Գիտակից հայ մարդը երազում է այն օրվա մասին, երբ մենք հոգածաբար կփայփայենք մեր սահմանադրությունը, ֆիլմ կնարենք մեր կյանքի մասին` այնտեղ սահմանադրության օրը ներառելով, ինչպես որ ամերիկացիներն են նկարել «Անկախության օրը»: Ու մեր սահմանադրության օրը ոչ թե ամեն տարի ցույց կտանք ամերիկյան «Անկախության օրը», այլ հայկական «Սահմանադրության օրը»: Կուզեի, որ մեր սահմանադրությունն իսկապես մտած լիներ մեր մաշկի մեջ, սահմանադրության նորմերը լինեին սրբություն եւ պահպանվեին, սահմանադրությունն ու հայրենիքը համարյա հոմանիշներ լինեին եւ հանուն սահմանադրության ու մեր կյանքի սահմանադրականության հայ մարդիկ զոհողությունների գնային: Բայց դրա համար մեր կյանքն ու սահմանադրությունը գոնե մի 80 տոկոսով պետք է համապատասխանեին իրար: Դրա համար սահմանադրության ընդունումը ժամանակին պետք է տոն դարձած լիներ ժողովրդի համար, դրա համար նախեւառաջ հայ պաշտոնյան ամեն օր չխախտեր սահմանադրությունը` օրինակ դառնալով սովորական հայ մարդու համար:
Բայց ի՞նչ ունենք մենք: Ժամանակին ոչ միակամ ընդունված սահմանադրության ֆոնին` համատարած լուռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր, այսինքնՙ անկախ այդ փոփոխությունների որակից` միշտ հիշվելու է, որ հանրաքվեի օրը կապ չի ունեցել հասարակության մեծ մասի հետ, ու դա կպչում է սահմանադրության վերաբերյալ հայ հասարակ մարդու պատկերացմանը, կպչում է սահմանադրորեն ապրելը հարգելու ու դա միակ կենսաձեւ ընտրելը պարտադիր համարելու բնական ընտրությանը: Դա նպաստում է մատների արանքից նայելու սահմանադրական եղանակով հարցերը լուծելու միակ ճիշտ եւ աշխարհի զարգացած պետությունների քաղաքացիների համար աներկբա գործելակերպին: Ու ի՞նչ ունենք հիմա. ամեն օր սահմանադրությունը խախտող իրավապահներ (բնականաբար` ոչ բոլորը, բայց մեկ է...), պատուհանից դուրս նետված վկա, անտեղի խստությամբ բանտ նետված մի խմբագիր, մի արտգործնախարար, երկու ազատամարտիկ, բնակության սահմանադրական իրավունքից զրկված-պետության գերակա շահից տուժած քաղաքացիներ, աղքատության պատճառով իրենց կրթության սահմանադրական իրավունքն իրացնել չկարողացող երիտասարդներ, պետական հիմնարկների ընդունարաններում քաշքշվող խեղճուկրակ մարդիկ, տեղական իշխանությունը սահմանադրությունից բարձր դրած փոքրիկ իշխաններ... սա է սահմանադրության օրվա Հայաստանը, ու այսպիսի Հայաստանի քաղաքացիներից սահմանադրությունն ու սահմանադրության օրը վեր դասելու պահանջ ներկայացնելը դեռեւս շուտ է:
Շուտ է, բայց անհույս չէ:
Դրա համար էլ պետք է հայ պաշտոնյան իր սխալների համար ներողություն խնդրել իմանա, չստի ու չկեղծի, չգողանա ու չկաշառվի, երկրի առաջին դեմքերը պետք է ապրեն ամենապարկեշտ ու հասարակության համար բոլոր կողմերից տեսանելի կյանքով, պետք է օրենքի եւ իրավունքի երաշխավորը լինեն, ու նախ եւ առաջ իրենք չշրջանցեն օրենքները` այդպիսով հասարակության լայն շերտերին առիթ տալով վերլուծելու եւ նմանվելու հեռատիպ ունենալու երկրիս սահմանադրությունը հարգող իրենց ղեկավարներին: Մնացյալը ժամանակի ու սովորույթների բարերար ազդեցության խնդիր է: Իսկ այսօր դեռեւս սահմանադրության օրը եւ նրա նշանակությունը մենք լիարժեք չենք գիտակցում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ