Թատրոնի անխոնջ նվիրյալը շատ ծրագրեր ունի
Ֆրանսահայ նշանավոր բեմադրիչ, դերասան եւ թարգմանիչ Ժիրայր Փափազյանն ամեն ամիս հանդես է գալիս մի նոր դերակատարությամբ եւ միաժամանակ հայ գրականությունն ու պոեզիան ներկայացնում է օտարներին:
Ժիրայր Փափազյանը ծնվել է 1952 թ. Եգիպտոսում, հայ արվեստագետների ընտանիքում: 1976 թվականից դերակատարումներով եւ բեմադրություններով հանդես է եկել DEA թատրոնում: 1980 թ. Միչիգանի (ԱՄՆ) օպերային թատրոնում բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, ապա մինչեւ 1990 թ. աշխատել է Հոլիվուդում: 1986 թ. բեմադրել է «Արարատի երգը» (հայկական պոեզիայի ներկայացում), որտեղ ինքը հանդես է եկել դերասանուհի Նորա Արմանիի հետ: Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել Էդինբուրգի, Ավինյոնի փառատոներում եւ այլուր, արժանացել մրցանակների: 1990 թ. հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ 1997 թ. հիմնել է «Տիգրան Չուխաջյան» հետազոտական կենտրոնը: 1998-2001 թթ. վերականգնել եւ հրատարակել է Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: 2000 թ. ֆրանսերեն է թարգմանել եւ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը: 2001 թ. Սան Ֆրանցիսկոյի օպերայում բեմադրել է «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: Նույն թվականին Միչիգանի օպերային թատրոնում իրականացրել է «Անուշի» երկրորդ բեմադրությունը:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման ընթացքում Փափազյանը հանդես եկավ նոր գործերով: Վերջերս նրա բեմադրած «Մեսրոպատոն» ներկայացումը հայ գրականությունն ու պոեզիան օտարներին մատուցելու առիթ դարձավ: «Ֆրանս-Արմենի» հանդեսին օրերս տված հարցազրույցում Փափազյանը խոստովանել է, որ իրեն հատկապես հմայում է հայկական պոեզիան: Հետաքրքրում են նաեւ հայկական օպերան եւ օպերետը, որոնք քիչ են ներկայացվում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում: Հայկական թատրոնն առհասարակ օտարներին քիչ է հայտնի լեզվական պատնեշի պատճառով:
Փափազյանն իր թարգմանությունների հիման վրա հայկական թեմաներով ստեղծված բեմադրություններին մասնակից է դարձնում ոչ միայն հայ, այլեւ օտարազգի դերասան-դերասանուհիների: Մասնավորապես հայկական պոեզիայի նմուշներ պարունակող «Արարատի երգը» ներկայացումը 10 տարվա ընդմիջումից հետո այս տարի վերստին բեմ բարձրացավ:
Հունիսի 23-ին Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի «Ռոսինի» դահլիճում Փափազյանը իր թարգմանությամբ «Համազգային» միության աջակցությամբ ներկայացրեց Տիգրան Չուխաջյանի «Կարինե» 3 գործողությամբ օպերետը: Բեմադրիչը նշում է, որ իր այդ ձեռնարկման նպատակն է ուրախ եւ զվարճալի օպերետի միջոցով հայերին ֆրանսիացի հանդիսականին ներկայացնել մեկ ուրիշ, նվազ հայտնի կողմով:
Ներկայացմանը մասնակցում են երգչախումբը, ֆրանսիացի երգիչներ, ինչպես նաեւ Իրինա Բրուկի թատերախմբի պրոֆեսիոնալ դերասաններ:
Թատերական գործունեությունից բացի, Փափազյանը վերջերս նկարահանել է «8th Wonderland» ֆիլմը, Հայաստանի տարվա շրջանակներում Նավատորմի թանգարանում դասախոսություն կարդացել հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, հայկական թատրոնի ու պոեզիայի հետ նրա առնչությունների մասին:
Հունիսի վերջին Ավինյոնում վերսկսվեցին անցած երկու տարիներին այնտեղ Փափազյանի եւ Իրինա Բրուկի բեմադրած «Ամառային գիշերվա երազը» պիեսի (ըստ Շեքսպիրի) ներկայացումները: Երեք շաբաթ այդ քաղաքում բացօթյա ներկայացումներ տալուց հետո թատերախումբը կշրջագայի Ֆրանսիայի տարբեր մասերում 2007 թ. սեպտեմբերից մինչեւ 2008 թ. մայիս (հանդես կգա նաեւ Փարիզում):
2006 թ. հոկտեմբերին Իրինա Բրուկը Փարիզի «Շանզելիզե» թատրոնում բեմադրեց Հենդելի «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» օպերան, որտեղ Ժիրայր Փափազյանը դերակատարներից մեկն էր: Իսկ «Ամառային գիշերվա երազում» նա մարմնավորում է երկու գործող անձանց` Դեմետրիուսին եւ Բոսսոմին:
Փափազյանը վերջերս անգլերեն է թարգմանել Վահան Թեքեյանի գործերը, որոնք շուտով լույս կտեսնեն երկլեզվյա (հայերեն եւ անգլերեն) հրատարակությամբ: CD-ով եւ DVD-ով ֆրանսերեն եւ անգլերեն կթողարկվի «Արարատի երգը»: Ձեռնարկված են Պարոնյանի կատակերգությունների ֆրանսերեն եւ անգլերեն թարգմանությունները: Փափազյանը մտադիր է նաեւ 3-րդ անգամ բեմադրել «Անուշ» օպերան:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ