«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Թեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում իր անդրանիկ պարտությունը կրեց ու զրկվեց ուժեղագույնի տիտղոսից: ԱՄՆ-ի Բրիջպորտ քաղաքում Վախթանգ Դարչինյանը չեմպիոնի տիտղոսի հերթական պաշտպանության համար մենամարտեց ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Վերջինս մինչ այդ հանդես էր գալիս ավելի բարձր քաշային կարգում, սակայն հատուկ այս մենամարտի համար նվազեցրել էր քաշը: 24-ամյա ֆիլիպինցին մրցակցին գերազանցում էր հասակով, ինչը Վախթանգի համար լրացուցիչ դժվարություններ էր առաջացրել:

Ի զարմանս շատերի, առաջին ռաունդներում Վախթանգին չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Իսկ 5-րդ ռաունդում տեղի ունեցավ անսպասելին: Վախթանգը գրոհի նետվեց, սակայն բաց թողեց մրցակցի ձախ բռունցքի դիպուկ հարվածը եւ նոկաուտի ենթարկվեց: Այսպես արդեն 5-րդ ռաունդում Վախթանգ Դարչինյանը, որ մինչ այդ անցկացրած բոլոր 28 մենամարտերն էլ շահել էր (22-ը` նոկաուտով), ստիպված էր ընդունել իր անդրանիկ պարտությունը պրոֆեսիոնալ ռինգում եւ զրկվել աշխարհի չեմպիոնի տիտղոսից: Իսկ ահա ֆիլիպինցին, որ եւս ընդամենը մեկ անգամ էր պարտվել, 19 հանդիպումներում իր 18-րդ հաղթանակը տոնեց (11-ը` նոկաուտով):

Հետաքրքրական է, որ չորս ռաունդներից հետո մրցավարներից երկուսը մենամարտը գնահատել էին ոչ-ոքի (38-38), իսկ երկրորդ մրցավարը 40-36 հաշվով հաղթանակը շնորհել էր ֆիլիպինցուն: Մենամարտից հետո Վախթանգ Դարչինյանը հայտարարել է, որ պատրաստ է ռեւանշ վերցնել ֆիլիպինցուց եւ հետ վերադարձնել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4