Դրա գոյության պատճառով պետբյուջեն չի ստանում առնվազն 50-60 մլրդ դրամ եկամուտ
Թերեւս նորություն ասած չենք լինի, որ շահութահարկի գծով ներկայումս գործող արտոնությունը վերածվել է այդ հարկատեսակի վճարումից ազատվելու օրենքով ընձեռված հնարավորության: Անկասկած է, որ այդ սողանցքը վերացնելու հրատապ անհրաժեշտություն կա: Ժամանակին այդ արտոնությունը սահմանվել էր Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ այն նախատեսում էր Հայաստանում 1 մլն դոլար եւ ավելի ներդրումներ կատարած ընկերությանը առաջին երկու տարիներին ամբողջությամբ եւ դրան հաջորդող եւս մի քանի տարի կիսով չափ ազատել շահութահարկի վճարումից: Սակայն, ինչպես մեզ մոտ լինում է սովորաբար, այս հնարավորությունը լավագույնս օգտագործեցին տեղական գործարարները, որոնք իրենց գործող կամ նորաստեղծ ընկերությունները վերագրանցեցին որպես օտարերկրյա ներդրումներով ընկերություններ եւ տարիներ շարունակ խուսափեցին շահութահարկ վճարելուց:
Համաձայն հարկային պետական ծառայության հրապարակած («Ազգ», 27 հունիսի 2007 թ.) 2006 թ. եւ դրան նախորդողՙ 2005 թ.-ին այդ արտոնություններից օգտվողների ցանկի, 73 ընկերություններ այդ տարիներին օգտվել են հիշյալ արտոնությունից: Ընդ որում, դրանցից 21-ն այդ երկու տարիների կամ դրանցից մեկի ընթացքում օգտվել են 100 տոկոս չվճարելու արտոնությունից: Դարձյալ դրանց թվում են հարկային պարտաճանաչությամբ չփայլող Միխայիլ Բաղդասարովին պատկանող ընկերություններից «Միկա Արմենիա թրեյդինգը» (2005 թ.-ին): Նույն օլիգարխին պատկանող «Միկացեմենտը» անցած երկու տարիներին օգտվել է 50 տոկոս արտոնությունից: Սակայն բոլորին էլ ակնհայտ է, որ օտարերկրյա կապիտալ այս ընկերություններում չկա:
Վերոնշյալ արտոնությունն առավել հմտորեն եւ յուրաքանչյուր տարի օգտագործում է մեկ այլ օլիգարխՙ Սամվել Ալեքսանյանը: Վերջինս յուրաքանչյուր տարին կամ երկու տարին մեկ ստեղծում է նոր ընկերություն, ձեւակերպում այն որպես օտարերկրյա ներդրմամբ ձեռնարկություն, իսկ նախորդըՙ լուծարում: Այսպես, նրան պատկանող «Ֆլիտֆուդը» 100 տոկոսով շահութահարկից ազատված է եղել 2005 թ.-ին, իսկ արդեն մեկ տարի հետո ստեղծված «Սալեքս գրուպ» ընկերությունըՙ 2006 թ.-ին:
50 տոկոսով շահութահարկ վճարելու արտոնությունից շարունակում են օգտվել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները, թեեւ այստեղ նույնպես ակնհայտ է, որ այդ ընկերություններն իրականում օտարերկրյա ներդրմամբ չեն ստեղծված: Դրանք են «Ավիա սերվիսը», «Մուլտի ռեստ հաուսը», «Մուլտի գրուպ կոնցեռնը», «Արարատցեմենտը»:
Քիչ ավելի պակաս հայտնի գործարարներից օտարերկրյա ներդրմամբ ձեռնարկություն են գրանցել Տիգրան Արզաքանցյանը («Գրեյթ վելլի») եւ Վերսանդիկ Հակոբյանը («Արմենիան ինթերնեյշընըլ էյրվեյս»): Սրանք նույնպես օգտվել են շահութահարկի վճարման 50 տոկոսի արտոնությունից:
Հրապարակված ցանկում իսկապես օտարերկրյա ներդրմամբ ընկերություններ էլ կան, եւ գուցե նրանք մեծամասնություն են կազմում: Սակայն դրանք հիմնականում 50 տոկոս արտոնությունից օգտվողներն են, ինչը նշանակում է, որ նրանց համար այս արտոնությունը Հայաստանում գործելու համար էական նշանակություն չունի: Բացի այդ, ներկայիս Հայաստանն ու 90-ականներիՙ հատկապես առաջին տարիների Հայաստանը մեծապես տարբերվում են միմյանցից, եւ հիմա հարկային արտոնությամբ չէ, որ պետք է շահագրգռել օտարերկրյա ներդնողներին: Վերջին տարիներին տնտեսական տպավորիչ աճ արձանագրող երկրին, այդ աճի տեմպերը պահպանելու համար հարկ է անընդհատ բարելավել բիզնես մթնոլորտը, ապահովել հավասար պայմաններ եւ տնտեսական մրցակցություն: Եվ, ի դեպ, հենց այդ նպատակներին հասնելու համար հարկ է հրաժարվել հարկային արտոնություններ տրամադրելուց, ինչը Հայաստանի իշխանություններին մշտապես խորհուրդ են տալիս նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը:
Վերոնշյալ արտոնության վերացումը կարեւոր է նաեւ նրանով, որ այդպիսով էապես կավելանան պետական բյուջեի եկամուտները: Փորձագիտական գնահատականներով, եթե վերոնշյալ 73 ընկերությունները, որոնք առանց բացառության խիստ շահութաբեր գործունեություն են իրականացնում, չունենային այս արտոնությունը եւ վճարեին շահութահարկ, ապա պետական բյուջեն հավելյալ կստանար առնվազն 50-60 մլրդ դրամ: Այսինքն, մոտ այնքան, որքան խնդիր է դրվել ավելացնելու բյուջեի ընդհանուր եկամուտներն այս տարի: Երեւի կարիք չկա բացատրել, թե դա ինչ ահռելի գումար է:
Բարեբախտաբար, 2007 թ.-ը, ըստ օրենքում կատարված փոփոխության, շահութահարկի արտոնությունից օգտվելու վերջին տարին է: Կարելի է ենթադրել, որ եկող տարի, 2008 թ.-ի բյուջեում առնվազն 50-60 մլրդ դրամով ավելի եկամուտներ կարող ենք ակնկալել միայն այս հարկատեսակի գծով: Սակայն ժամանակից շուտ ուրախանալու անհրաժեշտություն չկա: Բացառված չէ, որ հիշյալ արտոնությունից օգտվողները լոբբիինգ տանեն եւս մեկ տարի այս արտոնությունը պահպանելու համար, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլատրել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ