ենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ պետք է շարունակվեր «Հայ կամավորների համախմբում», «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, նույն նախաձեռնությունների անդամներ եւ Սեֆիլյանի գաղափարակից ընկերներ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ արցախյան ազատամարտի մասնակիցները, որ 7 ամիս կալանքի տակ են, մեղադրվում են իշխանությունը բռնի ուժով տապալելու հրապարակային կոչերի համար:
Երեկ սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում դատավարության փոխարեն տեղի ունեցավ բոլորովին այլ բան: Երեկ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան 40-ամյակն էր, ինչն էլ «նշվեց» խիստ «անսովոր» պայմաններում: Դատարանի դահլիճը, ինչպես միշտ, լեփ-լեցուն էր մեղադրյալների հարազատներով, ընկերներով եւ բարեկամներով, որոնցից մի քանիսը ծաղիկներով էին եկել դատարան: Այդ ծաղիկները մեծ դժվարությամբ հասան հոբելյարին, իսկ մյուսների բանավոր շնորհավորանքներն էլ արժանացան դատարանի դահլիճում կարգը պահպանող ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների նկատողություններին: «Շնորհավոր ծնունդդ, Ժիրո, ազատություն, ամոթ, ազատություն», ահա այսպիսի բարձրաձայն վանկարկումներով դատավարության մասնակիցները դիմավորեցին Սեֆիլյանին, Մալխասյանին եւ Արոյանին: Հոտնկայս բացականչություններն ուղեկցվեցին նաեւ ծափահարություններով, ինչն արժանացավ դատարանի դահլիճ մտած գործը լսող դատավոր Մնացական Մարտիրոսյանի խիստ վերաբերմունքին: Նա 10 րոպեով հետաձգեց դատավարությունը, իսկ կարգը պահպանելուն կոչված ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներին հանձնարարեց լրագրողներին թողնել, իսկ մյուսներին դուրս հրավիրել դահլիճից:
Դատավորի այս հայտարարությունն այնքան էլ հասցեատեր չգտավ, քանի որ դատավորի գնալուց հետո իսկական միտինգ սկսվեց: «Փչացնում են մեր ազգային կերպը, նկարագիրը: Սա մեր ազգի բարոյական ավարտն է, այս դատավարությամբ ուզում են ցույց տալ, որ այս տեսակը` Ժիրոյի, Վարդանի, Ալեքսանդր Արզումանյանի տեսակները իրավունք չունեն գոյատեւելու: Սա է այս խայտառակ դատի իմաստը: Նրանք (նկատի ունի Սեֆիլյանին, Մալխասյանին եւ Արոյանին- Գ. Գ.) անմեղ են, ասել են այն ամենը, ինչ բոլորս ենք ասում, ինչո՞ւ ինձ չեն ձերբակալում, ես ինքս էլ բանտ կգնամ», բարձրաձայն դատարանին իր խոսքն ուղղեց ակադեմիկոս, արցախյան շարժման մասնակից Ռաֆայել Ղազարյանը` միաժամանակ ամաչեցնելով մեր բազեացված ուսանողությանը, ովքեր այսօր նույնպես պետք է կանգնած լինեին մեղադրյալների կողքին:
Արցախյան ազատամարտի մասնակիցը դեռ չէր վերջացրել խոսքը, երբ նրան շարունակեց կինը` իշխանությունների հասցեին մի քանի «քաղցր» խոսքեր ասելով եւ միաժամանակ պահանջելով իրեն էլ ձերբակալել: Հետզհետե կրքերն ավելի բորբոքվեցին: Դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանն էլ խոսք ուներ: Զայրացած Մանարյանը համոզմունք հայտնեց, որ այն պահին, երբ հղի կնոջ ներկայությամբ գետին պառկեցրին ազգային հերոսին, այս ժողովուրդը դատապարտվեց: Ոստիկաններից մեկն էլ նկատեց, որ դատը վերածվել է իսկական հանրահավաքի եւ էլ կարիք չկա հրապարակներ գնալու:
Երբ դատավարության մասնակիցները քիչ թե շատ հանդարտվեցին, դահլիճ վերադարձավ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ու ընդհանրապես երեկվա օրակարգից հանեց դատավարությունը` տեղափոխելով այսօր, ժամը 12-ին: Ընդվզած եւ խիստ զայրացած դատավարության մասնակիցներն ակնհայտ դժգոհությամբ հեռացան դատարանի դահլիճից:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ