«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2007-07-13 | #132, 2007-07-14 | #133, 2007-07-17


«ԲԵԼԳԵ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված այս գիրքը հայ պրոֆեսորիՙ Ստամբուլում թարգմանաբար հրատարակված երրորդ աշխատությունն է

Մայիսի սկզբներին, ինչպես մայիսի 23-ի համարում նշում է Փարիզում լույս տեսնող «Յառաջ» օրաթերթը, հայտնի թուրք հասարակական գործիչ Ռագըփ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչությունը թուրքերեն թարգմանությամբ լույս է ընծայել պրոֆ. Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանությունը եռյակ դաշինքի պետական արխիվային վավերագրերում» աշխատությունը: Սա վաստակաշատ հայ գիտնականիՙ Ստամբուլում թարգմանաբար հրատարակված երրորդ աշխատությունն է, որը նվիրվում է հանգուցյալ Հրանտ Դինքի հիշատակին:

411 էջանոց այս գիրքը, որը գրվել է Օսմանյան կայսրության հետ եռյակ դաշինքի մաս կազմող Գերմանիայի եւ Ավտրո-Հունգարիայի արխիվային փաստաթղթերի հիման վրա, կազմված է 8 գլուխներից, ունի 3 հավելվածներ: Գրքի «Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի արտաքին գործոց նախարարության արխիվի պաշտոնական վավերագրերը» վերնագրով առաջին գլխում, որը պրոֆ. Տատրյանը պատրաստել է գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Գուսթի կազմած ժողովածուի համար, երեւան է հանում ինչպես 1915 թ. ցեղասպանության, այնպես էլ 1894-96 թթ. կոտորածների եւ 1909 թ. Ադանայի ջարդերի առնչությամբ թուրքերին քաջալերելու Վիլհելմ կայսրի չարանենգ քաղաքականությունը:

Երկրորդ գլուխը կոչվում է «Հայոց ցեղասպանության մանրամասն փաստարկները գերմանական եւ ավստրիական պետական արխիվներում»: Դրանում հեղինակն ընդգրկել է 5 դեսպանների, 3 հավատարմատարների, ինչպես նաեւ Գերմանիայի բարձրաստիճան 11 սպաների տեղեկագրերը, որոնք փաստում են համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնի բնաջնջումը:

Երրորդ գլուխը կրում է «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական մեղսակցության փաստերը», չորրորդըՙ «1894 թ.-ի Սասունի կոտորածը», հինգերորդըՙ «1909 թ. Ադանայի ողջակիզման հանգամանքները» վերնագիրը: «Հայկական ցեղասպանությունը Կեսարիո մարզում» վերնագրով հինգերորդ գլխում թուրք դահիճների գազանային վայրագությունները վավերագրերով հաստատելիս, պրոֆ. Տատրյանը միաժամանակ անդրադառնում է կառավարիչ Ահմեդ Ռիֆաթի պատերազմի ավարտին Կեսարիայում կազմած դատական ատյանի եւ այն ամբաստագրին, որտեղ նա բոլոր ոճրագործներին մեղադրել է քրեական հանցագործության մեջ: Սակայն հունական զորքերի դեմ քեմալականների հաղթանակն ի չիք է դարձրել Ռիֆաթի արդարամիտ այս ձեռնարկումը:

«Հայոց ցեղասպանությունը եւ դրա կանխումը կամ պատժումը խոչընդոտող իրավական եւ քաղաքական պայմանները» վերնագրով յոթերորդ գլխում հեղինակը Մեծ եղեռնին մոտենում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի տեսանկյունից, իսկ ութերորդում, որը կոչվում է «Հայոց ցեղասպանությունը եւ «հավասարակշռված» վերլուծականի պահանջի տակ քողարկված միտումները» վերնագիրը, նա պատասխանում է Ռոնալդ Սյունիին:

Պրոֆ. Տատրյանն այս գլխում, ցույց տալու համար Սյունիի տեսակետների սնանկությունը, երեւան է հանում ջարդարար քաղաքականության պատմական հետեւողականությունն Օսմանյան Թուրքիայում, բացահայտում է սուլթան Աբդուլ Համիդի եւ իթթիհատականների խորհրդապահական կապերը, մատնացույց է անում հայերին իսպառ բնաջնջելու երիտթուրքական կառավարության որոշումն ու դրա իրագործման գլխավոր հանձնառու «հատուկ կազմակերպությանը»: Նա դրանք հակադրում է հայկական ջարդերին տարերային բնույթ հաղորդելու միջոցով Հայոց ցեղասպանության պետականորեն ծրագրումը հերքելիս, նաեւ ցեղասպանության փաստը հերքելու Սյունիի նպատակամղված թուրքամետ փորձերին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4