- Պարոն Աբրահամյան, վերջերս Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունքները:
- Այդ ընտրությունները մեզ որեւէ լուրջ անակնկալ չմատուցեցին: Ինչպես ենթադրում էին շատ քաղաքագետներ եւ վկայում էին սոցիոլոգիական հարցումները, ընտրություններում հաղթանակ տարավ Հանրապետական կուսակցությունը: Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստանը», որին հաջորդում են ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը», որոնք ունեին Ազգային ժողով մտնելու հնարավորություններ:
Իհարկե, կարելի էր ակնկալել, որ ընդդիմադիրները կհասնեն առավել ծանրակշիռ արդյունքների: Ըստ երեւույթին, ԱԺ-ում նրանց ներկայության նախորդ ժամանակահատվածը, նրանց կողմից խորհրդարանի աշխատանքի բոյկոտումը, գործող իշխանությանն ընդդիմանալու լուրջ աշխատանքի կազմակերպման անկարողությունը որոշակի հիասթափություն առաջացրին ընտրազանգվածի շրջանում: Ուստի որոշ ընդդիմադիրներ, չնայած գործող իշխանության նկատմամբ խիստ քննադատական դիրքորոշմանը, չմտան խորհրդարան:
Այդ ընտրությունների միակ անակնկալը դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության մուտքը խորհրդարան: Կարծում եմ, այդ հաջողությունը զգալի չափով կուսակցության առաջնորդի անձնական վաստակն է, որը ժողովրդականություն է վայելում հայ հասարակայնության լայն շրջաններում:
Մեծ հաշվով հարցն այն չէ, թե որ կուսակցություններն են անցել խորհրդարան եւ որոնք` ոչ: Խնդիրն այն է, որ խորհրդարան անցած կուսակցությունները կարողանան կատարել հայ ընտրողին իրենց տված խոստումները: Անհրաժեշտ է, որ խորհրդարանական իշխանությունը, որը հետխորհրդային տարածքի շատ երկրներում, ավաղ, առանձնակի համակրանք չի վայելում բնակչության մեջ, վերականգնի իր վարկն ու հարգանքը հասարակայնության մեջ: Ես անկեղծորեն մաղթում եմ, որ Հայաստանի խորհրդարանը եւ ընտրություններում այնտեղ անցած կուսակցությունները վայելեն երկրի հասարակայնության լայն աջակցությունը:
- Պարոն Աբրահամյան, Հայաստանում ընտրական մարաթոնը չի ավարտվում խորհրդարանական ընտրություններով: Թեեւ նախագահական ընտրությունները կայանալու են եկող տարվա սկզբներին, բայց ակնհայտ է, որ ընդմիջում չի լինելու 2008 թ. նախագահական ընտրությունների մրցավազքում: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանում 2008 թ. ընտրվելիք նախագահը:
- Դա շատ հետաքրքրական հարց է: Պետք է խոստովանեմ, որ ես ինքս մշտապես մտածում եմ, թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող մարդը, երկիր, որն այսօր աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում է եւ պետք է լուծի ներքին ու արտաքին մի ամբողջ շարք լուրջ հիմնահարցեր:
Կարծում եմ, որ Հայաստանի նախագահն առաջին հերթին պետք է ունենա լայն մտածողություն, խնդիրների ինչպես առաջադրման, այնպես էլ կատարման մասշտաբայնություն: Ընդսմին, իհարկե, նա պետք է լինի իրատես, պետք է իմանա եւ հասկանա, թե որտեղ են ֆինանսական, քաղաքական այն ռեսուրսների աղբյուրները, որոնք անհրաժեշտ են տվյալ ոչ դյուրին պայմաններում հանրապետության առջեւ ծառացած անչափ բարդ խնդիրների լուծման համար:
Բացի դրանից, Հայաստանի նախագահը պետք է վայելի բնակչության լայն աջակցությունը, ավելին, նույնիսկ սիրելի լինի, որպեսզի զանգվածային պաշտպանության վրա հենվելով, ընդունի ներքաղաքական հարցերի հետ կապված թերեւս ցավոտ որոշումներ, եթե անհրաժեշտ լինի: Նա պետք է նաեւ լուրջ հեղինակություն ու հարգանք վայելի միջազգային ընկերակցությունում: Նրա արտասահմանցի գործընկերները պարտավոր են իմանալ, որ նախագահը բացարձակ աջակցություն է վայելում իր երկրում: Դա շատ կարեւոր է, քանի որ միջազգային հարաբերություններում սեփական ժողովրդի այդպիսի աջակցությունը վայելող նախագահի խոսքը միանգամայն ուրիշ գին ունի, քան աջակցությունից զուրկ նախագահի խոսքը:
Երկրի համար կրիտիկական այս պահին չպետք է խզում լինի բարձրագույն ղեկավարության եւ ժողովրդի միջեւ, որը չի կարող իրեն թույլ տալ անտարբերություն հանրապետության ղեկավարի գործունեության նկատմամբ: Այսօր ավելի, քան երբեւէ, Հայաստանի բարձրագույն ղեկավարի որոշումներից է կախված հայոց պետության ապագան եւ զգալի չափով մեր ժողովրդի ապագան: Շատ կուզենայի, որ մեծ ջանքերի գնով ձեռք բերված պետականությունը դիմանա ժամանակի փորձությանը եւ այսօր մեր պետությանը նետված մարտահրավերներին:
Եթե ամփոփենք Հայաստանի նախագահի ունենալիք հատկանիշները, ապա կարելի է ասել, որ նա պետք է լինի շատ ստեղծագործող, լայնախոհ, արտաքին աշխարհում հսկայական կապեր ու հնարավորություններ ունեցող անձնավորություն, որպեսզի միջազգային աջակցություն ստանա մեր արտաքին քաղաքական խնդիրների լուծումներում: Նախագահը պետք է ունենա լավ թիմ, որը կարող է խորապես մտածված ծրագիր մշակել տնտեսական ոլորտում ճեղքման հասնելու համար: Ինձ համար ակնհայտ է, որ հայոց պետությունը կարող է ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում հիմնահարցերի իր ամբողջ բեռով գոյություն ունենալ միայն այն դեպքում, եթե զարգանա հարեւաններից անհամեմատ արագ եւ արդյունավետ:
Ինձ քանիցս վիճակվել է խոսել այդ մասին, եւ ուզում եմ կրկին ասել. միայն նորագույն տեխնոլոգիաները, միայն գիտությունը, միայն կրթության բարձր մակարդակը կարող են Հայաստանն առաջատար դարձնել տարածաշրջանում: Մեր երկիրը աշխարհի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում ինչպես տարանցման, այնպես էլ հումքային ռեսուրսների առումով: Մեր հարեւաններից մեկը` Վրաստանը, ունի տարանցման հնարավորություններ: Մյուսը` Ադրբեջանը, մեծ հնարավորություններ ունի էներգակիրների առումով, որոնց միջոցով համալրում է սեփական բյուջեն եւ մեզ սպառնում նոր պատերազմով, որպեսզի այդպիսով փորձի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Այնպես որ դյուրին չէ Հայաստանի նախագահի գործը: Սա այն տեղը չէ, որտեղ մարդ կարող է թուլանալ եւ ապրել իր ուզածի պես: Նախագահը պետք է հասկանա, որ իր ուսերի վրա վերցնում է ծանր բեռ, որը կարելի է բարձրացնել միայն համատեղ ջանքերով: Հակառակ դեպքում չի բացառվում, որ այդ բեռի տակ կարող ենք ամենքս թաղվել:
- Ձեր կարծիքով, ո՞վ կարող է դառնալ Հայաստանի նախագահի պաշտոնին հարմար այդպիսի առաջնորդ, այսինքն ունի Ձեր նշած հատկանիշները:
- Քանի դեռ չի սկսվել նախագահական մրցավազքը, չեն առաջադրվել նախագահության թեկնածուները, վաղ է այդ մասին խոսելը: Կսպասենք, կտեսնենք: Երբ հրապարակվեն ծրագրերը, պլատֆորմները, հնարավոր կլինի առարկայորեն խոսել այն մասին, թե հնարավոր թեկնածուներից որ մեկն ունի անհրաժեշտ ունակություններ եւ մոտենում է իմ նշած իդեալին:
- Պարոն Աբրահամյան, իսկ ինչպե՞ս են գործերը Ռուսաստանի հայերի միությունում եւ Համաշխարհային հայկական կոնգրեսում:
- Ռուսաստանի հայերի միությունը ամրապնդվել է եւ հաջողությամբ զարգանում է: Ռուսաստանի քաղաքներում ու շրջաններում ստեղծվում են նորանոր համայնքային կազմակերպություններ: Համայնքներում կյանքը դառնում է ավելի ակտիվ, արդյունավետ, բացվում են նոր եկեղեցիներ ու դպրոցներ: Լեզվի, ազգային ինքնօրինակության պահպանման խնդիրը լուծվում է շատ լուրջ եւ ամուր հիմքի վրա: Այս առումով իրավապահ կառույցների եւ իշխանությունների հետ որեւէ խնդիր չկա ինչպես դաշնային կենտրոնի, այնպես էլ շրջանների մակարդակով:
Ինչ վերաբերում է Համաշխարհային հայկական կոնգրեսին, այստեղ խնդիրներն ավելի բարդ են: Կյանքը ցույց է տվել, որ առանց հանրապետության իշխանությունների էական աջակցության դժվար է ստեղծել Սփյուռք-Սփյուռք եւ Սփյուռք-Հայաստան կապի արդյունավետ միջոցներ: Բանն այն է, որ տարբեր երկրներում մասնաճյուղեր ունեցող սփյուռքյան քաղաքական կուսակցություններն ու հասարակական կառույցները ջանում են աշխատել անմիջականորեն Հայաստանի, ՀՀ իշխանությունների հետ կամ նախընտրում են արդեն ձեւավորված սեփական ուղիներով գործել տարբեր երկրների հայկական համայնքների հետ: Թեեւ, ինչպես ցույց է տալիս կյանքը, տվյալ համակարգը գործում է ոչ այնքան արդյունավետ, այդուհանդերձ ավանդական է այդ կուսակցությունների ու կազմակերպությունների համար, ունի իր պատմությունը: Այդ կուսակցությունների ու կազմակերպությունների համար ըստ երեւույթին դժվար է անմիջապես հրաժարվել սովորական սխեմայից եւ միանալ միասնական համահայկական կազմակերպության շարքերին, ինստիտուցիոնալ նոր կապեր ստեղծել Սփյուռք-Սփյուռք եւ Սփյուռք-Հայաստան գծերով, ինչը մենք առաջարկում ենք թե՛ Սփյուռքի, եւ թե՛ Հայաստանի մեր գործընկերներին:
Անցած տարիները, ցավոք, չտվեցին մեր ակնկալած արդյունքները: Մենք ամեն ինչ անում ենք ըստ մեր կարողությունների: Կան որոշակի արդյունքներ: Գուցե դրանք հեռու են մեր ակնկալիքներից, բայց դա, ավաղ, այն է, ինչ առկա է ստեղծված պայմաններում: Հուսով եմ, որ նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո մենք կրկին կանդրադառնանք այդ հարցին, որպեսզի Հայաստանի իշխանությունների հետ համատեղ հնարավորինս արագորեն ստեղծենք արդյունավետ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կոչված է Սփյուռքում միավորելու մեր ուժերն ու հնարավորությունները եւ համակարգելու Սփյուռքի ու Հայաստանի Հանրապետության ընդհանուր ջանքերը հանուն մեր ժողովրդի ու պետության կենսական խնդիրների լուծման:
- Պարոն Աբրահամյան, հաղորդումներ են հայտնվել, թե Դուք մտադիր եք Ամերիկայում ստեղծել Համաշխարհային հայկական կոնգրեսի մասնաճյուղ: Ինչպիսի՞ն է իրավիճակն այս առումով:
- Իրոք, ունենք նման ցանկություն: Մենք գտնում ենք, որ Ռուսաստանից հետո ԱՄՆ-ում է ապրում ամենամեծ հայկական համայնքը` ավելի քան 1 միլիոն մարդ: Այդ համայքն ունի անչափ մեծ հնարավորություններ: Այդ ռեսուրսն օգտագործվում է որպես ԱՄՆ-ում հայերի շահերի պաշտպանության գործիք, ինչպես դա այնտեղ անում են իրենց մայր հայրենիքի շահերը պաշտպանող բազմաթիվ էթնիկական խմբեր:
Բայց, ավաղ, համայնքի մասնատվածությունը եւ ԱՄՆ հայկական համայնքի ամբողջ ներուժը միավորող կազմակերպական կառույցների բացակայությունը չեն տալիս պատշաճ արդյունք: Մենք կուզենայինք ստեղծել այնպիսի կառույց, որը հնարավորության սահմաններում կարողանար հայկական առկա բոլոր կառույցների ջանքերը միավորել հանուն մեր ընդհանուր գործի, ի շահ մեր ժողովրդի ու հայոց պետության:
Գիտենալով, թե այս թեմայով որքան շատ ու բազմապիսի շահարկումներ են եղել, ուզում եմ անմիջապես ասել, որ մենք չենք պատրաստվում որեւէ կազմակերպության «հացը խլել»: Մեր խնդիրն է հնարավորության սահմաններում միավորել մեր բոլոր ջանքերը: Դրա համար հարկ չկա, որ ինչ-ինչ կազմակերպություններ դադարեցնեն գոյությունը կամ մեր կառույցին միանալով, կամ էլ ինչ-որ համակարգիչ կառույցի մեջ մտնելով կորցնեն իրենց ինքնուրույնությունը: Մենք ձգտում ենք ամենալայն համագործակցությունը ծավալել ԱՄՆ-ում առկա բոլոր ուժերի հետ, երկիր, որն այսօր համաշխարհային քաղաքականության ամենակարեւոր եւ ուժեղ կենտրոնն է: Մենք հիանալի ըմբռնում ենք ամերիկյան կառավարության եւ Կոնգրեսի վրա պատշաճ ազդեցություն գործելու Ամերիկայի հայ համայնքի կարողություններից զգալի չափով կախված է նաեւ Հայաստանի պետության ճակատագիրը:
Մենք ուզում ենք լինել այնպիսի կառույց, որն ամենուրեք իր մասնաճյուղերն ստեղծելով կկարողանար կանխատեսել Հայաստանին եւ հայկական գործերին առնչվող այս կամ այն ուժի կենտրոնի որոշումների հնարավոր հետեւանքները: Եվ այդ դեպքում մենք կունենայինք համատեղ գործողությունների համակարգման ու համաձայնեցման արդյունավետ լծակներ, որպեսզի մի երկրում ընդունվող որոշումները չհակասեն ուրիշ երկրում ընդունվող որոշումներին: Իսկ ուժի տվյալ կենտրոնների միջեւ առավել էական, խորքային հարցերի առթիվ շահերի հակամարտության ծագման դեպքերում այդ հակամարտությունը բնավ չպետք է անդրադառնա Հայաստանին եւ հայերին առնչվող գործերի վրա:
Կարծում եմ, մենք այսուհետեւ էլ կշարունակենք Ամերիկայում մասնաճյուղի ստեղծմանն ուղղված մեր ջանքերը, եւ մեծ հույսեր ունեմ, որ ԱՄՆ հայ համայնքի բազմաթիվ կազմակերպությունների լայն մասնակցությունը գրավական կլինի, որպեսզի այդ կառույցը դառնա ինչպես ԱՄՆ իշխանական կառույցների հետ, այդպես էլ Ռուսաստանի եւ մյուս տարածաշրջանների հայկական համայնքների հետ փոխգործողության արդյունավետ գործոն: Դա թույլ կտա համակարգել ջանքերը եւ համատեղ գործողություններ իրականացնել այն պետություններում, որոնք հայկական հիմնահարցերի լուծման վրա ներգործելու հնարավորություն ունեն, եւ որոնցում հայկական համայնքները լուրջ դիրքեր են զբաղեցնում տնտեսական, սոցիալական եւ քաղաքական կյանքում:
- Պարոն Աբրահամյան, ուրիշ ի՞նչ հարցեր կան Համաշխարհային հայկական կոնգրեսի ուշադրության կենտրոնում:
- Մենք շարունակում ենք մեր աշխատանքը Հայոց ցեղասպանությանն առնչվող իրադարձությունների պատմական եւ իրավական ըմբռնման ու գնահատականի ձեւավորման ուղղությամբ: Համաշխարհային հայկական կոնգրեսի փորձագետների հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը: ՀՀԿ միջազգային իրավունքի ու քաղաքագիտության ինստիտուտը արդեն հանձնարարականներ է նախապատրաստել Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային դատարանին հանձնելու հնարավորության առնչությամբ: Մենք գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը: Մենք մեր կողմից ՀՀ իշխանական կառույցներին ներկայացրել ենք գործողությունների հնարավոր տարբերակները:
- Պարոն Աբրահամյան, շատ է խոսվում այն մասին, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը մոտ են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ:
- Արդեն քանի տարի է լսում եմ, թե կողմերը շատ մոտ են խնդրի լուծմանը` սկսած Քի Վեսթից, որտեղ, ցավոք, թաղվեցին բաղձալի հաշտեցումը եւ այդ խնդրի լուծումը: Այսօր կրկին ամենաբազմապիսի ասեկոսեներ եւ խոսակցություններ են հայտնվում այն մասին, թե կողմերը իբր շատ մոտ են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշման ընդունմանը: Ազնվորեն ասած, ես բավական թերահավատորեն եմ վերաբերվում այդ խնդրի շուտափույթ կարգավորման հնարավորությանը: Որքանով կարող եմ դատել ադրբեջանական մամուլի հրապարակումներից, ադրբեջանցի ղեկավարների խոսքերից, նրանք միաժամանակ հանդես են գալիս Ղարաբաղը դե-յուրե Ադրբեջանի կազմում տեսնելու օգտին: Ավելին, ժամանակ առ ժամանակ սպառնում են վերսկսել պատերազմական գործողությունները, որպեսզի զենքի ուժով լուծեն տվյալ խնդիրը, շրջանցելով բանակցությունների մեխանիզմը: Նրանք հրաժարվում են արդեն այժմ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Իհարկե, դա չի կարող լրջորեն չմտահոգել ինձ եւ շատ ու շատ հայերի:
Բանակցությունների գործընթացը, անշուշտ, խորհրդապահական է: Իրոք, կողմերը պետք է մանրակրկիտ քննարկեն այդ հարցերը: Սակայն թյուրախոսություններից եւ զանազան ասեկոսեներից զերծ մնալու նպատակով վատ չէր լինի, եթե ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանությունները առավել ծավալուն եւ հստակ պարզաբանումներ տային ինչպես բուն բանակցությունների ընթացքի, այնպես էլ հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ: Մենք մտադիր ենք հոկտեմբերին Հայաստանում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին նվիրված միջազգային խորհրդաժողով: Դրա շրջանակներում կուզենայինք առավել հանգամանորեն ծանոթանալ ինչպես Հայաստանի արտգործնախարարության դիրքորոշմանը, այնպես էլ ԱԳՆ-ի, տարբեր երկրների առաջատար փորձագետների կարծիքներին, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը եւ բացել Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների բազմամյա թարախապալարը, որպեսզի հակամարտությունների ու առճակատման տարածաշրջանը վերածվի համագործակցության ու բարիդրացիության ասպարեզի:
- Պարոն Աբրահամյան, Ձեր կազմակերպությունը ինչպիսի՞ ակտիվությամբ է զբաղվում Հայաստանում տնտեսական եւ ներդրումային գործունեությամբ:
- Մենք առաջվա պես շարունակում ենք Հայաստանի դպրոցների, զորամասերի, համապատասխան պետական ու հասարակական կառույցների համակարգչավորման աշխատանքը: Մենք գնել եւ բաշխել են բազմահազար համակարգիչներ: Բացի դրանից, մենք կառուցում ենք դպրոցներ, հիվանդանոցներ, հսկայական շինարարություն ենք կատարում Հայաստանում: Ընդհանուր առմամբ, ներդրումների ծավալն այսօր արդեն հասել է տասնյակ միլիոնավոր դոլարների: Կարծում ենք, կշարունակենք այդ աշխատանքը:
Մեծ ակնկալիքներ ունենք, որ Հայաստանի իշխանություններն այսուհետեւ եւս կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները, նպաստելով, որ Սփյուռքի գործարարները ավելի մեծ ցանկություն դրսեւորեն իրենց գաղափարներով ու առաջարկություններով, ինչպես նաեւ ֆինանսական միջոցներով ուժերը ներածին չափ օգնելու իրենց պատմական հայրենիքին եւ սեփական ժողովրդին:
- Պարոն Աբրահամյան, մեր զրույցի վերջում չեմ կարող հարց չտալ Ձեր ընտանիքի վերաբերյալ: Հայաստանում շատերի համար մեծ անակնկալ եղավ, որ Ձեր երեք եղբայրները պատգամավոր դարձան երեք տարբեր կուսակցություններից: Տվյալ պարագան Ձեզ չի՞ զարմացնում:
- Անկեղծորեն Ձեզ պետք է ասեմ, որ այդ պարագան միայն ուրախացնում է ինձ: Առաջին, դա վկայում է, որ այսօր Հայաստանում ձեւավորվում է իրական բազմակուսակցական համակարգ, որ այդ կուսակցությունները համակարգային կուսակցություններ են, եւ եթե դրանց միջեւ տարաձայնություններ էլ կան հարցերի լայն շրջանակի առթիվ, ապա դրանք կասկածի տակ չեն դնում ժողովրդավարության հիմնական արժեքները եւ շուկայական վերափոխումների սկզբունքները:
Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստորեն միեւնույն իշխանության կուսակցության տարբեր թեւերն են, որն այսօր պաշտպանում է գործող նախագահի քաղաքական գիծը: Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, նա ինքը դեռ վերջերս կառավարող կուսակցության մասն էր, եւ եթե այսօր ընդդիմության մեջ է, դա բնավ չի նշանակում, թե իրեն խնդիր է առաջադրել իշխանության անցնելու դեպքում իրագործել առկա իրականության հեղափոխական վերափոխումներ:
Այսպիսով, գոհունակությամբ արձանագրում եմ, որ ընտանիքիս օրինակով կարելի է ասել, որ Հայաստանում ձեւավորվել է կուսակցական-քաղաքական համակարգի եւ քաղաքական մշակույթի որակապես նոր համակարգ: Լինելով տարբեր կուսակցությունների անդամներ, մարդիկ կարողանում են պահպանել ոչ միայն բարեկամական, այլեւ եղբայրական հարաբերությունները: Այնպես որ Հայաստանում խիստ մակերեսային վերլուծաբանների եւ լրագրողների կողմից երբեմն արծարծվող «Սարոյան եղբայրների» վերաբերյալ խոսակցությունները Աբրահամյան եղբայրների դեպքում անիմաստ են դառնում: Իսկ «Սարոյան եղբայրներում» խոսքը միմյանց բնաջնջմանն ուղղված երկու կուսակցություններին պատկանելու մասին է, ինչը վերջին հաշվով հանգեցրեց Հայաստանի առաջին հանրապետության ողբերգական վախճանին:
Աբրահամյան եղբայրների հետ կապված իրավիճակը սկզբունքորեն ուրիշ է եւ վկայում է, որ ՀՀ հասարակությունը եւ քաղաքականությունը դուրս են գալիս հեղափոխական ցնցումների ժամանակաշրջանից եւ թեւակոխում են սահմանադրական դաշտում կառուցողական փոխգործողության ու համագործակցության ոլորտ:
- Վերջին հարցը. օրերս մեկնում եք Հայաստան հուլիսի 9-11-ը մասնակցելու Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» խորհրդաժողովին: Ի՞նչ նպատակ է հետապնդում Կոնգրեսը այս կոնֆերանսով:
- Նպատակն է երիտասարդության հետ քննարկել հարյուրամյակի մարտահրավերների համատեքստում, ազգային շահերի շուրջը երիտասարդության համախմբմանն առնչվող հարցեր: Համոզված եմ, որ խորհրդաժողովը արգասաբեր կլինի: