«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2007-07-10 | #129, 2007-07-11 | #130, 2007-07-12


2007-Ը ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԵԹԻՎ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Բոլոր տարիների շրջանավարտներից շատերը Երեւանում կհավաքվեն հոկտեմբերին` նշելու այդ «ոսկյա» հոբելյանը

Հայաստանում անցկացված Հայ բժիշկների միջազգային երկրորդ համաժողովին մասնակցելու, մայր հայրենիքից կարոտն առնելու, ինչպես նաեւ ընկերներին տեսնելու նպատակով Հայաստանում է Պողոս (Ժիրայր) Կարավերդյանը: Մասնագիտությամբ անեզթեզիոլոգ է: Երեւանի բժշկական համալսարանի 1972 թվականի շրջանավարտ է: Եվ քանի որ ուսանողական երանելի եւ կայացման համար կարեւոր տարիներն անցկացրել է Երեւանի բժշկական համալսարանի պատերից ներս, հայրենիք գալիս է, ինչպես ինքն է ասում, բոլորովին այլ զգացողություններով ու մտորումներով, քան այն սփյուռքահայը, որ չի սովորել այստեղ: «Գալիս եմ, որպես ծնողքից հեռացած մի զավակ, որ ամեն անգամ վերադառնում է կարոտն առնելու եւ հաշվետվություն տալու` ո՛ւր էր, ի՛նչ էր, ինչեր ըրավ եւ թե ի՛նչ կարող է ընել այս հողի ու ժողովրդին համար, որին երախտապարտ է նյութաբարոյական եւ իմացական ողջ ունեցվածքով»: Նա վստահեցնում է, որ նման երախտագիտական պարտքի զգացողությամբ են ապրում Հայաստանում բուհ ավարտած հինգ հազար սփյուռքահայերից շատերը: «Սրանից երկու տարի առաջ մտահղացում ունեցա, որ 2007 թվականը հոբելյանական տարեթիվ է, այն նկատառումով, որ 1957-ին հայրենիք ժամանեցին սփյուռքի առաջին ծիծեռնակ ուսանողները, որոնք եկան ուսանելու Երեւանի տարբեր պետական հաստատություններու մեջ: Նկատի ունենալով այդ պարագան, մտածեցի այդ շարժառիթը օգտագործել որպես այս երկրին, այս ժողովրդին մեր երախտագիտությունը հայտնելու միջոց: Հուրախություն ինձ, արձագանքը մեծ է, շատերը կշնորհավորեն ինձ», պատմում է զրուցակիցս: Արդյունքում Ժ. Պ. Կարավերդյանի նախաձեռնությամբ եւ ԵՊՀ-ի գործուն ջանադրությամբ այս տարվա հոկտեմբերի 3-6-ը սփյուռքահայ շատ շրջանավարտներ հավաքվելու են Երեւանում, որպեսզի ի մի բերեն իրենց ուժը, կապերն ու կարողությունները եւ «նյութաբարոյական շնորհակալությունը» հայտնեն հայրենիքին ու տեղի ժողովրդին` տարիներ առաջ իրենց երիտասարդության ծաղկուն տարիներին ուսում ու կեցություն ապահովելու դիմաց: Դա մի գիտաժողով է լինելու, որտեղ դասախոսություններով հանդես են գալու ինչպես տեղական, այնպես էլ դրսի փորձն ու կապերը ներկայացնող մասնագետները: Վերջում Հայաստան-Սփյուռք կարծիքների փոխանակում է լինելու: «Բացի կրթական, գիտական եւ այլ կապերի մասին նախաձեռնումներից, հնարավոր է, որ մասնակիցները ցույց տան նաեւ նյութական աջակցություն` իրենց անմիջական հսկողությամբ: Սա երախտագիտության այն ձեւն է, որ մութ ու անցավոր ուժերը ոչ կարող են կլլել, ոչ կարող են սեփականացնել, ինչպես որ գիտենք պատահում են շատ դեպքերում», ասում է զրուցակիցս: Նշված են տարբեր առաջարկություններ, որ պ-ն Կարավերդյանը կհայտնի իր երբեմնի ուսանող ընկերներին: Նա մտադիր է առաջարկությունների «փոթորիկ» ստեղծել ինտերնետային կապի միջոցով` լավագույնը իրականացնելու ակնկալիքով: Պ-ն Կարավերդյանը այժմ ինտերնետային կապի մեջ է հարյուրից ավելի երբեմնի ուսանողների հետ: Գումարների մասին խոսելիս, զրուցակիցս հիշեցնում է, որ Հայաստանում հինգ հազարից ավելի սփյուռքահայ է բարձրագույն կրթություն ստացել, որոնցից հազարը միայն Երեւանի բժշկական համալսարանի շրջանավարտներն են:

Մինչ սպասված եւ խոստումնալից հոկտեմբերի հավաքը պ-ն Կարավերդյանն արդեն բազմաթիվ գործնական առաջարկներ է հղացել: «Մենք մտադիր ենք կապ հաստատել սփյուռքի բոլոր այն համալսարաններուն հետ, որտեղ մեզնից ոմանք կպաշտոնավարեն կամ կդասախոսեն: Նպատակն է տարատեսակ գործնական կապերու հաստատումը Երեւանի կրթական հաստատություններու հետ: Բացի այդ նպատակ ունենք 1996-ից ասդին գոյացած սփյուռքահայ դիմորդներու բացակայության ճեղքը փորձել փակել եւ էլի սփյուռքահայ դիմորդներ ուղարկել հայրենիք: Դրա համար պետք է այստեղ նրանց կեցության ու ուսումնական վարձի զեղչման ուղիներ գտնենք, կամ էլ նրանց ուսումնական վարձերի գոյացման համար մի ծրագիր մշակենք»:

Եթե սովորական լրագրողական առօրյայում շատ խոստումներ ու ապառնի ծրագրեր լսելիս հաշվի չենք առնում հրապարակումը հեղինակելիս, այս դեպքում բացառությունը կարծես պատճառաբանված է, քանի որ զրուցակիցս խոսում է վստահելի եւ խիստ գործնական-իրատեսական տրամաբանությամբ, որ օր առաջ նոր գաղափարների իրականացման հույս եւ այդ մասին բարձրաձայնողի նկատմամբ պատճառաբանված հավատ է ներշնչում: Այս է պատճառը, որ պ-ն Կարավերդյանին հրաժեշտ ենք տալիս վստահությամբ, որ հաջորդ` հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը պիտի լուսաբանենք մի իրադարձություն, որի ժամանակ պայմանագրեր ու գործուն քայլեր ենք տեսնելու:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.- Ժ. Պ. Կարավերդյանը հիացմունքով խոսեց Հայաստանում անցկացված Հայ բժիշկների միջազգային երկրորդ համաժողովի մասին, համարեց օգտաշատ եւ «շինիչ»: Նրա համար հաճելի է, որ Հայ բժիշկների առաջին համագումարն անցկացվել է իր ծննդավայրում` Բեյրութում, 1974-ին: Այն ժամանակ է կազմավորվել ԱՄԻՔ-ը (Armenian medical international committee) խումբը, որ հիմնականում վարել է աշխարհի հայ բժիշկների հետագա կազմակերպված գործունեությունը, որին ծանոթ են բժշկական շրջանակին առնչվող մարդիկ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4