«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2007-07-03 | #125, 2007-07-04 | #126, 2007-07-05


ԽԱՉԱԳՈՂ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախորդ մասերի տպագրության օրերըՙ մայիսի 4, 11, 18, 25, հունիսի 1, 8, 15, 22, 29

31

Միշտ զգում էի նրան: Լուսանալիս արթուն էի, հետո ամեն ինչ խառնվեց: Ցերեկ էր, բայց ոչ միայն ժամանակի զգացողությունն էինք կորցրել, այլեւ տարածության, նույն տամկությամբ ու փափկությամբ ողողված, երբեմն ննջելով, երբեմն աչք բացելով, մի երկու անկապ բառ փոխանակելով կամ թեթեւակի շարժվելով: Ինչ-որ անվերջության մեջ էինք հայտնվել, որից դուրս գալու ոչ ուժ ունեինք, ոչ էլ ցանկություն:

Գիտակցությանս դեռ չէր հասել, որ արթնացել եմ ձայնից կամ տագնապի զգացողությունից: Սենյակի կիսաբաց դուռը շարժվեց, Նինայի աղճատված դեմքը երեւաց, զզվանքով մեզ էր նայում: Երբ հայացքներս հանդիպեցին, չշարժվեցի ու ձայն չհանեցի: Եվ ի՞նչ պիտի ասեի ու անեի: Մի տող էր խաղում մտքիս մեջ. «Գետափին եղբայրը հայտնվեց, այստեղՙ քույրը: Այս Լավրովները միշտ անպատեհ ժամի են գալիս»:

Գոնե այդքան խոհեմություն ունեցավ, որ գնաց, թեեւ պիտի չերեւար այստեղ:

Զգուշորեն ցնցեցի Ինայի ուսերը: Տեսնելով, որ այդպես չեմ կարող արթնացնել նրան, սկսեցի համբուրել եւ շոյել:

- Հանգիստ, թող քնեմ, մոլագար,- քնաթաթախ բողոքեց նա ավելի հարմար տեղավորվելով գրկիս մեջ:

Վերջապես տեղ հասավ, որ լուրջ պատճառ ունեմ արթնացնելու: Իմ կարծիքով էր լուրջ:

- Ի՞նչ, եկել էր այստե՞ղ, այ քեզ ավանակ...

Եղբոր մասին գետափին ասաց. «Այդ տղան միանգամայն զուրկ է չափի զգացումից»:

Այնուամենայնիվ Նինան իր գործն արեց, վեր կացանք: Ինան հագավ վերնաշապիկս, փողկապս գցեց վիզը: Ցերեկվա լույսի տակ կապույտը նրան շատ էր սազում, հատկապես կարճ մազերով:

Կրկին բավարարվեցինք մի ձեռք հագուստով:

Մի խոչընդոտ էլ կար, որ ուշ թե շուտ ծառանալու էր իր բնականությամբ հանդերձ:

- Զուգարանը դրսում է,- ասաց Ինան:

Գիտեի, որ դրսում է: Նույնիսկ մեր կառուցած նորաձեւ, համեմատաբար ընդարձակ տների նախագծում զուգարան նշված չէր: Լոգասենյակ կար, ջրի խողովակներն անցկացնում էին, զուգարանը թողնում էին դրսում, ինչպես նաեւ մեր գյուղում էր: Երեւի ճիշտ էին անում: Ես անհանգստանում էի, որ կտեսնեն փողոցից կամ հարեւան տներից:

- Թող տեսնեն,- զարմացած ձեւացավ Ինան,- իրենք զուգարան չե՞ն գնում:

Ի վերջո նորից մոռացանք բոլոր պայմանականությունները, քանզի նրան ուզելու համար բավական էր ընդամենը անկողնուց ելնել, այսինքն մի քանի րոպե անջատվել նրանից:

Մի բան գիտեր, որ իր շորերը չէր հագել:

Վերստին հասանք Նինայի խանգարած պահին, որպեսզի շարունակենք միմյանց գրկի մեջ հանգստանալու վայելքը: Կիրակին դեռ չէր ավարտվել...

- Գժվեցինք,- ծիծաղեց Ինան,- ոնց որ ամբողջ ժամանակ կարուսել նստած լինեմ... Մի բան պատմիր Երեւանից:

Հագավ իր շորերը եւ հայացքս նկատելով հարցրեց,- ինչո՞ւ ես տարակուսած նայում:

- Ինչո՞ւ վերնաշապիկս չհագար...

Ծիծաղելով նստեց հայելու դիմաց:

- Հազիվ մի օր նորմալ մազեր ունեցա: Փոքր ժամանակ միշտ երկար, հարթ մազեր էի երազում, որ ճակատիս վրայից հետ տամ, այ այսպես...

- Դրա փոխարեն հրաշալի կազմվածք ունես,- ես էլ հագնվեցի, որ նրան մխիթարեմ ոչ միայն խոսքով,- մանավանդ որ հարթ մազեր շատերն ունեն, միայն չինուհիները երեւի յոթ հարյուր միլիոն կլինեն, իսկ այսպիսի մազեր միայն դու ունես, իմ շեկ մուլատուհի...

Վերջին բառերն արդեն ականջի մեջ ասացի, իսկ նա կիսաբաց աչքերով հետեւում էր հայելու մեջ, թե ինչպես եմ գգվում իրեն: Որոշ ժամանակ հապաղելուց հետո կանգնեց.

- Գնանք նախաճաշելու:

- Նախաճաշելո՞ւ,- նայեցի պատուհանին,- ինձ թվում է, ընթրիքի ժամ է: Ժամացույց չկա՞ տանը:

- Ժամացույց Նինային է պետք, կապում է: Ես անկարգ եմ, սեպտեմբերից գուցե ստիպված կապեմ: Իսկ Նինան դասավորում է իր օրը եւ շարժվում ըստ գրաֆիկիՙ դասեր, շախմատ...

- Նա շախմա՞տ է պարապում:

- Շրջանի միակ աղջիկն է, որ առաջին կարգ ունի, երկրամասի առաջնությանն է մասնակցել: Նա եւ Սաշան խոսում էին քո մասին: Ընդհանրապես, քույրս ոչ միայն գեղեցկուհի է, այլեւ տաղանդավոր է,- հպարտացավ Ինան,- ոսկե մեդալով ավարտեց դպրոցը...

Մեդալն առանձնապես չզարմացրեց, շախմատ խաղալն էր անսպասելի: Բելիկովն ասել էրՙ ընտանիքով շախմատի սիրահար են: Չէի կարծում, որ Նինային էլ նկատի ունի:

Գնացինք խոհանոց: Ինան հացի բարակ շերտերին երկու կողմից ձու էր քսում եւ գցում թավայի մեջ, ես հետեւում էի նրան, ինչպես քիչ առաջ ինքը...

Ուտելուց հետո ծխեցինք մի սիգարետ միասին:

- Ամեն ինչով բարերար ազդեցություն ես թողնում,- ասաց նա ծխից, գուցե նաեւ սիրուց մշուշված կանաչավուն աչքերի ժպտուն փայլով,- միայն սրա համար, որ սկսել եմ շատ քիչ ծխել, Նինան կսիրի քեզ:

- Երեւում է, նա քեզ շատ է ճնշում:

- Այո՜... Հիմա լավ է, փոքր ժամանակ շատ լուրջ էր եւ խիստ: Եթե կուզես, նկարներ ցույց տամ:

- Իհարկե, անպայման:

Վերադարձանք սենյակ, նա մի հին, մեծ ալբոմ հանեց:

-Այստեղ քիչ նկարներ են... Հետո ես քեզ իմ նկարները ցույց կտամ: Նայիր, այստեղ Նինան մեկ տարեկան է, սքանչելի երեխա է, չէ՞:

- Իսկ ո՞վ է գրկել նրան:

- Չճանաչեցի՞ր, ես եմ:

- Բայց գրված էՙ Իրինա, Նինա...

- Իմ անունն Իրինա է, չգիտեի՞ր: Փոքր տարիքում չէի կարողանում Իրինա ասել, Իինա էի ասում, սկսեցին ինձ Ինա անվանել:

- Հիմա հասկացա, թե ինչու եմ քեզ սիրում:

- Հետաքրքիր է, ինչո՞ւ:

- Անուններ կան, որ ինձ համար անբացատրելի հմայք ունեն: Օրինակ, հայկական Հասմիկը, փոքր քրոջս անունն է: Ռուսական անուններից Իրինան էր այդպես հմայում: Եթե գիրք էի կարդում, որի մեջ Իրինա կար, արդեն սիրում էի այդ աղջկան:

- Հիմա ինձ Իրինա՞ ես անվանելու:

- Բայց մենք ե՞րբ ենք միմյանց անուններով դիմում...

- Որովհետեւ միշտ իրար ականջի մեջ ենք խոսում...

- Կամՙ բերանի...

Արդեն մոտեցել էի, հեռախոսի զանգը հնչեց:

- Նինա, դո՞ւ ես, ի՞նչ,- դարձավ ինձ,- ասում է, բոլորն այսօրվա կինոյի մասին են խոսում...

- Թող ինքը գնա, մեզ հետ ինչ գործ ունի,- ասացի ցածր,- ես տեսել եմ...

Ինան չլսեց, հանկարծ դեմքը ձգվեց, աչքերը կլորացան: Ի՞նչ էր ասել քույրը...

- Ահա,- հայտնեց ծիծաղախառը զարմանքով,- ամբողջ գյուղը մեր մասին է խոսում, իբր մի շաբաթ այս տնից դուրս չենք եկել...

- Վատ միտք չէ,- ոգեւորվեցի,- մինչեւ դասերը մնանք...

- Դասե՜րը... Աստված իմ, ախր որոշել էի փոխվել, ոչ մի սիգարետ, ոչ մի խմիչք... Ես Ալթայի ամենապարկեշտ աղջիկն եմ լինելու:

- Այո՞...

Խուսափելու փորձը իզուր կլիներ, սենյակը փոքր էր, ձեռքերս երկար էին:

- Այո,- երկարատեւ դադարից հետո մի կերպ արտաբերեց,- երկուշաբթի օրվանից:

- Այսինքն մի ամբողջ օր ունենք:

- Նինային խոստացա, որ կգնանք կինո:

- Ինչո՞ւ ընկերուհիների հետ չի գնում:

- Երեւի մեզ է ուզում հանել այստեղից: Նա չափազանցրեց կամ ստեց: Ո՞վ գիտեր մեր մասին, որ նման բան ասեր:

Ես էլ էի կարծում, որ չափազանցրել է, բայց եւ չէի բացառում: Համոզվել էի, տեղացիներն անտարբեր էին ձեւանում, իբր թե ուրիշների գործերով չեն հետաքրքրվում, քիթ չեն խոթում, բայց սովորաբար ամեն ինչ իմանում էին: Իսկ Ինան ընդհանրապես հաշվի չէր առնում «գյուղական կարծիք» կոչվածը եւ չէր էլ ջանում փոքր-ինչ գոնե, ձեւի համար սքողել մեր կապը: Ավելին, հաճախ ցուցադրում էր կամ այն աստիճան չէր թաքցնում, որ ստացվում էր ցուցադրություն: Առայժմ առանձնապես մտահոգվելու առիթ չէր եղել. նույնիսկ եղբայրն ի վերջո համակերպվեց, անհավատալի էր, եւ խանդող չէր հայտնվել: Միշտ սպասում էի եւ զարմանում, որ նման հմայիչ աղջկան Դիվինոյի տղաները հեշտությամբ տվել են ինձ:

- Ես կինո կգամ,- խոստացա,- մի պայմանով, կինոյից հետո գանք այստեղ:

Արդեն մի քանի անգամ նրա հայացքի այդ արտահայտությունը բռնել էի, կասկածամիտ, ստուգող, նույնիսկ գրկիս մեջ:

- Դու այդքան անհագո՞ւրդ ես:

- Ինչո՞ւ ես կարծում, որ հենց դրա համար եմ գալիս: Դու ինձ մոլագար ես անվանում, բայց ինձ քո ներկայությունը լիուլի բավարարում է: Առաջին հերթին դա... Մնացածն էլ չի խանգարի... Պարզապես միշտ ուզում եմ հետդ լինել...

- Չի զգացվում, հենց մի քիչ ժամանակ է անցնում, սկսում ես գործել...

- Մեղավորը դու ես: Ես ի՞նչ անեմ, որ դու միշտ ձգում ես ինձ: Մի՞թե դա վատ է:

- Այդպես չի լինում, դրա վերջը միայն ու միայն արագ հիասթափությունն է... Թե՞ դու չես հասցնի հիասթափվել: Քիչ մնաց ձեզ, ինչքա՞ն եք մնալու:

- Չգիտեմ, ասում ենՙ մինչեւ ձյուն:

- Այստեղ սեպտեմբերին էլ է ձյուն գալիս,- արագ ասաց Ինան կարծես չթողնելով, որ հիասթափության մասին խոսեմ,- մեզ մոտ աշունը կարճ է տեւում, ձմեռը շուտ է գալիս...

- Երեւանում հրաշալի աշուն է լինում, երկար եւ տաք, թավշյա աշուն ենք անվանում: Եվ գիտե՞ս ինչի հետ կհամեմատեմ: Վզիդ է նման, տաք եւ քնքուշ: Իսկ կուրծքդ գարունն էՙ ծաղկափթիթ, կոնքերդՙ ամառ, շոգ...

- Ձմե՞ռը որն է,- ծիծաղեց Ինան համապատասխանաբար ենթարկվելով շոյանքիս ու համբույրներիս:

- Ձմեռը հայացքդ է, սառը եւ անհասկանալի, երբ չես հասկանում ինձ ու սահմաններ ես գծում, թե սերը միայն երկրորդ հինգշաբթի օրվա համար է, որովհետեւ ուրբաթ, շաբաթ, կիրակի հարկավոր է խմել, երկուշաբթին ծանր օր է, երեքշաբթի եւ չորեքշաբթի պետք է կազդուրվել եւ սպորտով զբաղվել: Մնաց մի օր, այն էլ ամեն շաբաթ չէ, որ ստացվում է: Ուրեմն մնացինք բախտի հույսին կամ պատահականության քմահաճությանը: Իսկ եթե սիրատոչոր երիտասարդը սիրում է աղջկան, ում սիրահարված էր դեռ իրենց հանդիպելուց շատ առաջ, անբնական է թվում, գիտե՞ք, աննորմալ երեւույթ, շեղո՜ւմ... Այդ հիվանդին, մոլագարին հարկավոր է մեկուսացնել: Նա վտանգավոր է իգական սեռի համար: Պատկերացնո՞ւմ եք, ուզում է գրկել եւ համբուրել իր սիրած աղջկան, մարդակե՜ր է...

- Այո, մարդակեր,- Ինան ծիծաղելով ազատվեց ինձնից եւ նստեց թախտին,- եթե օտար լեզուն այդքան լավ գիտես, պատկերացնում եմՙ ինչ կասեիր ինձ ձեր լեզվով:

- Երեւի չկարողանայի այսպես խոսել,- նստեցի մոտը,- ի դեպ, ռուսերենը մեզանում օտար լեզու չի համարվում, ասում ենՙ ռուսաց եւ օտար լեզուներ: Ռուսերեն լավ գիտեի, այո, լավ շարադրություններ էի գրում, ազատ խոսում էի, չորս տարեկանից սովորել եմ... Լադեժան սովորեցրեց: Առավոտները սովորաբար մտնում էի քույրերիս մոտ, որ երջանկացնեմ մեկն ու մեկին: Բոբիկ, մի երկար շապիկով, զարմացած, թե ինչու ոչ մեկը չի կանչումՙ ինձ մոտ արի, մտա մեծ քրոջս տեղը... Մի օտար աղջիկ վախեցած ճչալով վեր թռավ, իսկ ես չորեքթաթ, աչքերս պլշած, ոչ պակաս զարմանքով ու վախով նրան էի նայում: Նա ծիծաղեց ու քաշեց ինձ գիրկը... այնպես փափուկ էր ու բուրավետ: Լադեժան, Նադեժդա էր անունը, ռուս ուսուցչուհի էր, հինգ տարի մեր տանն ապրեց: Շուտով խոսում էի հետը, երկու լեզվով, հայերենին ռուսերեն էի պատասխանում, ռուսերենինՙ հայերեն: Առաջին կուրսից «Պատերազմ եւ խաղաղությունը» հայերենից թարգմանում էի ռուսերեն եւ համեմատում Տոլստոյի գրածի հետ:

- Ամբո՞ղջը:

- Ո~չ... Բունինի պատմվածքներն էի թարգմանում հայերեն եւ նորից ռուսերեն: Արտասահմանյան գրականությունը հիմնականում ռուսերեն եմ կարդացել... Բայց գրեթե չեմ խոսել: Լադեժայի հեռանալուց հետո խոսակից չունեի... Ոչ միայն ռուսերեն, առհասարակ քչախոս էի ու ինքնամփոփ: Դու ինձ փոխեցիր, բնավորություն, մտածողություն, իմացություն... Ես պիտի խոսեի քեզ համար, իսկ դու հայերեն չէիր հասկանա: Հիմա քո շնորհիվ նախկինից անհամեմատ լավ գիտեմ ռուսերեն: Քեզ հետ հեշտ ու ազատ է ստացվում, ինչպես լողալը... Բավական է շուրթերս մոտեցնեմ ականջիդ, բառերն իրենք իրենց թափվում են անվերջանալի շղթայի պես...

- Չտեղավորվես,- ձեռքերով մեղմորեն վանեց Ինան,- այլապես այս գիշեր էլ կմնանք... «Պատերազմ եւ խաղաղությո՞ւնն» ես սիրում ամենից շատ...

- «Ապուշը», շատ եմ կարդացել:

- Իսկ Չեխո՞վ...

- Չեմ սիրում:

- Չե՞ս սիրում,- զարմացավ Ինան,- ուրիշ գրողների՞ց... Ֆոլկների գիրքն ուզեցիր, հիշում եմ:

- Չեմ սիրում... Այդ չսիրելը ճիշտ չի ստացվում: Կարդում եմ, հետաքրքրությամբ, հաճույքով...

- Իսկ բանաստեղծների՞ց ում ես սիրում:

- Միայն մեկին, Եղիշե Չարենց, հայ բանաստեղծ է, երեսունյոթ թվականին բանտում է կյանքից զրկվել:

- Պապիս էլ են բանտարկել, հետո աքսորել են: Այստեղ է տատիս հանդիպել, ոչ այս գյուղում: Առաջին կինը կարծեմ մինչեւ հիմա ապրում է Լենինգրադում: Պատկերացնո՞ւմ ես, լավ, հայտնի ընտանիքի զավակ, Լենինգրադում սիրելով ամուսնացել է, աքսորվել, սիրած կինը չի եկել հետեւից: Այստեղ նորից է սիրել եւ մինչեւ կյանքի վերջը սիրվել: Տատս քիչ է այստեղ գալիս, խուսափում է կարծես: Հենց մտնում է այս տունը, թաղվում է հուշերի մեջ, որտեղ նստեց, ժամերով անշարժանում է, արձանացած, աչքերը բաց... Տեսնում ես, արցունքներ են հոսում... Քեզ սիրում է: Ասում էՙ այդ տղան լավ է աշխատում եւ երեխայի հետ է սիրում զբաղվել:

- Ձեր տանը ի՞նչ են խոսում իմ... մեր մասին:

- Մեր մասին ի՞նչ պիտի խոսեն: Իմ խնամակալները Սաշան ու Նինան են, հիմա միայն Նինան է տանը, նա էլ սեպտեմբերին կգնա Բառնաուլ, մանկավարժական ինստիտուտ ընդունվեց: Հայրս առավոտից գիշեր տանը չէ, հաճախ օրերով է բացակայում, եթե գնում է հեռավոր գյուղեր կամ Լեռնային Ալթայ: Մայրս... չգիտեմ: Այնպես որ առայժմ զգուշացիր միայն Նինայից:

Ինան կանգնեց, սկսեց տունը կարգի բերել, ալբոմը տեղավորեց, սեղանը մաքրեց, անկողինն ուշադիր հարդարեց, որ հանկարծ որեւէ հետք կամ տպավորություն նույնիսկ չմնա: Հաճելի կլիներ նրան հետեւելը, եթե այդպես անվերջ շարունակվեր, բայց գնալու էր պատրաստվում, առայժմ ինձ էր ճամփում, ինքը դեռ մնալու էր: Եվ հանկարծ վերջին պահին, երբ դուրս էի գալու, ասաց.

-Ես քեզ մի խորհուրդ կտամ, ուշ ամուսնացիր, շատ ուշ, որպեսզի կնոջդ չդավաճանես: Քո սերը շատ է, դու մի կնոջ համար չես, այդպես բուռն հնարավոր չէ երկար սիրել նույն մարդուն... Իսկ հիմա գնա, որ կինոյից չուշանանք... Դուրս կգաս Կենտրոնական, այնտեղ ավտոկայանը մոտ է:

Եվ ուսերս հետեւից կիսագրկելովՙ քնքշորեն հրեց ինձ դուրս:

Դուրս գալով ամենից առաջ շրջակայքն ուսումնասիրեցի, որ տունը հեշտությամբ գտնեմ, նույնիսկ մթանը: Քայլեցի նեղ ու կարծես ամայի փողոցով:

Դիմովիչին տեսա, ցանկապատին կռթնած ծխում էր: Կռթնած չէր, արմունկն էի մոռացել:

- Ողջույն, Դիմովիչ, այստե՞ղ ես ապրում:

- Այստեղ... Իսկ դու զբոսնո՞ւմ ես:

- Այո, գետափով իջա:

- Այսպիսի խուլ փողոցում զբոսնելը հաճելի է, չէ՞:

- Այո, շատ հաճելի, խաղաղ փողոց է:

- Խաղաղությունը գրեթե միշտ խաբուսիկ է լինում,- ծիծաղեց Դիմովիչը,- վաղուց չես գալիս քարհանք:

- Այլեւս բետոն չենք անում:

- Հա, քիչ մնաց ձեզ, երեւի մի ամիս... Դե, եթե ժամանակ ունես, հյուր կընդունեմ:

- Ափսոս, ոչ այսօր:

- Տես, երբ հարմար կլինի:

Ավտոկայանի մոտ ավտոբուսին չսպասեցի: Ենթադրելով, որ դեռ շատ ժամանակ կա, քայլեցի մինչեւ ակումբ կամ, ինչպես տեղացիներն էին ասում, կուլտուրայի տուն: Որոշել էի նախապես տոմս գնել եւ ճիշտ էի անում: Առաջին սեանսը նոր էր սկսվել, իսկ հաջորդի համար, որ այսօր տեղափոխել էին տասնմեկին, արդեն հերթ էր: Չորս տոմս գնեցի: Շատ լինի, քիչ չլինի: Հանկարծ ու Նինայի հետ մի հոգի եկավ:

Մերոնք տանը չէին: Բարեբախտաբար չէին մոռացել բանալին թողնել սովորական տեղում: Նախ եւ առաջ արագորեն ընթրեցի, ապաՙ մնացած գործողությունները: Ենթադրենք, աշխատանքը նոր վերջացրել ենք: Սափրվելուն շատ ժամանակ հատկացրի, որ անսովորությունից երեսս չկտրեմ: Սովորել էի արդեն մազ-մորուքին, ափսոսանք էի զգում, բայց խոստացել էի Ինային: Մաքրված դեմքս շատ մանկական թվաց, կոստյումիս տաբատն էլ ճմռթված էր, չէի կարող փողկապ կապել, հետ գալուց գրպանս էի մտցրել: Ստիպված էի ջինս հագնել եւ պատանեկան տեսքով գնալ: Սակայն մաս-մաքուր դեմքս ուրախություն էր պատճառում նաեւ, Ինան հաճույքով կհամբուրվեր: Ժամը տասին դուրս եկա, որպեսզի անշտապ իջնեմ ու ժամանակ ունենամ այս երկու օրվա իրադարձությունները մտքիս մեջ դասավորելուՙ գիշերվա համար: Եթե գիշերը հատկացնեմ դրան...

Քույրերն ակումբի մոտ էին: Հավանաբար չգիտեին, որ սեանսը տասնմեկին է սկսվում, շուտ էին եկել: Դա իմ սխալն էր, ես էլ պետք է շուտ գայի:

Նինան տեսավ ինձ, Ինան հետեւում էր տոմսի պատուհանի մոտ իզուր խռնված մարդկանց: Դիվինոյում անշլագ էր, առաջին անգամ: Ես մատս դրեցի շուրթերիս ու հետեւից մոտեցա Ինային:

- Իրինա Գրիգորեւնա,- ասացի ուսուցչին պաշտող աշակերտի պես:

Ինան անակնկալի եկած շրջվեց, որ ավելի մեծ անակնկալի հանդիպի: Բայց չթողեցի, որ զարմանքի ձայներ արձակի:

- Դո՞ւք եք Իրինա Գրիգորեւնան, ռուսերենի նոր ուսուցչուհին: Ես կցանկանայի Ձեզ մոտ ռուսերեն պարապել, եթե ժամանակ գտնեք: Խոստանում եմ կարգապահ եւ պարտաճանաչ լինել...

Նա ձեռքը մեկնեց ու շոյեց երեսս,- ինչ լավ է, Նին, ինչ մաքուր է,- կարծես քրոջն առաջարկում էր շոյել ինձ,- քիչ է մնում համբուրեմ հենց այստեղ:

- Լավ, հանգիստ,- սաստեց Նինան,- թատրոն չենք ցույց տալիս... Փոխանակ շուտ գար, որ տոմսերի մասին մտածեր...

- Տոմս չունե՞ք,- զարմացա,- հիմա կնայեմ, պատահաբար մոտս չկա՞ արդյոք:

Ինան ուրախությունից ծափ տվեց, կարծում եմ, ոչ այնքան տոմսերի, որքան ինձ համար:

- Պատահաբար էլի չունե՞ք,- հարցրեցին կողքից:

- Պիտի նախապես զգուշացրած լինեիք,- շրջվեցի եւ տեսա սիգարետ ուզողին: Այս աղջիկը միշտ ձգտում էր ինչ-որ բան պոկել ինձնից:- Բարեւ Ձեզ:

Նա մարմնի քառասուներեք տոկոսըՙ գոտկատեղից մինչեւ մազերը, առաջ բերեց ու ճանաչելով ասաց.

- Օ՜... գրողը տանի, եթե այն ժամանակ քեզ տեսնեի այսպես... Լավ, լավ,- հեգնանքով նայեց քույրերին, երեւի չկողմնորոշվելով, թե որի հետ եմ, եւ երկուսի մեջ էլ արժանի մրցակից չտեսնելով հեռացավ կոնքերը խաղացնելով:

- Սա կովն է,- ասացի Ինային:

Նինան հայացքը սահեցրեց իր կրծքի վրայով:

- Հասկացա, ինչո՞ւ ավելորդ տոմսը չտվեցիր:

- Նստեր մեզ մո՞տ... Տոմսը ձերն է, հրավիրեք ում կուզեք: Թեեւ չարժե որեւէ մեկին տալ: Աչքիս ավելի շատ մարդիկ են հավաքվում, քան ձեր դահլիճը կտեղավորի:

- Ճիշտ է ասում,- գլխով արեց Նինան:

Առաջին սեանսի ժողովուրդը դուրս չէր եկել, բայց ակումբի դիմաց մեծ բազմություն էր հավաքվել, էլի գալիս էին: Պարի տաղավարում, այգում հավանաբար ոչ ոք չկար: Եվ դժբախտաբար սեւ գլուխները շատ էին:

- Պե՞տք են մեզ այդ փրչոտ վիկինգները, կինոն,- շշնջացի Ինայի ականջին,- տոմսերը տանք Նինային, թող մի երկուսին լավություն անի... Մենք գնանք տատի տուն կամ գետափին զբոսնենք...

- Ո՜չ,- առարկեց նա,- հազիվ մի օր միասին կինո ենք գալիս,- նկատեց զարմացած հայացքս եւ ծիծաղեց,- դու իմ բոլոր խոսքերը պիտի հիշեցնե՞ս...

Սիրող զույգի ներդաշնակության բարձրագույն արտահայտությունըՙ առանց խոսքի իրար հասկանալ: Ինքն էր ծաղրել ինձ` կինո հրավիրելու համար, զգաց եւ հիշեց...

Վերան եկավ: Քույրերից մի երկու քայլ հեռացա, որ չտեսնի ինձ նրանց հետ: Մինչդեռ կարծեց, թե մենակ եմ, մոտեցավ:

- Բարեւ Ձեզ, Արամ,- ժպիտով,- Ձեզ սափրված եմ տեսնում, հանդիպե՞լ եք Ձեր սիրած աղջկան:

- Այո,- ակամա պատասխանեցի:

- Դե, շնորհավորում եմ:

- Շնորհակալություն:

- Այս ինչ հարեմ ես հավաքել,- ցնծագին ծիծաղեց Ինան Վերայի հեռանալուց հետո:

Վերայի հետ ինչ որ խոսել էի, մանրամասն պատմել էի, հարցուփորձ չարեց սափրվելու եւ ուխտի մասին: Ժամանակին արված խոստովանությունն ազատում է հետագա բարդություններից:

- Ո՞վ մնաց,- ժպիտը շուրթերին հարցրեց Ինան:

- Սիրած աղջիկը եւ նրա չքնաղ քույրը մնացին... տեղում:

Ծիծաղելու հերթը Նինայինն էր, որն առանց այդ էլ տեւական զարմանքի մեջ էր: Սառնությունը շինծու էր, նորից առաջվա աշխույժ աղջիկն էր: Եվ դեռ ինչքան կաշխուժանա, երբ սկսեմ հաղթել իրեն:

- Ինչո՞ւ ես ծիծաղում,- հարցրեց Ինան քրոջը,- մարդը քեզ հաճոյախոսություն է նվիրում, իսկ դու... Սխա՞լ է ասում:

- Ոչ, ինչու,- շարունակեց ծիծաղել կրտսեր քույրը,- ախր նա երկիմաստ արտահայտություն արեց. մի՞թե չզգացիր:

- Զգացի, քույրիկս, ես նրա ֆոկուսներին լավ ծանոթ եմ: Բայց գիտեմ նաեւ, որ դրանք ասում է հանուն խոսքի:

Ակումբի կողքից հանդիսատեսների հորձանքը դուրս եկավ փողոց: Շատ-շատ էին, մի ծայրը գրեթե խաչմերուկ հասավ, շարունակում էին դուրս գալ:

Անսպասելիորեն մերոնց տեսա, սակայն հասցրեցի կողմ քաշվել, իբր հենց այնպես:

- Վիկինգները եկան,- բացականչեց Դավիթը ինձ տեսնելով:

Իսկ Փայլակն ուղղակի շնչակտուր եղավ մի երկու բառ ասելիս.

- Էս ինչ կինո էր... Էս ինչ ուժեղ կինո էր, «Սպարտակի» շարունակությունն է, Արամ:

Դավիթը տակից ձեռքով արեց, իբրՙ չի հասկանում, ինչ է ասում:

Ինձ համար հասկանալի էր Փայլակի փայլատակումը, նույն դերասանն էր խաղում:

Եվ միայն Ռազմիկը ուշադրություն դարձրեց դեմքիս,- թրաշդ անուշ, Արամ ջան:

- Գնացինք, վիկինգներ,- հրահանգեց Սաքոն, ապա աչքով արեց, այտն ու քիթը հետը ծռելով,- գալո՞ւ ես տուն, թե՞ էլի շախմատ խաղալու ես գնալու:

Բոլոր հարցերին պատասխանելը պարտադիր չէ, ուսի կամ գլխի շարժումը բավական է:

- Այսքա՞նդ եք մնացել,- հարցրեց Ինան:

- Այո:

- Այնքան էլ բարետես մարդիկ չեն: Իսկ այն մեկը, ձեր բրիգադիրը կարծեմ, ինչո՞ւ էր քիթ ու մռութը ծռմռում:

- Իր կարծիքով աչքով էր անում:

- Ի՞նչ հարցրեց:

- Թե այսօր է՞լ եմ շախմատ խաղալու:

- Շախմատը ես լսեցի,- միջամտեց Նինան,- Բելիկովի հե՞տ եք խաղալու:

- Մենք էլ կարող ենք խաղալ, եթե ուզում եք: Սպիտակներով եք, քայլ արեք:

- c4,- անմիջապես հայտարարեց Նինան: Երեւում էր, առանց տախտակի խաղալը նրա համար նորություն չէր:

- Լավ, շախմատի ժամանակը չէ,- խանգարեց Ինան,- դու նորից մի կողմ քաշվեցի՞ր, ինչո՞ւ...

- Ոչ էլ դրա ժամանակն է,- ընդդիմացավ քույրը, որին բազմությունն էր անհանգստացնում,- մտնենք, եթե ուզում եք ֆիլմը նստած դիտել:

Նրա անհանգստությունը տեղին էր: Առաջին անգամ Դիվինոյում համարակալած տոմսեր էի տեսել, եւ առաջին անգամ չգործեց տեղացիների սովորական կենցաղային կուլտուրան, որը միշտ մեր նախանձն էր հարուցում եւ լավ ծանոթ է Ռուսաստանում եղած ամեն հայի: Գուցե նաեւ այն պատճառով, որ դահլիճ մտնողների մեջ քիչ չէին սեւագլուխները, որոնք ինչքան էլ հիանային խանութներում մանրը, թեկուզ մեկ կոպեկն անպայման վերադարձնելու, հերթերի բծախնդիր, երբեք առաջ չընկնելու, ընդհանրապես ուրիշների իրավունքը հարգելու տեղացիների կարգապահությամբ, հնարավորության դեպքում ջանում էին ե՛ւ առաջ ընկնել, ե՛ւ կովկասյան կոչված ցուցամոլությամբ փայլել: Այնուամենայնիվ առաջացանք դեպի մեր տեղերը, թեեւ ամբողջ շարքը զբաղված էր, երբ էլ հասցրեցին: Բարեբախտաբար աղջիկներ էին գրավել մեր աթոռները, թողեցի, որ քույրերն ազատել տան: Անհանգստանում էի, որ ստիպված կլինեմ բախվել վրացիների կամ չեչենների հետ: Ադրբեջանցիներն առանձնապես նկատելի չէին գյուղում: Մշտապես կինո հաճախող վրացիներն իրենց տեղն ունեին, այդտեղ նստում էին, որ ոտքերն ազատ փռեն: Եվ ցուցադրման ընթացքում հաճախ բարձրաձայն խոսում էին, սիրային տեսարաններին անհապաղ արձագանքում էին շուրթերի ձայներով, թեեւ միջին տարիքի մարդիկ էին, երեսուն-հիսուն տարեկան: Նրանց բախտը բերել էր, որ Պետրոյի խումբը կինո չէր գալիս:

Քույրերը երկու տեղ կարողացան փրկել, ավելին պարզապես անհնար էր: Երկու կողմից ամեն աթոռին երկուական աղջիկ էր նստած: Երեք հոգու համար չորս տոմսը քիչ էր: Քույրերը տեղավորվեցին մի աթոռի վրա: Ես հաճույքով կքաշեի այդ նեղությունը: Շուտով գտա ձեւը, թե ոնց կարելի է երկու տեղը երեք դարձնել եւ Ինային մոտեցնել ինձ: Բացի դրանից, մյուս կողմի հարեւանուհիներից մեկը գրեթե ծնկիս էր նստել, հարկավոր էր ժամանակին հեռանալ նրանից: Բազկակալը թույլ էր, հենց ժուռնալը սկսվեց, մի քանի շարժումով կարողացա զգուշորեն հանել ու դնել հատակին, աթոռի տակ:

- Ի՞նչ արեցիր,- անհանգստացավ Ինան, բայց երբ տեղը լայնացավ ու մանավանդ ինձ սեղմվելու հնարավորություն ստացավ, ավելացրեց,- տեղն է դրանց, թող մարդկանց համար տեղեր ապահովեն:

Նինան նույնպես գոհ էր: Ինքը դեռ չգիտեր, շուտով մենակ մի ամբողջ աթոռ էր զբաղեցնելու:

Սովորաբար ժուռնալից հետո լույսերը վառում էին, որ ուշացողները տեղերը գրավեն: Այս անգամ վառեցին, որ տեսնեն, թե ով ում գիրկն է նստել:

Սկսվեց ֆիլմը, որն այս երկու օրը խռովել էր Դիվինոյի առօրյան:

Քույրերը կլանված դիտում էին, կրտսերն աչք չէր թեքում: Ես սովորականի պես, ֆիլմը տեսած լինեի, թե ոչ, պատկերներին էի հետեւումՙ ծով, նավեր, ֆիորդներ, ամրոցներ, կացնազեն վիկինգներ, կռիվ, սեր եւ կիրք...

Այդ ամենը լավ կլիներ, եթե մենակ դիտեի, սակայն հրաշալի էր, որովհետեւ միասին էինք:

Կինոյի կեսն էլ չէր անցել, վայրենի ձայնը դրսից, ելքի դռների մոտից խուժեց դահլիճՙ հայերին դուրս կանչելով: Կամ տեղացի էր, որ հայերին մարտահրավեր էր նետում, բայց ռուսի բղավոցի նման չէր, կամ ընկերներին օգնության կանչող հայ, սակայն ինչո՞ւ ռուսերեն:

Ինան ձեռքս սեղմեց ու շշնջաց,- չգնաս:

Իհարկե, չէի գնալու, ոչ թե վախից, այլՙ ամոթից:

Հետեւի շարքերից վիճաբանության ձայներ լսվեցին, մի խումբ դուրս եկավ աղմուկով, անմիջապես հետոՙ մի ուրիշը, նորից մի քանի հոգի, առջեւից նույնպես: Այդքան հայ չկար դահլիճում: Դուրս եկողները, ում տեսնում էի ու տարբերում, հայերից չէին: Սա ճակատամարտի էր նման:

Ինան ամուր բռնած պահում էր ձեռքս, սակայն գնայի թե չգնայի, խայտառակված էի եւ ամոթահար: Հիմա նորից կասիՙ վայրենի եք եւ անկուլտուրական, իսկ տանը քույրը կնախատի նրանՙ տեսա՞ր ովքեր են հայերը, ի՞նչ գործ ունես նրա հետ:

Դուրս գալուց առաջ Ինան հարցրեց,- դանակդ մո՞տդ է, տուր...

Դեռ տագնապում էր, որ կռվի մեջ կներքաշվեմ:

- Հիմա միլիցիան հավաքում է բոլորին, եթե հանկարծ քեզ բռնեն ու դանակ հայտնաբերեն, կդատեն, բանտ կնստես: Հասկանո՞ւմ ես:

Նինայից էի ամաչում, եւ նա կարծես խուսափում էր ինձ նայելուց:

Ակումբից դեպի ձախ, մինչեւ այգու մուտքը եւ միլիցիայի շենքը փողոցը լցված էր մարդկանցով, մահակավոր տղաներ էին երեւում, նույնիսկ աղջիկներն էին կատաղած գոռգոռում: Իրոք ճակատամարտ էր տեղի ունեցել: Ինան իսկույն գնահատեց իրադրությունը եւ թեւս բռնելով թեքվեց աջ, դեպի ավտոկայան եւ տատի տուն:

- Գնացինք,- կարգադրեց նա,- Նինա, դու էլ արի:

- Ես էլ գա՞մ,- զարմացավ քույրը:

- Արի, ի՞նչ է, երկու գիշեր տնից չեմ բացակայի մենակ, նույնիսկ երեք...

Այդ կողմը մութ էր, միայն կինոյից տուն գնացող մարդիկ էին երեւում, ենթարկվեցի:

Լավ, գնացինք, այդ պահին ճիշտ էր, հետո ի՞նչ էինք անելու երեքով:

- Կինոյից բան հասկացա՞ք,- ճանապարհին հարցրեց Ինան:

- Ես մինչ այդ գոռոցն էլ բան չէի հասկանում,- ասացի անկեղծորեն:

Նինան փռթկաց եւ լռեց, կարծես խեղդեց ծիծաղը:

Ինան թեւս բաց չէր թողել, հոգատարությամբ պահպանում էր ինձ, սեղմեց ծիծաղելով:

- Իսկ ես մինչեւ վերջ հետաքրքրությամբ նայեցի,- ասաց Նինան, որպեսզի հանկարծ չմտածենք, թե ինքը երբեւէ հայացքը շեղել է էկրանից:

Դեմից մահակավոր տղաներ վազելով եկան ու անցան:

- Աստված իմ,- դպրոցական տղաներ են,- վախեցավ Ինան,- ես դրանց ո՞նց եմ դաս տալու: Տեսնես ի՞նչ է եղել, որ այսպես կատաղել են: Այս անգա՛մ ինչ են արել ձերոնք:

- Գուցե ձերոնք են արել,- հակադարձեցի:

- Չեմ բացառում, բայց ավելի հավանական է, որ մեղավորը ձերոնք են:

Նինային ըստ երեւույթին այլ բան էր հետաքրքրում կամ մտահոգում: Երբ Ինան մի երկու քայլ հեռացել էր ինձնից, փսփսաց ականջին:

- Ոչ, բացառված է,- լսեցի Ինայի ձայնը,- խոստանում եմ:

Կարելի էր կռահել կամ ենթադրել, թե ինչ էր խոստանում, բայց ինչո՞ւ էր իմ փոխարեն նույնպես խոստանում, եթե ճիշտ էի կռահել:

Դիմովիչի տան լույսը վառ էր: Ես կարծում էի, թե խմած քնած կլինի, այնինչ դեռ խմում էր:

- Նա մի քանի տարի է այստեղ,- ասաց Ինան իմ հարցից հետո,- տան տերերը ծեր մարդիկ էին, զավակներ չունեին: Նրանց մահից հետո տունը մնացել էր անբնակ: Սա շատ տխուր փողոց է, ծեր, անճար մարդիկ են մնացել այստեղ: Պատկերացնում եմ տատիս վիճակը, եթե մենք չլինեինք, մենակ այս տանը... Մարդ գոնե կյանքի վերջում մենակ չմնա...

- Իսկ եթե գետափով գնանք,- առաջարկեց Նինան, որը երեւի չէր լսում քրոջը եւ իր մտահոգությունն ուներ:

- Որպեսզի սպանեն ու գցեն գե՞տը,- միանգամից առարկեց Ինան,- հիմա նրանք ամենուր են, որսի են դուրս եկել:

- Կսպանե՞ն,- հարցրեցի:

- Չգիտեմ, հնարավոր է: Պետրոն կազմակերպում է գյուղի տղաներին, բանդա են ստեղծել, իրենք հենց այդպես են անվանում: Այսպիսի պատանիներ շատ կան: Չորս-հինգ հոգով շրջում են, մոտենում են Պետրոյին, խոսում, կարծես զեկուցում են, հեռանում:

Կարծես թե պարզվում էր այգու հանելուկը, երբ դեռահասներն ինձ ձեռք չտվեցին: Բայց Պետրոն ինչո՞ւ պիտի խնայեր ինձ...

- Դու նրան խնդրե՞լ ես ինձ համար,- հարցրեցի Ինային:

- Ի՞նչ... Ինչ-որ բա՞ն է եղել:

Մի քանի խոսքով պատմեցի:

- Այո, բայց չէի խնդրել, ասել էի, որ դու լրիվ տարբեր ես, մյուսների նման չես:

Նինան հրեց դռնակը, մտանք բակ: Զգուշությամբ անցանք թփերի միջով, հատապտուղներ էին: Դռան դիմաց, գետնի մեջ բազմաթիվ գլաքարեր էին թաղված, քիչ մեծ այն քարերից, որոնցով Ինայի անունը գրեցի գետափին:

- Այստեղ կարելի է բետոնով լավ սարքել,- ասացի,- բակի դռնակից մինչեւ տան դուռը:

- Խոստանո՞ւմ ես, շինարար,- ուրախացավ Ինան,- շուտով անձրեւները կսկսվեն, տախտակ ենք դնում, որ անցնենք:

- Ես կանեմ, բայց ձերոնք ի՞նչ կասեն:

- Կարծում եմ, շնորհակալություն կասեն,- ծիծաղեց Ինան, քույրը` նույնպես:

Լավն էր տատի տունը, տային ինձ, ապրեի, փակվեի ու գրեի: Կամՙ Ինայի հետ, օրեր անընդհատ միասին: Այս տունը մի հոգու համար էր, կամ սիրահարների: Երրորդը լցնում էր տունը, ինչպես շուռ էինք գալիս, իրար խանգարում էինք:

- Դուք նստեք, ոտքի տակ եք ընկնում,- ջղայնացավ Ինան,- հիմա ես շորերս փոխեմ ու թեյ կտամ:

Ես ու Նինան նստեցինք խոհանոցի սեղանի մոտ, դեմ-դիմաց, կարծես շախմատ էինք խաղալու: Իսկ ինչո՞ւ չփորձենք, առանց տախտակի, առաջարկեցի:

Նինան գլուխն օրորեց ու հարցրեց քրոջը,- զանգահարե՞մ տուն:

- Իհարկե, չանհանգստանան, ասա, որ այստեղ ենք:

- Երկուսո՞վ... թե՞ երեքով...

Քույրն էլ հումորից լավ էր:

- Լավ, ես կխոսեմ,- զգուշացավ Ինանՙ հանկարծ ու քույրը հեռախոսով նույնպես կատակի:

Մինչ Ինան սենյակում կխոսեր, ես Նինային նորից առաջարկեցի խաղալ:

- Ոչ, չեմ կարող այս ժամին, եթե խաղամ, էլ չեմ քնի:

- Ավելի լավ, մինչեւ առավոտ կխաղանք:

Նա ծիծաղեց, կատարյալ հաշտություն, մտերմություն նույնիսկ, բայց եղե՞լ էր գժտություն:

- Ինչո՞ւ եք ծիծաղում,- Ինան ամեն ինչ պիտի իմանար,- արդեն իրար հետ լավ եք կարծես:

Ու երբ ինձնից սիգարետ ուզեց, իսկ ես ասացի, որ չեմ տա, որպեսզի Նինայի մոտ չծխենք, շշմած նայեց:

- Ուրեմն այդպես, հա՞...

- Այո,- գոհունակությամբ գլխով արեց կրտսերը,- մտածիր ծխելը թողնելու մասին:

- Երկուսով իմ դե՞մ... Արամ, դո՞ւ էլ ես պահանջում, որ ծխելը թողնեմ:

- Չեմ պահանջում, խնդրում եմ:

- Լավ, սեպտեմբերի մեկից չեմ ծխի:

- Ինչո՞ւ ոչ հենց այս պահից,- պահանջեց Նինան:

- Ուրեմն դու էլ չծխես:

Զարմանալի է, քույրն էր նրան պահանջ ներկայացնում, նաՙ ինձ: Սակայն հանուն նրա ամեն ինչի պատրաստ էի, հատկապես որ ծխելուց հրաժարվելն ինձ համար դժվար չէր: «Հանունի» մասը պետք էր բարձրաձայն ասել:

- Խնդրեմ, հանուն քեզ ամեն ինչի պատրաստ եմ:

Հանեցի «Օպալի» տուփը, ճմռթեցի, արդեն մի քանի անգամ արել էի, եւ գցելու տեղ չգտնելով նորից դրեցի գրպանս:

Նինան ծափ տվեց, իսկ Ինան կրկնեց,- հանուն ի՞նձ... բայց փաստորեն մենք ծխելը թողեցինք հանուն Նինայի:

- Թեկուզ,- ասաց քույրը,- ի՞նչ վատ է, կարեւորն արդյունքն է:

- Որ այդպես է, գնացինք քնելու, ոչ մի թեյ:

Նրանից ո՞վ էր թեյ խնդրել:

- Գնանք,- իսկույն համաձայնեց Նինան, մի քանի անգամ արդեն հորանջել էր:

- Ափսոս չէ՞ գիշերըՙ քնենք,- ասացի:

- Եթե ուզում ես, դու մնա... մինչեւ մենք պառկենք,- Ինան ծիծաղելով մտավ սենյակ, քույրը հետեւեց նրան:

Առանց նրանց մնալն անիմաստ էր:

Քույրերը պառկել էին թախտին, որն ավելի լայն ու ազատ էր, մահճակալը թողնելով ինձ: Ես ցույց տվեցի, թե իրենք պիտի պառկեին մահճակալին, բայց Ինան ձեռքով արեցՙ շատ մի խոսիր: Զգուշորեն նստեցի մահճակալին, որ հանվեմ: Նինան աչքերը փակ պառկած էր, մինչեւ վիզը ծածկված: Հայացքով կանչեցի Ինային: Նա գլուխն օրորեց ու աչքերով ցույց տվեց քրոջը: Զարմացած նայեցի, կարծես նոր տեսա, որ մենակ չէ:

Ինան լույսը հանգցրեց:

Շատ չանցած սահելով իջավ թախտից, ստվերի պես անլսելի մի քանի քայլ արեց, նույն թեթեւությամբ սողոսկեց ծոցս եւ անմիջապես ուղղակի ականջիս մեջ շշնջաց.

-Չէ, խնդրում եմ, Նինային խոսք եմ տվել, պարզապես ուզեցի քեզ կպած պառկել մի քիչ...

- Դրա համար էի ասում, որ մահճակալը պիտի թողնեիր Նինային...

Իմը շշնջոց չէր, ղռթբռթոց էր ստացվում: Ինան ձեռքով փակեց բերանս, ապա շրջվեց, սեղմվեց մեջքով, ձեռքերս տարավ իրենց տեղերը եւ ասաց.

- Քնիր, խնդրում եմ...

Ասելը հեշտ էր, շուտով զգաց եւ փախավ:

32

Առավոտյան Ինան ինձ արթնացրեց:

- Առաջին ավտոբուսը յոթին է գնում,- ապա հարցրեց,- քնե՞լ ես:

- Ոչ,- ասացի մեղադրող հայացքով:

- Լավ, լավ... թող քնի աղջիկը:

Նինան քնած ժամանակ ազատ դիրք էր ընդունել, ձեռքը տարածել էր, վերմակը մի հինգ սանտիմետր իջել էր ներքեւ: Աչքերը փակ նա պակաս չքնաղ չէր, գուցե ավելի, տարբեր գեղեցկությամբ, ինչպես Ինային էի ասել:

- Քնած աղջկան չեն նայի, չի կարելի,- դիտողություն արեց Ինան:

- Հարազատին կարելի է:

- Դո՞ւ ես հարազատը:

- Ուրիշ մարդ կա՞ այստեղ:

- Եթե նա հարազատ է, ես էլ եմ հարազատ:

- Հազիվ գլխի ընկար:

- Նա գեղեցի՞կ է:

- Արտասովոր...

- Ո՞ւմ ես ավելի շատ սիրում, ի՞նձ, թե՞ նրան:

- Իհարկե նրան:

Ինան լրջացավ, շշկլված ու զարմացած գառնուկ,- բայց դու լուրջ ես խոսում:

- Անշուշտ, քեզ սիրել նշանակում է ինքս ինձ սիրել, որովհետեւ մենք մի մարմին ու հոգի ենք: Ես այդքան եսասեր չեմ, որ քրոջդ ինձնից քիչ սիրեմ:

- Նորի՞ց պտտեցիր քո կալամբուրը: Դու նրան մի անգամ արդեն սեր խոստովանել ես, եթե հիշում ես:

- Իհարկե հիշում եմ:

- Այն ժամանակ է՞լ էր ալտրուիզմը խոսում մեջդ:

- Ես չէի կարծում, թե իրական է, հարբածության մշուշի մեջ նա ինձ երկնքից իջած հրեշտակ թվաց:

- Կթողնե՞ք քնեմ,- հանկարծ ասաց Նինան, կտրուկ շրջվեց, ոտքի շարժումով ուղղեց վերմակը եւ դեմքը սեղմեց բարձին:

Ես ու Նինան ծլկեցինք խոհանոց:

- Հիմա շարունակությունն ասեմ ու գնամ,- ծուռ-ծուռ նայելով մոտեցա նրան:

- Արդեն հասկացա, թե ինչ ես ասելու, այդպիսի պահերին դեմքդ նույն արտահայտությունն է ստանում, գող կատվի ես նմանվում...

Անկեղծ ասած, ես էլ էի զգում նման մի բան:

- Գող կատվի, որ ընկել է մկնիկի հետեւից...

- Գառնուկից դարձա մկնի՞կ... Խեղճ, անպաշտպան կենդանիների հետ ես ինձ համեմատում: Երբ ես կատաղում եմ, օձ եմ դառնում, զգուշացիր...

Արդեն գրկիս մեջ էր:

- Հապա ֆշշացրու եւ փաթաթվիր,- բացեցի ուսը եւ հպվեցի չոր, ջերմ մաշկին,- հիմա լսիր շարունակությունը, որ մի օր պիտի ասեի անպայման: Որովհետեւ ներքին խռովքը կամ կասկածը կարելի է փարատել բացահայտելով, որպեսզի քեզնից դուրս հանելով կարողանաս ուշադիր եւ հանգիստ վերլուծել ու պարզել: Կասկածն ամենուր է, նաեւ օդի մեջ, բայց շուրթերիս ու մաշկիդ միջեւ օդ չկա, ուրեմն կասկած նույնպես չկա: Մեր միջեւ կասկած չկա, ոչ թե մեր միջեւ, այլՙ մեր մեջ, որովհետեւ «մեր միջեւ» էլ չկա...

Երեւի սխալ շարունակություն էի ընտրել, ծիծաղելով հետ մղվեց եւ ծածկեց ուսերը:

- Գնա, խնդրում եմ,- ասաց, գոնե ձայնը եւ դեմքի արտահայտությունը որոշ չափով փոխհատուցում էին,- ուշանում ես... Երեւի մոտակա օրերին չկարողանաս երեկոները դուրս գալ: Տանը կմնաս, մինչեւ իմանանք, թե ինչ է կատարվել, եւ հանդարտվի:

Մոռացել էի կամ մոռանալու էի տալիս գիշերվա պատմությունը:

Դժվարն այս փողոցով գնալն էր, հատկապես Դիմովիչի տան մոտով: Կենտրոնական փողոցում եւ ավտոկայանում տեսնողները չէին կռահի, թե որտեղից եմ գալիս: Կարծես թե բարեհաջող անցավ, ավտոբուսի մեջ էլ ուշադրություն դարձնող չեղավ: Այդ մի քանի հոգին երեւի տեղյակ չէին, թե գիշերն ինչ տուրուդմբոց է եղել իրենց գյուղում:

Սպասում էի, որ կնախատեն ինձ երկու գիշեր բացակայելու համար, բայց տանը միայն Դավիթն ու Փայլակն էին, քնած: Բացակաների պատճառով դուռը ներսից չէին փակում, ինչը եղածից հետո անզգուշություն համարեցի: Իսկ Սաքոն ու Ռազմիկը գերադասում էին նախաճաշել, նոր միայն ներկայանալ աշխատանքի: Ահա թե ինչու էր Սաքոն առաջարկում նախաճաշը հանել օրակարգից: Նրանք միասին եկան, հավանաբար ճանապարհին էին հանդիպել, եւ չիմացան, գուցե Դավիթը եւ Փայլակը նույնպես, որ ես էլ եմ նոր եկել:

Պատմեցի կատարվածը:

- Լավ ես արել, որ չես գնացել,- ասաց Սաքոն,- ինչ իմանաս, թե ով էր կանչողը:

Առավոտները գյուղտեխնիկայի աշխատողները հավաքվում էին գրասենյակի մոտ: Նրանցից, հետո էլ ճաշարանում իմացանք, որ կռվել են գյուղի տղաները եւ հայերն ու վրացիները: Տարբեր պատճառներ էին ասում, ամենահավանականը մեկն էրՙ վրացիների մի խմբի առանց տոմսի դահլիճ չէին թողել:

Ճաշարանից դուրս գալով Ինային ու Նինային տեսա, հենց նոր էին իջել ավտոբուսից եւ բեռնավորված իրենց փողոցի կողմն էին գնում: Ինայի ուսին մի մեծ կապոց էր, անկողին հավանաբար, Նինան երկու պայուսակով էր: Չափից ավելի կարգապահ վարորդը չէր կանգնել Անտառային փողոցի մոտ եւ աղջիկներին բեռով հանդերձ հասցրել էր կանգառ:

Մերոնք կամ տեսնողները ինչ էլ մտածեին, քույրերին չէի թողնի այդ վիճակում, առավել եւս, որ նրանց փողոցում էինք աշխատելու:

- Թույլ տվեք օգնել ձեզ, աղջիկներ,- ասացի արագորեն մոտենալով:

Ինան նայեց վիզը ծռած,- ինչո՞ւ այդպես պաշտոնական,- ապա ընկերներիս տեսնելով հասկացավ եւ որպես պատիժ իր կապոցը չտվեց,- Նինային օգնիր:

Քույրն էլ էր համառում, միայն մի պայուսակը տվեց, մյուսն ստիպված էի խլել ուղղակի: Դավիթն Ինայի կողքով անցնելիս առանց որեւէ այլեւայլության վերցրեց կապոցն ու այնպես, երկու մատով մեջքին գցած, քայլեց նրա հետ խոսելով:

- Սեպտեմբերի մեկից դասի՞ եք,- հարցրեցի Նինային:

Նա գլխով արեց:

- Երեւի չկարողանաք շուտ-շուտ գալ գյուղ:

Նինան լոկ մի անորոշ շարժում արեց:

Այսօր քույրերի հետ ոչ մի բան չէր ստացվում: Առավոտյան Ինան էր փակել դեպի վիզը տանող ուղիները, հիմա կրտսերը չէր ցանկանում խոսել: Դավիթն ու Ինան աշխուժորեն զրուցում էին:

Անտառայինում սվաղ էինք անելու, քսանվեցում: Երբ Սաքոն ասաց, Ռազմիկը հարցրեց.

- Մենա՞կ եմ սվաղելու:

- Շարքը մենա՞կ արեցիր,- պատասխանեց Սաքոն:

Պարզ էր, ես էլ էի սվաղելու:

Աղջիկների հետ մտա իրենց բակ:

Ինչ-որ սահման կար, որից այն կողմ ինձ արգելված էր առաջանալ: Ընդառաջ եկող շունը դա պարզորոշ հասկացրեց, թեեւ իր տիրուհիների հետ էի գալիս, եւ կարծես վաղուց պիտի գլխի ընկած լիներ, թե ով եմ ես:

- Հանգիստ, Գամբիտ,- ասաց Ինան եւ հեգնանքով ավելացրեց,- դե դու նրան ճանաչում ես, հարեւան է:

Բելիկովի ասածը հավանաբար շանն էլ էր վերաբերում: Գամբիտը հանգիստ էր եւ անդրդվելի: Այս երրորդի հետ չփորձեցի էլ լեզու գտնել, այսօր բախտս չէր բերում, պայուսակները հենց այդտեղ դրեցի ու շտապեցի իմ գործին: Դե թող ինքը ներս տանի, Գամբիտը:

Մինչ բանվորները կալ կսարքեին, ես ու Ռազմիկը տաշտշեցինք շարքերի արանքներից դուրս պրծած ցեխի քարացած կտորները: Պատ շարելու հմտության մի դասը գիտեիՙ ինչքան արագ ես շարում, այնքան լավ է ստացվում: Սվաղն այդպես չէր: Իզուր չեն ասում, որ ամեն մի գործ առանձնահատուկ մոտեցում է պահանջում:

Այսօր արդեն չորրորդ ձախողումն էր: Վերջապես մի լույս երեւացՙ Տանյան:

- Դուք արդեն վարպե՞տ եք,- ուշիմ աղջիկն իսկույն նկատեց կարիերայի առաջխաղացումս:

- Այո,- պատասխանեցի անփութորեն:

- Դժվա՞ր է:

- Այո, բայց քո գալուց հետո հեշտացավ:

- Շնորհակալություն,- ծիծաղեց Տանյան:

- Շուտով դասերը կսկսվեն, չե՞ս կարոտել:

Ի տարբերություն Նինայի Տանյան ոգեւորվեց,- կարոտել եմ, շատ եմ սիրում դպրոցը, հատկապես առաջին օրերը:

- Ես էլ էի շատ սիրում, օգոստոսի վերջին օրերին անհամբերությամբ էի սպասում սեպտեմբերի մեկին: Հիշում եմ, ինչ դուրեկան էր նոր դասագրքերի հոտը:

- Այո,- ուրախացավ Տանյան,- ընկերուհիներս ծիծաղում են, երբ ասում եմ...

Քույրերն այդ պահին բակում էին, ծիծաղելով մեզ էին նայում:

- Իմիջիայլոց,- մոտենալով ցածրաձայն ասաց Տանյան,- Ինան շատ է փոխվել: Առաջ ինձ ընդհանրապես չէր նկատում, հիմա ամեն տեսնելիս խոսում է հետս, նույնիսկ մազերս է շոյում... Այ, եթե ծխելն էլ թողնի...

- Նա այլեւս չի ծխում,- շտապեցի տեղեկացնել:

- Որտեղի՞ց գիտեք:

- Գիտեմ, էլ ծխելիս չեմ տեսել:

- Դուք հաճա՞խ եք հանդիպում:

Տանյայի հարցերն սկսում էին խորանալ:

- Ոչ հաճախ, ինչքան որ թույլ է տալիս աշխատանքը:

- Դուք միասի՞ն եք...

- Ի՞նչ է նշանակում միասին, Տանյա:

- Չգիտեմ, Դուք ավելի լավ կիմանաք:

Չի կարելի խաբել նրան, ում սիրում ես, իսկ Տանյային ես սիրում էի:

- Այո,- ասացի:

Հետեւեց հաջորդ եւ դաժան հարցը:

- Եվ ինչքա՞ն է այդպես շարունակվելու: Չէ՞ որ Դուք շուտով կգնաք, իսկ նա կմնա:

Սա գուցե եւ նրա սեփական պաշարից չէր, խոսակցություն էր լսել երեւի: Սակայն հարցը, որ ինքս էի ինձնից վանում, տրված էր եւ պատասխան էր պահանջում:

- Չգիտեմ,- ասացի:

Նույնպես պատասխան էր:

33

Սաքոն մանրամասնություններ հայտնեց կռվից: Վրացիներն էին սկսել, հայերին կինոյից դուրս կանչողը հենց վրացի էր եղել: Հայերին կանչում էին, որ ակամա կռվի մեջ մտնեն եւ օգնեն իրենց: Բացի դրանից եւ ավելի վատը, գյուղում տպավորություն էր ստեղծվում, թե հայերն են կռիվ անողը... Որպես ժուռնալիստ լավ գիտեի, որ ուղղումը երբեք լիովին չի վերացնում կեղծ տեղեկատվության ազդեցությունը, իսկ այստեղ ո՞վ էր ուղղում տալու: Այս խայտառակությունն էլ ծանրացավ հայերի անվան վրա, ինչպես մի քանի տարի առաջ ադրբեջանցիների կատարած բռնաբարությունը:

Ծեծվածների մեջ էին նաեւ Արսենի ջահելները: Սաքոն տեսել էր Արսենին, որը հայտարարել էր, թե «լակոտներն իրեն զզվեցրել են, տուն է ուղարկում»:

- Դիվինոյի համը դուրս եկավ,- ասաց Սաքոն,- առաջին տարիներին ես ու Արսենն էինք մենակ, հարգանք ու պատիվ կար: Շնից շատ լցվել են ամեն ազգից: Գարաժը կիսատ չմնար, մյուս տարի ուրիշ տեղ կգնայի:

Բառնաուլյան այցը վերջնականապես թաղել էր գարաժը ծածկելու հույսը:

Ինան առիթ գտավ ինձ հիշեցնելու, որ ոչ մի դեպքում երեկոյան չիջնեմ ներքեւ, դրությունն ավելի լարված է, քան սկզբում էր թվում:

Այդ օրվա միակ զբաղմունքը մնաց նոր գործ յուրացնելը: Սա ոնց որ ավելի դժվար էր, քան շարելը: Ծեփելը ֆիզիկական ծանր աշխատանք էր, ինչպես նաեւ այդ ծեփածը հարթելը, հավասարեցնելը, հատկապես անփորձների համար: Այնուամենայնիվ գործն անում էի: Ամենակարեւորը ձգտումն է, ասում էր մայրս:

Քույրերն իրենց հոգսերն ունեին, նոր ուսումնական տարվան էին պատրաստվում: Գնում էին, գալիս, մշտական եռուզեռի մեջ էին:

Սեպտեմբերի մեկն ինձ էլ էր շտապեցնում: Մի բան էի որոշել, որ պիտի իրագործեի անպայման: Նախՙ նվեր գնել Ինայի համար, առաջին անգամ էր դասարան մտնելու որպես ուսուցչուհի: Չէի գտնում, թե ինչ գնեմ, ժամացույցի մասին խոսակցությունը հայտնություն էր: Բացի դրանից, փաստորեն խոստացել էի մայթ սարքել տատի տան բակում: Կար նաեւ իմ ծննդյան օրը: Եվ այդ ամենի իրագործման միակ հարմար օրը քսանութն էրՙ կիրակի եւ Կորյունի ծննդյան օրը:

Մի օր ճաշարան գնալու փոխարեն իջա կենտրոն, օրը ցերեկով գյուղամիջում չէին սպանի ինձ: Երեսիս նայող չկար, նույն մարդիկ էին, նույն Դիվինոն: Վերային հանդիպեցի, բարեւեց առաջվա պես սիրալիր, նույնըՙ հանրախանութի վաճառողուհիները: Կարծես չափազանցրած էր տագնապը, կամ Ինան վախեցնում էր, որ իր զբաղված օրերին ուրիշ աղջկա հետ կապվելու փորձության չենթարկվեմ:

Հանրախանութում դեռ հուլիսին իտալական ծանրոց էին ստացել` արդուզարդի պարագաներ եւ այնքան թանկ, որ չէին վաճառվում: Իտալական շքեղությունը մատչելի չէր խորհրդային ազնիվ աշխատավորներին: Ես համոզվեցի, որ թանկությունը միայն շքեղություն չէ: Թանկարժեք ապրանքներն անհրաժեշտ են եւ օգտակար, որովհետեւ հարկ եղած պահին կարող ես գնել: Ժամացույցն իրոք գեղեցիկ էր, նուրբ շղթայով, առանձնահատուկ երանգով: Նույն ապրանքների մեջ մի դրամապանակ ուշադրությունս գրավեց: Նինայի համար նույնպես նոր ուսումնական տարի էր սկսվում, ուսանողուհի՜...

- Օ՜, կարելի է նախանձել նրան, ում համար գնում եք սրանք,- ասաց վաճառողուհին:

Կասկած չկար, մի երկու շաբաթից Դիվինոյում բոլորը կամ բոլոր հետաքրքրասեր անձինք կիմանային, թե ում են բաժին հասել իտալական նվերները:

Ծրագրիս ամենակարեւոր մասըՙ նվեր ընտրելը, անգամ գերակատարված էր: Մնում էր բետոնի նախապատրաստությունը: Ցեմենտ տանելն էր դժվար թվում, առանց Սաքոյին ասելու չէի կարող, իսկ նա նույնիսկ առաջարկեց բրիգադով գալ եւ անել:

- Չէ,- ընդդիմացա,- ինչի՞ համար, կիրակի է, հանգստացեք: Մի երկու ժամում կանեմ...

Մնում էր օրը հարմարեցնել, որ ավազն ու ցեմենտը տանեի: Եթե առաջվա պես բանվոր լինեի, հեշտ էր, բայց վարպետ էի, կարեւոր ձեռք, չէի կարող բացակայել:

Հենց ծննդյանս օրը դա էլ ստացվեց, որը համարեցի լավագույն նվերը: Քսանութ համարը պիտի ծածկեին, պանելները բերեցին: Սաքոն ու Ռազմիկը մնացին այդտեղ, Դավիթն ու Փայլակը սովխոզի տան համար աղյուս էին տանելու, իսկ ես Տոլիկի ավտոյով գնացի ավազի: Արտակարգ լավ օր էր: Հենց ճանապարհից թեքվեցինք դեպի գետափ, Տոլիկը ղեկը տվեց ինձ: Ոչ շարքը եւ ոչ սվաղը այս ուրախության հետ չէին համեմատվի: Էլի էի քշել, բայց քիչ, մի քանի մետր:

Գետափին ծանոթ էքսկավատորն էր: Երկու օբյեկտն էլ ապահովեցի ավազով: Եվ բոլոր երթերի գետամերձ հատվածում ես էի վարում Տոլիկի ճռճռան ինքնաթափը: Զարմանալի է, մինչ այդ ուշադրություն չէի դարձրել, բայց հենց ղեկն անցավ ձեռքս, սկսեցի մեքենայի շնչառությունը լսել:

- Ուրեմն քեզնից վարորդ դուրս կգա,- խրախուսեց Տոլիկը:

Վերջին մեքենան նախատեսված էր տատի տան համար: Տոլիկի հետ պայմանավորվել էի, որ ցեմենտ ու տախտակներ էլ ենք տանելու: Երկու շիշ օղին, թղթե տոպրակի մեջ, խցիկում էր:

- Առանց դրա էլ կտանեի,- ասաց:

Բայց վերցրեց: Դիվինոյում օղուց ոչ ոք չէր հրաժարվի: Անցած շաբաթ էի չեչեն Ռաֆիկի կնոջից չորս շիշ գնել: Սաքոն ասում էր, որ հարկ եղած պահին կես լիտրը հարյուր ռուբլուց լավ գործ է անում: «Ճերմակը» բերքահավաքի օրերին արտարժույթի պես բան էր:

Վերջին անգամ գետափ գնալուց առաջ մոտեցա հարեւանների ցանկապատին: Այս օրերին հաճախ էինք շփվում նրանց հետ, հատկապես Դավիթը: Նինային խնդրեցի կանչել քրոջը: Պիտի նախապես զգուշացնեի, դպրոց էր գնացել: Համենայն դեպս ճշտեցիՙ ցախանոցի դուռը չէին փակում, եւ ասացի, որ կիրակի օրը բետոնն անելու եմ:

Գետափից գնացինք գյուղտեխնիկա: Ցեմենտի պահեստում թղթե պարկեր կային: Սաքոն ասել էր, որ հինգ-վեց պարկը լրիվ հերիք է, բայց ես տասը լցրեցի, կես տոննայից ավելի, շատ լինի, քիչ չլինի: Տախտակներն իզուր էի բարձել, հետ բերեցինք, ինչ որ ինձ պետք էր, ցախանոցում կար:

Քանի անգամ տեսա Ինային իրենց բակում: Եթե ասեի, որ ծննդյանս օրն է, կգար անշուշտ, եւ երեկոն միասին կանցկացնեինք, բայց ամեն ինչ թողեցի կիրակի օրվան:

34

Հաջորդ երկու օրըՙ ուրբաթ եւ շաբաթ, սովխոզի տանն էինք:

Կիրակի առավոտյան, թեեւ ութին էի ասել, շատ շուտ արթնացա: Վեցը չկար, երբ դուրս եկա, բանվորական շորերով, գիշերային մթություն էր: Ուսիս գցած պայուսակի մեջ ջինսն ու վերնաշապիկն էին, կոնյակը, կոնֆետ եւ նվերները:

Այդ ժամին ինձ չէին սպասի, եթե այստեղ էին գիշերել: Զգուշությամբ բացեցի ցախանոցի դուռը, առայժմ միայն բահն էր պետք: Մաքրեցի ամբողջ ճանապարհը, քերեցի, հարթեցի, ավազ փռեցի: Լավ է, որ շուտ եկա, ավելի շատ գործ կար, քան ենթադրում էի:

Լուսամուտը բացվեց:

- Արդեն այստե՞ղ ես,- զարմացած հարցրեց Ինան:

Նա դուրս եկավ եւ մոտեցավՙ սառն օդի մեջ ջերմություն բերելով, տաքանալու համար դեմքս քսեցի վզին:

- Մենա՞կ ես,- հարցրեցի:

- Նինան քնած է: Ինչո՞վ օգնենք քեզ:

- Կասեմ:

- Միգուցե նախաճաշես:

- Իննին, եթե կարելի է:

Մինչեւ նախաճաշ հսկայական գործ արեցի, արդեն կարող էի բետոնը սկսել:

Կալի տեղը հարմար չէր, հող էր, քաշում էր ցեմենտաջուրը: Առաջին կալը փոքր սարքեցի, որ գետինը պնդանա, նոր մեծն անեմ: Ցեմենտն առատորեն խառնում էի: Պատկերացնում էի, թե ինչ ամուր բետոն է լինելու:

Ջուրն աղջիկներն էին բերում ջրհորից: Դա էլ չէի թողնի նրանց, բայց չէի ուզում փողոցում երեւալ: Ինան թեթեւ, կապույտ մարզահագուստով էր, Նինան նրա ջինսն էր հագել: Համեմատության լավ առիթ էր, հատկապես որ այդ ջինսը ես էլ էի փորձել: Փոքր-ինչ նեղ էր նրա համար, երկար շապիկը թողել էր վրայից:

Արագ էի աշխատում, կեսօրից հետո մնացել էր դռան դիմացը, ուզում էի մեծ անել, տարածություն կար: Բետոնը փռելուց հետո հարթում էի, երբ սկսում էր պնդանալ, ցեմենտ էի շաղ տալիս ու մալայով քաշում: Դա խոպանում չէի սովորել, մեր տան բակում էի տեսել, երբ փոքր էի, լրիվ հիշում էի:

Մնացած ամբողջ ավազով եւ ցեմենտով մի մեծ կալ սարքեցի հենց դռան դիմաց, որպեսզի տեղում փռեմ: Ջուրը լցրեցինք: Հանկարծ վախ ծագեցՙ իսկ եթե այս ամենը տատին դուր չգա: Այս տունը նրա համար հիշողություն է:

Ինան նույնպես մտահոգվեց:

- Ես ասել եմ,- հանգստացրեց մեզ Նինան,- դեմ չէ:

Ի տարբերություն ինձ Նինան աչքաթող չէր արել այդ քայլը:

Մի ժամից վերջացրինք: Ամենից լավ դռան դիմացը ստացվեց: Ցեմենտառատ բետոնը փռեցի հաստ շերտով, ինչքան որ ազատ տեղ կար: Այստեղ էլ բռով ցեմենտ շաղ տվեցի եւ սիրունացրի երեսը:

- Ի՜նչ լավ եղավ,- ուրախ բացականչեց Նինան,- այստեղ կարելի է թենիսի սեղան դնել: Ափսոս, երեւի մյուս ամռանը ես խաղամ:

Ինան ուրախությունն արտահայտեց ջերմագին համբույրով:

Հպարտություն էի զգում:

Լվացվեցի դրսում, մինչեւ գոտկատեղս մերկ, որ ցեմենտի փոշուց գոնե կիսով չափ մաքրվեմ: Ինան դույլից ջուր էր լցնում:

Մյուս կողմի պատուհանից մտանք ներս: Ինան սեղան էր պատրաստել, օղու շշով, իրենց աշխատավորի համար: «Տոնական» կոնյակը եւ կոնֆետի տոպրակը դրեցի սեղանին:

- Հայկական կոնյա՞կ,- զարմացավ Ինան:

- Այո, դու խնդրել էիր,- հիշեցրի:

- Եվ այսքան ժամանակ պահո՞ւմ էիր: Երեւանից ես բերել, ուրեմն հատուկ օրվա համա՞ր: Ի՞նչ առիթով:

- Առիթները շատ են:

- Ես չեմ խմի,- ասաց Նինան:

- Դուք միայն մի կում արեք, լա՞վ, ամեն առիթին մի կում:

- Լավ,- համաձայնեց Ինան,- մի կում կարելի է: Գոնե փորձեմ:

- Սա հին կոնյակ է, մորս պահածներից:

- Քո ծննդյան օ՞րն է,- գլխի ընկավ Ինան:

-Հիմա կասեմ, բոլորը, հերթով: Առաջին եւ ամենակարեւոր առիթը, որ դու սեպտեմբերի մեկին դասարան ես մտնելու որպես ուսուցչուհի:

Մոտեցա նրան, հետեւից համբուրեցի այտը եւ ժամացույցը հանելով անցկացրի ձեռքին:

Ինան հուզված գլուխը քսեց դեմքիս:

- Սա իտալական ժամացույցն է,- ասաց Նինան,- աղջիկներով մտնում հիանում էինք: Բայց սա շատ թանկ է...

- Եվ շատ գեղեցիկ,- ասաց Ինան:

- Իսկ երկրորդ առիթը որն է,- հետաքրքրվեց Նինան:

- Խմենք առաջինի համար, հետո... Միայն մի կում,- ասացի Նինային:

- Թունդ է, բայց հաճելի է,- գնահատեց Ինան:

-Այո, իսկապես, հաճելի էր,- հաստատեց Նինան,- չէի կարծի, ջերմացրեց միանգամից...

- Նա չի խմում,- գլխով արեց ավագը,- եւ լավ է անում: Հիմա ասա երկրորդը:

- Երկրորդը Նինային է վերաբերում...

Կրտսեր քույրը սրտաբուխ ժպտաց: Նրա ժպիտը մի ժամանակ հմայել էր ինձ:

- Շնորհավորում եմ Նինային ինստիտուտ ընդունվելու համար,- նրա հետ արդեն ոչ «դուն» էր ստացվում, ոչ «դուքը»,- ցանկանում եմ հաճելի ուսանողական կյանք: Ինչպես նաեւՙ երջանկություն:

Այդ շինծու շարադրանքից հետո մեկնեցի տուփը, որի մեջ դրամապանակն էր: Նինան գլխի չընկավ, որ իրեն նվեր եմ տալիս:

- Վերցրու նվերը,- հուշեց Ինան, ինքը վերցրեց եւ բացեց,- գեղեցիկ դրամապանակ է,- ինչքա՜ն գրպաններ ունի, այստեղ փողը կդնես, սա` մանրադրամի համար, այստեղ կարող ես նկարներ դնել, վկայական... Մի խոսքով, ինչ մտքովդ անցնիՙ նախատեսված է: Շատ լավ նվեր է, շնորհակալություն...

- Շնորհակալություն,- կրկնեց քույրը եւ անցավ դրամապանակն ուսումնասիրելուն,- էլի իտալական է,- ակամա ասաց նա,- սա իմ կյանքում առաջին նվերն է... ոչ հարազատից...

- Ոչ հարազատի՞ց... Քույրիկս, դու չգիտես, որ նա քեզ հարազատ է համարում:

Նինան նայեց նրան եւ լռեց:

Ուրեմն լսել էր մեր ամբողջ խոսակցությունը:

- Հաջո՞րդը,- դիմեց ինձ Ինան:

- Հաջորդին չեմ պարտադրի խմել:

- Կարծես թե հասնում ենք գլխավորին,- կռահեց նա,- քո օ՞րն է:

- Այսօր փոքր եղբորս ծննդյան օրն է...

Ինան որոշ չափով հիասթափվեց:

- Ծնվել է քսանութին, ձեւակերպումը երեսունմեկին է, այդ չորս օրը նա հայտարարել է իր ծննդյան տոն... Եվ քանի որ ես էլ ծնվել եմ քսանհինգին եւ առանձնապես չեմ սիրել նշել, երբեմն իմ ծննդյան օրը միացնում եմ նրա տոնին...

- Անխիղճ տղա,- Ինան մոտեցավ, չթողեց, որ վեր կենամ, գրկեց գլուխս,- ինչո՞ւ քսանհինգին չասացիր:

- Ես հիմա էլ չէի ուզում ասել, բայց հասկացա, որ քեզնից թաքցնելու իրավունք չունեմ:

- Եթե չասեիր, երբեք չէի ների:

- Ինչ հուզիչ է,- ասաց Նինան,- այս առիթով կարելի է երկու կում անել:

Երեւի հեգնում էր, բայց դեմքին միամիտ արտահայտություն էր, կասկածեցի: Ինան իր բաժակը դրեց բերանիս, ինձնից հետո դատարկեց, շուրթերը սրբեց եւ ճկվելով համբուրեց ինձ, չմոռանալով անհապաղ զզվանքով «թուհ» անել, որպեսզի ինձնից առաջ ընկնի:

- Այդքան տհա՞ճ է,- ապշեց Նինան, բայց երբ հետեւեցի Ինային, հասկացավ, որ դա մեր խաղն է,- թատրոնը սկսվեց... Միակ հանդիսատեսը ես եմ: Հույս չունենաք, թե կգնամ: Աղջիկներին երեկոյան եմ տեսնելու, այստեղ ինձ համար հաճելի է:

- Ուրախացիր մեզ հետ, քույրիկս,- Ինան փարվելով փաղաքշեց քրոջը,- քո ներկայությունը մեզ միայն հաճույք կպատճառի: Իսկ դու չե՞ս ուզում շնորհավորել Արամին:

- Իհարկե, շնորհավորում եմ:

- Այդքա՞նը:

- Իսկ ի՞նչ...

- Շնորհավորիր նրան, ինչպես հարազատը հարազատին:

- Իսկ ինքը համբուրե՞ց ինձ նվերը տալու ժամանակ,- ծիծաղեց Նինան:

Փոքրիկը լավ ժրել էր:

- Լսեք, խնդրում եմ,- միջամտեցի,- հիմա հաջորդ առիթը կասեմ:

- Էլի՞,- վախեցավ Նինան,- ես չեմ կարող այդքան խմել, աչքերիս առաջ պտտվում է...

Նորից լցրեցի բաժակները:

- Ինչ գեղեցիկ գույն է,- հիացավ Ինան բաժակը լույսին պահելով,- իսկապես վայելքի խմիչք է, նույնիսկ Նինային դուր եկավ:

- Այո, զարմանալի է,- խոստովանեց քույրը,- գուցե օրն էր առանձնահատուկ:

- Ինչո՞վ էր առանձնահատուկ,- հարցրեց Ինան:

-Այս բետոնը, որ Արամն արեց... Ես շատ ուրախացա, շատ լավ եղավ: Պատկերացնում եմ, թաց եղանակին տատը ինչպես հանգիստ, ապահով կանցնի...

-Ինձ համար էլ է առանձնահատուկ,- ասացի,- շատ ուրախ եմ եւ հպարտ, պարծենկոտություն չհամարեք, որ այսպիսի լավ գործ եմ արել:

- Սա՞ էր հաջորդը,- հարցրեց Ինան:

Իհարկե, որպես առիթ չէի ներկայացնում, բայց կարելի էր օգտվել:

- Այո, իմ կարծիքով, շատ լավ առիթ է:

-Հրաշալի առիթ է,- վրա բերեց Նինան,- ես հաճույքով իմ կումը կանեմ,- ամենից շատ նա էր ուրախացել,- բայց խնդրում եմ այլեւս առիթներ չստեղծել, Արամ: Այնպիսի կենացներ եք ասում, որ անհնար է չխմել:

- Ես չեմ ստեղծում, առիթներն իրենք իրենց են ստացվում: Օրինակ ...

- Ոչ, ոչ,- աղերսագին ասաց նա ծիծաղելով:

Զսպված ծիծաղից նրա կուրծքը թպրտում էր: Չարաբաստիկ համեմատության որդը նորից խլվլաց: Ստիպված էի ընդունել, որ որոշ տեղերով Նինան գերազանցում է քրոջը:

- Ինչո՞ւ եք «դուք»-ով խոսում,- հանդիմանեց Ինան, կարծես ջանում էր ամեն կերպ մտերմացնել մեզ:

- Ես կխոսեմ, միայն թե թող այլեւս առիթներ չստեղծի: Վախենում եմ հարբելուց:

- Դու արդեն հարբած ես,- ծիծաղեց քույրը:

- Լո՞ւրջ,- Նինան անհանգստացավ,- հարբածի պե՞ս եմ երեւում:

-Ոչ,- ասացի,- հանգիստ շարունակեք... Ես հիմա կխմեմ ինձ համար ամենալավ առիթով...

- Ծննդյան օրից հետո էլ ի՞նչ ամենալավ...

- Ծննդյան օր ամեն տարի լինում է, առնվազն մեկ անգամ... Իսկ այսպիսի օր գուցե ողջ կյանքում չկրկնվի... Այսպիսի օր երկու ամենագեղեցիկ եւ սքանչելի քույրերի հետ...

- Օ՜... Երեւում է, խմելու տրամադրություն ունես,- ասաց Ինան:

- Հաճելի միջավայրում միշտ հաճույքով եմ խմել:

- Խմիր, խմիր, որ տաղանդդ լիովին բացահայտես այսօր... Թե՞ էլի կսկսես Նինայի ձեռքերը համբուրել եւ սեր խոստովանել...

Նինան գլուխը կախ ժպտում էր:

- Ես նրա ձեռքերն առանց խմելու էլ կհամբուրեմ,- քրթմնջացի շփոթահար, բայց շարունակությունը գտնելով անմիջապես համարձակություն առա,- պարտավոր եմ նույնիսկ, կենացն է պահանջում:

Հրաշալի է շախմատային կայծակնախաղը, երբ ակնթարթորեն ծնվում է քայլը եւ իսկույն իրագործվում: Ցայտնոտում լավ եմ խաղում: Բաժակը դնելով վեր կացա եւ շրջանցեցի սեղանը: Քույրերը ժպտադեմ ինձ էին հետեւում, Նինան ձեռքերը տարավ սեղանի տակ: Մինչդեռ ես հետեւից գրկեցի երկուսին միաժամանակ, գլուխները մոտեցան, գրեթե քսվեցին իրար, դեմքս սեղմեցի երկուսի մազերին, տեղ-տեղ համբուրելով, արդեն հաշվի չառնելով, թե ում վիզը կամ ականջն է ընկնում շուրթերիս տակ:

- Այ դու հանդուգն պատանի,- քրքջաց Ինան,- արդեն հարբե՞լ ես:

Երբ ոգեւորությունն ընդհանուր է, ամեն ինչ ընդունվում է:

- Իհարկե հարբած եմ, բայց ոչ խմիչքից: Նույնիսկ այս բաժակն ինձ չի հարբեցնի... Եվ ես ձեր կենացն եմ խմում, այսօրվա ամենալավ կենացը, քանի որ երկուսիդ էլ սիրում եմ...

Ժամանակին թողեցի նրանց, դեռ այդքան հարբած չէի, դատարկեցի բաժակը, ապա տեղս նստելով ասացի,- եթե կարելի է, ես օղի կխմեմ:

- Ես էլ,- միացավ Ինան,- ափսոս է կոնյակը խմել հարբած ժամանակ:

- Մենք արդեն հարբա՞ծ ենք,- նորից տագնապեց կրտսերը, որն իմ խանդաղատալից զեղումից հետո մազերն էր ուղղում հանդիսավոր տեսքով:

Եվ նորից հանգստացրի նրան,- ամենեւին, մենք դեռ շախմատ ենք խաղալու:

- Ոչ, չեմ կարող հիմա...

- Փորձեք,- առաջարկեց Ինան,- ամենալավ պահն է, ես սեղանը կթեթեւացնեմ ու կթարմացնեմ, դուք խաղացեք:

- Քայլ արեք, Նինա, Դուք սպիտակներով եք:

Նինան կզակը հենեց ձեռքերին, աչքերը փակած լրջանում էր եւ տրամադրվում: Քայլի փոխարեն ասաց.

- Նորից «Դուք»:

- Այլեւս չի կրկնվի, կներես, խաղա:

- Ձf3:

- Փաստորեն սպասողական քայլ, որպեսզի շարունակությունը ընտրես ըստ իմ քայլի:

- Խնդրում եմ չխոսեք: Ես չեմ կարող կենտրոնանալ:

- Նորից «Դուք»:

- Լավ,- ժպտաց նա,- կներես:

Ես խաղացի Ձf6, ընտրությունը թողնելով նորից նրան:

Նախկինում փորձել էի, թեկուզ մեկ բաժակը խանգարում էր, վատ էի խաղում: Շախմատը պայծառ ու հստակ միտք է սիրում եւ ֆիզիկական թեթեւություն: Խմիչքը գուցե ոգեւորի, բայց փայլատակումը երկար չի տեւի: Բավական խմել էի, եւ առանց տախտակի էինք խաղում, որն ուժերի բացարձակ լարում է պահանջում: Սակայն դրանք երկրորդական եւ ընդհանրապես չնչին բաներ էին, որոնց պատճառով վատ կխաղայի կամ մի երկու սխալ թույլ տալով կպարտվեի, գուցե եւ փոխադարձ սխալներից օգտվելով հաղթեի:

Սովորական խաղի ժամանակ բնականաբար տախտակին ես նայում, դրությանը: Իրար դիմաց էինք նստած, քանի որ տախտակ չկար, նայում էի նրան: Նա էլ հաշվարկների մեջ խորացած, ուղիղ նայում էր ինձ, թերեւս չտեսնելով: Նա հաշվարկի մեջ էր խորացել, եսՙ նրա աչքերի: Այդպիսի մի պահի չխկոց լսվեց, Ինան նկարեց մեզ ինչ-որ բան ասելով: Քիչ հետո նույն դրությունն էր: Նույնիսկ մտքովս անցավ, թե դիտմամբ է հմայում, որ հեշտությամբ հաղթի:

Սկզբնախաղից հետո դրությունն աղոտ էի պատկերացնում:

- Քո դեմ խաղալ չի լինում,- ասացի,- երբ աչքերիդ եմ նայում, դիրքը ցնդում է, ֆիգուրները խառնվում են իրար:

- Ակնո՞ց դնեմ,- ծիծաղեց նա:

Եթե ակնոց դներ, դեմքը, վիզը բաց կմնային, ուսերը...

- Ոչ, իմ աչքերն է հարկավոր կապել:

- Ես էլ դաշտը լավ չեմ պատկերացնում,- խոստովանեց նա չհասկանալու տալով,- չխաղանք:

- Դե լավ, վերջացրեք,- վերջին բառերը լսեց Ինան,- ձեզնից այսօր շախմատ խաղացող չի ստացվի... Եկեք խմենք:

- Դու չէի՞ր ասումՙ ոչ մի սիգարետ եւ խմիչք,- նախատեց քույրը կարծես մինչ այդ չէինք խմել:

- Խմիչք կարելի է,- ասացի, Ինան երախտագիտությամբ ժպտաց,- հատկապես այսօր, իսկ ընդհանրապեսՙ երբեմն եւ քիչ: Ծխելն է կտրականապես արգելվում:

- Մի հիշեցրու,- բողոքեց Ինան,- հազիվ մոռացել էի:

- Բայց դու առանձնապես շատ չէիր ծխում, չէ՞:

- Ինչո՞ւ չես ուզում, որ նա ծխի,- հետաքրքրվեց Նինան:

- Որպեսզի շուրթերը համբուրելիս այդ գարշելի համը չզգամ:

Նինան կարկամեց, Ինան ժպտում էր:

- Ուշադրություն մի դարձրու, քույրիկս, նրա խոսքը լեզվի ծայրին է:

- Ուրեմն անկե՞ղծ է, միշտ անկե՞ղծ...

- Լավ, խմում ենք,- ընդհատեց Ինան,- Նինա, դու օղի չես խմի, չէ՞:

- Հեռու տար այդ մուժիկի խմիչքը, ես նույնիսկ կոնյակ չեմ խմի:

- Երեւի այս կումն էլ խմես: Հիմա ես եմ կենաց ասելու: - Աչքերից պարզ էր, թե ինչ է ասելու,- քո կենացն եմ խմում, Արամ, առողջ լինես, սիրված լինես ամբողջ կյանքում: Երջանկություն եմ ցանկանում քեզ ամբողջ հոգով, որին դու լիովին արժանի ես: Երբեք չիջնես քո բարձրությունից: Դո՛ւ, մաքուր, անկեղծ եւ հպարտ... իմ ազատ քամի... Երբեք չեմ մոռանա, թե ինչպես քիթը տնկած հեռացավ գետափից, առաջին հանդիպման օրը...

Ինան համբուրեց ինձ, խմեցինք, մենքՙ օղի, Նինանՙ կոնյակի հերթական կումը:

Այս բաժակը թարմացրեց ոգեւորությունը, իսկ երբ Ինան միացրեց լամբադան, նորից թաղվեցի վայելքի հորձանուտի մեջ:

- Գժվում եմ այս նվագից,- Նինան վեր թռավ ու սկսեց պարել:

Քույրը միացավ նրան: Նրանք, իհարկե, լամբադա չէին պարում: Ընդհանրապես Դիվինոյում կամ իրար գրկած օրորվում էին, միայն վալսն էր զատվում, կամ մարմիններն էին շարժում ով ինչպես կամենար եւ կարողանար, սեփական շարժումները հարմարեցնելով երաժշտությանը, հաճախՙ հակառակը: Եվ վատ չէր ստացվում: Իսկ քույրերինը շատ լավ էր, որովհետեւ բարեկազմ էին եւ գեղեցիկ: Ինչքան էլ Նինան փայլեր թարմությամբ, «կողմնակի բաներն» ավելի շքեղ լինեին, Ինան կազմվածքով անգերազանցելի էր, պարելիս դա առավել նկատելի էր: Նա ձեռքս բռնեց ու քաշեց պարի մեջ: Ես գրկված պարին էին վարժ, ձեռքերս գցեցի մեջքին: Նրա առավելություններն ամենից լավ գրկելիս էի զգում: Համեմատության հնարավորություն եղավ:

- Իսկ հիմա Նինայի հետ պարիր,- ասաց Ինան ժապավենը հետ տալով:

Լամբադան Դիվինոյում մի քանի անգամ էին միացնում:

Իմ եւ Ինայի հարաբերություններում բացարձակ ազատություն էր, վաղուց: Փոքրիկի հետ կաշկանդվում էի: Ձեռքերս դրեցի կողքերին, նա էլՙ ուսերիս հազիվ:

- Առաջին անգամ եմ տղայի հետ պարում,- հայտարարեց Նինան եւ քրոջ զարմացական հայացքը տեսնելով ավելացրեց,- դե, դասարանի տղաներին չեմ հաշվում:

- Առաջին նվերը, առաջին բաժակը, առաջին պարը,- ծիծաղեց ավագ քույրը,- Արամն սկսել է քո կյանքում առաջինը լինել...

Նինան շիկնեց:

Իմ լեզվին էլ էր նման մի խոսք պտտվում, չէի ասի, իհարկե: Ինայի վերաբերյալ կասեի, բայց փոքրիկին երկյուղածությամբ էի մոտենում:

- Լավ, լավ, սիրելի քույրիկս, այս սանձարձակն ինձ վարակել է իր բառախաղերով:

Ինան խառնեց քրոջ մազերն ու դուրս եկավ:

Այս սանձարձակը մի ժամանակ ամաչկոտ մանչուկ էր, հետո դարձավ հանդուգն պատանի:

Շարունակությունըՙ հուլիսի 13-ին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4