Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը երեկ, հանդիպելով լրատվամիջոցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ` նրանց ասել էր, թե վերջին օրերին Հայաստանի խորհրդարանում քննարկվող եւ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները սահմանափակել ենթադրող օրինագծի առթիվ մտահոգությունները փոխանցելու է Հայաստանի ղեկավարությանը: Ազգային ժողովում երեկոյան կողմ նախատեսված նրա մամուլի ասուլիսն ուշացավ, քանի որ հենց օրվա երկրորդ կեսին նա հանդիպում էր ունենում Հայաստանի նախագահի հետ: Ուշացած ներկայանալով ասուլիսին` այդ հանդիպումը նա բաց եւ հետաքրքրական գնահատեց, որտեղ քննարկվել էին հայաստանյան եւ տարածաշրջանային զարգացումները, Եվրոպայում տիրող իրավիճակը: Նա շնորհավորեց լրագրողներիս Հայաստանում անցկացված շատ լավ ընտրությունների վերաբերյալ, իսկ ընտրությունների թերությունները նա դասեր անվանեց ապագայի համար: Մինչդեռ Եվրոպայի խորհրդի համար ընտրություններից առավել կարեւորեց ԶԼՄ-ների դերը որպես լավ ընտրությունների նախապայման. «Հայաստանում ԶԼՄ-ները պետք է լինեն բաց, ազատ, մատչելի բոլորի համար», ասաց նա` անկախ ԶԼՄ-ների դերը հավասարեցնելով անկախ դատական համակարգի դերին ժողովրդավարության զարգացման գործում: ԶԼՄ-ների մասին նոր օրենքի քննարկմանը հանձնարարեց հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու առաջարկները:
Երկու` մեզ համար ոչ այնքան հաճելի դիտողություն արեց` հարեւանների հետ հարաբերությունների հարցում առաջընթաց նա չէր տեսել երկու տարի առաջվա իր այցելությունից հետո ընկած ժամանակաընթացքում եւ... ԼՂՀ ընտրությունները չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից: Ճանաչվեն-չճանաչվեն` ԼՂՀ-ն վաղուց արդեն պետություն է` իր ատրիբուտներով ու կառույցներով:
Անմիջապես «Ազատությունը» հնչեցրեց իր հարցը` սպառնացող եթերազրկման վտանգի, ինչպես նաեւ Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու փաստի (Ա. Արզումանյան, Ժ. Սեֆիլյան, Վ. Մալխասյան) վերաբերյալ: Պարոն վան դեր Լինդենի պատասխանն առավել տեսական էր` թե Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ հանդիսացող Հայաստանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, Հայաստանը մոնիտորինգի տակ է, իսկ վերջինս էլ պատժի տեսակ չէ, այլ օգնություն պարտավորությունների կատարման համար: Քաղբանտարկյալներ ունենալն էլ ընդունելի չէ, բայց այդ խնդիրը նրա կարծիքով պետք է լրջորեն ուսումնասիրվի, եթե կան քաղբանտարկյալներ` պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Այստեղ խառնվեց ասուլիսին ներկա ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ասաց, թե ամեն մարդու հայտարարություն չի կարող հիմք լինել երկրում քաղբանտարկյալների գոյության մասին: Եվ հիշեց Աշոտ Բլեյանի դեպքը, երբ ժամանակին ասվում էր` քաղբանտարկյալ է, մինչդեռ եկան ու տեսան` այդպիսի բան չկա:
Հարեւանների հետ լավ հարաբերություններին նպաստո՞ւմ է Թերի Դեւիսի վերջին հայտարարությունը` հետաքրքրվեցին լրագրողները ԵԽԽՎ-ի նախագահից. «Եվրոպայի խորհուրդը հակամարտության մաս չէ, անաչառ կողմ է, եւ պետք է նպաստի, եւ ոչ թե խոչընդոտի», ասաց եվրոպական բարձր հյուրը: «Ազգը» հետաքրքրվեց, թե հատկապես ԼՂՀ հարցի լուծման առաջարկների ո՞ր դետալներն են դժվար ընդունելի Հայաստանի համար, որոնց վերաբերում էր նրա` վերջերս արած հայտարարությունը երկու երկրների, այդ թվում` Հայաստանի, հասարակություններին նախապատրաստելու վերաբերյալ: Հարցը դիվանագիտական պատասխան ստացավ` ոչ ավելի, «կարեւորը լարվածություն եւ առճակատում չլինի» տոնայնությամբ, ինչի համար շատ պետք է աշխատեն մեր քաղաքական գործիչները:
«Ա1 պլյուսի» վերաբացման հարցը եւս նա ընդհանրացրեց` ԶԼՄ-ների անկախության համատեքստում, բայց կրկին առանձնացվեց «Ազատությունը», որն ըստ վան դեր Լինդենի` իր լիարժեք տեղը պետք է ունենա Հայաստանի լրատվական դաշտում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ