Հայաստանի 21 գործող բանկերից 20-ը գտնվում են հարկային պետական ծառայության հրապարակած 1 մլն դրամից ավելի շահութահարկ վճարած բանկերի ցանկում: Բացակայում է միայն «Արցախբանկը»: Վերոնշյալ 20 բանկերը միասին վճարել են ավելի քան 4,2 մլրդ դրամ շահութահարկ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ բանկերի ընդհանուր մաքուր շահույթը կազմել է ավելի քան 16 մլրդ դրամ:
Առաջին տեղում «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանն» է, որը վճարել է մոտ 960 մլն դրամի շահութահարկ: Երկրորդըՙ «Արդշինինվեստբանկը»ՙ 733 մլն դրամով, երրորդըՙ նոր սեփականատեր ձեռք բերած «Կոնվերս բանկը»ՙ 502 մլն դրամ: Առաջին երեք տեղերը զբաղեցնող բանկերը վճարել են բոլորի վճարած 4,2 մլրդ դրամ շահութահարկի ավելի քան կեսըՙ 2,2 մլրդ դրամ: Այնուհետեւ գալիս են «Ակբա կրեդիտ ագրիկոլը»ՙ 452 մլն դրամ եւ «Հայէկոնոմբանկը»ՙ 407 մլն դրամ: Ցանկը եզրափակում է «Արարատբանկը»ՙ 3,6 մլն դրամ շահութահարկի վճարումով, ինչը բնական պետք է համարել, քանզի այս բանկը վերանվանվել եւ իր գործունեությունը սկսել է անցյալ տարվա ընթացքում: Այն փաստը, որ այդ ընթացքում բանկը շահութաբեր գործունեություն է ծավալել, արդեն իսկ դրական ցուցանիշ է:
Ի՞նչ կարելի է եզրակացնել այս ցանկից: Առաջինը եւ հիմնականն այն է, որ սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ մեր տնտեսության այս ճյուղը առաջ է անցել մնացած բոլորից ոչ միայն իր զարգացմամբ, այլեւ կանոնակարգմամբ եւ թափանցիկ գործունեությամբ: Այստեղ ստվերային գործունեությունը նվազագույնի է հասցված, ինչի արդյունքում միայն մեկ հարկատեսակիՙ շահութահարկի գծով ավելի քան 4 մլրդ դրամ է մուտք գործել պետական բյուջե, եւ այն վճարել են համակարգում գործող գրեթե բոլոր բանկերը: Անկասկած է, որ այս ցուցանիշը ավելի բարձր կլինի այս եւ հետագա տարիներին: Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ արտասահմանյան 5 խոշոր բանկեր արդեն կամ շուտով սկսելու են գործունեություն ծավալել Հայաստանում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ