Գարեգին Բ-ն լիահույս է Վրաստանում հայ եկեղեցիների վերադարձման հարցում
Հայ եկեղեցու միավորման բանակցությունները սկսվել են դեռեւս Վազգեն Վեհափառի օրոք: Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ընդունելիս «Ազգի» հարցին ի պատասխան ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Ազգը» մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչու հայ եկեղեցին չի հետեւում ռուսաց եկեղեցու օրինակին, որ վերջերս ստորագրեց վերամիավորման փաստաթուղթ: Ամենայն հայոց կաթողիկոսը մանրամասնեց, որ բանակցությունները հանձնախմբերի մակարդակով դեռ շարունակվում են, բայց շոշափելի հաջողություն դեռ չի արձանագրվել: Ամեն դեպքում, կաթողիկոսը լիահույս է, որ մի օր հայ եկեղեցին կկարողանա արձանագրել 1956 թվականի պառակտման վերացումը:
Անդրադառնալով հայկական եկեղեցիների խնդրին` վեհափառը նախ ներկայացրեց, որ եկեղեցիներ փակվեցին խորհրդային տարիներին, ուրիշներն անգամ կործանվեցին: Սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո հայ եկեղեցին ամենուրեք փորձեց վերաբացել այդ եկեղեցիները: Կաթողիկոսի խոսքերով, այդ գործընթացը բավականին արդյունավետ եղավ որոշ երկրներում, որոշներում էլ տեղի իշխանությունների կողմից դժվարություններ հարուցվեցին:
Այդպիսիք կան նաեւ հարեւան Վրաստանում: «Ազգի» ընթերցողները տեղյակ են ինչպես ընդհանրապես հայկական եկեղեցիների վրացականացման, այնպես էլ վերջին շրջանում «վիճահարույց» դարձած հայկական 6 եկեղեցիների հարցի մասին: Ամենայն հայոց հայրապետի խոսքերով, Թբիլիսիում խորհրդային տարիներին գործող երկու հայկական եկեղեցիները դարձյալ մնում են միակ գործողները, մինչդեռ տասնյակ հայկական եկեղեցիներ կան, որոնց դռները փակ են, որոշներն էլ օգտագործվում են վրաց եկեղեցու կողմից:
Ներկա դրությամբ վեց եկեղեցիների հարցն է դրված վերադարձնելու վիրահայոց թեմին: Բացի այդ, կաթողիկոսի խոսքերով, խնդիր է նաեւ Վրաստանում հայ եկեղեցու կարգավիճակի հարցը, քանի որ բացի վրաց եկեղեցուց մյուս կրոնական համայնքները Վրաստանում չունեն իրավական կարգավիճակ: Վրաստանն առաջարկում է կրոնական համայնքներին, այդ թվում հայկական եկեղեցուն գրանցվել որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ինչը մերժելի է, քանի որ եկեղեցին հանրային իրավունքի սուբյեկտ է:
Աշխատանքներ են տարվում Վրաստանում գործող բոլոր կրոնական կազմակերպությունների կողմից, սակայն որոշակի արդյունքներ չեն գրանցվել նշված երկու հարցերի առնչությամբ: Բայց, ինչպես նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր եկեղեցին հետապնդում է խնդիրը եւ լիահույս է, որ մեր իշխանության օգնությամբ հաջողություն կունենանք այս խնդրում:
Եկեղեցաշինության առումով խնդիր ունենք նաեւ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Այստեղ թեեւ հողատարածք հատկացվել է հայկական եկեղեցու կառուցման համար, սակայն տեղի բնակչությունը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դեմ է դրան: («Ազգն» այս մասին գրել է ժամանակին): Այս կապակցությամբ Գարեգին Բ-ն նշեց, որ արդեն երեք ամիս այդ պայքարն ընթանում է եւ այդ հարցում փորձում են բանակցել ու գործը հասցնել այնտեղ, որ սկսվի եկեղեցու շինարարությունը: Կաթողիկոսի խոսքով, խոսակցություններ են իրականացվում շահագրգիռ կողմերի հետ` դադարեցնելու համայնքի եւ եկեղեցու դեմ քայլերը Կիեւում:
Մեկ այլ հարց տրվեց Երուսաղեմի Ս. Հարություն եկեղեցում գտնվող Քրիստոսի գերեզմանից զատկական տոնին կրակի դուրսբերման արարողության հետ կապված խնդիրների մասին: Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց, որ Երուսաղեմում գտնվող երեք եկեղեցիներին պատկանող Սուրբ Հարություն եկեղեցուց կրակն ավանդաբար դուրս է բերում հայ եկեղեցու ներկայացուցիչը եւ հենց Երուսաղեմում գտնվող հունաց պատրիարքը: Այդ արարողության հետ կապված դժվարություններ է հարուցել հենց հունաց պատրիարքը` պահանջելով, որ միայն ինքը մտնի Քրիստոսի գերեզման` կրակ դուրս բերելու:
Ավանդույթի համաձայն, գերեզման պետք է մտնի մեկը, ուստի մտնում է հունաց պատրիարքը, ապա հայ եկեղեցու ներկայացուցիչը, եւ վերջինս դուրս է գալիս առաջինը: Հունաց պատրիարքը խնդիր է հանել, որ ինքը մենակ մտնի, դուրս բերի կրակը, որից էլ կարող է իր կրակը վառել հայ եկեղեցու ներկայացուցիչը: Սա մերժելի է մեր պատրիարքության կողմից: Եվ ինչպես ասաց վեհափառը, այս հարցի առնչությամբ հայ եկեղեցին դիմել է քույր եկեղեցիներին` միջամուխ լինելու խնդրին, քանի որ այսօրինակ դժվարությունը վնասում է քրիստոնեական եկեղեցու վարկին ընդհանրապես:
Այս տարի հայ եկեղեցին նաեւ միջնորդություն է հարուցել, որ հարգվեն իր իրավունքները նաեւ իշխանության կողմից, այսինքն` դատական գործ է հարուցվել: Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքերով, օրթոդոքս աշխարհը պաշտպանում է հունաց պատրիարքին, բայց ոչ բարձր` հովվապետների մակարդակով: Ամեն դեպքում, Գարեգին Բ-ն լիահույս է, որ այս հարցը կլուծվի, քանի որ հայ եկեղեցին վարժված է դժվար խնդիրների առջեւ լինել եւ պաշտպանել իր իրավունքները:
Ինչ վերաբերում է Հայաստանում աղանդների գոյությանն ու դրանց հանդեպ վերաբերմունքին, ապա, ամենայն հայոց կաթողիկոսի խոսքերով, հաճախ է խոսվում աղանդների ավերիչ գործունեության մասին: Հայ եկեղեցին աշխատել է այդ ուղղությամբ ժամանակին եւ այսօր էլ տակավին չունի բավարար թվով եկեղեցականներ, նաեւ եկեղեցիների պակասն է դեր ունեցել, որ հիմա լրացվում է: Այնտեղ, որտեղ հաջողվել է վերաշխուժացնել հայ եկեղեցին, ըստ կաթողիկոսի, աղանդները սկսել են հետ քաշվել: Եկեղեցու ողջ գործունեությունն ուղղված է հայ ժողովրդին մեր հայրերի հավատքին հավատարիմ, եկեղեցու շուրջը միաբան պահելուն:
Գարեգին Բ-ի ներկայացմամբ, այսօր կարեւոր խնդիր է քրիստոնեական դաստիարակությունը: եվ այդ առումով կարելի է առանձնացնել երկու հանգամանք, որ բացասական էր ազդում: Նախ, բավարար թվով չունենք հոգեւոր սպասավորներ, որի հետեւանքով էլ որոշ տեղերում չեն գործում եկեղեցիները: Մյուս կողմից, հենց Հայաստանում կան քաղաքներ, գյուղեր, որտեղ եկեղեցիներ ուղղակի չկան, ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել նաեւ եկեղեցաշինությանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ