«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՆ ՍՏԱՑԱՎ «ՅԱՐ ՍԻԹԻ» ԻՍԼԱՆԴԱ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը գլխավոր ժյուրիի կազմում

Հուլիսի 7-ին Կարլովի Վարի չեխական առողջարանային քաղաքում ավարտված 42-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ ճանաչվեց Բալթասար Կորմակուրի «Յար սիթի» իսլանդա-գերմանական ֆիլմը, որն էլ ստացավ Բյուրեղապակյա գլոբուսը եւ 20 հազար դոլար դրամական պարգեւը: Այս ֆիլմին տրվեց նաեւ կինոմիությունների միջազգային ընկերության մրցանակը: Այս տարվա փառատոնի հատկանշական իրողություններից մեկն այն էր, որ ամենաշատը գնահատվեց ռուսական կինոն: Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Պրոստիե վեշչի» ֆիլմը ստացավ չորս մրցանակ, այդ թվում լավագույն տղամարդու դերակատարման եւ միջազգային կինոքննադատների կազմակերպության: Վավերագրական ֆիլմերի մրցույթում նույնպես մեկ գլխավոր մրցանակը տրվեց Սերգեյ Լոզնիտսայի «Արտել» ֆիլմին: Ի դեպ, պատասխանելով մեր հարցին, թե որ ֆիլմը կառանձնացներ այս տարվա փառատոնում ցուցադրված 250 ֆիլմերից` նախքան ժյուրիի գնահատականների հրապարակումը, կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Եվա Զաորալովան ասաց, որ ինքը շատ է հավանել ռուսական «Պրոստիե վեշչի» ֆիլմը:

Կանադահայ կինոբեմադրիչ Կարինե Թորոսյանի «Քար, ժամանակ, հպում» հայ-կանադական համատեղ արտադրության 72-րոպեանոց էքսպերիմենտալ ֆիլմը միակ հայկական ժապավենն էր, որ ցուցադրվեց Կարլովի Վարիի միջազգային 42-րդ կինոփառատոնում: Դեռ փառատոնի նախօրեին տպագրված գրախոսականներում հատկապես նշվում էր այս ֆիլմի անունը, որի ցուցադրությունից հետո բեմ հրավիրվեցին ֆիլմի ռեժիսոր Կարինե Թորոսյանն ու նկարահանված դերասանուհիներից եւ սցենարի համահեղինակներից մեկը` կանադահայ Արսինե Խանջյանը: Հայաստան կատարած երկու սփյուռքահայերի անձնական դիտարկումների ու հանդիպումների արդյունքում ծնված ֆիլմը ըստ էության ներկայացնում է հայ ժողովրդի պատումթյունը, սպիտակյան երկրաշարժի մինչեւ օրս առկա ծանր հետեւանքները, հասարակ մարդկանց ու արվեստագետների կյանքը: Իհարկե, միանշանակ չէր նաեւ ֆիլմի ընկալումը: Հայ հանդիսականներից շատերի համար վիրավորական էր թվում միայն թշվառ եւ արտաքնապես խեղճ մարդկանց ներկայացումը, ինչը օտար հանդիսատեսի աչքում կարող է ներկա Հայաստանի ոչ իրական պատկերը տալ: Ֆիլմի ցուցադրությունից հետո ծավալված բանավեճն էլ եկավ փոխլրացնելու այդ մտահոգությունները: Ֆիլմի հեղինակները հավաստիացրեցին, որ ներկայացվածը զուտ մարդկային հանդիպումների արդյունքն է եւ հատուկ նպատակ չեն ունեցել ներկայացնելու զբոսաշրջիկների համար նախատեսված ֆիլմ: Ամեն դեպքում Կարինե Թորոսյանն ասաց, թե ծրագրում է մեկ այլ ֆիլմ` Երեւան քաղաքի մասին, որը լիովին կտարբերվի նախորդ ֆիլմից: Ֆիլմի ցուցադրությանը ներկա գտնվեց նաեւ մասնավոր այցով Կարլովի Վարիում գտնվող Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով հանդիպումներ ունեցավ նաեւ կինոփառատոնի ղեկավարության հետ եւ կազմակերպիչներին հրավիրեց մասնակցելու նաեւ հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ստեղծագործական խումբը` Կարինե Թորոսյանը, Արսինե Խանջյանը, Ավստրիայում եւ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Պրահայում դեսպանատան գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանը հանդիպեցին Կարլովի Վարիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Հազար ու մեկ գիշեր» հայկական թեյարանում:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4