Պարտադիր բուժզննման անցնելու մասին կարգում կառավարությունը երեկ կատարել է փոփոխություններ: Համաձայն դրանց, այսուհետեւ պարտավոր են պարբերաբար բուժական զննության անցնել ուսումնական հաստատություններում սովորողներն ու աշխատողները, ինչպես նաեւ խաղալիք վաճառողները: Բացի այդ, որոշվել է պարտադիր զննության ենթակա հիվանդությունների ցանկում ընդգրկել նաեւ հեպատիտ B հիվանդությունը, որը պետք է անցնեն առողջապահության ոլորտի ռիսկի խմբի մեջ մտնող բուժաշխատողները: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Ըստ տեսչության պետի, 2003 թ.-ից գործող կարգի համաձայն, հանրային սննդի, առողջապահության, կրթության եւ մի շարք այլ ոլորտների աշխատակիցներ կախված մասնագիտացումից տարեկան 1 կամ 2 անգամ պետք է այս կամ այն հիվանդությունների ստուգման համար բուժզննման ենթարկվել:
Ի պատասխան լրագրողների բարձրացրած հարցի, թե շատ հիմնարկների աշխատակիցները չեն անցնում պարտադիր բուժզննում, այլ միայն այն անցնելու եւ առողջ լինելու մասին փաստաթղթերն են ստանում համապատասխան վճարի դիմաց, Արտավազդ Վանյանը խնդրեց կոնկրետ օրինակներ ասել եւ նշեց, որ տվյալ դեպքում պատասխանատվություն է կրում այդ բուժհաստատության ղեկավարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ