«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2007-07-11 | #130, 2007-07-12 | #131, 2007-07-13


ԹՈՒՐՔ ԲԱՆԱԳՆԱՑԸ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԵԼՈՍԻԻ ՀԵՏ

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հատուկ խորհրդական Ջունեյթ Զափսուն 2007 թ. փետրվարին գաղտնաբար ԱՄՆ է այցելել Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը կանխելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «Նուվել դ՚ Արմենի» հանդեսի կայքէջը, վկայակոչելով թուրքական մամուլի վերջին հրապարակումները:

Զափսուն գաղտնի հանդիպում է ունեցել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ: Այդ հանդիպման վերաբերյալ մինչեւ օրս ԶԼՄ-ներում որեւէ հրապարակում չէր եղել:

Հիշյալ աղբյուրների համաձայն, հանդիպումը կազմակերպել էր դեմոկրատ, նախկին բարձրաստիճան դիվանագետ Ռիչարդ Հոլբրուկը: Անցյալում նա եղել է նախագահ Բիլ Քլինթոնի պետքարտուղարի օգնականը եւ նպաստել է Բոսնիայի պատերազմի դադարեցմանը:

Հանդիպման ընթացքում Զափսուն Թուրքիայի կառավարության «մտահոգությունն» է հայտնել, թե Կոնգրեսում հիշյալ օրինագիծը քվեարկության դնելը լրջորեն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Դարձյալ թուրքական մամուլի համաձայն, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը մայիսին Փելոսիի հետ հանդիպման ժամանակ հավաստիացումներ է ստացել, որ օրինագիծը մինչեւ ամառ քվեարկության չի դրվելու: Թուրքերը պնդում են, թե հայկական կազմակերպություններն ուժեղացնում են ճնշումը Փելոսիի վրա:

Վերլուծաբաններն ասում են, թե օրինագիծը ներկայացուցիչների պալատի օրակարգում կհայտնվի հավանաբար սեպտեմբերի սկզբներին, երբ Կոնգրեսը կվերսկսի աշնանային նստաշրջանը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4