեն չէին դիմանում: Եվ զզվել էին ոչ այնքան աշխատանքից, որքան այս կյանքից: Նրանց կյանքը հենց տաժանակիր աշխատանքն էր միայն: Ես չէի՞ զզվի, եթե Ինան չլիներ: Արթնանալ, աշխատել, քնել, ինչպես հունիսին, կեղտոտ, հոգնած...

- Վերջը, մի խոսիր,- հանգիստ ասաց Հրանտը, բայց գիտեինք, ամեն վայրկյան կարող էր պոռթկալ,- դու քո ճամփով, մենքՙ մեր:

- Բա ես ձեր հաշիվը ո՞նց փակեմ, բոլոր գործերը կիսատ են, ո՞նց հաշվեմ:

- Ոնց ուզում ես: Նստեք, բրիգադով որոշեք: Բրիգադը ոնց որոշեց, ես համաձայն եմ, օրականով է, գործով է...

- Արի քարը գոգիցդ թափի, մնա, աշխատենք, վերջում իրար հետ գնանք տուն, խնամի...

Այ դա Սաքոն չպիտի ասեր:

- Տո նոր հիշեցի՞ր, խոտակեր,- Հրանտի ամեն երկրորդ խոսքը բղավոց էր, բայց այդպիսի գոռոց չէինք լսել,- ինձ չհարգեցիր, քրոջդ էլ չհարգեցի՞ր... տո դու մա՞րդ ես, որ քուր ու բարեկամություն իմանաս...

Հրանտը փրփրել էր, լրիվ կորցրել էր ինքնատիրապետումը, եթե Շուլան չբռներ նրան, կնետվեր Սաքոյի վրա: Իսկ Սաքոն սփրթնած, բռունցքները սեղմած քարացել էր անորոշության մեջՙ խփի՞, թե՞ ոչ...

- Սաքո, գնա,- ասաց Ռազմիկը:

Սաքոն ակամա ենթարկվեց, դռան մոտ մի պահ կանգնեց, նորից տատանվելով, բայց արագ դուրս եկավ:

Հրանտը չէր հանդարտվում, դողացնում էր:

- Այ Ճղճղ,- ասաց Շուլան իր ամենախորամանկ տեսքն ընդունելով,- գործն ինչի՞ փչացրիր... Կիրակի պիտի սեղան բացեինք, տղեքին հրաժեշտ տայինք, էդ իշու գլուխն էլ ջարդեի...

- Բա ինչի՞ բռնեցիր, պակա՞ս ջարդող էի...

- Քեզ չի հասնում, դու խնամի ես:

- Ինձ էլ չի հասնո՞ւմ,- բորբոքվեց Գրիգորը:

- Լավ, վերջացրեք,- հանգստացավ Հրանտը,- չի հասնում, հա, ոչ մեկիս չի հասնում: Չենք ծեծի, վերջ, առավոտ շուտ գնում ենք... Դուք մնացեք, մենակ ես եմ գնում: Ես դրա երեսը տեսա, չեմ զսպի ինձ, վերջ, բարեկամություն չմնաց...

- Բա դո՞ւ ոնց խոպան եկար,- Հրանտին ընդհատելով հարցրեց Շուլան Գրիգորին,- հորեղբորդ տղեն ո՞նց ֆռռացրեց քեզ...

- Հա, էլ մի ասա,- մեղավոր ժպտաց Գրիգորը,- ասացՙ ցեխ կտաս վարպետին, մի քանի քար, մի հատ կծխես, մինչեւ վերջացնի դրանք:

- Էդքան բան, հա՞, Գիքոր ջան,- քրքջաց Շուլան:

- Հա: Ես էլ ասի, ի՞նչ կա, որ դժվար լինի: Ես ի՞նչ իմանայի, թե արեւը չծագած պիտի թռնենք, վազելով լվացվենք ու վազենք աշխատելու... Մարդ չէր կարող զուգարանում մի քիչ մնալ...

Այնպես քրքջացինք, որ Դավթի կողքին նստած Գիքորը շպրտվեց նստարանի ծայրը:

- Կամաց, այ տղա,- գոռաց նա Դավթի վրա,- ի՞նչ ես դռդռացնում: Հը, վերջը չպիտի ասե՞ս քանի կիլո ես:

Դա մեր չլուծված հարցերից էր, ինչպես եւ Շուլայի իսկական անունը: Քանի անգամ փորփրել էինք, մոտավոր ինչ-որ բան էր ասում: Ակնհայտորեն իջել էր, ասենք, Գրիգորի քաշի կեսի չափով, սակայն դեռ հսկայական պաշար ուներ:

- Հը,- խոթեց Փայլակը,- դե ասա:

- Ի՞նչ եք ձեռ առնում: Դավի՞թ է մնացել,- նա վեր կացավ, արձակեց գոտին եւ տաբատի գոտկամասն առաջ քաշեց: Ազատված տեղից Գիքորը հանգիստ կմտներ:

- Արա, շալվարդ մի ավտո ավազ կտանի,- բղավեց Հրանտը:

- Ցեխ,- կանչեց Ռազմիկը:

Դավթին ջղայնացնելու համար ուրիշ բան հարկավոր չէր:

- Ցե՜խ,- ոգեւորվեց Փայլակը, կարծես ինքը մեզ նման ցեխ կրող չէր:

- Ցեխ-ցե՜խ,- ձենձնած կանչեցինք բոլորս:

Դավիթն այս անգամ ծիծաղելով պատասխանեց:

27

Լույսը չփոխեց նրանց միտքը: Հույս էլ չունեինք: Սպասում էինք Տոլիկի զարմանքին, հայհոյանքը չհապաղեց:

- Ես ձեր մե՜րը,- ճամպրուկներն ու պայուսակները տեսնելով բացականչեց նա,- բոլո՞րդ եք գնում:

Բաժանվեցինք գրկախառնվելով:

- Իրար կպահեք,- պատվիրեց Շուլան,- չորսով իրար կբռնեք:

Հրանտն ու Շուլան մտան խցիկը, փոքրակազմ Գրիգորը թափքում թաքնվեց, ճամպրուկների միջեւ:

Այդպես կատաղի արագությամբ օգոստոսյան հուսալքությունը մաշեց բրիգադը: Մնացինք չորսը, Սաքոյին չհաշված:

- Ի՞նչ անենք,- շվարած հարցրեց Փայլակը:

- Գնանք ճաշարան,- առաջ ընկավ Դավիթը,- ուտենք, կերեւա:

Սաքոն ճաշարանի դռանը կանգնած էր:

- Գնացի՞ն,- հուսախաբ եղավ այդքանիս տեսնելով:

- Հա,- պատասխանեց Ռազմիկը,- չհամոզվեցին,- ապա ավելացրեց,- դու ճիշտ արեցիր, ապրես:

- Է՜,- ձեռքը թափ տվեց Սաքոն,- եղածը եղած է: Իմ խնամին ու ազգականս հետս մնացողներն են:

Սովխոզի տան շարքը սկսեցինք: Հիմքը եւ ցոկոլը լցրել էինք: Երեք հոգով մի վարպետի էինք սպասարկում, խեղճ Գրիգորը չտեսավ նման բան: Ռազմիկը ծխելով անկյունները կապեց, լարը գցեց եւ հուսահատ ասաց.

- Բերեք, բերեք տեսնեմ ինչ եմ անում...

Առատորեն ապահովում էինք նրան ու նստում ստվերում: Դավիթը պատմում էր վարորդական կյանքից, հեռավոր երթերից, կովկասյան ճանապարհներից...

Ռազմիկը ցեխ ուզեց, Դավիթը փնչացնելով տարավ երկու դույլ:

- Երկու հատ մի բեր,- նեղսրտեց Ռազմիկը,- նստում է տակը:

Պարապ չնստելու համար գնացի աղյուս մոտեցնելու: Դավիթը դատարկ դույլը շպրտեց ավազի վրա եւ մի գիրկ աղյուս լցրեց Ռազմիկի մոտ:

- Կամա՜ց,- բղավեց Ռազմիկը կրունկը բռնելով:

- Մի ճղի քեզ,- ծիծաղեց Դավիթը,- ճղողները գնացին, դո՞ւ ես սկսում:

- Ճամփին են, հա,- ակամա նախանձով ասաց Ռազմիկը,- բա մենք երբ ենք գնալու...

- Ո՜ւխ,- հառաչեց Դավիթը:

- Ամենալավը գիտե՞ս երբ է,- շարունակեց գրգռել Ռազմիկը,- ինքնաթիռից իջնում ես, Փարաքարի քամին խփում է երեսիդ...

- Բայց ե՞րբ,- բղավեց Դավիթը:

- Ալթայում հոկտեմբերի կեսից աշխատել չի լինում: Որ մինչեւ հոկտեմբեր հասնենք, լավ է...

- Ուրեմն ամենաշատը մինչեւ հոկտեմբերի կե՞սը, երկու ամի՞ս...

- Հա...

- Տո շարի է,- բղավեց Փայլակը,- գործ չարինք...

-Մենակ ինչքա՞ն շարեմ, որ հինգ հոգու փող հանեմ,- ջղայնացավ Ռազմիկը:

Փայլակը հանկարծ դարձավ ինձ,- գնա դու էլ շարի:

- Ե՞ս,- ապշեցի:

- Հա, համալսարան ես ավարտել, բա ինչի՞ համար ես ավարտել, գնա շարի:

- Արի, Արամ,- համաձայնություն տվեց Ռազմիկը,- մենակ գործ չի լինի, մի բան պիտի անենք...

Նա իր սկսած պատը տվեց ինձ, լարը երեք շարքի համար էր գցել, իջեցրեց մեկ շարքի:

- Հանգիստ կշարես, ուշադիր, որ ուղիղ լինի, թե չէ ոնց սովորեցիր, կգնա: Սաքոն մինչեւ հիմա ուղիղ շարել չգիտի, որովհետեւ հենց սկզբից հուպ է տվել: Մնացածը գիտես...

Գիտեի, տեսել էի եւ ուսումնասիրել նույնիսկ, թե ինչպես են շարում կամ սվաղում: Դժվար չէր թվում, բայց, ինչպես ասում են, միայն անելով են սովորում:

Լավ գիտեի, թե սկզբից ինչ եմ անելու: Մալայով պատին թխկթխկացնելով, ինչպես անում էին մեր վարպետները, բղավեցիՙ ցե՜խ:

- Բերեմ, բերեմ,- վեր թռավ Փայլակը:

Խառնեցի դույլի ցեխն ու թոնթորացի Վարդանի պես,- էս ինչ ցեխ ես բերել, կարգին ցեխ բեր:

Փայլակը վրնջաց ծիծաղից:

- Դու շարի, կբերեմ, ինչ ուզում եսՙ կբերեմ...

Երկու շարքից հետո Ռազմիկը եկավ ստուգելու:

- Չեղավ, Արամ,- գլուխն օրորեց,- հետեւը շատ ես ուռեցրել...

- Շատ լավ է,- բղավեց Փայլակը,- հետեւ է, պիտի ուռի, բա ոնց... չհավանողը բոզի տղա է, հուպ տու:

Փայլակը չէր հասկանում, որ այդ պահին չհավանողը Ռազմիկն էր:

- Հուպ տալով չէ,- հանդիմանեց Ռազմիկը,- սվաղը շատ ցեխ կուտի:

- Թող ուտի, ցեխ տվողը ես եմ...

- Չշարե՞մ,- հարցրեցի Ռազմիկին:

- Շարի, ուզած-չուզած պիտի սովորես:

Դա իմ առաջին դասն էր, ես հասկացա, որ պատը երկու կողմ ունի:

Ռազմիկը կանչեց իր մոտ: Նա դույլը դատարկում էր պատի վրա, հարթում, դրսի կողմը շարելով առաջանում: Ես ներսի կողմն էի շարում, դա կոչվում էր պատը լցնել: Վաթսուն սանտիմետր լայնությամբ խուլ շարք էր, խարամ չէինք լցնելու: Որպես բանվոր գիտեի, թե ինչքան աղյուս ու ցեխ է խլում այդպիսի պատը:

- Պատը չլայնացնես,- զգուշացրեց Ռազմիկը,- իրար կպած դիր:

Արագությամբ կհասցնեի, չէի կասկածում, շարածն էլ կարծես ոչինչ:

- Լավ է,- գոհ ասաց հոգնած Փայլակը:

Սաքոյի բացակայությամբ իրեն բրիգադիրի պես էր պահում:

Երեկոյան տուն գնացի ծռված մեջքով: Մինչ այդ համոզված էի, որ աշխատանքի ծանրությունը հիմնականում բանվորն է քաշում, սակայն շարքն ավելի դժվար էր ինձ համար: Բանվորությանը վարժվել էի, ծանր էր իսկապես, բայց վարպետին ապահովելուց հետո մի երկու րոպե ազատ էի մնում: Շարքն անընդհատ շարժում էր պահանջում, կռանալ բարձրանալ օրական քանի հազար անգամ: Անվարժությունից էր իհարկե:

Ինչեւէ, նոր զբաղմունք էի գտել ու տարվել դրանով: Հաճելի էր չմտահոգվել, որ ցեխը վերջանալուն պես նոր կալը պիտի պատրաստ լինի, աղյուս է հարկավոր մոտեցնել, Ռազմիկի կարգադրությունները վերաբերում են Փայլակին ու Դավթին:

Սաքոն չէր աշխատում: Կես ժամ կամ մի դժվար պահի միանում էր մեզ, մնացած ժամանակ չէինք տեսնում: Նույնիսկ ճաշարան չէր գալիս մեզ հետ: Ստամոքսի ցավերից շատ էր գանգատվում, սկսել էր հատուկ դիետայով սնվել: Փաստորեն, եթե ես չշարեի, ստիպված պիտի աշխատեր: Իսկ նա, գոնե իր ներկայացնելով, անընդհատ ինչ-որ բան ճարելու, գործ դասավորելու մեջ էր:

28

Չուլկինը որոշել էր շինարարի օրը ամբողջ հիմնարկով նշել գետափին, բայց ոչ գյուղամերձ տարածքումՙ զգուշանալով անկոչ հյուրերից: Վաղ առավոտյան գյուղտեխնիկայի երկու ավտոբուսը, «Վիլիսները», բեռնատարները աշխատակիցներին եւ հրավիրյալներին տարան գյուղից հեռու մի տեղ: Նեմիսն այստեղ ավելի լայն էր եւ հզոր:

Հաճելի օր էր սպասվում, Սաքոն այդ հաճույքից նաեւ օգուտ էր քաղում: Խորոված էինք անելու: Միսը Չուլկինն էր տվել: «Մի բան իրեն կտանք,- ասաց Սաքոն ինքնավստահ,- մնացածըՙ մեզ»:

Տեղն ընտրեցին, պատրաստեցին ամեն ինչ, որ օրվա թեժանալու հետ անցնեն վաճառքի: Բայց արդեն գնորդներ կային: Մոտակայքում օղու արկղեր բարձած մի բեռնատար էր կանգնած: Ահա թե ինչու էր Չուլկինը գյուղից փախչում: Օղին ձրի էր, գարեջրի տակառները չհաշված, եւ պարզ է, թե ինչ կկատարվեր Դիվինոյում այս զուլալ մանանայի հարեւանությունից:

Խմողները, բնականաբար, ինչ-որ բան պիտի ուտեին, շատերը եկել էին առանց նախաճաշելու, բազմաթիվ երեխաներ կային, որոնց ձգում էր «հայկական շաշլիկը»: Եվ պահանջեցին սկսել... Մեր սովորական խորովածը չէին անում, կարճ շշերի վրա չորս-հինգ փոքր կտոր միս ընդամենը: Սաքոն պատվիրեց մի քանի շիշ կարգին խորոված նկատի ունենալ ղեկավարության համար:

- Սա ի՞նչ բան է,- բողոքեց մի ծերուկ,- խմիչքըՙ ձրի, խորովածըՙ փողո՞վ...

- Որովհետեւ խորովածը շքեղություն է, իսկ շքեղության համար պետք է վճարել,- պատասխանեց Սաքոն եւ մինչ ծերուկը կհասցներ առարկել, ավելացրեց,- քո մերը...

Սա արդեն բոլոր հարցերը կարգավորեց, կարծես սկսում էի հասկանալ հայհոյաբանության ազգային խորհուրդը:

Ուտելուց հետո գնացի լողանալու: Տեղն անծանոթ էր, ջուրըՙ այստեղ ավելի սրընթաց: Բավականաչափ խորացա: Գետն անցնելու միտք չունեի, բայց տեսնելով, որ գրեթե մեջտեղ եմ հասել, շարունակեցի: Երբ դիմացի ափը դուրս եկա, մկաններս փքված էին, լարված: Ուրեմն ճիշտ չէի լողացել: Ավելի շատ սովորական թեւալողով էի եկել, նույնիսկ սիրալողն էի մոռացել:

Ինչեւէ, առանց Ինայի Նեմիսը կտրել-անցել էի, այն էլ թեքությամբ, գետի ընթացքը հաշվի չէի առել:

Պառկելու հարմար տեղեր կային, բայց երկար չմնացի, այստեղից բլրաշար էր սկսվում, քարափներ էին երեւում, շատ նման մեր գյուղի քարափներին: Դրանք ուղղակի կախվել էին գետի վրա: Վերեւից մտա գետը: Հանգիստ էի լողում, համարյա հանձնված հոսանքին, ենթադրելով, որ այդպես հենց մերոնց մոտ դուրս կգամ:

Նրանք ինձ նախատինքով դիմավորեցին:

- Խա՞ղ ես անում,- գոռգոռաց Փայլակը, Հրանտից ոչ միայն ուրագն էր ժառանգություն ստացել, այլեւ նախատելու սովորությունը,- էդ ինչի՞ ոչ մեկը չանցավ, դու քշիր գնացիր, քե՞զ էիր ցույց տալիս:

Գլուխ չդրեցի նրա հետ, Նինային ու ծնողներին էի տեսել, հույս ունեի առանձին հանդիպել եւ Ինայի մասին հարցնել:

Գետափին ինչ-որ քաոսային դրություն էր ստեղծվել: Մարդիկ այնքան շատ էին, որ պարզապես հնարավոր չէր մի տեղ հավաքվել: Նստած էին խմբերով, խաղում էին, լողանում, խմում... Եվ այդ մասնատվածության պատճառն օղու ավտոն էր: Հենց սկզբից դա գրավեց մարդկանց ուշադրությունը: Բոլորն ուրախ էին երեւում:

Ջրոցի սկսվեց: Մի երեխա ջրեց մյուսին, պատասխան ստացավ, ընկերները ներքաշվեցին, պատահաբար թե դիտավորյալ մի քանի մեծահասակի վրա ջուր լցրեցին, եւ արագորեն տարածվեց վարակը ճամբարով մեկ: Մի քանի րոպեից բոլորն իրար հետապնդում էին, կչկչում, ջրում, կարծես գետի ջուրը քիչ էր:

Աչքիս առաջ հինգ տղաներ մի աղջկա դաժանորեն ջրեցին: Թրջված շրջազգեստի մեջ աղջկա մարմինը խիստ ձգող օբյեկտ էր դարձելՙ բթացնելով զգոնությունս: Նա շուրթերը ծռմռելով անցավ կողքովս, այսինքն թե սա ինչու է աչքերը չռել, եւ անմիջապես զգացի ջրի շփումը վզիս: Այնպես արագ շրջվեցի, որ նա կիսատ դույլը գցելով փախավ: Ճանկեցի դույլն ու հետապնդեցի նրան: Միայն վերնաշապիկս էի հագել, որը ծածկում էր լողազգեստս, բոբիկ էի, բայց ես բոբիկ աղյուսների փշրանքների մեջ էի աշխատում, իսկ այստեղ փափուկ հող էր ու կանաչ: Հեշտությամբ կհասնեի նրան, ձգում էի, որ ավելի հեռանանք, գուցե մտքով անցներ անտառի մեջ խորանալ... Կորցրի նրան աչքից եւ մտածելով, որ պահը հասավ, նետվեցի առաջ... Նինան դեմս ելավ:

- Չջրեք ինձ,- ձեռքերը մեկնելով աղաչեց նա:

Գայթակղությունը շատ մեծ էր, բայց կարողացա զսպել:

- Եթե ես չջրեմ, ուրիշները կջրեն:

- Ուզում եք ասել, որ ավելի լավ է Դո՞ւք ջրեք,- ծիծաղեց Նինան եւ նորից շարժումս տեսնելով, ձեռքերը պահեց դեմը:

Դույլը գցեցի եւ մոտեցա, որ հարցնեմ Ինայի մասին:

Մի խումբ անցավ իրար հետապնդելով, մեկը ձեռի հետ իր դույլի ջուրը շպրտեց մեզ վրա, հասցրեցի Նինային պատսպարել ակամա ուսերը գրկելով:

- Շնորհակալություն,- ասաց նա:

Ես դեսուդեն չընկա, նա ամեն ինչ գիտեր:

- Ինան ե՞րբ է գալու,- հարցրեցի:

- Չգիտեմ,- պատասխանեց նա,- համենայն դեպս, սեպտեմբերին դասերը սկսվում են...

Սեպտեմբերի՞ն... այդքան ո՞ւշ...

- Ի՞նչ դասեր,- զարմանքս չկարողացա թաքցնել:

- Դպրոցի,- Նինան նույնպես զարմացավ,- նա ռուսերեն է դասավանդելու մեր դպրոցում:

Ինանՙ ուսուցչուհի՞, անսպասելի՜ էր: Անցյալ տարի բանասիրական ֆակուլտետն էր ավարտել, բայց ուսուցչությունն ամենեւին մտքովս չէր անցել: Անհարիր էր պարզապես այդ աշխատանքը նրան, հակառակըՙ ինքն էր անհարիր աշխատանքին:

Մի հարց էլ էր հետաքրքրումՙ եղե՞լ էր նա գետափին... Չտվեցի, պարզ էր, ես տեսել էի նրա աչքերը, զարմանալի մեծ, երկարուկ, կապույտ:

- Ինչո՞ւ եք այդպես նայում,- հարցրեց Նինան:

Երբ Ինան ինձ հարց էր տալիս, իսկույն հայտնում էի մտածածս: Քույրն էլ էր մոգական ազդեցություն թողնում:

- Անսովոր մեծ եւ կապույտ աչքեր ունեք:

- Այո, ինձ ասել են, փոքր ժամանակ էին ասում, հետո ասող չէր լինում:

- Ուրեմն ինձնից առաջ ասող չի՞ եղել:

Ժամանակն էր, որ շնորհակալություն եւ ցտեսություն ասեի, բայց խաղից չեմ կարողանում հրաժարվել:

- Ինչքան հիշում եմ, վաղուց չի եղել,- ծիծաղեց:

Բարեբախտաբար ընկերուհիները գտան նրան, արդեն չգիտեի, թե ուր կհասցնի ինձ խոսքախաղը:

Այն աղջկան չփնտրեցի: Հետո տեսա նրան: Շուրթերը ծռմռելով անցավ կողքովս, այսինքն թե սա ինչու չեկավ հետեւիցս: Ձեռքին դույլ չկար, թողեցի, որ հանգիստ անցնի:

Խաղացին, ջրվեցին, լողացան, կերան, սկսվեց տոնի հիմնական մասը: Ավտոմեքենան դատարկվել էր, վերջին շշերը տեղափոխվել էին սուփրաների վրա: Շատերը նաեւ իրենցն ունեին, այնպես որ վերջը չէր երեւում:

Խորովածի վաճառքն ավարտվել էր, բրիգադը սեղան էր բացել: Սաքոն չկար: Մյուսները բոլորել էին մեր խոհանոցի սփռոցը, որ փռել էին գետնին: Խորոված էին պահել ինձ համար, ոչ «հայկական շաշլիկ», իսկական խորոված:

Քիչ կերա: Գետափին շոգն ավելի անտանելի է, եթե չես լողանում: Լողանալ չէի ուզում, խմել չէի ուզում, մոծակները նեղում էին: Ասացի, որ գնում եմ, եւ գնացի: Դրան հասել էի, ընկերներս վարժվել էին իմ հանկարծակի հեռացումներին:

Ճանապարհը ոտքով գրեթե մի ժամ կտեւեր, եթե հանգիստ քայլեի: Այդ շոգին ճամփա գնալու համար շատ էր, վերլուծության համարՙ քիչ:

Դիվինոն եւ նրա շրջակայքը դատարկ էին առանց Ինայի, նույնիսկ քույրը չլցրեց այդ դատարկությունը:

Նինան եւ ծնողները տոնախմբության տեղում էին, իսկ ես գյուղ հասնելով գնացի նրանց փողոցըՙ անհեթեթ հույսով... Միայն շանը տեսա, փռվել էր աստիճանների մոտ:

Գյուղտեխնիկա գնալն անիմաստ էր, ի՞նչ էի անելու այնտեղ: Կարելի էր իջնել կենտրոն, ճաշարան, ուտելը լավ զբաղմունք է: Իսկ երեկոյան կմտնեի այգի: Քանի օր չէի եղել այնտեղ: Ինայի բացակայությունը եւ բուռն իրադարձությունները ինձ նորից միացրել էին բրիգադին:

Արդեն երկու շաբաթվա մազ կար երեսիս, կարող էի չվախենալ չսափրված երեւալուց, պարզ էր, որ մորուք եմ թողնում: Չսափրվելս բրիգադում հետաքրքրություն էր առաջացրել:

- Քեզ ի՞նչ է եղել, Արամ,- մի անգամ հարցրեց Փայլակը,- առաջ ամեն օր երեսդ տաշում էիր:

Իրենք սովորաբար, բացի Սաքոյից, որն օրումեջ սափրվում էր, շաբաթը մեկ էին մաքրում երեսները, իսկ եթե հանկարծ չստացվեր, կմնար մյուս կիրակի:

- Համ էլ շուտ է տուն գալիս,- ասաց Դավիթը,- երեւի պատվերը շուտ են միացնում:

- Բա ոնց,- պատասխանեցի,- շոգից գծերը բացվել են:

Ուշանալու պատճառ չունեի: Կինո էի մտնում, շուտով դուրս գալիս, այգում երեւում, մնում էի այնքան, որ համոզվեիՙ Ինան չկա եւ չի գալու, գետափով վերադառնում էի:

Նույնը եւ այդ երեկոյան, կեսգիշերից շուտ հասա տուն: Բաժանել էին խորովածի եկամուտը, յուրաքանչյուրիս յոթանասուն ռուբլի: Եվ ինձ տվեցին, որ ընդհանրապես չէի մասնակցել խորովածաշինությանը:

29

Օգոստոսը, իմ սիրած ամիսը, դառնում էր տանջանքի ամիս: Հոգեմաշ կարոտը բռնել էր ինձ ու չթողեց այլեւս...

Նինայի ասելովՙ Ինան պիտի մինչեւ սեպտեմբեր գար անպայման, բայց դա չէր նշանակում, որ գալու է օգոստոսի երեսունմեկին... Ե՞րբ էր գալու, ինչո՞ւ էր գնացել, ինչո՞ւ այդպես հանկարծակի եւ այդքան երկար... Հարցեր, որ չէի տվել Նինային: Մնում էր սպասել:

Օգոստոսը ոչ միայն տանջանքի, այլեւ ակնկալիքի ամիս էր: Ծննդյանս օրն էր մոտենում, քսանհինգը: Քսանութին ծնվել էր Կորյունը: Հարազատներս սիրում էին մեզ անակնկալ նվերներ մատուցել, հատկապես մեծ քույրերս: Ծննդյան նվերներից բացի այդ օրերին նաեւ նոր ուսումնական տարվա գնումներն էին սկսվում, կոշիկ, հագուստ, պայուսակ, դասագրքեր եւ այլն: Իրոք հաճելի սպասումների ժամանակ էր: Հետո էլ, զարմանալիորեն, օգոստոսին միշտ լավ բաներ էին կատարվում ինձ հետ: Իսկ սա ամենալավ օգոստոսն էր: Տանջվում էի, բայց գալու էր ուշ թե շուտ, այդ ժամանակ նրա հետ կխոսեմ:

Այդ օրերին արտաքինիս մեկ ուրիշ փոփոխություն նկատեցի: Ալթայի ամառային արեւը վառել էր մազերս, գլխիս շիկավուն շերտ հայտնաբերեցի, հայկական սեւ մազերիս մեջ: Եթե մի քանի ամառ անցկացնեի Դիվինոյում, երեւի մազերս Ինայի մազերի գույնին դառնային:

Աշխատանքային կատաղի հունիսից ու շոգ, սիրային հուլիսից հետո կարծես թե այլեւս նիհարելու տեղ չունեի, բայց շարունակում էի կիլոգրամներ թոթափել: Աշխատանքի դժվարություն բացարձակապես չէի զգում, ուրեմն կարոտից էի նիհարում: Անընդհատ աչքերիս առաջ էր եւ ձեռքերիս մեջ: Ամենուր եւ միշտ, աշխատանքի ժամանակ, թափառելիս, գիշերները, քնած ժամանակ նույնպես: Նա ինձ մոլագար էր անվանել, սեռական մոլագար, հիվանդ... Գուցե ճիշտ էր: Այդ «մոլագարի» բացատրությունն էլ պիտի ստանայի: Ես լսել էի եւ տեսնում էի, թե ինչպես են ապրում երիտասարդները, եւ ոչ միայն նրանք: Նույն Ալինան, եթե մենակ մնայինք, պարզապես կբռնաբարեր ինձ: Կամ հենց ինքըՙ ով գիտի, թե ինչ կյանքով է ապրել... Ասում էին, որ տասնչորս տարեկանից հետո անպատվաբեր է աղջկա կուսությունը... Չափազանցրած էր գուցե, լավ, թող լինի տասնվեց... Եվ նրանց արածը համարվում էր նորմալ ու բնական, իսկ ինձ անվանում էր սեռական մոլագար: Որովհետեւ շատ բուռն էի սիրում նրան, երեւի, ուրիշ ինչի՞ համար...

Սիրազուրկ օրերին աշխատանքի մեջ էի առաջադիմում, պարզ է, ոչ այնպես արագ, ինչպես սիրո մեջ: Համենայն դեպս Փայլակի սպասումն արդարացրել էի:

Սաքոն Չուլկինի հետ գնաց Բառնաուլ, գարաժ-արհեստանոցի ճակատագիրը վերջնականապես պարզելուՙ ծածկելո՞ւ ենք այս տարի: Անհույս էր, բայց գնում էին, որ գոնե փող պոկեն, ասաց: Անտառայինում չէինք աշխատում, քսանութ համարի ծածկի պանելները չունեինք դեռ, հետո սվաղելու էինք: Սովխոզի տունն էինք շարում: Ռազմիկի չափ չէի կարողանում շարել, բայց Վարդանից շատ գործ էի անում: Անընդհատ աղյուս վերցնելուց մատներիս մաշկը մաշվել էր, իսկ աջ ձեռքիս ցուցամատին, մալայով գործ անելուց, երկար վերք էր առաջացել: Դրանց ուշադրություն չէի դարձնում, աչքերս էին ցավում, միշտ տրորում էի: Մի օր էլ թեւերիս կարմիր ցան նկատեցի: Երեկոյան հանվելիս սարսափով տեսա, որ ոտքերիս ու փորիս վրա կա նույն ցանը: Ինչքան գիտեի, կարմրուկ չէի հանել, իսկ կարմրուկ կնշանակեր սեզոնի վերջ: Մայրս ասում էր, որ կարմրուկով հիվանդը քառասուն օր չպիտի դուրս գա տնից: Սաստիկ քորը հանգիստ չէր տալիս: Գիշերը դուրս եկա, ծորակի սառը ջրով շփեցի ցանապատ տեղերը: Ցանից բացի նաեւ մանր, խիտ բշտիկներ էին: Սարսափում էի ենթադրություններից, նույնիսկ, մեղքս չթաքցնեմ, մտածում էի, որ Ինան է վարակել ահավոր հիվանդությամբ: Ջուրը չփրկեց: Խոհանոցում ծխախոտ տեսա սեղանի վրա: Տեղական սիգարետ էր, Ռազմիկն էր ծխում: Ծխելը կարծես հանգստացրեց, գնացի քնելու, բայց երկար չդիմացա: Առավոտյան աչքերս մի կերպ բացեցի եւ չէի կարողանում փակել, ամբողջովին արյուն էին լցվել:

- Գնա պոլիկլինիկա,- ասաց Ռազմիկը,- չես կարող աշխատել:

Վախենում էի կասկածս հաստատվի, բայց այդ վիճակում իրոք չէի կարող աշխատել, ուրիշ ելք չունեի: Սարսափը սրտումս ճամփա ընկա:

Ակնաբույժի մոտ մտա:

- Ալերգիա է,- ախտորոշեց երիտասարդ բժշկուհին եւ միանգամից գեղեցկացավ աչքիս, թեեւ սկզբից էլ էի նկատել,- թող մաշկաբանը նայի: Ուրիշ տեղ կա՞ այսպիսի դուրս տված,- տեսել էր թեւերիս ցանը, որն արդեն ընդհանուր կարմիր շերտ էր կազմել:

- Ոտքերիս,- խոստովանեցի ոչ այնքան բարեխիղճ աշակերտի պես:

- Ինձ թվում է, ալերգիա է,- կրկնեց նա,- հավանաբար փոշուց, մեզ մոտ շատ է լինում բույսերի փոշուց...

Նա դեղ նշանակեց, ինչ-որ հեղուկ կաթեցրեց աչքերիս մեջ:

- Հանգստացրե՞ց,- հարցրեց:

Աչքերս հանգստացել էին, բայց կարծում էի, որ հիմնականում սիֆիլիսից փրկվելու եւ նրա մատների շնորհիվ: Շտապեցի երախտագիտությունս հայտնել, վերջին մասով միայն իհարկե, մատների:

- Հալով էլ չի մնում,- ծիծաղեց նա, ապա շարեց ցուցումները,- օրը երեք անգամ կկաթեցնեք, ոչ մի գրգռիչ ուտելիք, ոչ մի փոշի, խորհուրդ կտամ ակնոց դնել...

Եթե ակնոցը պարտադիր էր, ստիպված պիտի սափրվեի, որ ցուցամոլ չերեւամ:

- Մի շաբաթ դուրս չգաք տնից,- շարունակեց բժշկուհին:

Դա արդեն անհնար էր:

- Տեղեկանք կտամ,- զարմացավ նա:

Ես պատկերացրի, թե ինչպես եմ տեղեկանքը հանձնում Փայլակին, որ արձանագրի հարգելի բացակայությունս:

- Հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ է, ոչ մի դեղ չի փրկի: Ձեզ բացարձակապես չի կարելի աշխատել շինարարության մեջ,- բորբոքվեց նա,- ինչպե՞ս չեք հասկանում, ամբողջ կյանքում պիտի ցեմենտից հեռու մնաք, մինչդեռ հենց հիմա ուզում եք գնալ աշխատելու...

Եթե տգեղ լիներ, կասեիՙ լավ, քո ասածն է, դուրս կգայի ու կմոռանայի խոսքերը:

- Մի խոսքով,- եզրափակեց նա,- ես տեղեկանքը կգրեմ, դուք ինչպես կուզեք, կվարվեք: Կտանեք, վարիչը կկնքի...

- Դե լավ, տվեք,- ասացի,- որպես հիշատակ...

Նորից ծիծաղեց: Աղջիկների հետ արդեն հեշտությամբ էի լեզու գտնում, շատ էի փոխվել: Վարիչի մոտ չմտա, դժվար թե երիտասարդ լիներ, ոչ էլ մաշկաբանի մոտ:

Երբ հասա գործի տեղը, ուրախ-ուրախ հայտարարեցի,- ալերգիա է:

- Աչքի ցավին կրծքի կաթն է լավ,- ծիծաղեց Ռազմիկը:

- Է, որտեղի՞ց գտնենք,- Դավիթը շուրջը նայեց:

- Պե՞տք է, վռազ հղիացնենք,- հոխորտաց Փայլակը:

- Ցե՜խ,- կանչեցի տեղս գրավելով:

Կարծես թե համեմատաբար լավ էի:

Ճաշարանից թեյ բերեցի, շուտ-շուտ աչքերս սրբում էի: Ցանապատ տեղերս էին քրտինքից մրմռում, բայց ահավոր սիֆիլիսի կամ ուրիշ որեւէ սեռական վարակի համեմատությամբ մնացած ամեն ինչ աննշան էր թվում:

Ուրբաթ էր, բաղնիքի օր, շուտ վերջացրինք: Կանայք շաբաթ օրն էին լողանում: Ավելի հաճույքով գետում կլողանայի կամ մեր բաքերից մեկի ջրով: Չսիրեցի բաղնիքի այդ տեսակը, տղամարդկային մսակույտի խաշարան, ոչ ցնցուղ կար, ոչ առանձին համար: Քսան-երեսուն հոգի լցվում էին մի տեղ, փոքր տաշտով ջուր վերցնում, նստում երկու կամ երեք հոգու համար նախատեսված նստարանին: Շոգեհարվելու կամ ավելահարվելու տեղն ընդհանրապես չէի մտնում: Այնուամենայնիվ բաղնիք էր, տաք ջրով:

Իննին տանն էինք արդեն, լողացած, մաքրված, որոշ չափով նաեւ ապաքինված էի: Ուրիշ ժամանակ դուրս գալու այդպիսի հնարավորությունը բաց չէի թողնի, բայց գերադասեցի մնալ տանը, հանգստանալ մաքուր սավանների մեջ մաքուր մարմնով:

***

Շաբաթ օրը շատ գործ չունեինք, սովխոզի տան աղյուսը չէր հերիքի մինչեւ երեկո: Հանգստանալու մասին խոսք չեղավ իհարկե: Երկու օր հանգի՞ստ, շռայլություն կլիներ: Ժամը չորսին վերջացրինք աղյուսն ու տուն եկանք: Շուտ վերջացնելու համար չէինք ճաշել: Ճաշարան գնացինք փոխված շորերով:

Հիվանդությունս պարզելուց հետո գրեթե չէի նեղվում: Բժշկուհին իզուր էր վախեցնում ինձ: Բժիշկներն ասում են, որ ամենից առաջ անհրաժեշտ է հիվանդության պատճառը գտնել եւ վերացնել: Ես գտել էի: Ոչ բույսերի փոշի, ոչ էլ, մանավանդ, ցեմենտի, թեեւ դեղը կաթեցնում էի, որպեսզի աչքերս շուտ մաքրվեն: Ինայի կարոտն էր բորբոքել ներսս... կամ ջղայնությունը, որ այդպես հեշտ ու հանկարծակի հեռացավ անորոշ ժամանակով, առանց տեղեկացնելու... Կարող էր քրոջ միջոցով ինչ-որ բան հայտնել: Ուրեմն ես նրա համար նշանակություն չունեի, զվարճացավ եւ լքեց... Սիրո եւ հիասթափության հերթափոխն էր, իսկ եթե երկար տեւեր, կարոտն էլ մաղձի կվերածվեր...

Որոշել էի երեկոյան գնալ պարելու: Վերան, ակնաբույժը, սիգարետ ուզողը, ջրողը... գուցե էլի ինչ-որ մեկը: Միայն թե ոչ Նինան: Լավրովներից կուշտ էի: Նախապատվությունը տալիս էի ակնաբույժին, թեեւ կլիներ քսանյոթ-քսանութ տարեկան: Երկրորդ տեղում սիգարետ ուզողն էր, առողջ մարմնով եւ էությամբ, երրորդը Վերան էր, ջրող աղջիկը հինգերորդն էր, իսկ չորրորդըՙ գուցե էլի ինչ-որ մեկը... Բայց եթե անհայտ է անձը, անհայտ է նաեւ տեղը, գուցե եւ առաջին տեղը գրավի...

Երեսիս մազերն արդեն սանրվում էին, անցել էր խոզանի ժամանակը: Ուշ դուրս եկա, որ պիջակ հագնեմ, փողկապով: Իննից հետո արդեն աշնանային եղանակ էր, թեեւ տեղացիները չէին շտապում հրաժեշտ տալ ամռանը: Գրպաններիս պարունակությունը ստուգված էր. թաշկինակ, գրիչ, ծոցագրքույկս, դանակ եւ արդեն ծխախոտ ու վառիչ պիտի լինեին անպայման, բնականաբար նաեւ որոշակի գումար:

Չէի շտապում, կինոյից ուշանալը փույթ չէր: Եթե ֆիլմը չէր հետաքրքրում, կես ժամի չափ պատկերներին էի հետեւում եւ դուրս գալիս:

Հաջորդ օրվա ֆիլմն էր գրավիչ, թեեւ աշնանը տեսել էի Երեւանում, «Վիկինգներ», ամերիկյան ֆիլմ, որ ջինսի պես հազվադեպ բան էր Դիվինոյում:

Այս անգամ կես ժամ էլ չմնացի: Իմ լքումները հանդուրժում էին: Առաջին օրերին մի կին դիտողություն արեց, հսկիչ էր, տոմսավաճառ, գուցե վարիչ կամ պարզապես հասարակության ակտիվ ներկայացուցիչ:

- Բայց ամեն օ՞ր,- իմ բացատրությունը լսելուց հետո շարունակեց նա,- Դուք ամեն անգամ կեսից դուրս եք գալիս:

- Մինչեւ կես չեմ նստում,- ճշտեցի,- ամենաշատը կես ժամ:

- Երեւանում է՞լ չի եղել ֆիլմ, որ մինչեւ վերջ դիտեք:

- «Երաժշտության հնչյունները»:

- Օ՜, դա հրաշալի ֆիլմ է,- փափկեց կինը:

Երբ դուրս եկա, նույն կինը մուտքի մոտ կանգնած էր:

- Վաղվա ֆիլմը մինչեւ վերջ կնայեմ,- խոստացա:

Այգի չմտած լսեցի երաժշտությունը: Շատ բարձր էին միացրել, անծանոթ էր եւ կախարդիչ, ինչքան առաջանում էի, թովում էր ինձ այդ նվագը: Առաջին անգամ էր հնչում այստեղ, հավանաբար Դիվինոյում մեկը նորություն էր ճարել: Ափսոս, սկզբից չէի լսել:

Նորից միացրին, ինչպես երեւում էր, բոլորը հմայվել էին դրանով: Անկասկած լատինամերիկյան էր, հրաշալի պարային ռիթմով: Տաղավարը լեփ-լեցուն էր: Այդ երաժշտությունը կգրգռեր նույնիսկ երդվյալ չպարողներին, ինչպիսին ես էի մի ժամանակ:

Եկել էի, որ մտնեմ:

Հենց առաջին հայացքից մի աղջիկ աչքի ընկավ, նորեկ էր ամենայն հավանականությամբ, արտակարգ կազմվածքով, ջինսո՜վ, սլացիկ, նրբագեղ, ակնհայտորեն տարբերվում էր սիբիրյան գեղջկուհիներից: Եվ ինչպե՜ս էր պարում, մեջքի եւ ուսերի ի՜նչ խաղերով: Արդեն կասկած չունեի, որ հայտնվել է «էլի ինչ-որ մեկը», բայց ոչ ընդամենը չորրորդ տեղի համար:

Երեք աղջիկ պարում էին միասին, հավանաբար դեմ չէին լինի, որ մեկին տղա հրավիրի:

Մի քայլ էր մնացել, որ հասնեի նրան եւ մինչ կճանաչեի փակ ուսերն ու ծոծրակը, շրջվեց եւ արձանացավ...

- Դո՞ւ,- շշնջաց:

Պարը շարունակվում էր, խանգարում էինք, ձեռքերը դրեց ուսերիս: Գրկեցի մեջքը աչքերս փակելով, որպեսզի հանկարծ չարթնանամ: Ձեռքերիս մեջ ծանոթ, հարազատ մարմինն էր, երեսիս քսվում էին մազերը: Երբ բացեցի աչքերս, նրանն էին փակ: Դեմքերս այնքան մոտ էին, որ առանց ձգվելու շուրթերս հպեցի այտին: Իզուր երեւի, որովհետեւ նրա երազն էլ ընդհատվեց, ցնցվեց եւ աչքերը բացեց:

- Երես ծակծկեցիր, ինչո՞ւ չես սափրվում,- ապա շոյեց ծնոտս եւ ձգեց,- մորո՜ւքը...

- Մազե՜րը,- պատասխանեցի ես:

Ո՞ւր էր նրա գլխի խճճված զանգվածը, անճոռնի քառակուսի դեզը: Կարճ կտրած, հարթեցրած մազերը, ծայրերը կլորացրած, կիսով չափ էին ծածկում ականջները եւ կարմրավուն չէին, դեղնավուն-ոսկեգույն էին, գրեթե Նինայի մազերի նման: Անճանաչելի էր: Կարող էր նույնիսկ քրոջ կրտսերության իրավունքը վիճարկել:

- Մազերդ մթերմա՞ն ես հանձնել,- շշնջացի ականջի մեջ:

- Անտաշ,- ծիծաղեց նա գլուխը հետ գցելով,- փոխանակ կարծիքդ հայտնես...

Կարծիքս հայտնեցի ամենայն անկեղծությամբ, ինչպես միշտ:

- Հրաշալի է, արտակարգ, դու շատ գեղեցիկ ես:

- Իսկ առա՞ջ:

- Առաջ նույնպես: Ուղղակի տարբեր գեղեցկություններ...

- Կեղծավոր:

- Ճիշտ է, կեղծավոր եմ, որ այդքանից հետո պարում եմ հետդ:

Իզուր ասացի, գոնե մի քիչ վայելեի, նոր անցնեի բացատրության:

- Ինչքանի՞ց հետո,- նրա աչքերում նույնպես ափսոսանք տեսա,- ինչ լավ էր,- խոստովանեց նա,- ինչո՞ւ շտապեցիր փչացնել:

- Լա՞վ էր,- հարցրեցի:

- Դու արդեն լսեցիր:

- Ինձ համար էլ էր լավ...

Հաշտվում էինք նույնքան արագ, ինչպես կռվում էինքՙ հանկարծակի եւ միանգամից:

Երրորդ անգամ միացրին լատինամերիկյանը:

- Հրաշալի երաժշտություն է,- ասացի:

- Ես եմ բերել,- պարծեցավ նա,- բրազիլական լամբադա է: Ողջ Եվրոպան է լսում: Սա էլ քեզ համար եմ բերել,- ջինսի գրպանից հանեց եւ պիջակիս վերեւի գրպանը վառիչ դրեց:

Ակնկալիքներս արդարանում էին, սկսվեց օգոստոսյան նվերների շարքը:

- Շնորհակալ եմ,- թեթեւակի սեղմեցի մեջքը, ուրեմն հույս ունեի՞ր, որ այսօր ինձ կտեսնես:

- Փոքր բան էր,- ծիծաղեց,- գրպանում էի պահում:

- Ե՞րբ ես եկել:

- Երեկ, բայց այստեղ չեմ եղել, այսօր եմ գնացել վարսավիրանոց:

Ամեն մի խոսքից նոր ենթադրություն էր ծնվում:

- Ինձ համա՞ր ես գնացել վարսավիրանոց:

- Շատ չեղա՞վ,- ապա շարունակեց կողքանց նայելով,- իսկ եթե ասեմ այո՞...

- Ասա, հետո կտեսնենք:

- Էլի ասող է եղել... Նրա համա՞ր ես սիրունանում:

- Քույրի՞կդ է ասել:

- Ինչո՞ւ ես կարծում:

- Էլ ո՞վ պիտի ասեր... Դուրս չգա՞նք:

- Լավ, բայց խոստացիր, որ խելոք կմնաս:

Սպրդեցինք արանքներով, հսկող աչքը բացակայում էր: Ծառերի մեջ առաջին գործս եղավ նրան մի լավ ու ամուր համբուրելը:

- Հանգիստ,- սաստեց փաղաքշաբար,- ասացի, որ խելոք մնաս:

- Ասացիր, բայց ես չխոստացա:

- Լավ, գնանք գետափ, նստենք:

Գնում էինք գրկված, մեր ճանապարհով, մեր տեղերով, որտեղ էինք կանգնել, որտեղ համբուրվել եւ ...

- Հիշո՞ւմ ես այս տեղը,- պահեցի նրան:

- Անամոթ,- ծիծաղեց:

- Չե՞ս ուզում կրկնել:

- Ջինսը հագի՞ս, ո՞նց ես պատկերացնում, մոլագար...

Այդ բառը նույնպես սառեցնող հատկություն էր ձեռք բերել, իսկույն թողեցի նրան:

- Դրա համա՞ր այստեղ աղջիկները տաբատ չեն հագնում:

- Օ՜, էլի չարացա՞ր,- նա նորից գրկեց թեւս:

Անցանք թումբը, բարձրանալիս եւ իջնելիս պիտի գրկեի նրան, որ օգնեի, այդպես շարունակեցինք: Աղբյուրի մոտ նստած էին, շրջանցեցինք:

Ահա եւ գետափը, նրա երազած հանգրվանը: Պառկած ծառը նույնպես զբաղված էր: Այսօր շատ-շատ էին սիրահարները: Գետափով իջանք, նստելու հարմար տեղ չէինք գտնում, կամ մութն էր խանգարում: Ինքնամոռաց ճամփորդություն էր...

- Տատիս տան մոտ ենք,- ասաց Ինան,- մտնե՞նք, թեյ կհյուրասիրեմ:

- Այս ժամին տատդ հյուր կընդունի՞:

- Չգիտե՞ս, որ նա մեր տանն է ապրում: Ես ու Նինան ենք գալիս, երբ տանը ջղայնացնում են: Ընդհանրապես շատ ենք լինում այստեղ: Նինան է պարապում:

Գետափից բարձրացանք մի նեղ փողոցով: Հավանաբար դեռ կեսգիշեր չկար, շատ պատուհաններում լույս էր երեւում:

Ցածր, փայտաշեն տուն էր, մեծ գլխարկով թզուկ:

Ինան բացեց պատուհանը, ճարպկորեն սողոսկեց ներս, վառեց լույսը: Լուսավորության մեջ նրան հետեւելը դժվար չէր: Մտել էինք մի սենյակ, հնության բույրով, երկաթե մահճակալ, ցածր, լայն թախտ, հին պահարան եւ կլոր սեղան: Հեռախոսի զանգն անսովոր թվաց, ուժգին հնչեց:

- Այո, այո, այստեղ եմ,- քիչ անց կարճ ասաց,- քնիր,- եւ դրեց խոսափողը: - Նինան էր,- պատասխանեց հայացքիս:

- Ենթադրում եմ, թե ինչ հարցրեց:

Ինան ափսոսանքով ջինսի փողքերին էր նայում, մինչեւ ծնկները թաց էին, խոտի ծվեններով:

- Հապա,- ասաց,- փորձիր:

- Զանգահարեց ճշտելու համար, որ այստեղ ես:

- Ասենք թե:

- Հետո հարցրեցՙ մենա՞կ ես... կամ գուցեՙ նրա հե՞տ ես...

- Գրեթե,- քրքջաց Ինան,- նա երկու հարցն էլ տվեց: Հարցրեցՙ մենա՞կ ես, պատասխանեցիՙ քնիր, շարունակեցՙ նրա հե՞տ ես...

- Դու ի՞նչ ասացիր:

- Չտեսա՞ր, դրեցի հեռախոսը:

- Բայց դու չսպասեցիր երրորդ հարցին:

- Ո՞ր:

- Տուն գալո՞ւ ես, թե՞ գիշերն այդտեղ եք մնալու... երկուսով:

- Օ՜... գնալու ենք: Հիմա ժամը կիմանամ:

Նա միացրեց հին, սեւ-սպիտակ հեռուստացույցը, որը դղրդալուց հետո սկսեց բարձր ձայնով խոսել:

Չափազանց շատ էի համբերել: Մինչ ձայնն էր կարգավորում, հետեւից գրկեցի նրանՙ շնչելով ուսերն ու վիզը:

- Կարճ մազերը գիտե՞ս նաեւ ինչով են լավ,- շշնջացի ջերմ մաշկի վրա,- որ վիզդ լրիվ բացվում է...

Տասներկուսը չկար... Մեր պահակները մինչեւ կեսգիշեր նստում էին դարպասի մոտ:

- Ի՞նչ պատահեց,- զարմացավ Ինան:

Դեռ չէր եղել, որ կամովին թողնեի նրան:

- Գյուղտեխնիկայի համար գիտե՞ս,- հարցրեցի:

- Ահա հեռախոսագիրքը, շրջանի բոլոր համարները կան:

Իվանի հերթն էր, պարզվեց, որ Դավիթը նրա մոտ նստած է, ազատվեցի երկար-բարակ Իվանին բացատրելու դժվարությունից, թե ում ինչ փոխանցի: Դավթին ռուսերեն ասացի, որ շախմատ եմ խաղում եւ գիշերը տուն չեմ գա:

Ինան զարմանքով ինձ էր նայումՙ ժպիտը դեմքին:

- Ինչ ուզում ես ասա,- գրկեցի նրան,- ոչ ինքս դուրս կգամ այս տնից, ոչ էլ կթողնեմ, որ դու գնաս:

- Իսկ քո կարծիքով, ինչո՞ւ քեզ բերեցի այստեղ,- ասաց նա ինձ փաթաթվելով:

30

Հաղորդումներն ավարտվել էին, թե ով էր անջատելու հեռուստացույցը, չգիտեմ: Պառկած էինք թախտի վրա, մեր ձեւով, ինչպես գետափին էինք պառկում, գրկախառնված, միմյանց մերկություն ոտքերով ծածկելով: Այդպես մնալուց բացի ուրիշ ոչ մի բան չէինք ուզում, որ պատճառ լիներ վեր կենալու եւ հեռուստացույցն անջատելու:

Ի վերջո Ինան նստեց, վերնաշապիկս գցեց հագը, ինչպես գետափին, լավ տնային զգեստ գտավ: Ես էլ հագա նրա ջինսը:

- Ոնց որ նեգր լինես,- ասաց Ինան,- ինչ լավ ես արեւահարվել: Ես այդքան արեւահարվում եմ, էլի այդպես չեմ թխանում...

Նա սովորության համաձայն քրքրեց գրպաններս, թեեւ սիգարետի տուփը միանգամից գտել էր: Փորձեցի նրա նվիրած վառիչը, գեղեցիկ էր եւ հարմար: Երեւանում այդպիսի վառիչ միայն կոմիսիոն խանութներից կարելի էր գնել:

- Դու չե՞ս ծխում,- հարցրեց:

- Առանձնապես չեմ ուզում:

- Հապա ինչո՞ւ ես սիգարետ պահում:

- Քեզ համար,- ասացի ծիծաղելով:

- Ինչո՞ւ ես ծիծաղում:

Ես նրանից դեռ ոչինչ չէի թաքցրել:

- Ո՞վ է եղել,- իմ նկարագրությունից նա տեղը չբերեց,- մեզ մոտ բոլորն այդպիսին են... հատկապես կրծքով,- այդ դետալը բաց չէի թողել,- որ տեսնես, ցույց կտաս:

Ես էլ ծխեցի: Օրերով ծխելու ցանկություն չէի զգում, թեեւ հիվանդության գիշերը կարծես փրկեց: Դա նույնպես պատմեցի Ինային: Արմունկներիս ծալքերի մեջ եւ մոտերքում դուրս տվածի հետքերը մնում էին: Ցավակցաբար նայեց:

- Բժշկի դիմեցի՞ր,- հարցրեց նա,- ո՞ւմ մոտ էիր գնացել:

- Ակնաբույժի:

- Ճանաչում եմ նրան, մեր գյուղից չէ... Ինչո՞ւ էիր նրա մոտ գնացել, եթե ալերգիա էր:

- Աչքերիցս սկսվեց...

- Հիմա աչքերդ մաքուր են:

- Այո, շատ լավ բուժեց, քնքուշ մատներ ուներ:

- Դու ինձ ջղայնացնելու համա՞ր ես ասում, թե՞ իսկական մոլագար ես:

- Դու էիր ինձ ջղայնացրել,- այլեւս չդիմացա,- երբ եկա պարի տաղավար, որոշել էի մեկնումեկի հետ ծանոթանալ, կապվել, որ պրծնեմ քեզնից: Հանկարծակի անհետացար... Քսան օրով: Դժվա՞ր էր երկու բառ փոխանցելը, հետո ինչ, որ գնալուց առաջ կռվել էիր... Ինչ ասես մտածում էի...

- Կներես, չէի կարծում, թե այսքան կձգձգվի,- արդարացավ նա,- ամեն օր համոզված էի, որ հաջորդ օրը տուն եմ գալու: Նշանակումը

որոշված էր, բայց Բառնաուլում աշխատանք առաջարկեցին... Չգիտեմ ինչու գյուղը ընտրեցի վերջնականապես...

Ասաց եւ ժպտաց կողքանց նայելով: Մի՞թե ակնարկում էր, որ հանուն ինձ է գյուղը ընտրել... Բնականաբար այդ պահին պիտի համբուրվեինք: Նրա շուրթերից անջատվելով դեմքս ծամածռեցի ու ցուցադրաբար «թուհ» արեցի, իբր ինչ գարշելի բան էր: Նա ծիծաղեց ու իմ օրինակին հետեւեց:

Մի խոսքով, չգիտեինք, թե ժամը քանիսն էր, չէինք կարող իմանալ, չէինք էլ ուզում իմանալ, որովհետեւ քնելու ցանկություն ամենեւին չունեինք:

- Այս տունը խոհանոց չունի՞,- հարցրեցի,- եթե հիշողությունս չի դավաճանում, խոստացել էիր թեյ հյուրասիրել:

- Արի, ծանոթացնեմ տանը:

Դուրս եկանք միջանցք, որի կեսը խոհանոց էր: «Ռիգա» լվացքի հին մեքենան եւ «Սարատով» փոքր սառնարանը աչքովս ընկան, մենք էլ ունեինք, բայց չէինք օգտագործում, «Սարատովի» մեջ մայրս հին տետրերն էր պահում, ձեռքը չէր գնում, որ թափեր: Մի դուռ կար, չբացեց, ասաց, որ հին իրեր են լցրել: Խոհանոցի եւ մեր սենյակի միջեւ հանրահայտ ռուսական վառարանն էր: Փոքր, ճամփորդական գազօջախը վառում էր, որ թեյ դնի:

- Հավատացի՞ր,- ասացի,- ամբողջ կյանքում չորս բաժակ թեյ եմ խմել, այն էլ ձեր Դելկինոյում:

- Ի՞նչ տամ քեզ,- բացեց սառնարանը:

- Պանիր կուտեմ,- նայեցի ուսի վրայիցՙ համբուրելու առիթը բաց չթողնելով,- իսկ այդ թավայի մեջ ի՞նչ է,- տապակած կաղամբ էր, մի կողմի հավաքած,- դա էլ կուտեմ, ուրիշ բան պետք չէ:

Դռան հետեւը կախովի լվացարան կար, ձողիկը սեղմում էի վերեւ, ջուրը լցվում էր իրար միացրած բռերիս մեջ, տակը տաշտ էր դրված:

Ինան սեղան գցեց:

- Խմիչք չունեմ,- ասաց:

- Խմի՞չք... ես չեմ էլ սիրում:

- Այն ժամանակ լրիվ հարբել էիր:

- Ավելի շատ ձեր խոսքերից էի հարբել:

- Ինչո՞ւ էիր փախչում մեզնից:

Կարծես բացատրության ժամը եկել էր: Ինքն էր առիթ տալիս, բայց չէի կարողանում սկսել: Հանդիպումը ջնջել էր վիրավորանքը:

Չթողեցի, որ կաղամբը տաքացնի:

- Սառը կուտեմ, եթե միայն ես եմ ուտելու, եւ եթե կարելի է, թավայի միջից, ինչո՞ւ ափսե կեղտոտեմ:

- Դու հանրակացարանում ապրե՞լ ես,- ըստ երեւույթին Ինան նույնպես ծանոթ էր այդ կենցաղին:

- Հանրակացարանում, վարձով: Մերոնք գյուղում էին, հիմա էլ են գյուղում: Ես հինգ տարի Երեւանում վարձով եմ ապրել:

Նրա ախորժակն էլ բացվեց:

- Կարելի՞ է քո թավայից ուտել:

- Խնդրեմ, սա ինձ համար շատ է:

- Չե՞ս զզվի:

Տարօրինակ հարց էր տալիս, իսկույն արտահայտվեցի:

- Եթե քեզ համբուրում եմ, մի բան էլ ավելի, նույն ամանից ուտելո՞ւց պիտի զզվեմ:

- Ի՞նչ է նշանակումՙ մի բան էլ ավելի:

- Եթե մոռացել ես, շուտով կհիշեցնեմ:

- Չեմ մոռացել,- ժպտաց:

- Հապա ինչո՞ւ ես հարցնում:

- Ձայնդ եմ ուզում լսել:

- Ես կարծես թե լուռ չեմ մնում, գոնե քեզ հետ շատախոս եմ դառնում...

- Իսկ ուրիշների հե՞տ...

- Միայն քեզ հետ: Ուրիշներ չեն եղել:

- Իսկ բժշկուհու մատները...

- Լոկ մատներ:

- Այն մյուսի կուրծքը...

- Ես ավելի լավ կուրծք եմ տեսնում...

- Ձեռքերդ սրբիր,- հետ մղեց նա ծիծաղելով:

- Քեզ ինչ, իմ վերնաշապիկը չէ՞...

- Վերջացրի՞ր ուտելը:

-Այո, շատ համեղ էր: Նինան էր սարքել հավանաբար, կփոխանցես շնորհակալությունս:

- Ինչո՞ւ Նինան:

- Որովհետեւ երեկ ես եկել, իսկ այսօր վազել ես վարսավիրանոց:

- Ես գիշերն այստեղ եմ մնացել:

- Թե կիմանայի...

- Մտքովս չէր անցել, որ քեզ կարելի է հեռախոսով գտնել:

Հրաշալի փոքր տուն էր, ոնց շարժվեինք, իրար էինք դեմ առնում:

- Քնել չե՞ս ուզում,- հարցրեց,- երեւի արդեն շատ ուշ է:

Քունս չէր տանում, բայց միասին անկողին մտնելու միտքն իսկույն գայթակղեց: Գետափին հրաշալի էր, բայց գետին էր ի վերջո եւ չորս կողմից բաց, երկնքից նույնպես: Գետափի պես չոր բան էլ թախտն էր: Ինան գլուխը կախ ծիծաղում էր մանրիկ: Համոզված էի, որ նույնպես գետափը հիշեց եւ իր բողոքըՙ մարմինս ցավում է...

Ինան լույսը մարեց, մթության մեջ շորի շրշյունը լսեցի, վերնաշապիկս հանեց, թեթեւակի ճռռաց մահճակալը: Կարծես թե անսպասելի խոչընդոտ էր, բայց պատկից հարեւան չկար, տանը մենք էինք միայն, ճռռում է, թող ճռռա...

Զարմանալի մահճակալ էր, ոչ երկտեղանու չափ լայն էր, ոչ միտեղանու չափ նեղ: Այսինքն մեկուկես տեղանոց էր: Իսկական ամուսնական մահճակալ, սարքողները գիտեին, թե ինչ են անում: Նույնիսկ ճռռոցն էր հաճելի, կարծես լամբադայի ռիթմով...

Ափսոս էր այդ գիշերը քնած անցկացնել:

Տունը փոքր էր, մահճակալըՙ շատ ավելի փոքր: Միայն երեսիս մազերն էին խանգարում, դրանց էլ վարժվեց, բայց խոստացա առավոտյան անպայման սափրվել:

Լիովին ընդունում էի անկողնու առավելությունները, հատկապես այդ պահին, երբ պարզապես անիմաստ էր հագնվելը, մինչդեռ գետափին հանկարծ մեկը կարող էր տնկվել գլխիդ, չհաշված արհեստական արբանյակներից նկարվելու վտանգը: Ամփոփ եւ ծածկված թեկուզ հենց մեր աչքից: Ոչ միայն ամուսնական բարոյականությունն է դա պահանջում, այլեւ կիրքը, վերմակը մի ամբողջ աշխարհ է պարփակում, ամփոփ եւ ուրույն աշխարհ:

Մի տարօրինակություն էի բացահայտել: Մինչ այդ շատ էի լսել, որ մերձեցումից հետո տղամարդու քունը տանում է, բայց որպես ջենտլմեն պարտավոր է արթուն մնալ, ոչ թե մեջքն անել կնոջն ու խռռացնել: Ոչ միայն քունս չէր տանում, ավելի էի թարմանում, նույնիսկ լավ-լավ մտքեր էին գալիս, որ ակնթարթորեն նախադասությունների էին վերածվում: Դա մտահոգել էր Ինային, թե միգուցե ինքը չի բավարարում ինձ: Նրա դեմքի սարսափահար արտահայտությունից ենթադրում էի, որ այդ չբավարարելը ահավոր մեղք է:

Հիմա էլ, գրկել էի նրան հետեւից, շուրթերս վզինՙ աջ կողմից, ասաց.

- Մոլագար, ե՞րբ ես քնելու:

- Ինչպե՞ս քնեմ քեզ գրկած:

- Մի՞թե դու էլի ես ուզում:

- Ես քեզ միշտ եմ ուզում:

- Ուրեմն շուտ կձանձրանաս ինձնից:

- Հուսով եմ, չես ջղայնացնի:

- Մի քանի օր բացակայեցի, արդեն կողքերդ էիր նայում, բժշկուհի՜, ինչ-որ կով...

- Էլի է եղել,- ասացի,- դու չգիտես,- եւ պատմեցի ջրող աղջկա մասին:

- Դու սխալվում ես, ես գիտեի: Ինչո՞ւ էիր թաքցնում:

- Որովհետեւ նա բժշկուհու եւ կովի պես չէր, նրանք դուրեկան էին:

- Ես Նինայի մասին եմ հարցնում, ինչո՞ւ էիր թաքցնում, որ տեսել ես նրան եւ... սիրահետել:

- Սիրահետե՞լ եմ, ի՞նքն է ասել:

- Այո... անսովոր մեծ աչքե՜ր, կապույտ աչքեր... Ուզեցել ես ջրել, ասում է, ուտում էր ինձ աչքերով:

- Դա սուտ է,- սեղմեցի ուսերը,- ինչո՞ւ է չարախոսել... Նա է՞լ չի սիրում ինձ:

- Ուրիշ ո՞վ չի սիրում:

- Ալինան... Չի եկել, չէ՞:

- Նա գնաց Նովոսիբիրսկ, Ալինան դժբախտ է, նրա մասին բան չասես... Նա շատ մեղք է, զրկված է, հասկանո՞ւմ ես, դրանից...

- Ինչի՞ց, երեխա ունենալո՞ւց:

- Ավելի վատ:

- Ո՞րն է դա:

- Մի՞թե չես հասկանում:

Կարծես հասկանում Էի, թեեւ ոչ այնքան լավ:

- Ներողություն, բայց ես նրանց առաջին օրը տեսել եմ անկողնում, դրսում պառկած էին: Այն ժամանակ մենք շատ շուտ էինք սկսում աշխատանքը:

- Դա ինքն էր խնդրել:

- Սաշան գիտե՞ր:

- Այո, պարզ է, սկզբից չգիտեր, սիրահարվել էր, ես էլ չգիտեի: Նա խաղում էր Սաշայի հետ, վանում էր, տաքացնում, հուսադրում, խանդի առիթ տալիս: Սիրում էր գայթակղել տղամարդկանց, ապա խանդի առիթներ ստեղծել, որ կռվելով բաժանվեն: Բայց Սաշային սիրեց...

- Դժբախտ աղջիկ: Հիմա ինձ համար որոշ բաներ հասկանալի են դառնում:

- Դու կարծում էիր, թե ուզում է գայթակղել քեզ, այո՞:

- Երեւի... Միգուցե չպիտի պատմեիր: Ի՞նչ կասի Ալինան, եթե իմանա, որ պատմել ես ինձ:

- Ես արդեն ոչինչ չեմ կարող թաքցնել քեզնից: Անկախ ինձնից ամեն ինչ ասում եմ:

- Որովհետեւ սիրում ես:

- Իսկ դո՞ւ:

- Եթե քո այդքան արածն ու վերաբերմունքը հանդուրժում եմ, ուրեմն սիրում եմ:

- Ես էլ նույնը կասեի, գիտե՞ս:

- Այսինքն սիրում ես...

- Թող, ուզում եմ շրջվել... Հիշո՞ւմ ես, քո գարդեմարինի մասին էիր պատմում... նկարիչը, հարեւանդ...

- Կրե-Մարյան... Դա նրա ազգանունն է:

- Նա ինչ-որ սիրո տեսություն ուներ, որ իսկական սերը քառասունից հետո է հնարավոր: Հաճախ էի ուզում քեզ հարցնել. նա հանդիպե՞լ էր իսկական սիրո, գտե՞լ էր իր սերը...

- Նա իրեն հավերժ երեսուն տարեկան էր համարում, որ երկու կատեգորիայից էլ օգտվի, որպես երիտասարդ եւ որպես երեսունն անց տղամարդ:

- Իսկ սե՞րը:

- Սե՞րը... Նա ասում էր նաեւ, որ սիրո մգջ բանաձեւ չկա, ուրեմն ինքն իրեն էր հակասում: Ասում էր, որ կիրքը մոռացնում է ամեն ինչ, նաեւ սրբություն...

- Դու էլ ես այդպես:

- Համոզվա՞ծ ես,- սա հերթապահ բառ է, որ ասում են ժամանակ շահելու համար:

- Դու կմերժեի՞ր Ալինային կամ քո բժշկուհուն, կամ որեւէ գեղեցիկ աղջկա, եթե հարմար առիթ ընձեռվեր:

- Պատասխանը երկար կստացվի:

- Ավելի լավ, դու լավ ես պատմում եւ ձայնդ հաճելի է: Հիմա հարմար կտեղավորվեմ եւ կլսեմ: Սկսիր:

- Ես գեղագետ եմ, ոչ թե սոսկ սիրում եմ, այլ պաշտում եմ գեղեցկությունը:

- Խոստումնալի սկիզբ է, շարունակիր:

- Գեղեցիկ դեմքերն ինձ ձգում են, գեղեցիկ մարմիններըՙ գրգռում...

- Սկսում ես անկեղծանալ:

-Հայուհիները շատ գեղեցիկ են, Երեւանում ամեն քայլափոխի գեղեցիկ աղջիկներ են, մինչեւ քեզ հանդիպելը կնոջ չեմ ճանաչել, ինչո՞ւ:

- Այդ հարցը միշտ հետաքրքրել է ինձ:

- Այստեղ նույնպես առիթներ եղել են, ինչպես գիտես:

- Երեւի ավելի շատ, քան գիտեմ:

- Միգուցե: Բայց միայն մի դեպքում է գործել վերջին մղիչը:

- Ի՞նչ:

- Ներքին անզուսպ մղումը, որը քնած մնաց բազմաթիվ առիթներով, սակայն ստիպեց ընկնել քո հետեւից եւ բռնել... ահա այսպես: Թեեւ չեմ հասկանում, թե ինչով ես ձգում ինձ: Մազերդ կտրելուց հետո ավելի ես այլանդակվել, վիզդՙ երկար ու բարակ, գլուխդ տնկվել է մարմնի վրա, ոնց որ ականջները կտրած գառնուկի գլուխ լինի, փափկամազիկ, գանգրամազիկ...

Ամենավիրավորական բառերն անգամ կարելի է այնպիսի ջերմությամբ ու սիրով ասել, որ ամենաքաղցր խոսքերը թվան, մանավանդ համբուրելով ու շոյելով:

- Շարունակե՞մ տգեղության գովքը...

- Շարունակիր, շատ լավ էր ստացվում, հատկապես գառնուկի գլուխը... Բայց ինչո՞ւ ականջները կտրած, մեղք չէ՞ գառնուկը:

- Լավ, երկարականջ, փափկամազիկ... Ի դեպ, քո ամեն ինչը երկար է, երկար ոտքեր, երկար իրան, ականջներդ են փոքր եւ քիթդ: Բայց դրանք քեզ չեն փրկում, տգեղ, անճոռնի աղջիկ... քեզ նույնիսկ պեպենները չեն փրկում... Վիզդ եւ ուսերդ պեպենոտ են, դրա համար եմ շատ սիրում...

- Մեջքիս վրա էլ կան,- ասաց նա, իսկ ես հենց այդ պահին մեջքն էի համբուրում:

- Ե՞ս լավ գիտեմ, թե դու: Դու քո մեջքը չես տեսնում, իսկ ես մանրամասն ուսումնասիրել եմ... ոչ միայն մեջքդ...

- Գարշելի անամոթ, այլասերված, հիվանդ...

- Հանգիստ, վրդովմունքդ եւ հայհոյանքներդ պահիր ավելի սարսափելի պահերի համար: Մեջքիդ պեպենները պարզապես կորել են, ձուլվել են արեւայրուկի մեջ... Իսկ մեջքդ հրաշալի է, սիրում եմ մաշկդ: Ամենից շատ այս մասն եմ սիրում, որ բարակելով իջնում է, իջնում եւ սկսում ուռչել... Այս անցումդ պաշտում եմ... Նույնիսկ կոշտ ջինսդ հրաշալի է արտահայտում իր պարփակածը, իսկ այսպես ազա՜տ, սավառնում է կարծես, զերծ ամեն արգելքից կամ... կնոջ վերջին հույսից... Դու լցվում ես ձեռքերիս մեջ, փափուկ ես, ջերմ, հնազանդ... Այսպես փափուկ ու առաձգական մեկ էլ քո մազերն էին, երբ չէիր կտրել... Սիրում եմ ոտքերդ, որ այսպես նրբորեն իջնում են, ոտքերդ կյանք են: Չոր ծնկներ ունես, ես դրանք էլ եմ սիրում, չոր թե փափուկ, ինչպես քո ամեն ինչը: Ես քո բթամատի այս ջարդված եղունգն էլ եմ սիրում: Ես միայն մի բան չեմ սիրում, որն իր ժամանակին կասեմ: Իսկ հիմա նորից կբարձրանամ, միայն թե դեմից, արդեն քեզ շրջելով, որպեսզի ամենավերջում հասնեմ աչքերիդ ու դրանց մեջ նայելով ասեմ... Ձեռքերիս համար ոչ մի անգամ այսպես հաճելի չի եղել: Վերքերս ու կոշտուկներս հալվում եւ բուժվում են քո տաքությունից: Նորից սկսում ենք ուռչել միասին... Ասենք թե սա մի նոր առիթ էր կոնքերդ շոյելու: Չեմ ուզում հեռանալ, բայց ուրիշ տեղեր կան նույնպես... գուցե ավելի լավ: Ահա սա չեմ սիրում, անկեղծ եմ ասում, շորով շատ եմ սիրում, չեմ սիրում ամենավերջին մերկությունը: Այդ վերջին շորը պիտի հանվի մթության մեջ կամ վերմակի տակ, վերջին հույսի փոխարենՙ ընդհանուր հույս: Երբեք մի կասկածիր: Սիրում եմ փորդ, որ նիհար է, բայց ոչ տափակ, նույնիսկ մի թեթեւ ուռուցիկություն ունի: Զարմանալի է, դու ընդհանրապես նիհար չես, եւ մարմնիդ ոչ մի մասը վտիտ չէ... Սրա անունը մոռացել եմ, գիտեի ռուսերենը, հիմա չեմ հիշում: Ինչ նուրբ փոսիկ է, եւ կրքոտ: Սիրում եմ քո բոլոր փոսիկները: Ասում ենՙ սա չի կարելի համբուրել, ինչո՞ւ... Կամաց-կամաց կբարձրանամ... Ինձ սպասում են... Այստեղ երկար կմնամ, որովհետեւ շատ եմ սպասել այս պահին, քսաներեք տարի, եւ այս երկվորյակ քույրերն ինձ էին սպասում... Ոչ փոքր են, ոչ շատ մեծ, նուրբ են ու քնքուշ եւ պի՜նդ... Ես սրանք պիտի համբուրեմ անպայման եւ այնքան երկար, որ դու ընդհատես, ես չեմ թողնի... Լավ, լավ, հասկանալի է, գալիս եմ վերեւ... Այս տեղերը շատ ծանոթ են, սրանք իմ գիշերվա մշտական ուղեկիցներն են: Հրաշալի է այս վիզը, երբեք չեմ կշտանա... Ահա եւ շուրթերը, գարշելի շուրթերը... Լավ է, երբ շուրթերդ եմ համբուրում, որովհետեւ ամբողջ մարմնով հպվում ենք իրար եւ ոչինչ չենք տեսնում, իսկ դա հավասար է մթության...

Մենք կարող էինք անել անհնարինը, ամեն վայրկյան եւ անընդհատ, մինչեւ այն պահը, որ խոստացել էի...

- Սիրում եմ քեզ...

Մենք եւս մի անհնարին բան արեցինք, կարողացանք ուշքի գալ:

- Աստված իմ,- մրմնջաց Ինան,- երբեք չեմ մոռանա: Բառերն անգամ կրքոտ ես դարձնում: Դու սիրո համար ես ստեղծված:

- Սա սեր չէ,- ասացի,- սերն ինչ է որ... Սա ավելի ուժեղ է եւ ահավոր...

- Կի՞րք...

- Ո՜չ, ես նոր զգացմունք եմ հայտնագործել... կամ ստեղծել, ես եմ ստեղծել, առայժմ անունը չգիտեմ:

- Անուն ես կգտնեմՙ Արինա, Արամ-Ինա, ավելի ուժեղ, քան սերը: Մնում է, որ արտոնագրման հայտ ներկայացնենք:

- Դա երկարատեւ փորձություն է պահանջում, եւ կարծեմ, ստիպված կլինենք հանձնաժողովի առաջ ցույց տալ:

- Հանուն գյուտի կարելի է:

- Կարելի է, բայց առանձնություն է պետք, միայն մենք: Այս տունը ամենալավ տեղն է:

Ինան շրջվեց, ձախ ձեռքս ուսի վրայով քաշեց տարավ, աջս էլ բռնեց, դրեց փորին, գրկվեց, հարմարվեց ու ասաց. «Քնած ժամանակ չբռնաբարես ինձ»:

- Ես քեզ երբեք չեմ բռնաբարի, ոչ քնած ժամանակ, ոչՙ արթուն:

- Անիծո՞ւմ ես:

- Ես դա երբեք ուժով չեմ անի:

- Ուրեմն դու իմ արեւն ես:

- Այսի՞նքն:

- Վաղը կպատմեմ, բարի գիշեր:

- Դու կթողնեի՞ր, որ ես հետաձգեի որեւէ պատմություն:

- Իհարկե ոչ:

- Ուրեմն ասա:

- Քամին ու արեւը վիճում են, թե ով կկարողանա մերկացնել աղջկան: Քամին փչում է ամբողջ ուժով, պոկում է աղջկա շորերը: Արեւը տաքացնում է, ջերմացնում այնպես, որ աղջիկն ինքն է հանում շորերը:

- Այո, ես քո արեւն եմ,- հաստատեցի,- ուզո՞ւմ ես, հենց հիմա ապացուցեմ:

- Քնի՜ր,- շշնջաց նա:

Ես մի հարց էլ ճշտեցի:

- Եթե առավոտյան Նինան գա, պատուհանը բացե՞մ, որ մտնի:

Ինան մարելով ծիծաղեց կամացուկ, ձեռքս մոտեցրեց շուրթերին, համբուրեց, ապա նորից դրեց կրծքին եւ աչքերը փակեց:

Շարունակությունը կտպագրվի հուլիսի 5-ինՙ հինգշաբթի օրը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4