«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2007-06-28 | #122, 2007-06-29 | #123, 2007-06-30


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Ասում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1997 թ.-ին առաջարկվող փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ձեւակերպմամբ հետաձգվում էր, իսկ հիմա առաջարկվում է հանրաքվեի միջոցով անկախություն: Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանըՙ նախկին եւ ներկա առաջարկների վերաբերյալ ի վնաս վերջինիս համեմատություն անողներին ի գիտություն:

«Ազգի» հարցն ուղղված արտգործնախարարին հետեւյալն էր. «Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին, նշում են, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն համաձյանության հասնելու համար: Ո՞ր կողմը պետք է դրսեւորի այդ կամքը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի պատասխանատուները խոսում են Ադրբեջանի կողմից այդ կամքը դրսեւորելու անհրաժեշտության մասին: Հայկական կողմի համար անընդունելի կետեր փաստաթղթում չկա՞ն»: Ի պատասխան Վարդան Օսկանյանը հայտնեց, որ հայկական կողմի համար էլ կան անընդունելի կետեր, բայց «մեծ հաշվով Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայություն կա»: Ըստ արտգործնախարարի, «հասել ենք մի կետի, որից հետո Ադրբեջանը պետք է քայլ կատարի»: Ասվածին Վարդան Օսկանյանը ավելացրեց, որ թեեւ իր ասածը ընկալվում է որպես հայկական կողմի տեսակետ, բայց ինքը ճշմարտությունն է ասում:

Մեր մյուս հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը համարժեք պատասխան չի տալիս Ադրբեջանի կտրուկ եւ ռազմատենչ հայտարարություններին, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ Ադրբեջանի հարձակողական հայտարարությունները քննադատվում են միջազգային հանրության կողմից (նման դեպք դժվար է հիշել-Ա. Մ.): Բացի այդ, նա այն կարծիքին է, որ «մենք պետք է մեր հայտարարություններով նպաստենք բանակցություններին»: Սակայն փաստենք, որ ադրբեջանական կողմը նման մտահոգությամբ երբեք չի տարվել: Ինչեւէ: Վարդան Օսկանյանը, պատասխանելով լրագրողների մյուս հարցերին, դարձյալ չցանկացավ խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող մանրամասների մասին: Նա միայն ասաց, որ բոլոր հարցերըՙ կարգավիճակ, գրավյալ տարածքներ, Հայաստանի հետ ցամաքային կապ, փախստականներ եւ այլն, դրված են փաստաթղթի հիմքում: «Սակայն քանի դեռ 100 տոկոսով չի ճշտվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող», իր տեսակետը հաստատեց արտգործնախարարը:

«Կոսովոյի հարցի կարգավորումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա» հարցի կապակցությամբ Վարդան Օսկանյանը այն կարծիքը հայտնեց, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունը, եւ նրանցից որոշները խստորեն տարբերվում են մյուսներից: Հետեւաբար Կոսովոն Հայաստանը նախադեպ չի դիտարկում, որովհետեւ հնարավոր է, որ որեւէ լուծման դեպքում վնասվեն մեր շահերը: Մասնավորապես անկախության դեպքում միջազգային հանրությունը կարող է որոշել, որ դա վերջին դեպքն է եւ նախադեպ չի համարվելու: Իսկ եթե այդ անկախությունը չտրվի, ապա Լեռնային Ղարաբաղին կարող են ասել, որ եթե Կոսովոն անկախ չդարձավ, ապա դուք ի՞նչ եք ուզում: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղն արդեն ընտրել է իր ուղին, փաստացի անկախ է, եւ մենք պետք է հասնենք նրան, որ այդ անկախությունն իրավաբանորեն ճանաչվի: Իր խոսքն ամփոփելով, ասաց Վարդան Օսկանյանը: Այնուհետեւ նա տեղեկացրեց, որ համանախագահներն այժմ վերլուծում են Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը, եւ նոր առաջարկներով նրանց հանդես գալու նշանները կան: Առաջիկայում հնարավոր են արտգործնախարարների հետ նրանց առանձին-առանձին հանդիպումները:

Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համաժողովի գագաթաժողովի ժամանակ կայացած Օսկանյան-Գյուլ հանդիպման մասին խոսելով, Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ քննարկվել են երկու խումբ հարցերՙ երկկողմ հարաբերություններ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Երկկողմ հարաբերությունների հարցում թուրքական կողմի դիրքորոշումն անփոփոխ է մնում: Սակայն Վարդան Օսկանյանը դրական է համարում հանդիպման փաստը, ինչպես նաեւ Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսը ավելի քան 40 լրատվամիջոցների ներկայությամբ: Բացի այդ Վարդան Օսկայանը Հայաստանի մոտեցումները ներկայացրել է CNN turk-ի եւ Մեհմեդ Ալի Բիրանդի հեռուստահաղորդումների ժամանակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4