«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2007-07-04 | #126, 2007-07-05 | #127, 2007-07-07


ԻՆՔՆՈՐՈՇՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի քաղաքական փորձագետներից մեկը հետաքրքրական կանխատեսում է արել. եթե ազգային ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հակամարտության մեջ առաջնությունը տրվի առաջինին, ապա արդեն մեր դարում մոլորակում լույս աշխարհ կգա եւս 200 անկախ պետություն: Թե ինչի կհանգեցնի դա, կարելի է միայն ենթադրել: Համենայն դեպս մասնագետները լավատեսորեն չեն տրամադրված:

Առհասարակ ինքնորոշման հարցում համաշխարհային քաղաքական միտքը կանգնած է փակուղու առաջ: Նույնիսկ անհնար է դարձել որեւէ չափով հստակեցնել ինքնատիպությունը պահպանելու նպատակով օտար պատկերացումներ կրողներին իր տարածքային սահմաններից դուրս մղելու երեւույթի շարժառիթները, դրդապատճառները: Լիբերալներն, օրինակ, գտնում են, որ ինքնիշխանության եւ անջատողականության ձգտումները ծնունդ են առնում այն միջավայրում, որտեղ չկա կամ թույլ է դեմոկրատիան: Բայց այդ նույն գովերգյալ Եվրոպայում պառակտման վտանգի առաջ են կանգնած Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան: Կա՞ դեմոկրատիայի ավելի բարձր մակարդակ: Մյուս կողմից, եթե ընդունում ենք, որ ազգային-ազատագրական պայքարը մարդասիրական է, ապա միեւնույն ժամանակ նաեւ պիտի հարցնելՙ իսկ աշխարհում քանի՞ միատարր պետություն կա:

Սակայն ամենաանողոք իրողությունն այն է, որ այս կարգի տեսական ձեւակերպումները հենց այդպիսիք էլ մնում են, երբ ասպարեզ են գալիս մոլորակի հզորների աշխարհաքաղաքական նկրտումները: Եվրոպան (ու առաջին հերթին Գերմանիան) խթանեց Հարավսլավիայի ժողովուրդների նացիոնալիզմը եւ մասնատեց բարեկեցիկ երկիրը: Բալկաններում իր ռազմակայանը տեղաբաշխելու մղումով ԱՄՆ-ը իր թեւի տակ է առնում «եղբայրական» Կոսովոն: Նույն ամերիկացիները հազիվ թե մտածում են Չինաստանի «տարածքային ամբողջականության» մասին, երբ խրախուսում են Տիբեթի անջատողականությունը: Սեփական սեպարատիզմը ուժով հանդարտեցրած Ռուսաստանը անթաքույց աջակցում է Հարավային Օսիային, Աբխազիային, Մերձդնեստրին:

Հնարավո՞ր է, որ խնդրի սրությունը թուլացնեն գլոբալացումը, դեմոկրատական սկզբունքների ունիվերսալացումը, փոխկապվածությունը, տնտեսական-տեխնոլոգիական-լրատվական միասնությունը: Նույնպես միանշանակ պատասխան չկա: Ինչի՞ մասին ենք խոսում, երբ Իրաքի միասեռ արաբ ժողովուրդը կարող է «ինքնահռչակվել» երկու մասի կրոնական հիմքի վրաՙ շիաներ ու սուննիներ, դեռ չխոսելով «Քրդստանի» մասին:

Ո՞րն է իրական կացությունը: Եթե նույնիսկ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների փոխհարաբերություններում առաջնությունը տրվի որեւէ մեկին, մեծ քաղաքականության մեջ էապես ոչինչ չի փոխվի: Որովհետեւ այդ պարագան չի կարող ուղեցույց լինել գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի ու կողմնորոշիչների համար: ԱՄՆ-ը Իրաք մտնելիս թքեց բոլորի ու ամեն ինչի վրա: Ուրեմն ի՞նչ է մնում անել փոքրերին, կատարել մեծերի կա՞մքը, ինչպես ընդունված է ասել: Երեւի: Մնում է միայն մի բանՙ խելքով անել:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4