Դատախազը պահանջում է կազմակերպիչների համար ցմահ, իսկ մասնակիցների համար` 7,5-30 տարվա բանտարկություն
Երեկ Ստամբուլում սկսված Հրանտ Դինքի սպանության գործով 18 մեղադրյալից 12-ի համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Սպանության գործը վարող դատախազների մեղադրականում Էրհան Թունջելի համար «Հրանտ Դինքի սպանությունը նախաձեռնելու» մեղադրանքով պահանջվում է ցմահ բանտարկություն, իսկ «հանցավոր զինյալ խումբը ղեկավարելու» համարՙ 22,5-48 տարի ազատազրկում:
Դատախազները «Հրանտ Դինքի սպանությունը պատվիրելու» մեղադրանքով ցմահ բանտարկություն են պահանջում նաեւ Յասին Հայալի համար, միաժամանակ «հանցավոր զինյալ խումբը ղեկավարելու եւ ապօրինաբար զենք կրելու», ինչպես նաեւ «Օրհան Փամուքին սպառնալու» համար` 18-30 տարվա ազատազրկում:
Ինչ վերաբերում է մարդասպան Օգյուն Սամասթին, ապա դատախազները նկատի ունենալով, որ նա դեռ 18 տարեկան չկա, ուստի նրա համար «Հրանտ Դինքի սպանությունն իրագործելու» մեղադրանքով 18-24 տարի, իսկ «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ ապօրինաբար զենք կրելու» մեղադրանքով էլ 18-30 տարվա ազատազրկում են նախատեսել: Մեղադրյալներից կալանվածների համար «Հրանտ Դինքի սպանության կազմակերպմանն օժանդակելու եւ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով նախատեսվում է 22-35 տարի ազատազրկում, իսկ մյուսների համար` «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ կատարված հանցանքը քողարկելու» մեղադրանքով 7,5-16 տարվա ազատազրկում:
Ի դեպ վերջիններիս թվում են «Մեծ միասնություն» կուսակցության Տրապիզոնի եւ Էրզրումի նահանգային վարչության ղեկավարները: Մարդասպան Սամասթի անչափահասության պատճառով դատական նիստը նախատեսվում է դռնփակ: Սա նշանակում է, որ դատավարությանը կմասնակցեն մեղադրյալները, հանգուցյալ Դինքի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ կողմերի իրավապաշտպանները: Չնայած դրան, դատավարությունը մեծ հետաքրքրություն է առաջ բերել Ստամբուլում, ոստիկանության ձեռնարկած անվտանգության արտակարգ միջոցառումների ներքո դատարանի մուտքի մոտ են հավաքվել բազմաթիվ թուրք եւ օտարերկրյա լրագրողներ եւ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:
«Արդարություն ենք պահանջում» կարգախոսով նրանց են միացել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ մտավորականներ, որոնց ցույցը ավարտվել է մամուլի հաղորդագրության հրապարակումով: Ինչպես հուլիսի 2-ին կայքէջում նշել է «Ենի շաֆաք» թերթը, ելույթ է ունեցել հանգուցյալ Դինքի ընտանիքի իրավապաշտպան Ֆեթհիե Չեթինը, մասնավորապես ասելով. «Մեզ են պաշտպանում նաեւ փաստաբանների միությունների նախագահները, որոնցից շատերը ներկա կլինեն դատական նիստին: Այս պահին Դինքի ընտանիքի իրավունքները պաշտպանելու համար մեզ են դիմել երկրի տարբեր ծայրերից 600 փաստաբաններ»:
Հիշեցման կարգով նշենք, որ մարդու իրավունքների պաշտպան Ֆեթհիե Չեթինը, որին 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո կալանել էր գեներալ Քենան Էվրենի վարչակազմը, հեղինակն է աղմկահարույց «Մեծ մայրս» գրքի, եղել է նաեւ այս տարվա հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի իրավապաշտպանը դատավարություններում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ