Հուլիսի 5-ին Վանաձոր էին ժամանել «Շվեյցարական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Յուրգ Կրոմինախերը, կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կոորդինատոր Գիդո Կեպպելին, «Կամար» ԲՀԿ-ի նախագահ Հարություն Թադեւոսյանը, արտասահմանցի այլ հյուրեր: Նրանք «Կանակա» ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի թիվ 15 մանկապարտեզ եւ թիվ 4 դպրոց, որոնք վերակառուցվել են «Շվեյցարական Կարիտասի» ֆինանսավորմամբ: Հիշյալ կրթօջախները, ինչպես նաեւ Աքորիի միջնակարգ դպրոցի մասնաշենքը վերակառուցել է «Կանակա» ԲԲԸ-ն: Թվի 15 մանկապարտեզում հյուրերը հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի եւ այլոց հետ: Նույն օրը հանդիսավորությամբ բացվեց «Շվեյցարական Կարիտասի» ֆինանսավորմամբ վերակառուցված Աքորիի դպրոցի մասնաշենքը:
Ինչպես տեղեկացանք Հ. Թադեւոսյանից, շինարարության համար տրամադրվել է 25 մլն դրամ, իսկ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համարՙ 8 մլն դրամ: Երկհարկանի մասնաշենքի բոլոր 8 դասասենյակները կահավորված են, շենքի վերանորոգումն իրականացվել է ժամանակակից պահանջներին համապատասխան:
- Ես 15-րդ անգամ եմ այցելում Հայաստան, սակայն Աքորի գյուղում առաջին անգամ եմ լինում,- մեր զրույցի ժամանակ ասաց Յուրգ Կրոմինախերը:- Գոհ եմ շինարարության որակից, «Կանակա» ԲԲԸ-ի կառուցած բոլոր շինություններն էլ համապատասխանում են մեր պահանջներին:
Բացման հանդիսության ժամանակ ողջույնի խոսք ասացին դպրոցի տնօրեն Ասյա Թոմոյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչները: Կրթօջախի սաները հանդես եկան անգլերեն լեզվով ասմունքով: Դպրոցն այսօր ունի 400 աշակերտ եւ վերակառուցված մասնաշենքը կծառայի կրտսեր տարիքի դպրոցականներին:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր