ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդյոք խորհրդարանում քննարկվող օրենսդրական փաթեթի նպատակը «Ազատություն» ռադիոկայանի փակմա՞նն է վերաբերում. այս կասկածը մեր խորհրդարանականներից շատերը չունեին, նրանք համոզված էին, որ այդպես է: Մեկ-երկուսը փորձում էին հակառակը նշել, օրինակ` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, չգիտեմ ինչից ելնելով այնպիսի համոզվածություն ուներ, թե ստիպված այդպիսի բան ասաց եւ հարցի քննարկման ավարտին հնչեցրած իր ելույթում էլ պնդեց. «Ես գտնում եմ, որ սա (փաթեթի ընդունումը-Մ. Խ.) չի կարող հիմք լինել «Ազատության» փակման համար»: Սակայն հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այդպիսի համոզվածություն չարտահայտեց: Պատասխանելով այն հարցին, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու եւ «Պետտուրքի մասին» օրենքը լրացնելու օրենսդրական փաթեթի ընդունմամբ փակվելո՞ւ է արդյոք «Ազատություն» ռադիոկայանը, նա նկատեց. «Նայած ինչպիսին է ռադիոկայանի կարգավիճակը. եթե խոսքը պատրաստի նյութի տրամադրման մասին է` ոչ, եթե վերաբերում է հեռարձակմանը եւ հաճախականությունը տրամադրում է մեկ այլ հեռարձակող (ինչպես տվյալ դեպքում է-Մ.Խ.), ապա անպայման կվերաբերի»: Երեկ արդեն, առաջին ընթերցումից հետո առաջարկները ներառող փաթեթում մտցվել էր հեռարձակողին նյութը պատրաստողից տարբերակող դրույթը:
Փաթեթը երեկ արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվեց-ավարտվեց, այսօր կկայանա քվեարկությունը, գուցեեւ արժեր այդ քննարկումը մանրամասնորեն ներկայացնել, ինչպես սովորաբար վարվում է «Ազգը»: Սակայն այս անգամ ներկայացնենք քննարկման արդյունքում եւ օրինագծի ընդունումից հետո հասարակության մեջ հնարավոր ռեզոնանսի վերաբերյալ մեր նկատառումները` խորհրդարանական քննարկման ընթացքում հնչած մտքերից օգտվելով: Այո, կարծես թե օրենսդրական փաթեթի արդյունքում հնարավոր է «Ազատության» եթերազրկումը, որովհետեւ 60 հազար դրամ պետտուրքը յուրաքանչյուր հաղորդման համար (օրական 3 հաղորդում+ երիտասարդական «Մաքս-Լիբերտին») պետտուրքի վճարումը, երեք-չորս մասնավոր ռադիոկայանից ժամերի վարձակալումը` երկրի ողջ տարածքում եթերասփռում ապահովելու համար, այն էլ` եթե այդ ռադիոկայանները համարձակվեն իրենց եթերը վաճառել, արժենալու է տարեկան 700-800 հազար դոլար, իսկ որոշ հաշվումներով` մեկ միլիոն. շատը թանկ է նստելու հայկական «Ազատությունը» Կոնգրեսի վրա: Սակայն խնդիրն անգամ փողը չէ, որովհետեւ այդ նույն Կոնգրեսը կարող է ձեւ գտնել ու եկող տարի մի քանի միլիոնով նվազեցնել տարեկան օգնությունը Հայաստանին ու այդպես նոր միջոցներ չներդնելով ապահովել «Ազատության» հեռարձակումը: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է` թե ինչու հենց այս պահին, նախագահական ընտրություններից առաջ ծագեց այդպիսի անհրաժեշտություն, ինչո՞ւ փետրվարից մի քանի ամիս հնարավոր էր առանց պայմանագրի «Ազատության» հեռարձակումը, այդ խախտումը հանրային ռադիոընկերությունը թույլ էր տալիս եւ չէր ընդհատում առանց պայմանագրի հեռարձակումը: Խնդիրն այն է, որ արդեն շատ տարիներ այս օտարերկրյա պետության ռադիոկայանը հեռարձակվում է, նրան հաճույքով հարցազրույցներ են տալիս մեր պետական այրերը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, նրանցից շատերը հաճախ լավ կարծիքներ են հայտնել ռադիոկայանի աշխատանքի մասին` հաճոյախոսություններ չխնայելով, ու նրանցից ոչ մեկը չէր գիտակցում, որ հակապետական ռադիոկայանի են հարցազրույց տալիս (ինչպես որ կուլիսներում ասվում է): Կամ նույն հանրային ռադիոյի հաղորդավարը «Ազատությունից» առաջ եւ հետո ունկնդրին չէր զգուշացնում, որ այս կայանում հնչած տեսակետները չեն համապատասխանում մեր պետական տեսակետներին, կամ նրա վարած լրատվական քաղաքականությունը եւս հեռու է մեր պետության շահերն արտացոլելուց:
Իսկ ինչպե՞ս պատահեց, որ «Ազատությունը» դարձավ միակ այլընտրանքը մեր հեռուստառադիոլրատվական դաշտում, միակ հույսը լիարժեք լրատվություն ստանալու համար, ինչպես որ ամպագոռգոռ հայտարարում են լրագրողական որոշ կազմակերպություններ: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կարող էր պատահել, որ «Այլընտրանքային լրատվամիջոց» անվանումը կրող հեռուստաընկերությունը չի կարող այլընտրանք լինել եւ քաղաքական ողջ սպեկտրի վերաբերյալ լրատվություն ապահովել, ինչո՞ւ եւ ինչպե՞ս գոյություն չունեն երկու-երեք հեռուստա կամ ռադիոընկերություն, որոնք միայն պետությանը հարմար տեսակետներ չեն տարածի, այլ` երկրի ընդդիմադիր քաղաքական հատվածինը նաեւ, ընդդիմություն դարձած այն 30 տոկոս ընտրազանգվածինը նաեւ, որն իր ձայներն այս խորհրդարանական ընտրություններին տվեց ընդդիմադիր կուսակցություններին. ինչու պիտի ասենք «Ա1 պլյուս», «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, գուցե մեկ-երկու ռադիոկայան օր ու գիշեր բազմակարծ եթեր «չտժժացնեին», որոնք գոլորշի բաց կթողնեին, որտեղ այս երկրի ոչնչից չվախեցող մեծամասնությունն իր պետական մոտեցումներով բանավեճերում կոչնչացներ «ապազգային» ընդդիմությանը (թող կարողանար), ժողովրդավարությունն էլ կլիներ ոչ թե թղթի վրա, այլ դե ֆակտո: Որպեսզի ես ամոթի զգացումով չլսեի մեր լրագրողական կազմակերպությունների բարձրագոչ հայտարարությունները, թե այսպես ու այսպես` փակում են միակ ազատ խոսքի ամբիոնը, քանի որ այդ ամբիոնի տերը այլ պետություն է: Բա լավ, ավելի լավ չէ գետինը մտնենք, եթե մեր լրատվական այլընտրանքն այլ երկիր է ապահովում (խոսքը մամուլին չի վերաբերում): Մյուս կողմիցՙ անհեթեթություն է նաեւ օտարերկրյա պետությունից սնվող լրատվամիջոցի մասին այս խոսակցությունը, եթե այդ սնող պետությունն ամեն տարի մեր պետությանը որպես օգնություն մի քանի տասնյակ միլիոն է տրամադրում, «Հազարամյակի մարտահրավերների» խողովակ եւ այլն: Գուցե ճիշտ բան կա «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանի ասածի մեջ, որը վերլուծելով հանգել էր այն մտքին, ինչով էլ զգուշացրեց երեկ օրինագիծը քվեարկողներին. «Խորհրդարանական ուժերը պետք է հասկանան, թե ո՞ւմ է պատկանում այս սցենարը, ո՞ւմ է պետք խոսքի ազատության սահմանափակումը նախագահական ընտրություններից առաջ, ո՞ւմ է պետք, որ ինչ-որ մեկը արեւմուտքի մոտ խնդիրներ ունենա»...
Անկախ այս բոլորից` ինձ համար վիրավորական է ռադիոհեռուստատեսության ոլորտի այս վիճակը, որի մասին հայտարարում են, թե միակ այլընտրանքը օտարերկրյա պետությունից սնվող լրատվամիջոցն է` չնեղացնելով այնտեղ աշխատող երեք-չորս իրենց գործը լավ անող իմ գործընկեր պրոֆեսիոնալներին ու նաեւ` եթերն ինչ-որ քաղաքական նպատակների համար օգտագործող մյուսներից. ա՛յս մասին է պետք մտածել «պետության շահ եւ ազգային անվտանգության խնդիր» բառերն արտասանելուց առաջ:
Մեր ազգային անվտանգության խնդիրների մեջ այս պահին մտնում է այլակարծության ու ժողովրդավարության ապահովումը նաեւ, սակայն` մեր տեղական լրատվամիջոցների ուժերով նախ: