Ասում են հայրենիքով հպարտ ԹՄՄ Արմենական երիտասարդները
«Հայաստան գալով մեզ ավելի հայացած զգացինք, իմացանք, որ ճիշտ որ հայ ենք, ավելի հայրենասեր դարձանք, հպարտացանք, երբ տեսանք հայրենիքը, մարդիկ, պատմությունը», ասում է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում վերանորոգման աշխատանքներ իրականացնող Կանադայի Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Արմենական երիտասարդական հանձնախմբի փոխնախագահ Արեն Մանուկյանը: Այս օրերին Թեքեյանի անունը կրող դպրոցում բավական ջերմ եւ հուզիչ մթնոլորտ է: Վահան Թեքեյանի անվան դպրոցում կամավորական շինարարական աշխատանքներ կատարելու ծրագրով հուլիսի 2-ից Հայաստան է ժամանել Կանադայի ԹՄՄ Արմենական երիտասարդական խումբը: Մինչեւ 20 տարեկան երիտասարդները Ֆլորիդա Եսայանի գլխավորությամբ Հայաստան են եկել, իրենց խոսքերով ասած, կարեւոր եւ հայրենիքին պետքական բան անելու համար:
«Երբ երկու տարի առաջ սկսեցինք աշխատել երեխաների հետ, նպատակ դրեցինք Հայաստան գալու եւ հայրենիքի համար մի կարեւոր բան անելու` ոչ թե ուղղակի ճամփորդելու համար: Եվ քանի որ այս տարի Թեքեյան մշակութային միության 60-ամյակն է, որոշեցինք այս տարի գալ Հայաստան», պատմում է Արմենական երիտասարդների խմբի ղեկավար Ֆլորիդա Եսայանը: Կանադայի Թեքեյան մշակութային միության երիտասարդական խմբի ուղեկցողը հպարտ է, որ երեխաները հայրենասիրության գաղափարը վաղուց ունեն, թեեւ նրանցից շատերն առաջին անգամ են լինում Հայաստանում, բայց արդեն հայրենիքին օգնելու ցանկություն ունեն: «Մեզ ավելի հաստատուն կապ է պետք Հայաստանի հետ: Երեխաներն առաջին անգամ են ներկարարի վրձին բռնում, բայց հոժարակամ ուզում են դպրոցի միջանցքը վերանորոգել», ընդգծում է Ֆլորիդա Եսայանը:
ԹՄՄ Արմենական երիտասարդները, որ շինարարական գործիքները ձեռքներին աշխույժ աշխատում էին Վահան Թեքեյանի անվան դպրոցում, մեծ ջերմությամբ ընդունեցին «Ազգ»-ին եւ ուրախությամբ կիսվեցին հայաստանյան այցի իրենց տպավորություններով: «Էդքան լսել էինք, պատմության ժամին կարդացել Հայաստանի մասին, բայց չգիտեինք ինչի էր նմանվում: Հիմա ուրախ ենք, որ մեր հայրենիքի, մեր հասակի երեխաների համար մի լավ բան ենք անում», ասում է խմբի ամենափոքրը` Քլոի Բալյանը: Հետո բոլորը պատմում են, որ դպրոցը վերանորոգելու գումարը հայթայթել են պարահանդեսներ, ձեռնարկներ կազմակերպելով, ինչպես նաեւ եռալեզու նամակներ գրելով անգամ օտարներին, որոնք էլ օգնել են իրականացնելու երիտասարդ կանադահայերի ցանկությունը: Վերջին անգամ 1996 թ. վերանորոգում տեսած Թեքեյանի անունը կրող դպրոցը վերանորոգման կարիք իսկապես զգում է: Եվ կանադահայ երիտասարդների 6-օրյա աշխատանքի շնորհիվ դպրոցը կունենա վերանորոգված միջանցք:
ԹՄՄ Արմենական երիտասարդները շատ մեծ տպավորություն են ստացել Հայաստանից` վատն էլ էին շատ լսել, լավն էլ, բայց այսօր մտածում են, որ ամեն դեպքում շատ լավ երկիր է: «Մուրացկան էլ ենք տեսել Գառնի գնալուց, բայց շատ լավ ապրող մարդիկ, շատ լավ բաներ էլ ենք տեսել», ընդգծում է Լորի Մանուկյանը: Արմենական երիտասարդական հանձնախմբի 18-ամյա փոխնախագահ Արեն Մանուկյանն էլ արդեն որոշել է հաջորդ գալուց գյուղեր գնա եւ տեսնի, թե այնտեղի ժողովուրդն ինչ հոգսեր ունի, ինչպես է ապրում: Քլոի Բալյանը վստահեցնում է. «3 շաբաթը շատ քիչ է հայրենիքը տեսնելու համար: Հայրենիքը պետք է մանրամասն տեսնել»: Արի Նազարեթյանն էլ որոշել է հաջորդ անգամ ընտանիքի հետ Հայաստան գալ: Հանձնախմբի փոխնախագահը պատմում է, որ իր հայրը 15 տարի առաջ եկել է Հայաստան եւ մի ֆիլմ նկարել: Իր համար Հայաստանի ներկա վիճակի գնահատականը տալու միակ միջոցը այդ ֆիլմի հետ ներկան բաղդատելն է: Արդյունքում եկել է եզրակացության, որ «ամեն բան շատ է փոխվել` փողոցները, շենքերը, քաղաքը: Միշտ մտածել եմ, որ Հայաստանը լավ է, բայց ավելի լավ տեսա»:
Թեքեյան մշակութային միության հովանու ներքո հավաքված երիտասարդները տպավորված են իրականում Արարատը տեսնելու հնարավորությունից, շատ են հավանել պտուղները, ճաշերը եւ անսովոր ուրախության մեջ են ընկել ամենուր հայերեն խոսող մարդկանց տեսնելուց: Այցի շրջանակներում կանադահայ երիտասարդները հետաքրքրական երթուղի ունեն` պետք է լինեն Հայաստանի շատ մարզերում, ինչպես նաեւ Ղարաբաղում:
Մոտ հազար աշակերտ ունեցող Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի տնօրեն Անահիտ Խալաթյանը երախտագիտությամբ է խոսում երիտասարդների նախաձեռնության մասին` նախ եւ առաջ գնահատելով նրանց հայրենասիրությունը: Տնօրենի խոսքով, արդեն իսկ պայմանավորվածություն կա հաջորդ տարի եւս դպրոցին երիտասարդների օգնության մասին: «Սփյուռքի մեր երիտասարդների նմանատիպ այցելությունները չափազանց կարեւոր են եւ պետք են` ելնելով այն բանից, որ նրանք հայրենիքի կարիքն ունեն, մենք էլ իրենց կարիքն ունենք: Դա գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ մենք իրարից զատ չենք», համոզված է Հայաստանի ԹՄՄ վարչության անդամ Գայանե Մուրադյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ