Սոցվճարումների խոշոր պարտավորություններ ունեն 487 ընկերություններ
2006 թ.-ին 1 մլն դրամ եւ ավելի սոցվճարների պարտավորություններ կուտակած հարկ վճարողներիՙ հարկային պետական ծառայության հրապարակած ցանկում («Ազգ», 28 հունիսի 2007 թ.) կարելի է հանդիպել երկու տարբեր իրավիճակներում գտնվող ընկերությունների: Առաջինըՙ անցյալից տարիներից եկած խոշոր պարտավորություններ ունեցողները ձեռնարկություններն են, որոնց պարտքը փոխանցվել է տարեցտարի: Երկրորդը հաջողությամբ գործող ընկերություններն են, որոնք նախկինում պարտքեր չեն ունեցել եւ հետեւաբար նրանց պարտավորությունների կուտակումն առնվազն տարօրինակ է: Այսպես թե այնպես, Հայաստանի 487 ընկերություններ կուտակել են մոտ 7-8 մլրդ դրամ կազմող սոցվճարների ընդհանուր պարտք: Հիշեցնենք, որ հենց այս վճարումներն են վերածվում թոշակների եւ եթե այստեղ վճարումները չեն կատարվում կամ լավ չեն կատարվում, ապա թոշակները կամ ուշանում են, կամ հնարավորություն չի ստեղծվում դրանք բարձրացնելու:
Ամենախոշոր պարտավորությունն ունի «Նաիրիտը»ՙ 1 մլրդ դրամ, այնուհետեւ «Հայկական ավիաուղիները»ՙ 478 մլն դրամ եւ «Շինուժ» կազմակերպությունըՙ 460 մլն դրամ: Չարենցավանի հաստոցաշինական գործարանը կուտակել է 400 մլն դրամի, «Հայէլեկտրամեքենան»ՙ 380 մլն դրամի պարտք: 100 մլն դրամից ավելի պարտք ունեցողների թվում են Հրազդանի ՋԷԿ-ը (314 մլն դրամ), «Հրազդանմաշը» (266 մլն դրամ), «Լույս» միավորումը (247 մլն դրամ), «Պրոմեթեյ-Խիմպրոմը» (182 մլն դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (163 մլն դրամ), «Դողագործը» (131 մլն դրամ), «Արմավիա» ավիաընկերությունը (112 մլն դրամ) եւ այլն: «Նաիրիտի» կամ արդեն լուծարված «Հայկական ավիաուղիների» դեպքում խոսքը նախկինից եկած պարտքերի մասին է: Այլ է պարագան, օրինակ, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ու «Արմավիայի» դեպքում: Նրանք սոցվճարները չեն վճարել 2006 թ.-ի ընթացքում:
Ի դեպ, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերությունՙ «Միկա-ցեմենտը» նույնպես խոշոր պարտավորություն ունիՙ 94 մլն դրամ: Հիշեցնենք, որ այս ընկերությունը բացակայում էր նաեւ 300 խոշոր հարկատուների ցանկից: Եվ ընդհանրապես կարելի է փաստել հարկային պետական ծառայության հրապարակած ցանկերից, որ վերոնշյալ խոշոր գործարարն այսօր դարձել է Հայաստանի ամենաանպարտաճանաչ հարկատուներից մեկը:
Սոցվճարների գծով մեծ պարտավորություններ է կուտակել մեկ այլ խոշոր գործարարիՙ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»ՙ 46 մլն դրամ: Օտարերկրյա ներդրմամբ (ամերիկահայ Սերոբ Տեր-Պողոսյան) ստեղծված եւ գործող ընկերությունըՙ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը 2006 թ.-ին կուտակել է 32 մլն դրամի պարտավորություն, իսրայելական կապիտալին (Լեւ Լիվաեւ) պատկանող «Շողակնը» չի վճարել 31 մլն դրամի սոցվճարներ, դարձյալ ամերիկյան, ավելի ճիշտ ամերիկահայ կապիտալով «Դողագործը» ձեռք բերած «Ջեներալ տրանսուորլդ մենյուֆեկչրինգը», ազատվելով «Դողագործի» պարտքերից, այսօր արդեն չի բարեհաճում վճարել 26 մլն դրամ կազմող սեփական սոցվճարները: Ապակյա տարաների արտադրության նորաստեղծ «Գլաս ուորլդ քոմփանին» նույնպես սոցվճարների պարտքեր ունեցողների թվում էՙ մոտ 6,5 մլն դրամի: Այնուհետեւ գալիս են ավելի պակաս հայտնի ընկերություններ, որոնց թվում, ցավոք, հայտնվել է «Արմենիա» միջազգային օդանավակայանները»ՙ մոտ 4,5 մլն դրամի պարտավորություն:
Թոշակների բարձրացման մասին ամենից բարձր աղաղակող քաղաքական գործչիՙ Արթուր Բաղդասարյանի հիմնադրած Երեւանի ֆրանսիական համալսարանըՙ 2,4 մլն դրամ ու Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիանՙ 5,3 մլն դրամ պարտավորություններով, նույնպես այս ցուցակում են: Սա եւս մեկ ապացույց է, թե ինչպիսին է տվյալ գործչի խոստումների իրական արժեքը: Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով վերստին պատգամավոր դարձած Մելիք Գասպարյանի «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ընկերությունն էլ ունի մոտ 1,5 մլն դրամ պարտավորություններ:
Ինչպես արդեն նշեցինք, սոցվճարների պարտավորություններ կուտակած ընկերությունները 487-ն են: Թեեւ գումարային առումով ավելի մեծ պարտավորությունները պատկանում են նախկինից եկած պարտքերին, որոնք կուտակել են դեռ գործող ձեռնարկությունները կամ շատ ուրիշ դեպքերումՙ լուծարված ու սնանկ ճանաչվածները, բայց քանակական առումով ավելի մեծ թիվ են կազմում ներկայումս գործողները: Ի՞նչն է պատճառը, որ նրանք չեն վճարում սոցվճարներ:
Ինչպես տեղեկացանք այս ոլորտի մասնագետներից, օրենսդրությամբ նախատեսված որեւէ արտոնություն նրանք չունեն եւ պարտավորություններ կուտակել են երկու հիմնական պատճառներով: Առաջինը այն է, որ համաձայն գործող օրենքի այդ վճարները պետք է կատարվեն տվյալ ձեռնարկության աշխատակիցներին աշխատավարձերի, վերջնահաշվարկի եւ այլ վճարումներից հետո միայն: Սա նշանակում է, որ վերոնշյալ ընկերությունների մի մասն անգամ սեփական աշխատակիցների հանդեպ իր պարտավորությունները չի կատարում եւ աշխատավարձեր չի վճարում ամիսներ շարունակ, ուր մնաց, որ մտածեն թոշակառուների համար կատարելիք սոցվճարները վճարելու մասին:
Եվ երկրորդը պարզապես վճարումների ուշացումն է, այսինքնՙ ֆինանսական անկարգապահությունը, որից տուժում են եւ իրենք ընկերությունները, քանի որ տույժ ու տուգանքներ են ունենում, եւ թոշակառուները: Սակայն միանշանակ է, որ առավել տուժում են վերջիններս, քանի որ նրանք պարզապես անաշխատունակ են եւ կախված են սոցվճարների:
Ամեն պարագայում հերթական անգամ փաստենք, որ չհաշված կայացած եւ աստիճանաբար քաղաքակիրթ բիզնես դարձող սակավաթիվ ընկերություններին, մեր գործարարների գերակշիռ մասը դեռեւս հեռու է բիզնես էթիկայիՙ աշխարհում հանրահայտ նորմերին տիրապետելուց: Գործընկերոջը կամ հաճախորդներին խաբելը, հարկեր կամ սոցվճարներ չվճարելը, աշխատողների աշխատավարձերն ուշացնելն ու դաժանաբար շահագործելը եւ այլն: Սրանք են նրանց մեջ տիրապետող մտածողության պտուղները, ինչն էլ արտացոլված է վերոնշյալ ցանկում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ