«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ ԶԻՋԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ

Ջերմուկում ընթացող շախմատի պատանեկան մրցաշարի 3-րդ տուրում առաջատարները մրցեցին միմյանց հետ: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Հրանտ Մելքումյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրա մրցակիցը մինչ այդ 2 միավոր ունեցող Վարդան Խոջոյանն էր: Առաջատարներից կեսական միավորով հետ են մնում Դավիթ Քալաշյանը, Շանթ Խաչիկյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Քալաշյանը սեւերով պարտության մատնեց Վահագն Խաչատրյանին, Հայրապետյանը հաղթեց Արմեն Անտինյանին, իսկ Խաչիկյանը առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ:

Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում 2 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեին հինգ շախմատիստներ: Երրորդ տուրից հետո նրանց թիվը կրճատվեց` հասնելով երկուսի: Հաղթարշավը հաջողվեց շարունակել միայն Սամվել Տեր-Սահակյանին եւ Խաչատուր Երանյանին: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Կամո Ուլիբաբյանի եւ Արա Ազիզբեկյանի նկատմամբ, որոնք առաջին միավորները կորցրին: 2 միավոր ունեցող մրցաշարի հինգերորդ առաջատարը` Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Խաչիկյանի հետ եւ այժմ ընդամենը կես քայլով է հետ մնում աղյուսակը գլխավորող Տեր-Սահակյանից ու Երանյանից:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: Երրորդ հաղթանակները տոնեցին Մարատ Մեժլումյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Նիկոլայ Գոլիկովը, ընդ որում բոլորն էլ խաղում էին սեւ խաղաքարերով: Նրանց մրցակիցներն էին համապատասխանաբար Արսեն Աղաջանյանը, Հրանտ Մեժլումյանը եւ Կարեն Փիլոսյանը: Առաջատարները մեկ միավորով առաջ են անցել մոտակա հետապնդողներից: 4-րդ տուրում Մեժլումյանը սպիտակներով ուժերը կչափի Գոլիկովի հետ, իսկ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Աղաջանյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4