«Ազգի» հարցերին պատասխանում է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը
- Պարոն Ղուլյան, Արցախում ժողովրդավարության հիմնադիր քաղաքական ուժը ԱԺԿ-ն եղավ: Ասել է թեՙ այս գործընթացում հիմնական պատասխանատուն Ձեր ղեկավարած կուսակցությունն է: Ձեզ գոհացնո՞ւմ է ԼՂՀ-ում ժողովրդավարության ներկա վիճակը:
- Իմ խորին համոզմամբ` ժողովրդավարության վիճակը չի կարող բավարար լինել ընդհանրապես, եթե միայն համեմատության մեջ չի դիտարկվում, ասենք` ինչի՞ց ենք սկսել եւ ո՞ւր ենք հասել: Այս հարթության վրա մենք, միանշանակ, շահեկան վիճակում ենք, որովհետեւ մեր ճանապարհն անցած երկրների շարքում ԼՂՀ-ն առաջինն է միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերին կամ, ինչպես ընդունված է ասել, եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն կառուցելու լուրջ հայտ ներկայացրել:
Այս համատեքստում կուզենայի ընդգծել, որ Արցախի ժողովրդավարական կուսակցության ստանձնած պատասխանատվությունը` համամարդկային արժեքների պատվարի առաքելությամբ միանգամայն արդարացված է եղել եւ դա շարունակում է մնալ մեր ներքաղաքական կյանքի կայունության ու հանդուրժողականության առանցքը: Մեր պայմաններին համապատասխան, կարծես թե արվել է առավելագույնը` արժեքային նոր համակարգի անշրջելիությունն ապահովելու համար: Ի դեմս ԼՂՀ սահմանադրությանՙ մենք ստացանք ժողովրդավարության, ազատության եւ անկախության լուրջ երաշխիք, որից պետք է բխեն մեր հետագա բոլոր քայլերը:
- Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող խորհրդարանական 4 կուսակցությունները հանդես են եկել նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի պաշտպանությամբ: Երեւույթը խրախուսելի է քաղաքական հանդուրժողականության տեսանկյունից, բայց համոզվա՞ծ եք, որ միասնական թեկնածուիՙ Բակո Սահակյանի նախագահ ընտրվելու դեպքում կուսակցությունները նույն միասնականությամբ մինչեւ վերջ պաշտպանելու են Բակո Սահակյանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:
- Ես կուզենայի չկասկածել, որ կուսակցությունները շարունակելու են մնալ ինքնուրույն քաղաքական դերակատարներ, եւ նախագահական ընտրությունների կապակցությամբ դրսեւորած այդ միասնականությունը կաղապար չի լինելու ոչ նոր նախագահի, եւ ոչ էլ քաղաքական կուսակցությունների համար: Ավելին, համոզված եմ, որ համատեղ հայտարարությունը ստորագրած կուսակցություններից ոչ մեկը քաղաքական ինչ-ինչ հաշվարկների պատճառով չէ, որ միացել է դրան:
Իսկ այն հանգամանքը, որ խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական կուսակցությունները հանդես են եկել միասնական թեկնածուի պաշտպանությամբ, խոսում է միայն այդ ուժերի պատասխանատվության մասին: Դատեք ինքներդ, այդ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող էր ընտրությունների գնալ սեփական թեկնածուով, բայց, ինչպես դա լինում է երկրի համար ճակատագրական պահերին, գերակշռեց խոհեմությունը, միավորվելու պահանջը: Եվ փոխանակ այդ աննախադեպ քաղաքական երեւույթին համարժեք գնահատական տրվեր, միանգամից ու չգիտես ինչու անհասկանալի մեկնաբանություններ արվեցին:
Ուզում եմ կարեւորել այն փաստը, որ Բակո Սահակյանին որպես միասնական թեկնածուի պաշտպանելու որոշումն ընդունվել է ծրագրային հենքի վրա, այսինքն, մենք փորձել ենք երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների օրակարգը դարձնել այն առանցքը, որի շուրջը կարող են միավորվել նախագահի թեկնածուն եւ քաղաքական կուսակցությունները: Գուցե հետագայում կլինեն որոշ տարակարծություններ համաձայնեցված օրակարգի իրականացման տեմպերի կամ այլ հարցերում, բայց դա, կարծում եմ, ողբերգություն չի լինի: Նախ, ամեն մի կուսակցություն ազատ է իր որոշումները վերանայելու հարցում եւ, երկրորդ, մենք միշտ էլ կարող ենք քննարկել ու լուծումներ գտնել խնդրահարույց հարցերի համար:
Կարծում եմ, եթե ոչ հիմա, ապա որոշ ժամանակ անց մենք կարիք կունենանք ներկա ընտրությունների որոշ առանձնահատկությունների մասին խոսելու: Բայց արդեն այս պահին նկատելի է հանրային սեկտորի եւ ոչ պետական լրատվամիջոցների ակտիվ միջամտությունը ընտրություններին: Այդ ինստիտուտները, որ պիտի ունենան ապաքաղաքական հանձնառություններ` մասամբ կամ լիովին ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Բարեբախտաբար, պետական ու քաղաքական կառույցները չեն հակազդում: Երեւույթը խորքային է, իհարկե, ունի իր բացատրությունը, բայց ամեն ինչ` իր ժամանակին:
- Իսկ նախնական գնահատականներո՞վ...
- Խնդրեմ, գաղտնիք չեմ տեսնում, այս պահին կարող եմ ուրվագծել հետեւյալը. մեր հանրային-քաղաքական կյանքում հայտնվել են բազմադեմ գործիչներ: Նույն մարդը ե՛ւ քաղաքական կուսակցության առաջնորդ է, ե՛ւ հասարակական կազմակերպության ղեկավար, ե՛ւ անկախ լրատվամիջոցի հիմնադիր կամ խմբագիր: Ու ստացվում է, որ երբ պետք է` կուսակցական է, երբ չէ` ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչ, իսկ եթե դրանց կարիքը չկա, անկախ լրագրողի պահեստային կարգավիճակը կա ու կա:
Մոտավորապես նույն կերպ մարդկանց որոշ խմբեր ե՛ւ իշխանություն են, ե՛ւ ընդդիմություն: Ես հասկանում եմ, որ նման պահվածքը տեղավորվում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ, բայց հույս ունեմ, որ բնակչությանը զարմանքի մեջ պահող մեր գործընկերները գոնե իրենք իրենց հանդեպ կողմնորոշվել են:
- Հայաստանի որոշ հասարակական-քաղաքական շերտեր սկսել են ուղղակի կամ անուղղակի ձեւով միջամտել ԼՂՀ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացներին: Ինչպե՞ս եք դա գնահատում:
- Հարցի ճիշտ ընկալումը պահանջում է այն տարանջատել երկու մասի. միանգամայն բնական է, երբ Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ԼՂՀ-ի գործընթացների հանդեպ: Ուրիշ կերպ լինել չի կարող, եւ մեր հիմնական ձեռքբերումներից մեկը հենց այն է, որ մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ անտարբերության զգացում չպիտի լինի: Բայց չմոռանանք նաեւ, որ այդ երկու հատվածներն այսօր ինքնուրույն պետականության կրողներ են, եւ միջամտությունը` հուշարարության, հանձնարարության կամ դասեր տալու տեսքով, չի կարող ընդունելի լինել, առավել եւս` դրսի աչքի համար:
Կարծում եմ, ԼՂՀ-ում անցկացված նախորդ բոլոր ընտրությունները բոլորիս հիմք են տալիս վստահել արցախահայության ընտրությանը եւ հավատալ ժողովրդի կամքին: Ցավալին այն է, որ շատ հաճախ փորձեր են արվում սիրողական մակարդակով, Ստեփանակերտից ստացած մեկ-երկու կցկտուր լուրերի հիման վրա «ոտի վրա թխած» վերլուծություններ հրամցնել հանրությանը: Դրանք այնքան հեռու են իրականությունից, որ սկսում ես կասկածել հեղինակների անաչառությանն ընդհանրապես:
Ամեն մի հերթական ընտրություն, կոնկրետ խնդիրներ լուծելով հանդերձ, կոչված է նաեւ թարմություն ու լրացում բերելու մեր ընտրական մշակույթի ավանդույթներին: Սակայն այս կարգի նորամուծությունները միայն խառնաշփոթ են ստեղծում: Արցախը Մոզամբիկ չէ եւ նրա մասին վերլուծություն գրելու համար պետք է ոչ միայն Արցախում, այլեւ Արցախով ապրել:
- Պարոն Ղուլյան, նախքան խորհրդարանի նախագահ ընտրվելն աշխատել եք ԼՂՀ արտգործնախարարությունում, մի որոշակի փուլում ղեկավարելով նաեւ հիշյալ գերատեսչությունը: Կարգավորման գործընթացի նրբություններին բավականին իրազեկ լինելով, ի՞նչ եք կարծում, բանակցություններին Ղարաբաղի միանալը կնշանակի վերադարձ դեպի 1997 թվակա՞ն, թե՞ էական առաջընթաց բանակցություններում:
- Այս թեմայով որեւէ համեմատություն միշտ կաղում է, երբ փորձում ենք կանխատեսել դրա հնարավոր հետեւանքները: Ոչ ոք չի կարող պնդել, թե ինչ կնշանակի Ղարաբաղի միանալը բանակցություններին, կամ ու՞ր կտանի: Մի բան, որ կարելի է միանշանակ հաստատել` բանակցությունները միայն կշահեն դրանից: Տեսեք, ինչ է ստացվում. Ղարաբաղի ճակատագրի մասին քննարկումներ են ընթանում առանց Ղարաբաղի: Կարո՞ղ եք մեկ ուրիշ` նախկին կամ ներկայիս հակամարտություններից օրինակ հիշել, երբ կարգավորումը ընթանում է առանց հիմնախնդիրը կրողի անմիջական մասնակցության: Եվ այստեղ խնդիրը վստահության մեջ չէ, որով փորձում են հակադարձել մեր հարցադրումը:
Հակամարտության կարգավորման տրամաբանությունը (էլ չեմ ասում միջազգային փաստաթղթերով ամրագրված ձեւաչափի մասին) միանշանակ խոսում է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցության օգտին: Իհարկե, Ադրբեջանը չի կարող շահագրգռված լինել այդ ձեւաչափի վերականգնման հարցում, քանի որ իր առջեւ խնդիր է դրել ժամանակ շահել, մինչեւ կգա, իր կարծիքով, «պայմաններ թելադրելու» ժամանակը: Դրանից ցայտուն թեստ չի կարող լինել. քանի դեռ Ադրբեջանը խուսափում է ԼՂՀ հետ բանակցելուց, ուրեմն նա խնդրի կարգավորման ցանկություն եւ, որ ավելի կարեւոր է, անհրաժեշտ կամք չունի:
- Ո՞րն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում փոխզիջումների հնարավոր սահմանն ըստ ԱԺԿ-ի դիրքորոշման:
- Չեմ կարծում, որ այս կարգի հասկացությունները ենթակա են կուսակցական դիրքորոշումների առանձին սահմանազատման: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, իհարկե, ունի կարգավորման եւ, առհասարակ արտաքին քաղաքականության իր պատկերացումները, բայց այս ոլորտում պետք է կարեւորել միասնական տեսակետները: Մենք ունենք մի քանի ելակետային սկզբունքներ, որոնք մնայուն են լինելու, իսկ մյուս բոլոր հարցերը բանակցությունների առարկա են: Նախ, մեր ժողովրդի վերահաստատած կամքը` երկրի սահմանադրության տեսքով, ինչը ե՛ւ փոխզիջումների սահման է, ե՛ւ առաջընթացի ուղեցույց, ե՛ւ պատվիրան: Չեմ կարող չնշել նաեւ անցյալ տարվա վերջերին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում ընդունված եզրակացությունը, որում հանրագումարի բերելով քաղաքական կուսակցությունների դիրքորոշումները` շատ հստակ արձանագրվել է. «Կարգավորման գործընթացը չի կարող անտեսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունքում փաստացի կայացած անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Հարցազրույցը վարեց ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, Ստեփանակերտ