«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2007-07-04 | #126, 2007-07-05 | #127, 2007-07-07


ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԹԱՆԿԱՆՈ՞ՒՄ Է

Դեռ ֆինանսական կենտրոն չդարձած

Հայաստանի բանկերի միության տարեկան ժողովի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի բանկիրներին առաջարկեց Հայաստանի միջին կամ փոքր քաղաքներից մեկը, օրինակի համար Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն: Ի պատասխան ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը խոստացավ բանկերի ղեկավարների հետ քննարկել, թե ի՞նչ ներդրումների շնորհիվ եւ ի՞նչ ժամկետում է հնարավոր Երեւանից դուրս ֆինանսական կենտրոն ստեղծելը:

Այս ամենը տեղի ունեցավ անցյալ ամսվա երկրորդ կեսին: Կարծես թե այնքան էլ շատ ժամանակ չի անցել այդ օրից: Երեւանից դուրս ֆինանսական կենտրոն ստեղծելու եւ այդ կենտրոնը հատկապես Դիլիջանը դարձնելու գաղափարն էլ դեռ շատ տեսական է, բայց, ինչպես հայտնում են վերջին օրերին Դիլիջանում գտնված երեւանցիները, այդ քաղաքի անշարժ գույքի շուկայում իրարանցում է սկսվել: Ոչ միայն ավելացել է իրենց բնակելի տներն ու հողամասերը վաճառել ցանկացողների թիվը, այլ նաեւ բարձրացել անշարժ գույքի գները: Երբեմն բանը հասնում է զավեշտի, երբ այս կամ այն հողամասի մասին հետաքրքրվողներին գինը բարձրացնելու համար ասում են, որ իբր Կենտրոնական բանկը կամ առեւտրային բանկերից մեկն է ցանկանում գնել տվյալ տարածքը:

Այս երեւույթն առայժմ հնարավոր չէ լրջորեն վերլուծել, քանզի այն առաջին եւ անմիջական արձագանքն է մի հայտարարության: Առայժմ վաճառողներն են բարձր գներ սահմանում, բայց թե որքանո՞վ են դրանք շուկայական, կերեւա արդեն կատարված գործարքների մասին վերլուծության մեջ, որը յուրաքանչյուր ամսվա եւ բնակավայրի համար կատարում է անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: Հուլիս ամսվա տվյալները հայտնի կդառնան օգոստոսին, իսկ մինչ այդ համարձակվենք ասել, որ քանի դեռ վարչապետի ասածը կոնկրետ Դիլիջանի մասին վերջնական որոշում չի դարձել, անշարժ գույքի առաջարկվող բարձր գները որոշ ժամանակ հետո կսկսեն նվազել: Եվ ընդհակառակը, եթե այդ որոշումը լինի, ապա գների աճը կպահպանվի եւ կարտացոլվի կատարվող գործարքներում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4