«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2007-07-12 | #131, 2007-07-13 | #132, 2007-07-14


Ո՞ՒՄՆ Է ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱՅՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ԽԱՂԸ, ԱՅՍ ԳԻՐՔԸ

Հայաստանում հեղինակային իրավունքների խախտման մակարդակը 95 տոկոս է

Հայաստանում հեղինակային իրավունքների մասին օրենքն ընդունվել է 2006 թ., որը այդ ոլորտի պաշտպանության գործի ներկայացուցիչների գնահատմամբ բավական հաջող է: Լավ օրենք ունենալը սակայն մեզ «չի խանգարում» ամեն վայրկյան խախտել հեղինակային իրավունքը բոլոր ոլորտներում` սկսած գովազդներից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

«Խախտումները լինում են տարբեր ոլորտներում: Առանց հեղինակների թույլտվությամբ օգտագործվում է նրանց արտադրանքը` արտատպվում են համակարգչային ծրագրերը, վերցվում է ուրիշի երաժշտությունը: Այսինքն` հեղինակային իրավունքները խախտվում են բոլոր բնագավառներում», երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրված «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավ» նախագծի ժամանակ ասաց «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով, իրենց ունեցած տվյալներով, 120 երկրների մեջ հեղինակային իրավունքների խախտման մակարդակը ամենաբարձրը Հայաստանում է եւ կազմում է 95 տոկոս: Հեղինակային իրավունքների խախտման ցուցակում երկրորդ տեղում է Մոլդովան` 94 տոկոս, երրորդ տեղում Ադրբեջանն է` 93 տոկոս, իսկ չորրորդ տեղում Զիմբաբվեն` 91 տոկոս: Գրիգոր Բարսեղյանի խոսքով, հեղինակային իրավունքի խախտման 95 տոկոսի պարագայում Հայաստանը տարեկան 20 մլն դոլարի կորուստ է ունենում:

Երեկվա նախագծին, որը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, մասնակցում էին ոչ միայն հեղինակային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, այլեւ մտավորականներ, գրողներ, լրագրողներ: Արշավի նպատակը օրենքի կիրառելիությանը նպաստող առաջարկությունների փաթեթ պատրաստելն էր:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը տեղեկացրեց, որ Հայաստանը համաշխարհային հեղինակային իրավունքի կազմակերպության անդամ է, պետությունն էլ իր անելիքն արել է` լավ օրենք է ընդունել, եւ այժմ հարկավոր է մտածել օրենքը կիրառելու մասին: Ըստ նրա, հեղինակային իրավունքի մասին օրենքի կիրառության համար պետք է նախ մարդկանց իրազեկել հեղինակային իրավունք ասվածի մասին, թե ինչպես պետք է այն պահպանել եւ խախտման դեպքում ինչ պատիժ է սահմանվում: «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցիչը 4 քայլ է առաջարկում կատարել` հեղինակային իրավունքների խախտումները քիչ թե շատ վերացնելու համար: Առաջինը կրթական գործընթացներում հասարակությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելն է, երկրորդը` լավ օրենսդրության անհրաժեշտությունն է, ինչը ունենք, բայց պետք է զարգացնել, երրորդը օրենքի իրագործումն է, այսինքն մի մարմնի ստեղծման անհրաժեշտություն կա, որը կհետեւի հեղինակային իրավունքների պահպանմանը եւ ի վերջո կառավարությունը` որպես նյութատեխնիկական ներուժի ամենամեծ օգտագործող, ինքը պետք է գործի որպես օրինակ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթության եւ շահերի պաշտպանության գծով փոխտնօրեն Մերի Դուրյանի խոսքով, հեղինակային իրավունքների խախտման դեպքերի ամեն քայլի կարելի է հանդիպել: «Կազմակերպություններն, օրինակՙ խաղեր, հայերեն-անգլերեն լեզվի գիրք, դիսկ են արտադրում եւ մինչ դրանք խանութ կհասցնեն, խանութում արդեն հազար 5 հարյուր դրամով դրանք վաճառվում են: Իր արտադրանքն այլեւս չի սպառվում, հեղինակային իրավունքներն էլ խախտվում են», ընդգծեց միության փոխտնօրենը: Նա հույս հայտնեց, որ նախագծի ավարտին իրենք կկարողանան հեղինակային իրավունքների պահպանմանը վերաբերող առաջարկությունների փաթեթ պատրաստել:

Ի դեպ, հեղինակային իրավունքների խախտման առիթով մեր երկրում նաեւ դատական գործեր են հարուցվել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4