Ամերիկայի հայկական համագումարի երեկ տարածած հաղորդագրությամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւը ստացել է Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների մեծամասնության աջակցությունըՙ հասնելով կարեւոր փուլանիշի: Բանաձեւի աջակիցների ցանկում ավելացել են կոնգրեսականներ Դոնա Քրիստինսենի (դեմոկրատական, Վըրջին Այլենդս) ու Ջոն Յարմութի (դեմոկրատական, Կենտուկի) անունները եւ այժմ բանաձեւը սատարող Ներկայացուցիչների պալատի անդամների թիվը դարձել է 218:
«Դա նշանակում է, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը: «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու վերահաստատումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության առումով կարեւոր հարց, հուսով եմ, որ մեծամասնության աջակցությունը կնպաստի բանաձեւի արագ ընդունմանը: Միմիայն անցյալը հիշելով ու դասեր քաղելով կարող ենք կանխել ապագա բարբարոսությունները», ասել է բանաձեւի նախագծի հեղինակ Ադամ Շիֆը:
Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը նշել է հետեւյալը. «Հայոց ցեղասպանության բանաձեւին սատարող երկու կուսակցությունների աջակիցների թիվը դարձավ ռեկորդային` ապացուցելով, որ չնայած ճշմարտությունը ժխտողների ակտիվ լոբբիստական աշխատանքներին, շարունակում է աճել պատմական ճշմարտությունը ճանաչող աջակիցների թիվը»:
Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը (դեմոկրատական, Նյու Ջերսի) ու Ջո Նոլենբերգը (հանրապետական, Միչիգան) իրենց հերթին ասել են, որ բանաձեւին սատարողների թվի ավելացումը ապացույց է այն բանի, որ Ներկայացուցիչների պալատում արդեն առկա են բավական ձայներ` բանաձեւն ընդունելու համար: Կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը (հանրապետական, Կալիֆոռնիա) եւս ընդգծել է, որ մոտենում է Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելու եւ հայերի պատմական ողբերգությունը ճանաչելու ժամանակը: «Ցեղասպանության ճանաչումը հատկապես կարեւոր է, հաշվի առնելով Դարֆուրում այսօր շարունակվող ողբերգությունները», հավելել է նա:
Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է համագումարի աջակիցներին, ամերիկահայ համայնքին, ասելով. «Հասնելով այս կարեւոր փուլանիշին, մենք շարունակելու ենք մեր քարոզչական ջանքերը` ապահովելու մարդու իրավունքների օրինագծի ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը: Մեզ խրախուսում է վիթխարի աջակցությունը` թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ Կոնգրեսից դուրս»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ