Դատարանին ասաց Վարդան Մալխասյանը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը դատարանին ասաց, որ սխալ է նախաքննական մարմնին տված իր ցուցմունքներում առկա այն միտքը, թե ինքը զղջում է համախմբման հավաքին ունեցած իր ելույթի համար: Պատմելով, որ իր ձերբակալման օրն ինքը Ազգային անվտանգության ծառայություն է տարվել ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ չի ցանկացել այդ վիճակում ցուցմունք տալ, բայց ի վերջո ցուցմունք է տվել, Վարդան Մալխասյանը հայտարարեց. «Ես հետայսու ավելի խիստ ելույթներ եմ ունենալու: Ես չեմ զղջում իմ ելույթի (նկատի ունի «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության անդրանիկ հավաքի ժամանակ իր ունեցած ելույթը, որի համար էլ այժմ մեղադրվում է-Գ. Գ.) համար, ես միայն զղջում եմ, որ հավաքի իմ ելույթը թույլ էր ու շարադրված: Հետայսու իմ ելույթները տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ խիստ են լինելու, մենք կերտելու ենք հայ մարդու արժանավայել կերպարը»: Մալխասյանի ելույթ-հայտարարությունը ընդունվեց դատավարությանը հետեւողների ծափահարություններով եւ գոհունակության բացականչություններով:
Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի գործով դատավարությունը երեկ առաջին ատյանի դատարանում սկսվեց մեղադրյալների պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի, Վահե Գրիգորյանի միջնորդություններով առ այն, որ դատարանը թույլ տա առաջին շարքերում ոստիկանների փոխարեն լրագրողները նստեն, քանի որ մյուս շարքերում նստելով լրագրողները դժվարանում են լսել եւ ձայնագրություններ կատարել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը` նշելով, որ իր սահմանած կարգի համաձայն, լրագրողները կարող են նստել երկրորդ շարքից սկսած հաջորդ շարքերում: Փաստաբանների առարկությանը, թե այդպիսով դատարանը չի նպաստում դատավարության ընթացքի հրապարակայնությանը, դատավորը միայն արձագանքեց նրանով, թե փաստաբանների առարկությունն արձանագրված է:
Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտման փուլը` հրապարակելով մի շարք փաստաթղթեր եւս: Ապացույցներից մի քանիսի վրա ուշադրություն հրավիրեցին պաշտպանական կողմի ներկայացուցիչները, իսկ որոշ ապացույցների վրա էլ կանգ առավ մեղադրողը` գլխավոր դատախազության վարչության դատախազ Արթուր Մկրտչյանը:
Ապացույցների հետազոտման փուլի ավարտին դատարանի սահմանած կարգի համաձայն դատարանը պետք է լսեր գործում ներգրավված 30 վկաներին: Վկաների լսումը սակայն դատարանը տեղափոխեց հուլիսի 24-ին, ժամը 12-ին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ