«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2007-07-13 | #132, 2007-07-14 | #133, 2007-07-17


4-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՓԱԿՈՒՄՆ ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԷՐ, ՍԱԿԱՅՆ ՎԱՐԴԱՎԱՌԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ու փակման օրերին երկնքում կուտակված ամպերն ասես որոշել էին անպայման այցելել Ազատության հրապարակՙ օրվա գլխավոր դերակատարը դառնալու եւ մասնակիցների հայացքն ավերջ իրենց վրա ունենալու տենչով: Բացման օրը դարան մտած անձրեւն իր ողջ շռայլությամբ մասնակիցների գլխին թափվեց փակման օրը, այն էլՙ մրցանակները հանձնելու պահին, ազդարարելով հեթանոս ժամանակներից մեզ ուղեկցող, մաքրագործող ու խենթություններ պարտադրող Վարդավառի գալուստը: Անկեղծ ու շիտակ մթնոլորտն էլ ավելի զուլալվեց շռնդալից անձրեւից. մանուկները դարձան ավելի չարաճճի, մեծահասակներն ավելի մտերմիկՙ ով հովանոց չուներ, գլխին քաշեց ցելոֆանե տոպրակը, իսկ տղամարդիկ իրենց գլուխը չոր պահեցին կողքի դատարկ աթոռներով, որ մնացել էին մի քանի անձրեւավախների շտապ-շտապ տուն փախչելուց: Ու թե մեկը փորձում էր ակնարկել վատ եղանակի մասին, մյուսն իսկույն սաստում էր. «Վատ եղանակ երբեք չի լինում, ամեն ինչ իր բույրն ունի»: Անձրեւը մաղում էր, կտրվում, հետո նորից մաղում, եւ անձրեւակատակի ուղեկցությամբ շարունակվում էր փառատոնի մրցանակների հանձնումը: Անակնկալներով լի փառատոնում առաջին մրցանակը ոսկեծիրանային չէրՙ «Ամարկորդը» ուղարկված էր Իտալիայից, «Տոնինո Գուեռա» հիմնադրամիցՙ «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին հանձնելու համար:

«Ապրի Վարդանը»

Արցախյան պատերազմի անմիջական մասնակից, կինոռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմի հաջողությունը գլխապտույտ էր, արժանացավ փառատոնի 5 ժյուրիներից չորսիՙ Էկումենիկ, FIPRESCI-ի, «Հայկական համայնապատկեր» ( «Արծաթե ծիրան») եւ վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիների մրցանակներին: «Սա Արցախյան պատերազմում նահատակված քաջերի մրցանակն է: Սա ձերն է, տղաներ», ասաց Վարդանը:

Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը (Մեծ Բրիտանիա) արժանացավ «Ոսկե ծիրան» մրցանակին, ինչպես նաեւ Էկումենիկ ժյուրիի խրախուսական մրցանակին:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց Կարեն Հովհաննիսյանի «Ես մնում եմ» ֆիլմին (Ռուսաստան), իսկ դիպլոմները տրվեցին Աշոտ Մկրտչյանի «7 հնդիկ տղա» (Հայաստան), Իգոր Ապասյանի «Գրաֆիթի» (Ռուսաստան) ֆիլմերին:

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի «Արծաթե ծիրան» մրցանակը հանձնվեց Քրիստիան Քսավյեի «Սպիտակ ուղտը» ֆիլմին (Բելգիա):

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի հատուկ դիպլոմը ստացավ Բրյունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմը (Ֆրանսիա), «Արծաթե ծիրան» մրցանակը` Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ» ֆիլմը (Իտալիա), «Ոսկե ծիրան» մրցանակը` Ուլրիխ Զայդելի «Ներմուծում-արտահանում» ֆիլմը (Ավստրիա): «Ցանկության ծառից» մանուկների քաղած մրցանակը երեւանցի ռեժիսոր Գոռ Բաղդասարյանի «Ճաշի ժամ» ֆիլմինն էր:

Հրավառությունից ու Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախմբի ելույթից հետո Ազատության հրապարակում ցուցադրվեց Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը, որի արժեւորության մասին մեր թերթը բազմիցս գրել է:

Փառատոնի փակման ֆիլմըՙ «Արտաքսում»

Կաննի միջազգային կինոփառատոնում այս տարի մրցանակի արժանացած Անդրեյ Զվյագինցեւի «Արտաքսում» ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնումՙ լեփ-լեցուն դահլիճում: Ռեժիսորական անկրկնելի վարպետությունՙ զուգակցված գլխավոր դերակատարների հրաշալի խաղով, հագեցած խոսուն եւ ազդու կադրերով: Ամեն ինչ այնքան բնական ու անսքող, որ շունչդ կտրվում է ճշմարիտ կինոարվեստի ամենակարող ուժի ազդեցությունից: Վիլյամ Սարոյանի պատմվածքների մոտիվներով նկարահանված այս ֆիլմը ինքնատիպ է նաեւ սարոյանական կենսափիլիսոփայությամբ, մարդկային հարաբերությունների խորունկ շերտերը բացելու նրա հազվագույտ տաղանդը կինոռեժիսորի պատկերային մտածողությամբ ձեռք է բերել համամարդկային արժեքՙ հասկանալի ու գնահատելի ամեն մի մահկանացուի համար: Ամեն ինչի հիմքում սերն է, առանց սիրո մեկտեղ ապրելու սովորույթը մահ է, նույնիսկ երեխաները չեն օգնում մենության զգացումից ազատվելուն. «Մենք մեր ծնողների երեխաները չենք, այնպես, ինչպես մեր երեխաները մերը չեն», ֆիլմի հերոսուհու լացակումած արտասանած այս խոսքերից սեղմվում է կոկորդդ, հազիվ ես զսպում նրա հետ արտասվելու ցանկությունդ: «Ես հղի եմ, բայց իմ երեխան քոնը չէ», այս խոսքերից սկիզբ առած դրամատիկ գործողությունն ավարտվում է ամուսնու պահանջով աբորտ անելով, որից անմիջապես հետո նա հրաժեշտ է տալիս կյանքինՙ քնաբերի մեծ դոզա ընդունելով: Նրա ասած բառերի իմաստն ամուսինը հասկանում է վերջին պահին, երբ սպանելու նպատակով այցելում է մտերիմ ընկերոջը, որն իր բացակայության ժամանակ այցելել էր կնոջը, որին որդին տեսել էր ննջարանում արտասվող մոր կողքին ու պատմել հորը: Դաժան է ֆիլմի ավարտըՙ սեղանին ատրճանակն է, իր ձեռքինՙ կնոջ հղիության մասին թեստը, վկայող, որ երեխան իրենն էր: Հանդիսատեսը երկար ծափահարում էր ֆիլմի ավարտից հետո, իր հետ տանելով ֆիլմի հերոսների տառապանքը, որ իրենն էր դարձել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4