«Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարի լռել է, ոչ մի բան չի ասում, կողքը մարդիկ են հայտնվել, որոնք քաղաքական դաշտի բոլոր ընդդիմադիր ուժերին խփում ենՙ դաշտը ազատելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար եւ դրանով ամենաշատը ծառայում են այս իշխանություններինՙ հօգուտ իշխանության, մնացած բոլորին խփում են: Լեւոն Տեր-Պետրոսյանը կորոշի, կասի, նոր այն ժամանակ կքննարկենք (նկատի ունի նախագահական ընտրություններին մասնակցելու Տեր-Պետրոսյանի որոշումը- Գ. Գ. )», երեկ Մամուլի ազգային ակումբում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին խոսելիս հայտարարեց Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը:
Խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին անդրադառնալիսՙ Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ 1994 թ-ից սկսած երկրում իրականացվում է մի պետության մոդելի կառուցում, որտեղ ողջ պետության ֆինանսատնտեսական ռեսուրսը հավաքվում է 5-6 հոգու ձեռքում, նրանց էլ սպասարկում է մի 50 ընտանիք: Ըստ ակումբի հյուրի, այս իրավիճակում նույնիսկ կարելի է ընտրություններ էլ չանցկացնել, բայց արեւմուտքին ցույց տալու համար ընտրություններ էլ են կազմակերպում: Վազգեն Մանուկյանը համոզված է, որ 2008 թ. նախագահական ընտրություններով հնարավոր կլինի փոփոխություն մտցնել, քանի որ պետության այս մոդելը առաջընթաց չի ապահովում: Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, ապա բանախոսի կարծիքով, հասարակության կամքը հիասթափվում է այն բանից, որ որքան էլ իրենք համախմբվում եւ մասնակցում են ընտրություններին, որեւէ փոփոխություն չի լինում:
ԱԺՄ ղեկավարի խոսքով, Հայաստանը բացի ներքին կյանքի կարգավորման խնդիր ունենալուց, ունի նաեւ տարածաշրջանային խնդիրներ, Ղարաբաղի հարց: Ուստի ով էլ առաջադրվի նախագահական ընտրապայքարում, պետք է բախվի նաեւ այդ խնդիրների հետ: Նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած Վազգեն Մանուկյանի խոսքով, ընդդիմության մեջ ոչ բոլոր ուժերն են, որ նույն բանն են ցանկանում, հետեւաբար պետք չէ ակնկալել նաեւ ընդդիմության միավորումՙ մեկ թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցություն: Նրա խոսքով, «միասնական թեկնածու» օպերացիան կարելի է ստացված համարել, եթե քաղաքական որոշ ուժեր էլ միավորվեն: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ իշխանական թեւում եղած հակասություններից ընդդիմությունը կարող է օգտվել, Վազգեն Մանուկյանը միանշանակ բացառում է. «Իշխանական թեւի արհեստական եւ բնական հակասություններից հնարավոր չէ օգտվել: Պարզապես, քանի որ ընդդիմությունը փոշիացած էր, իշխանության հակասություններն ավելի ակնհայտ էին երեւում, բայց իշխանությունների հակասություններից օգտվելն անհնար էր»:
Հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը նախագահական ընտրություններին ընդառաջ ցանկանում են միավորվել Վազգեն Մանուկյանի հետ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ինքն ի սկզբանե դեմ էր ԱԺՄ-ից վերջիններիս դուրս գալուն: Իսկ ներկայումս կա միայն Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Վազգեն Մանուկյանի առաջադրվելու դեպքում ինքը կսատարի նրան: Մանուկյանի խոսքով, այդ հարցով դեռ բանակցություններ չկան, բայց համագործակցությունը որեւէ ուժի հետ չի բացառվում:
ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Նա համոզմունք հայտնեց, որ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտը կարգավորման որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ