Չնայած երեկ խորհրդարանական ընդդիմությունը համոզված էր, որ հենց ինքն է տապալել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ «Պետտուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող փաթեթի երկրորդ ընթերցմամբ ընդունումը, սակայն ամենայն հիմքերը կային պնդելու, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը շատ ուզենար, կամ նրան հրահանգված լիներ անպայման անցկացնել օրենքի երկրորդ ընթերցումը, նա իր մեկ` կոալիցիոն, եւ մյուս` հուշագրային գործընկերների` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ անպայման կապահովեր մեծ ներկայություն եւ կողմ ձայների բավարար քանակ (քվորում): Մինչդեռ ՕԵԿ-ի եւ «ժառանգության»` քվեարկությունը բոյկոտելուց հետո ընդամենը 63 կողմ, ոչ մի դեմ, երկու ձեռնպահ ստացած, քվորում չապահոված փաթեթի քվեարկության պատկերին նայելով հենց կարելի էր տեսնել, որ քվեարկությանը չեն մասնակցել այդ օրը խորհրդարանում ներկա շատ հանրապետական պատգամավորներ, ՀՅԴ-ից մեկ կողմ է եղել, իսկ «Բարգավաճ Հայաստանը», որ խոստացել էր կողմ քվեարկել օրինագծին, բավական բացականեր ուներ, եւ անգամ չքվեարկած պատգամավորներ: Ասածս այն է, որ հավանաբար ինչ-որ բան փոխվել է այն բանից հետո, երբ Մ. Նահանգների պետքարտուղարության կոշտ հայտարարության շորշոփը հասավ խորհրդարան, եւ որքան էլ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասում էր` ի՞նչ կապ ունի այլ երկրի Պետդեպի հայտարարությունը մեզ հետ, միեւնույն է, այդպիսի զարգացումը մի պահ երկմտանքի մեջ էր գցել այս սցենարը նախապես գծողին, որն այլեւս չէր ջանացել փաթեթի երկրորդ ընթերցում ապահովել: Առայժմ: Ու թեեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը ոչ պաշտոնական զրույցում քվեարկությունից ընդամենը մեկ ժամ առաջ համոզված էր, որ օրինագիծը կընդունվի, այդ մեկ ժամվա ընթացքում ինչ-որ բան փոխվել էր, անկախ նրա համոզվածությունից: Բոլոր դեպքերում երեկ խորհրդարանում թեժ էր, ՀՀԿ-«Ժառանգություն» 20 րոպեանոց ընդմիջումներ վերցրեցին միմյանց դեմ պայքարելու համար, մրցամարտը քվեարկությունից առաջ ոչ-ոքի էր` երկուական վերցված 20 րոպեանոց ընդմիջում: «Ժառանգությունը» շարունակում էր նախորդ օրերի նման խաղալ ԱԺ նախագահի նյարդերի հետ` վարման կարգի վերաբերյալ միաժամանակյա 7 ձայն խնդրելով, ԱԺ նախագահի նյարդերն էլ երբեմն չէին դիմանում` «Անջատել խոսափողը» խոսքերով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընդունել էր անդրդվելի կոնգրեսականի կեցվածք` ինչ ասում էին, ինչպես փորձում էին դաս տալ սկսնակներին` նա ու իր 6 պատգամավորը անդրդվելի էին, շարունակում էին վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրել: Իհարկե, «Ժառանգությունն» ամբողջովին էմոցիա էր, քվեարկության ժամանակ էլ նրա պատգամավորները խառնվել-կիսվել էին լրագրողների հետ ու կանգնած հետեւում էին, թե ո՞ր պատգամավորը քանի կոճակ է սեղմում, եւ պնդում էին` «Երկար պահեք տաբլոն», դրանից առաջ էլ միջանցքում հետեւել էին Վիկտոր Դալլաքյանի` քվեարկությանը չմասնակցելու, այդպիսով քվորումը տապալելու «ինստրուկտաժին», իսկ քվեարկությունից հետո Լարիսա Ալավերդյանը ուրախ հարցազրույց տվեց «Ազատությանը», թե բա` սա սկսնակների առաջին հաղթանակն էր փորձառուների ջգրու, նաեւ ժողովրդավարության հաղթանակը, եւ դրա մեջ գուցե թե ճշմարտության մաս կար: Սակայն ամենայն համոզվածություն ունենք, որ առայժմ օրինագծի նախաձեռնողները նահանջեցին` ավելի լավ մտածելու եւ իրենց վրա հակաժողովրդավարականի պիտակներ չվերցնելու համար: Իսկ ԱՄՆ Պետդեպի խոսնակը երկուշաբթի տարածել էր այդ օրինագծի վերաբերյալ մի հայտարարություն, ըստ որի նրանց (ամերիկացիներին) կմտահոգի յուրաքանչյուր օրենսդրություն, որը կսահմանափակի Հայաստանում «Ազատության» հնարավորությունները. «Երեւանում ԱՄՆ դեսպանությունը մեր մտահոգությունները բարձրաձայնել է Հայաստանի խորհրդարանի հետ հանդիպման ժամանակ», ասված է հայտարարության մեջ: Իսկ մենք մտածելու բան ունենք` մեր երկրում ժողովրդավարություն եւ լիարժեք խոսքի ազատություն ապահովելու առումով, որպեսզի դրանով չզբաղվեն ուրիշները: Մխիթարականն այստեղ այն է, որ «Ազատության» մեր գործընկերները չեն զրկվի եթերից եւ աշխատելու հնարավորությունից: Փաթեթն այսպիսով առայժմ չընդունվեց, պայմանագիր էլ փետրվարից «Ազատությունը» հանրային ռադիոյի հետ չունի. ինչպե՞ս են ծավալվելու աշխատանքային հարաբերությունները այս երկու միավորների միջեւ այսուհետեւ: Այս հարցի պատասխանն առայժ հանրային ռադիոյի ղեկավարությունից չստացանք` հանրային ռադիոխորհրդի նախագահ Արմեն Ամիրյանի հեռախոսը չէր պատասխանում, իսկ «Ազատության» տեղական գրասենյակի ղեկավար Ատոմ Մարգարյանը նախ նկատեց, որ այդ հարցին կարող են պատասխանել հանրային ռադիոյի եւ իրենց ռադիոկայանի ղեկավարները, այնուամենայնիվ հիշեցնելով. «Ինչ վերաբերում է պայմանագիր չունենալուն` պայմանագիր առաջարկվել է ժամանակին, թող ստորագրեին, դիմեք այդ հարցով նրանց, ովքեր չեն ստորագրել»: Համենայնդեպս, միակողմանի պայմանագիր չի լինում...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ