«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2007-07-10 | #129, 2007-07-11 | #130, 2007-07-12


ՍԵՎԾՈՎՅԱՆ ԽԱՂԵՐԸ ՀԱՋՈՂ ԷԻՆ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ավարտված Սեւծովյան համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջին մարզական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության ելույթն ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել: Մեր մարզիկները նվաճեցին 12 մեդալ (2 արծաթե, 10 բրոնզե):

Հայ մարզիկները մասնակցեցին մրցումների ծրագրի 11 մարզաձեւերից 4-ումՙ ըմբշամարտ, թեթեւ ատլետիկա, թհեքվոնդո եւ ֆուտբոլ: Առաջին երեք մարզաձեւերի ներկայացուցիչները բավական հաջող ելույթներ ունեցանՙ արժանանալով պարգեւների, իսկ ահա ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն անհաջողության մատնվեց: Հիշեցնենք, որ մեր պատանի ֆուտբոլիստները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքը: Անցկացրած երեք հանդիպումներում նրանց չհաջողվեց գեթ մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը: Մեր հավաքականը պարտվեց Մոլդովայի (0-2), Ռուսաստանի (0-4) ընտրանիներին եւ ոչ-ոքի (0-0) ավարտեց հանդիպումը ադրբեջանցիների հետ:

Ընդհանուր առմամբ Հայաստանից մրցումների մասնակցեցին 38 մարզիկներ, որոնցից 12-ը տուն վերադարձան մեդալներով: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 9-րդ տեղը: Նշենք, որ այդ մրցումներում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը հանդես են եկել ծրագրի բոլոր 11 մարզաձեւերում:

Առավել հաջող էր մեր ըմբիշների ելույթը, որոնք նվաճեցին 2 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ: Բոլորից հաջող ելույթ ունեցան հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբիշներ Գեւորգ Գեւորգյանը (54 կգ) եւ Գեւորգ Խաչատրյանը (58 կգ)ՙ արժանանալով արծաթե մեդալի: Արթուր Ալեքսանյանը (63 կգ) եւ Ժոզեֆ Բաբայանը (42 կգ) դարձան երրորդ մրցանակակիրներ: Չորս բրոնզե մեդալ շահեցին ազատ ոճի ըմբիշներըՙ Վալտեր Մարգարյանը (46 կգ), Դավիթ Գոգինյանը (51 կգ), Սասուն Բեգլարյանը (55 կգ) եւ Կարեն Մկրտչյանը (69 կգ):

Հայաստանի մարզական պատվիրակությանը մեկ բրոնզե մեդալ էլ պարգեւեց թեթեւատլետուհի Քրիստինե Հարությունյանը: Նա եռացատկի մրցումներում ցույց տվեց 3-րդ արդյունքը: Վազքի մրցումներում մեր մարզիկները զբաղեցրել են 4-րդ եւ 5-րդ տեղերը:

Թհեքվոնդոյի մրցումներում հայ մարզիկներն արժանացան բրոնզե մեդալների: Հաջող մենամարտեցին Հայկազ Սամվելյանը (55 կգ), Վարագ Աղաջանյանը (48 կգ) եւ Անահիտ Ղազարյանը (53 կգ):

Ըստ Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ Եղիշե Դավթյանի, Տրապիզոնը բավական լավ էր նախապատրաստվել եւ կազմակերպել մրցումները, մրցավարությունը բարձր մակարդակի վրա էր, մարզաբազաները համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Խաղերի բացումը կատարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Եղիշե Դավթյանը նաեւ նշեց, որ Հայաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ մի փոքր լարվածություն էր զգացվում, սակայն այն շատ արագ անցավ: Թուրք լրագրողներն այդ խաղը նույնիսկ բարեկամության հանդիպում որակեցին: Ամեն դեպքում այս խաղերը մեր պատանի մարզիկների համար միջազգային հանդիպումների փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն էր: Սեւծովյան հաջորդ խաղերը տեղի կունենան 2010 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում: Որոշվել է, որ այնուհետեւ խաղերը կկազմակերպվեն չորս տարին մեկ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4