«Ազգն» արդեն անդրադարձել է Կանադայի Թեքեյան միության Երիտասարդ արմենականների երեքշաբաթյա այցին եւ ակտիվ հանգստին մայր հայրենիքում: Օրերս նրանք այցելեցին Թեքեյան միության հայաստանյան մասնաճյուղ, հանդիպեցին ԹՄՄ միության վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանի, գործադիր տնօրեն Սերգեյ Գալստյանի, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի ԹՄՄ-ի նախագահ Բաբկեն Մկրտչյանի, «Թեքեյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտաշես Հովհաննիսյանի, ԱՄՆ-ում Մ. Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Հովհաննիսյանի եւ Հայաստանի ԹՄՄ վարչության անդամ Գայանե Մուրադյանի հետ: Նրանք ներկաներին պատմեցին իրենց մասին, ներկայացրին իրենց տպավորությունները մայր հայրենիքից:
Բուհական կրթություն ստացող կամ նախատեսող 16-20 տարեկան այս 11 երիտասարդները «Ազգի» հետ առանձնազրույցում փաստեցին, որ երեւի էլ ոչ մի տեղ չանեին վերանորոգչական աշխատանքներ, բացի այստեղից` Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցից, քանզի «սա Հայրենիք է»: Նրանց ղեկավարը` Ֆլորիդա Եսայանը պատմեց իրենց դրամահավաքության եւ կազմակերպած միջոցառումների` պարահանդեսների մասին, որոնցից վաստակած գումարը հնարավորություն տվեց լինելու Հայաստանում, շատերին` առաջին անգամ: Երիտասարդները հատկապես հուզված են, որ շուրջբոլորը միշտ հայեր են եւ հայերեն են խոսում, տպավորիչ էր նաեւ Արարատը, ինչպես նաեւ այցելությունը Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր:
Երիտասարդները հիշատակի համար լուսանկարվեցին Թեքեյան կենտրոնի բակում եւ շտապեցին վայելել ամառային Հայաստանն իր տոթ ու զով, արեւոտ ու ստվերոտ բոլոր կողմերով:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ