Վերջիններս արդեն ձգտում են դեպի հայրենի կինոն
Տարածված այն կարծիքը, թե ամերիկյան ֆիլմերն այսօր հեղեղել են հիմնականում զարգացող երկրների կինոթատրոններն ու հեռուստաէկրանները, իսկ զարգացած երկրներում ցուցադրվում են միմիայն արժեքավոր ֆիլմեր, ճշմարտացի լինելուց բավականին հեռու է: Այդ մասին երեկ հաստատեցին Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատների մշակույթի հարցերով խորհրդականներ Անրի Մոնրին ու Մելանի Մոլթմանըՙ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եվրոպական ծրագրին նվիրված ասուլիսում: «Ամերիկյան ֆիլմերը գրավել են եվրոպական էկրանը, դրա դեմ պետք է պայքարենք բոլորս: Շնորհակալ ենք այս փառատոնի կազմակերպիչներին եվրոպական կինոյի դռները բացելու համար», ասաց Մոնրին: Մոլթմանը կարծում է, որ իրենց ֆիլմերը տարածելով ամերիկացիներին հաջողվում է բարձրորակ կինոարվեստը կլանել, որովհետեւ եվրոպացիները առանձնակի ձգտում չունեն իրենց ֆիլմերը քարոզելու: Բարեբախտաբար, վերջին շրջանում կարծես թե վիճակը շտկվելու նշաններ են նշմարվումՙ եվրոպական ֆիլմերն ավելի բազմազան են դառնում ու ժողովրդականություն վայելում իրենց երկրներում: Ի տարբերություն ֆրանսիականի, գերմանական կինոարվեստը հաճախ է քննադատվում դժվարընկալելի լինելու պատճառով, դրա համար վերջին տարիներին առավելապես ստեղծվում են թեթեւ ժանրի ֆիլմերՙ հասարակությանը զվարճացնելու եւ այդ ձեւով գրավելու համար: «Ոսկե ծիրանում» ներկայացվելու են ֆրանսիական հեղինակային ֆիլմերՙ Օլիվյե Ասայասի «Մաքուր», Անտուան Կորդիեյի «Սառը ցնցուղները», Ստեֆան Բրիզեի «Ես այստեղ սիրված լինելու համար չեմ», Քսավյե Բովուայի «Երիտասարդ լեյտենանտը», Ժան Լաբրյունի «Զրուցիր, միշտ զրուցիր» եւ Բրունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմերը: «Այդ ֆիլմերը պատմում են ֆրանսիական իրականության մասին առանց գունազարդման, այն ինչ-որ չափով տարբեր է ձեր պատկերացրած կյանքից, որովհետեւ այնտեղ ցուցադրվում է սոցիալական տարբեր խավերի ապրելակերպը: Իհարկե, ֆրանսիական կինոյի ռոմանտիկական ավանդույթը պահպանվել է, կան նաեւ սիրո պատմություններ», հավելեց Մոնրին:
Գերմանական ֆիլմերից «Ոսկե ծիրանի» «Եվրոպա-2006 ծրագրում» ընդգրկված են «Հեռախոսախցիկ», «Ելլա» ֆիլմերը: Ի դեպ, առաջինը ռեժիսորը հայ էՙ Էլդար Գրիգորյանը, որը 13 տարեկանում արտագաղթել է Գերմանիա, վավերագրական կինոարվեստ է ուսանել Մյունխենի հեռուստատեսության եւ կինոյի դպրոցում:
Բրիտանական ֆիլմերից ընտրվել են Կառլա Կարապետյանի հայտնի «ճչացողները» եւ Սթիվեն Ֆրիրսի «Թագուհին» ֆիլմերը: Վերջինը նկարահանվել է Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ համագործակցությամբ:
Զարմացնող էր այն փաստը, որ «Ոսկե ծիրանի» հետ համագործակցելու ցանկություն չի հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, չնայած որ փառատոնում ցուցադրվելու են ռուսական մի քանի ֆիլմեր, այդ թվում Անդրեյ Զվյագինցեւի «Արտաքսում» ֆիլմը: Միայն նորաբաց «Մոսկվայի տունն» է համագործակցության առաջին քայլերն արելՙ խոստանալով հյուրընկալել Ռուսաստանից ժամանող հյուրերին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ